Հովարդ Սթիվենսոն. «Ամուլսարն իսկապես բարձրակարգ ծրագիր է» - Mediamax.am

exclusive
17688 դիտում

Հովարդ Սթիվենսոն. «Ամուլսարն իսկապես բարձրակարգ ծրագիր է»

Հովարդ Սթիվենսոնը
Հովարդ Սթիվենսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ

 

- Լիդիանը վերջերս հայտարարեց Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման մասին: Ի՞նչ է ներառում ֆինանսավորման փաթեթը, եւ ե՞րբ եք նախատեսում սկսել շահագործումը:

 

- Ուզում եմ գոհունակությամբ տեղեկացնել, որ մեզ հաջողվեց ապահովել ֆինանսավորման գործարքը: Orion Mine Finance-ը եւ Resource Capital Groups-ը միջազգային ֆինանսական կազմակերպություններ են, որոնք աշխարհի տարբեր երկրներում` այդ թվում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլուր, ֆինանսավորում են հանքարդյունաբերական տարբեր ծրագրեր: 

 

Ուրախ ենք, որ Orion-ը եւ RCF-ը մեր գործընկերը դարձան Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման հարցում: Ֆինանսավորումն ապահովում է հանքի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների ավելի քան 75% -ը: Նախատեսում ենք ֆինանսավորման մնացած մասը լրացնել սարքավորումների` 70 մլն դոլարի ֆինանսավորմամբ, եւ բաց վաճառքի համար նախատեսված սահմանափակ քանակի բաժնետոմսերի թողարկմամբ:

 

Ծրագրել ենք սկսել շինարարությունը 2016թ.-ի գարնանը, բաժնետոմսերի նախատեսված թողարկումից եւ տեղակայումից հետո:

 

- Հայաստանում համոզմունք կա, որ հանքային ծրագրի առկայության դեպքում բազմաթիվ  կազմակերպություններ եւ միջազգային ընկերություններ ուզում են ձեռք բերել այն եւ փող աշխատել: Սակայն, կարծես ֆինանսավորում գտնելը տեւեց  գրեթե մեկ տարի: Ինչո՞ւ:  

 

- Հանքարդյունաբերությունը, հատկապես եթե խոսքը նոր ծրագրի մասին է, եւ հատկապես եթե այն պատշաճ է կառուցվում՝ միջազգային բնապահպանական, առողջության եւ անվտանգության չափանիշներին համապատասխան, մեծ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է: Հանքի կառուցումը կարող է արժենալ մի քանի հարյուր միլիոն դոլարից մինչեւ մի քանի միլիարդ, եւ այս ամբողջ կապիտալը պետք է ներդրվի մինչեւ նույնիսկ մեկ դոլար աշխատելը: Հաշվի առնելով շուկայում գների տատանումները, հանքարդյունաբերությունը շատ ռիսկային ոլորտ է: Այնպես որ, հակառակ առասպելին, հանքարդյունաբերությունը գերշահույթ չի ենթադրում:

 

Այն շրջանում, երբ մետաղների գները ցածր են, եւ ոլորտում տրամադրությունները անկումային են, ինչպես այժմ, բանկերը, ֆինանսական ընկերություններն ու ներդրումային ֆոնդերը շատ զգուշությամբ են հանքային ծրագրերում ներդրումներ կատարում: Նրանք պետք է վստահ լինեն, որ ծրագիրը կկարողանա վերադարձնել պարտքը եւ ներդրված կապիտալի դիմաց եկամուտ ապահովել: Ամուլսարը գրավիչ ծրագիր է: Բայց, ինչպես նշեցի, ոսկու գները խիստ խոցելի են եղել վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներդրողների վարքագիծը ամբողջ աշխարհում շատ պահպանողական է եղել. եւ փոքր ներդրողները, եւ խոշոր ներդրումային ընկերությունները զգուշավորությամբ են ներդրումներ կատարել: Այսօր մեծ ջանքեր են պահանջվում նոր հանքարդյունաբերական ծրագրերի համար ներդրողներ գտնել, եւ շնորհիվ մեր թիմի աշխատանքի եւ այն փաստի, որ Ամուլսարն իսկապես բարձրակարգ ծրագիր է` հաջողվեց շինարարության համար ապահովել ներդրումային փաթեթը:  

 

- Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (ՄՖԿ) եւ ՎԶԵԲ-ը դեռեւս մասնակցո՞ւմ են ծրագրում: Ընկերությունը շարունակելո՞ւ է հետեւել ՄՖԿ-ի կատարողականի չափանիշներին:

 

- Թե IFC- ն, թե ՎԶԵԲ-ը Լիդիան ինթերնեյշնլ ընկերության բաժնետերերն են, եւ այո, մենք շարունակելու է ապահովել ծրագրի համապատասխանությունը կատարողականի չափանիշներին ու պահանջներին: Մեր նոր ներդրողները եւս ներդրումներ են կատարում բացառապես այնպիսի ծրագրերում, որոնք համապատասխանում են Էկվատորյան սկզբունքներին: Այդ առումով Ծրագրի համապատասխանությունը այդ չափանիշներին երաշխավորված է:

 

Կցանկանայի ընդգծել, որ ընկերության գործունեությունը համապատասխանում է ոլորտի լավագույն փորձին ոչ միայն այն պատճառով, որ դա ակնկալում են ներդրողները, այլ նաեւ այն պատճառով, որ դա մեր ստանձնած պարտավորությունն է եւ համոզմունքը:

 

Ես 25 տարի ղեկավարել եմ հանքարդյունաբերական ծրագրեր աշխարհի տարբեր մասերում, եւ կարծում եմ, որ ոլորտի լավագույն չափանիշներին հետեւելը ոչ միայն կարեւոր է, այլեւ ձեռնտու ծրագիրն իրականացնող ընկերության համար:

 

Հանքարդյունաբերական ծրագիրը, որը հետեւում է միջազգային  բնապահպանական, սոցիալական, առողջապահական եւ անվտանգության չափանիշներին, շատ ավելի հաջողությամբ է գործում: Հանքի լավ կառավարվող, մաքուր շահագործումը ապահովում է գոհ աշխատակազմ, բարձր արդյունավետություն, ավելի քիչ կորուստ եւ ավելի մեծ արտադրողականություն: Մենք արժևորում ենք  շահագրգիռ կողմերի աջակցությունը եւ մեր համայնքների վստահությունը, որը ձեռք են բերվել ամեն օր ցուցադրելով ծրագրի համապատասխանությունը բարձր բնապահպանական եւ սոցիալական չափանիշներին` նույնիսկ որոնողահետախուզական աշխատանքների փուլում:

 

- Շատերը Ամուլսարի շրջակա համայնքներում սպասում են հանքի շահագործման մեկնարկին, քանի որ ակնկալում են աշխատատեղեր, որոնք խիստ անհրաժեշտ են հատկապես տնտեսական անկայունության այս շրջանում:  Իսկ ի՞նչ կասեիք այլ շահագրգիռ կողմերի մասին՝ ամբողջ երկրի մակարդակում: Ի՞նչ է ստանալու երկիրը:

 

- Նախ՝ խոսքը թերեւս երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի մասին: Սա նշանակում է, որ ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն համայնքներում, այլ նաեւ ծրագիրը բազմապատկիչ ազդեցություն կունենա ողջ երկրի տնտեսության վրա: Կապալառուների, մատակարարների եւ ծառայություն մատուցողների գործունեությունը կունենա տեսանելի տնտեսական ազդեցություն: Իհարկե, երբ սկսվի արտադրությունը, մենք նաեւ խոշոր հարկատու կլինենք:

 

Սակայն ես ցանկանում եմ կարեւորել Ամուլսարի ծրագիրը, որպես երկրում հանքարդյունաբերության նկատմամբ ընկալումը փոխելու հնարավորություն: Մենք համոզված ենք, որ Ամուլսարը լինելու է համաշխարհային կարգի ծրագիր, որը կարող է բարձրացնել հանքարդյունաբերական ծրագրերի կառավարման նշաձողը երկրում: Այն նաեւ Հայաստանը` որպես միջազգային ներդրումների համար բաց երկիր ներկայացնելու հնարավորություն է: Այսօրվա բարդ տնտեսական իրականության պայմաններում ներդրողների վստահությունը բարձրացնելը ցանկացած երկրի համար հիմնական մարտահրավերներից մեկն է: Եվ սա վերաբերում է ներդրումներին ցանկացած ոլորտում, ոչ միայն հանքարդյունաբերությանը: Մեր պրոֆեսիոնալ եւ նվիրված թիմը վստահ է, որ նախագիծը կարող է բերել շատ դրական փոփոխություններ երկրի համար, եւ դա է եղել այն շարժիչ ուժը, որով պայմանավորված է եղել թիմի ոգեւորությունը բոլոր այս տարիների ընթացքում` որոնողահետախուզական աշխատանքներից սկսած մինչեւ շինարարություն, որը, հուսով ենք, կսկսվի շուտով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին