Ռոջեր Կուպելյան. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատի պատմության հիման վրա կարելի է հեռուստասերիալ նկարահանել - Mediamax.am

exclusive
8669 դիտում

Ռոջեր Կուպելյան. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատի պատմության հիման վրա կարելի է հեռուստասերիալ նկարահանել

Ռոջեր Կուպելյանը
Ռոջեր Կուպելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ռեժիսոր, անիմատոր, տեսողական էֆեկտների մասնագետ Ռոջեր Կուպելյանը համաշխարհային կինոարտադրությունում հայտնի է «Տիեզերական Ջեմը», «Մատանիների տիրակալը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Բեթմենը եւ Ռոբինը», «Դա Վինչիի հրեշները», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում ու  հեռուստասերիալներում ստեղծած հեքիաթային աշխարհներով:  

 

Կուպելյանն ու նրա թիմն այժմ աշխատում են «Բյուզանդիայից արեւելք. պատերազմի աստվածները եւ պատերազմող սրբերը» վավերագրական էպիկական ֆիլմաշարի ստեղծման վրա, որն էկրաններին կհայտնվի հաջորդ տարի եւ նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

 

Ֆիլմի նկարահանումներն իրականացվում են մի շարք երկրներում: Այս օրերին Ռոջեր Կուպելյանն ու իր նկարահանող թիմը Հայաստանում են՝ շարունակելով հունիսին այստեղ մեկնարկած նկարահանումները: Հայաստանյան այցի շրջանակում Կուպելյանը նաեւ դասախոսություն կարդաց “Թումո” կենտրոնում՝ «Ուղեւորություն դեպի Բյուզանդիա. յուրօրինակ ստեղծագործ ընթացք» թեմայով:

 

Դրա ավարտին Ռոջեր Կուպելյանը պատասխանեց Մեդիամաքսի հարցերին:

 

- Պարոն Կուպելյան, որքանով տեղյակ եմ, «Բյուզանդիայից արեւելք» վավերագրական էպիկական ֆիլմաշար ստեղծելու գաղափարն ունի ավելի քան 12 տարվա պատմություն: Մոտ մեկ տասնամյակ առաջ սկսելով աշխատել գաղափարի վրա՝ ի՞նչը ստիպեց տարիներ անց վերջապես սկսել հիմնական նկարահանումները:

 

- Միգուցե տարօրինակ է հնչում, բայց դա ինքնըստինքյան եղավ: Ես չեմ պլանավորել նման ֆիլմաշար պատրաստել: Հասկացա, որ ունեմ գաղափար, որի միջոցով կարող եմ ներկայացնել Հայաստանի մշակույթը եւ պատմությունը, եւ այն, թե ես ինչպես եմ ինքս ինձ նույնացնում դրա հետ:

 

Ես մեծացել եմ Աֆրիկայում` Սիերա Լեոնեում եւ, չնայած այն հանգամանքին, որ հայկական մշակույթն ինձ միշտ ուղեկցել է, դրսի աչքերով եմ դրան նայում: Ես կարող եմ այն դիտարկել թե դրսից, թե ներսից: Հայոց պատմության հերոսական էջերը մեծ ազդեցություն են ունեցել իմ` որպես հայ անհատի ձեւավորման վրա, ու եկավ այն պահը, երբ ես օգտագործեցի այդ պատմություններն ինքս ինձ բացահայտելու համար՝ օգնելով հասկանալ իմ ինքնությունը:

 

Երբ դեռ շատ փոքր էի, հայրս պատմում էր ինձ Հայաստանի պատմության ու մշակույթի մասին: Դա շատ կարեւոր էր, քանի որ, երբ հայը մեծանում է հեռավոր Սիերա Լեոնեում, այնքան էլ հեշտ չէ կապ պահպանել ինքնությանդ ու հայրենիքիդ հետ: Հայաստանի պատմությանը ծանոթանալու կարիք ես իսկապես ունեի, ու եկավ մի պահ, երբ հասկացա, որ հետաքրքրված եմ, եւ միգուցե դա այն պատճառով էր, քանի որ շատ մարդիկ եւս հետաքրքրված էին դրանով: Ինչքան ավելի շատ էի աճում ֆիլմարտադրությունում, այնքան ավելի շատ մարդիկ, որոնց մի մասը նույնիսկ հայեր էլ չէին, ասում էին, որ նման ֆիլմ պատրաստելը հիանալի գաղափար է:

 

Այնպես որ, այս ֆիլմի ստեղծման առաջին աշխատանքները սկսվել են Նոր Զելանդիայում` այլազգիների կողմից: Հետո գաղափարը սկսեց զարգանալ. Լոս Անջելեսում եւ Հայաստանում եւս մարդիկ սկսեցին հետաքրքրվել ֆիլմի գաղափարով:

 

Նկարահանումները սկսեցինք 2008 թ-ին, բայց ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացնելուն ուղղված հիմնական ֆինանսավորումը ստացանք միայն այս տարի: Ահա թե ինչու այս պահին ամբողջ ուժով աշխատում ենք, որպեսզի ֆիլմը պատրաստ լինի հաջորդ տարի՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ունենք անկախ ներդրողներ եւ պատրաստվում ենք ֆիլմն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում: Սա  գրաֆիկ նովել է. այն պետք է ավարտին հասցնել եւ անցնել մյուսին: Գոյություն ունեն վերջնաժամկետներ, որոնց մեջ պետք է տեղավորվել:

 

Երբ ինչ-որ ստեղծագործական բան ես անում, քեզ պահում, սնում եւ զարգացնում է այն միտքը, որ սա կարող է հետաքրքրել հասարակությանը: Եթե դա ընդամենը կոմերցիոն նախագիծ է, ուղղակի գրում ես սցենարը, ստուդիա վարձում, դերասաններ հրավիրում ու անում դա… Բայց «Բյուզանդիայից արեւելք»-ը կոմերցիոն նախագիծ չէ… Սա մի բան է, որն անելու կարիքը ես շատ ունեմ: Ահա թե ինչու դա տեւում է այսքան երկար: Գործընթացը կարող էր տեւել 24 տարի կամ ավելի քիչ… դա էական չէ:

 

- Վերջին ամիսներին մի շարք կայքերում դրամահավաք էր սկսվել՝ ֆիլմի նկարահանման աշխատանքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով: Ֆինանսական խնդիրնե՞ր ունեիք այդ պահին:  

 

- Մենք մեծ ակնկալիքներ չունեինք այդ արշավից, եւ այնպես էլ չէր, որ ֆինանսական խնդիրներ ունեինք: Ֆիլմի ստեղծման աշխատանքները ֆինանսավորվում են անկախ ներդրողների կողմից: Ուղղակի նման նախագծերում, երբ կա հիմնական ֆինանսավորում, հասարակության կողմից հավելյալ աջակցությունն օգնում է մի փոքր ավելին անել: Հիմա Հայաստանում ենք նաեւ ինչ-որ չափով այդօրինակ ֆինանսական միջոցների առկայության շնորհիվ եւ կնկարահանենք մի քանի հավելյալ տեսարաններ: Ցանկանում եմ, որ մարդիկ զգան, որ ուղիղ ազդեցություն ունեն այն ամենի վրա, ինչ մենք անում ենք, եւ իրենց պատկերացնեն ֆիլմի ստեղծման մասնակից:

 

EOB SIZZLE REEL 2013 from Roger Kupelian on Vimeo.

 

- «Բյուզանդիայից արեւելք» ֆիլմի նախորդ թիզերները դիտելով` շատերն այն սկսեցին նմանեցնել «Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones) ամերիկյան հեռուստասերիալին: «Բյուզանդիայից արեւելք»-ը երբեւէ կարո՞ղ է դառնալ հեռուստասերիալ:

 

- Իհարկե, հնարավոր եմ համարում նման դրամատիկ սերիալ նկարահանելու հնարավորությունը: Օրինակ, Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ թագավորի պատմությունն այնքան բովանդակալից է եւ հետաքրքիր՝ դավանանք, դաժանություն, զգացմունքայնություն... ամեն ինչ կա այնտեղ: Միայն այդ պատմության հիման վրա կարելի է մեկ եթերաշրջան տեւող հեռուստասերիալ նկարահանել:

 

Եթե ֆիլմը հաջողակ լինի, ավելի հեշտ կլինի գնալ ներդրողի մոտ ու ասել՝ տես, մենք արդեն արել եք այսպիսի գործ եւ հիմա ցանկանում ենք դրամատիկ սերիալ նկարահանել: Իհարկե, արտասահմանցիները եւ նույնիսկ բազմաթիվ հայեր տեղյակ չեն հայոց պատմության այդ հերոսական էջերի մասին, եւ կարեւոր է, որ ֆիլմը նաեւ կրթական գործառույթ կատարի:

 

«Բյուզանդիայից արեւելք»-ը սիրում եմ կոչել դոքյութեյնմընթ (docu-tainment): Այնտեղ ընդգրկված են առանձին էպիզոդներ, որոնք մեկ ցանցի մեջ դնելու դեպքում հնարավոր է անընդհատ նորերն ավելացնել: Այս պատմությունները կարող են բավականացնել անգամ երկու եթերաշրջան նկարահանելու համար:

 

- «Բյուզանդիայից արեւելք»-ի նկարահանումները քանի՞ երկիր են ընդգրկել:

 

- Նկարահանումներ ենք իրականացրել Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Նոր Զելանդիայում: Ի դեպ, Նոր Զելանդիան առաջին վայրն էր, որտեղ նկարահանումներ իրականացրեցինք:

 

Այժմ նորից Հայաստանում ենք: Կվերսկսենք հունիսին մեկնարկած նկարահանումները, որոնց նորից մասնակցելու են “Թումո” կենտրոնի սաները: Նկարահանումները տեղի են ունենում Իջեւանում եւ Աշտարակում:  Որոշ պատերազմական տեսարաններ են նկարահանվելու:

 

- «Բյուզանդիայից արեւելք»-ի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ե՞րբ պատրաստ կլինի ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը:

 

- Նոր թիզեր ենք պատրաստել, որի վրա վերջնական շտկումներն ենք իրականացնում: Այն շուտով պատրաստ կլինի: Այնտեղ ընդգրկել ենք նաեւ հատվածներ նկարահանած վերջին տեսարաններից: Կարծում եմ, նոր թիզերը կհրապարակվի մինչեւ տարեվերջ` ընդգրկելով նաեւ երաժշտական հատվածներ:

Զրուցել է Նարինե Դանեղյանը

Ռոջեր Կուպելյանի լուսանկարները Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին