Հայկ Ալոյան. «Ամուլսարի ծրագիրը կարող է միջազգային բարձր չափանիշներով աշխատել» - Mediamax.am

exclusive
8818 դիտում

Հայկ Ալոյան. «Ամուլսարի ծրագիրը կարող է միջազգային բարձր չափանիշներով աշխատել»

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի հարցազրույցը «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի հետ

 

- Ամուլսարի ծրագիրն ամենաքննարկվող ներդրումային ծրագրերից է Հայաստանում: Այն նաեւ ամենախոշոր արեւմտյան ներդրումային նախագծերից մեկն է: Ծրագիրը հետաձգվել է իր նախնական իրագործման ժամանակացույցից, եւ կարծես թե այս պահին դեռեւս առաջ չի շարժվել: Այժմ ծրագրի ո՞ր փուլում եք գտնվում: 

 

- Ամուլսարի ծրագիրը, իսկապես, եզակի ներդրումային ծրագիր է Հայաստանում: Մենք ձգտում ենք այն պատշաճ կերպով իրականացնել, եւ ապահովել, որ ծրագիրը բոլոր առումներով լավ մշակված լինի՝ մինչ առաջ շարժվելը:  Այս ծրագիրը էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության ապագայի եւ տեղական համայնքների կենսամակարդակի վրա:

 

Վերջին երկու տարում մենք ստիպված եղանք փոխել կույտային տարրալվացման հարթակի տեղադիրքի նախագիծը՝ փոփոխվող օրենսդրությանը համաձայն: Սա անխուսափելիորեն ձգձգումներ առաջացրեց: Այժմ առաջընթաց կա: Անցյալ տարի Լիդիանի եւ կառավարության համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում կույտային տարրալվացման հարթակի համար նոր տեղադիրք ընտրվեց՝ նոր օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Ծրագիրը Հայաստանի համար զգալի հնարավորություններ է ապահովում: Մենք ներդնելու ենք մոտ $‌ 320 մլն: Ծրագրի մեկնարկից կկարողանանք ապահովել մոտ 1500 աշխատատեղ շինարարության ամենաակտիվ շրջանում, իսկ շահագործման առնվազն տասը տարիների ընթացքում նախատեսում ենք ունենալ մոտ 700 մշտական աշխատատեղ: Նախապատվությունը կտրվի տեղական համայնքների բնակիչներին: Այս ամենը տարածաշրջանի եւ երկրի համար տնտեսական առաջընթաց կերաշխավորի:

 

- Ամուլսարում կիրառվելիք կույտային տարրալվացման մեթոդը նոր եւ անծանոթ տեխնոլոգիա է Հայաստանում: Հնչում են բազմաթիվ մտահոգություններ: Որքա՞ն ով է անվտանգ հանքաքարի վերամշակման այս մեթոդը:

 

- Հայաստանում կիրառվող վերամշակման այլ մեթոդների եւ կույտային տարրալվացման միջեւ ամենակարեւոր տարբերությունը այն է, որ վերջինս պոչամբար չունի: Այն ժամանակակից, ամբողջությամբ փակ ցիկլով գործընթաց է՝ առանց արդյունաբերական արտահոսքի դեպի բնական միջավայր:

 

Երբ հանքը հասնում է իր արտադրողականության ավարտին եւ փակվում է, կույտային տարրալվացման հրապարակը (որն, ըստ էության, քարակույտ է) ջրով մաքրվում է, ծածկվում մշակահողով, վերականգնվում է բուսականությունը եւ այն դառնում է առանց մնացորդների անվտանգ, վերականգնված խոտածածկ բլուր:

 

Անցյալ տարի մենք տեղական համայնքների գյուղապետներին տարանք ԱՄՆ, որտեղ  նրանք տեսան կույտային տարրալվացմամբ աշխատող 4 հանք: Դրանք անվտանգ կերպով աշխատում էին համայնքներին կից:

 

Կարծում եմ, որ մենք մեր երկրում պետք է ունենանք ժամանակակից, ապահով հանքեր: Եթե դա հնարավոր է ԱՄՆ-ում, Կանադայում, Նորվեգիայում կամ Շվեդիայում, ինչու՞ չենք կարող ունենալ նման հանքեր Հայաստանում:

 

- Ի՞նչ կպատասխանեիք այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ ընկերությունը  կկիրառի նույն բարձր չափանիշները Հայաստանում, որոնք որ կկիրառեր ավելի զարգացած երկրում:

 

- Կանադայում ցուցակված ընկերությունը, որն ունի Միջազգային ֆինանսական կորպորացիայի կամ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նման բաժնետերեր, պարտավորված է գործել բնապահպանական, սոցիալական, առողջության եւ անվտանգության ամենաբարձր չափանիշների համապատասխան, լինել թափանցիկ եւ հաշվետու: Նման բաժնետերերը իրենց բոլոր ներդրումների համար կիրառում են նույն չափանիշները, անկախ այն բանից, թե այդ ներդրումները որ երկրում են կատարվում:

 

Մենք խստորեն կպահպանենք Հայաստանի բոլոր օրենքները եւ կանենք ավելին՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, ներառյալ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողականի չափանիշները, ապահովելու համար որ Ամուլսարը իսկապես լինի երկրի համար զգալի դրական արդյունքներ բերող ժամանակակից հանքի օրինակ:

 

- Դուք միշտ նշել եք, որ համայնքները աջակցում են ծրագիրն: Վերջերս, սակայն, Գնդեվազի բնակիչների անունից ծրագրի վերաբերյալ մտահոգություններով բողոք տարածվեց: 

 

- Համայնքների հետ մեր աշխատանքը միշտ բաց եւ թափանցիկ է եղել, լսել ենք բոլոր հարցերն ու մտահոգությունները, տեղեկացրել ենք համայնքներին՝ ամսական համայնքային հանդիպումների միջոցով, Գնդեվազում հիմնել ենք տեղեկատվական կենտրոն: Վստահ ենք, որ համայնքներում մեծամասնությունը տեսնում է այն օգուտները, որ բերելու է ծրագիրը եւ վստահ է, որ Ամուլսարը լինելու է միջազգային մակարդակի հանքավայր, որը կառավարվելու է միջազգային լավագույն փորձի համապատասխան:

 

Ծրագիրը համայնքներին զգալի օգուտներ կբերի, իսկ տարիների ընթացքում կուտակվելիք տնտեսական արդյունքը հնարավոր է ապագայում ներդնել նաեւ այլ ոլորտներում՝ ապահովելով հետագա զարգացում: Մենք շարունակելու ենք ներգրավել համայնքներին մեր ծրագրերի կազմման մեջ եւ ամեն ինչ անելու ենք, որ բոլոր փաստերը պարզ եւ հստակ լինեն:

 

- Բողոքում գյուղացիները մտահոգություն էին հայտնել իրենց առողջության եւ բերքի վրա կույտային տարրալվացման եւ փոշու հնարավոր ազդեցության վերաբերյալ: Ոմանք պնդում են, որ արդեն ազդեցություն են զգում:

 

- Ամուլսարը դեռեւս գործող հանք չէ: Բայց համայնքի մտահոգությունը բնական է եւ հասկանալի: Մենք հստակ պարտավորություն ենք ստանձնել շարունակել համագործակցել համայնքների հետ, ապահովելով տեղեկատվություն՝ ծրագրի բոլոր մանրամասները ճիշտ պատկերացնելու համար: Մենք տրամադրել ենք մի շարք անկախ բնապահպանական հետազոտությունների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ երբ հանքը սկսի աշխատել, փոշու արտադրությունը կկառավարվի միջազգային լավագույն չափանիշների համապատասխան եւ որեւէ ռիսկ չի պարունակի համայնքների համար:

 

Ես վստահ եմ, որ համայնքների առողջությունն ու անվտանգությունը որեւէ ազդեցություն չեն կրի: Աշխատանքի ողջ ընթացքում կիրականացվի շարունակական անկախ մոնիտորինգ, վերահսկելով մեր աշխատանքը, որպեսզի այն համայնքի բոլոր բնակիչների համար անվտանգ իրականացվի:

 

Հայաստանը իմ երկիրն է, ինձ համար մեր երկրի ապագան շատ կարեւոր է: Ես երկրաբան եմ եւ հավատացեք, տասնյակ ժամանակակից հանքեր եմ տեսել, օրինակ, Ավստրալիայում կամ ԱՄՆ-ում եւ վստահ եմ, որ Ամուլսարի նման հանքերը կարող են աշխատել միջազգային բարձր չափանիշներով:

 

- Մտահոգություններ կան մարդկանց գյուղատնտեսական հողերի, ծիրանի այգիների հետ կապված, որոնք ընկերությունը ուզում է գնել: Որքա՞ն հող է ընկերությունը գնելու կամ վարձակալելու:

 

- Գնդեվազի ծիրանի արտադրության մեծ մասը հանքի ապագա ենթակառուցվածքների տարածքից դուրս է, այնպես որ ծիրանի այգիների մեծ մասը կպահպանվի:

 

Այդուհանդերձ, այն հողատարածքում, որտեղ ծրագրվում է տեղադրել կույտային տարրալվացման հարթակը, մոտ 30 հեկտար նորատունկ ծիրանի այգի կա: Ծառերի մի մասը դեռեւս բերք չի տալիս: Մենք շատ նրբանկատորեն ենք վերաբերվում բոլոր հողատերերին՝ լիարժեք փոխհատուցում ապահովելու խնդրին: Բոլոր հողատերերին, որոնց հողը պետք է գնենք կամ վարձակալենք, լիարժեք փոխհատուցում կառաջարկվի՝ թափանցիկ եւ արդար գործընթացով: Մենք միջազգային եւ տեղական փորձագետների խումբ ենք ներգրավել հողի գնահատման, կենսակերպի եւ գյուղատնտեսական պոտենցիալի մանրակրկիտ ուսումնասիրության համար՝ բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնելու նպատակով:

 

Գնդեվազում գործող չրանոցը

Լուսանկարը՝ Գեոթիմ

 

Վստահ ենք, որ հանքարդյունաբերությանը զուգահեռ կարելի է զարգացնել գյուղատնտեսությունը եւ արդեն իսկ համայնքներում իրականացրել ենք մի շարք գյուղատնտեսական ծրագրեր: Նոր ծրագրերից մեկը հենց Գնդեվազում անցյալ ամիս բացված ժամանակակից չրանոցն է, որպեսզի համայնքի բնակիչները ոչ միայն շարունակեն ծիրան մշակել, այլեւ բերքից հավելյալ արդյունք ստանան:

 

- Կա՞ն հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության արդյունավետ համատեղման օրինակներ:

 

- Վստահ եմ, որ Հայաստանը կարող է դառնալ իր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի բոլոր պահանջները բավարարող երկիր եւ գիտեմ, որ դա հնարավոր է տնտեսության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի արդյունքում:

 

Աշխարհում ժամանակակից, անվտանգ հանքերի եւ գյուղատնտեսության, տուրիզմի կամ այլ ճյուղերի համատեղման շատ օրինակներ գիտեմ, որտեղ հարուստ գյուղատնտեսական հողատարածությունները՝ մեծ հանքարդյունաբերական ծրագրերի հարեւանությամբ են: 

 

Բայց ես հասկանում եմ մտահոգությունները: Վստահ եմ, որ կարող ենք փարատել դրանք եւ համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար: Համագործակցությունը շատ կարեւոր է այս ծրագիրը ճիշտ իրականացնելու համար, որպեսզի դրանից շահի տարածաշրջանը եւ երկիրը:

 

Հայկ Ալոյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին