UWC Dilijan քոլեջում մայիսի 28-ին կայացել է առաջին ուսանողների ավարտական հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 48 երկրներ ներկայացնող 95 երիտասարդներ, ովքեր 2014թ. դարձել էին UWC ցանցի՝ Հայաստանում գտնվող քոլեջի առաջին ուսանողները, հրաժեշտ են տվել անցած երկու տարիներին հարազատ տուն դարձած ուսումնական հաստատությանը:
«Հավաքվել ենք, որպեսզի ճանապարհենք հույսով լեցուն այս պատանիներին եւ աղջիկներին, ովքեր ուրախությամբ եւ բարեկամական աջակցության զգացումով հասուն կյանք են մտնում, եւ որպեսզի անկեղծորեն երախտագիտություն հայտնենք նրանց, ում այս պատանիները պարտական են իրենց զարմանալի վերափոխման համար»,- արարողության բացմանն ասել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:
UWC Dilijan քոլեջի համահիմնադիր, կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն է հայտնել առաջին ուսանողներին եւ դասախոսներին՝ քոլեջն աշխուժացնելու, ավանդույթներ կերտելու եւ կրթական բարձր նշաձող սահմանելու համար:
Վերոնիկա Զոնաբենդին Մեդիամաքսը խնդրել է կիսվել իր զգացողություններով՝ հաշվի առնելով, որ քոլեջը նրա եւ UWC Dilijan-ի համահիմնադիր, հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի երազանքն է եղել, որը տվել է իր առաջին պտուղները:
«Սա առաջին արդյունքն է, շատ զգացմունքային պահ է: Շատ դժվար է նկարագրել զգացողությունները՝ ուրախության եւ մի քիչ տխրության խառնուրդ է: Ընտանիք էր դարձել, հիմա առաջին ուսանողները գնում են, բայց ես հույս ունեմ, որ կապը չի կտրվի, այս վայրն ու Հայաստանը միշտ կմնան նրանց հուշերում, նրանք կցանկանան այստեղ բերել իրենց ընկերներին, հետագայում նաեւ՝ երեխաներին: Այսօր այստեղ շատ հեռուներից եկած ծնողներն են, եւ սա նրանց առաջին այցն է Հայաստան, ոմանք նույնիսկ ասում են, որ այստեղ որոշակի կապեր են հաստատել եւ բիզնես են ցանկանում սկսել»,- ասել է նա:
Լուսանկարը` Muddepaws Photography
Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ դպրոցը կենդանի օրգանիզմ է, եւ երկու տարվա ընթացքում շատ բան է արվել.
«Ես եւ Ռուբենը, ինչպես նաեւ մյուս համահիմնադիրները, շատ շնորհակալ ենք քոլեջի տնօրենից, ով երեք տարի առաջ չվախեցավ եւ ժամանեց մի երկիր, որի մասին շատ քիչ գիտեր: Նա եկավ մի դպրոց, որի շինարարությունը դեռ ավարտված չէր: Սա կենդանի գործընթաց է, դեռ շատ երկար ճանապարհ կա առջեւում: Որպեսի դպրոցը ձեռք բերի իր հստակ գծերը, դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի»:
Լուսանկարը` Muddepaws Photography
Քոլեջի ստեղծման ճանապարհը, նրա խոսքով, դժվար է եղել: Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ նախ դժվար է եղել հաղթահարել անվստահությունը, ապացուցել, որ այդ գաղափարը հնարավոր է իրագործել:
«Դպրոցի մոդելն անսովոր է: Սկզբում Հայաստանում հարցեր էին հնչում, թե ինչու պիտի այստեղ գան սովորելու արտասահմանցիներ, ինչու են գումարներ ծախսվում ոչ հայերի վրա: Արտասահմանում հարց էր բարձրացվում, թե առհասարակ ո՞վ է գնում Հայաստան սովորելու: Երևի, սրանք ամենաբարդ հարցերն էին, եւ առաջին փուլում հաղթահարվեց այդ սնահավատությունը: Այո, Հայաստանը երկիր է, որտեղ արժե գալ սովորելու: Այո, Դիլիջանում կարելի է գտնել այն, ինչ չի կարելի գտնել այլ քաղաքներում»,- ասել է հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահը:
Ամփոփելով առաջին արդյունքները, Վերոնիկա Զոնաբենդը նկատել է, որ ուսանողները հաջողությամբ հանձնել են Միջազգային բակալավրիատի (IB) ծրագրի քննությունները, իրենց ուսումը շարունակելու են աշխարհի լավագույն կրթական հաստատություններում, որոնց թվում են Հարվարդի, Յելի, Կոլումբիայի, Բրաունի, համալսարանները:
«Մաղթում եմ առաջին շրջանավարտներին չվախենալ, հավատալ եւ երազել, ուժ ու քաջություն ունենալ սեփական երազանքներն իրագործելու համար: Երբեք չբավարարվել ունեցածով, փոխել սեփական անձն ու շրջապատող աշխարհը, երջանիկ լինել ու երջանկացնել մյուսներին՝ օգնելով նրանց ի կատար ածել իրենց երազանքները»,- ասել է նա:
UWC Dilijan-ի համահիմնադիր, հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն իր ելույթում նշել է, որ քոլեջը Հայաստանի համար հատուկ նախագիծ է, որն ուղղված է երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
Լուսանկարը` Muddepaws Photography
«Ուրախ եմ, որ մեր օտարերկրացի ուսանողները սիրեցին Հայաստանը, եւ նրանցից շատերը բարձրագույն կրթություն ստանալուց հետո պատրաստվում են վերադառնալ այստեղ: Ակնկալում ենք, որ UWC ցանցի հայ շրջանավարտները, ովքեր 2011թ. Ազգային կոմիտեի աշխատանքի մեկնարկից ի վեր արդեն 75-ն են, նոր, երիտասարդ, հիանալի կրթություն ունեցող, մոտիվացված եւ Հայաստանում դրական փոփոխություններին աջակցող ուժ կդառնան»,- ասել է նա:
Քոլեջի հիմնադիր-գործընկեր, Flagship Ventures ընկերության գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանն էլ ասել է.
Լուսանկարը` Muddepaws Photography
«Լինելով այդպես տարբեր, եկել եւ կրթության ու շփման «քիմիական ռեակցիայի» մեջ եք մտել: Դուք այստեղից դուրս եք գալիս վերափոխված, պատրաստ նոր բարձունքների հասնելու, մի վախեցեք հիասթափություններից, ընդունեք դրանք եւ թող դրանք ձեզ առաջ մղեն: Դիլիջանյան «ռեակցիան» կշարունակվի ձեր ամբողջ կյանքում»:
Մեդիամաքսը զրուցել է նաեւ քոլեջի շրջանավարտների հետ, որոնք պատմել են իրենց ուսման տարիներից, կիսվել Հայաստանից եւ Դիլիջանից իրենց տպավորություններով:
Աժար Կոշկիմբաեւա, Ղազախստան
Լուսանկարը` Մեդիամաքս
Քոլեջի շնորհիվ ես իմացա, թե ինչ բան է պատասխանատվությունը: Սովորեցի ապրել տարբեր երկրներից եկած տարբեր մարդկանց հետ:
Ամեն մարդ անհատականություն է, եւ ամեն մեկին մոտենալու ճանապարհ է հարկավոր գտնել: Ես սովորեցի բառացիորեն ապրել այդ տարբեր մարդկանց հետ:
Իմ ամենավառ հիշողությունը, որ կմնա ամբողջ կյանքիս ընթացքում, առաջին օրն էր, երբ ես եկա այստեղ: Առաջին ուսանողն էի, ով ժամանեց Դիլիջան: Առավոտյան ժամը 9-ն էր, ոչ ոք չգիտեր, որ գալու եմ: Առաջինն էի, ով այս ամենը տեսավ:
Ամեն օր հիանում եմ Դիլիջանի բնությամբ, այն ամեն օր ծաղկում է: Մեծ հաճույքով վերադառնալու եմ, եւ արդեն այս կամ հաջորդ ամռանը ծրագրում եմ իմ հանգիստը հենց Հայաստանում անցկացնել՝ դեռ շատ բան չեմ տեսել Հայաստանում:
Միքայել Սիմոնյան, Հայաստան (Իջեւան)
Լուսանկարը` Մեդիամաքս
Փոքր հասակից մասնակցել եմ տարբեր միջազգային երաժշտական փառատոնների, ներառական կրթության վերաբերյալ կոնֆերանսների: Միշտ գնահատել եմ տարբեր ազգերի, մշակույթների բազմազանությունը: Հավանաբար, դա առաջին մոտիվացիան էր, որ որոշեցի դիմել UWC Dilijan: Ուզում էի ապրել նման միջավայրում, յուրացնել տարբեր ազգերի մշակույթը:
Ես ունեմ հաշմանդամություն, եւ դպրոցը ներառական է՝ անկախ ազգությունից կամ այլ տարբերություններից, բոլորը, առանց խտրականության, ներառված են կրթության մեջ: Կան որոշակի խնդիրներ, որոնք այսօր նաեւ մեր՝ ուսանողներիս ջանքերով ենք փորձում լուծել:
Դպրոցն ինձ շատ բան է տվել, դժվար է թվարկել: Բացի գիտելիքից, ես այստեղ լավ փորձ ձեռք բերեցի տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ ապրելու՝ հասկանալով դիմացինին, թե ինչքան տարբեր են մարդիկ ու ինչքան տարբեր են ապրում, ըմբռնելով, որ անկախ մեր ազգություններից, կրոնից, բոլորս մարդ ենք եւ կարող ենք իրար հետ համերաշխ ապրել: Էական չէ, թե որն է մեր մայրենի լեզուն, բոլորիս սրտերը, հոգիները նույն լեզվով են խոսում: Սա ամենակարեւորն է, որ դպրոցը տալիս է:
Էլմին Էսպինոզա, Պանամա
Լուսանկարը` Մեդիամաքս
Կրթության համակարգն այստեղ շատ որակյալ է, եւ սա ինձ համար բացառիկ հնարավորություն էր: Սկզբում շատ դժվար էր, բայց ես շատ բան եմ սովորել եւ գիտելիքներ եմ ձեռք բերել իմ ամբողջ կյանքի համար:
Երբ եկա, նորմալ անգլերեն եւ ռուսերեն չգիտեի, հիմա հանգիստ հաղորդակցվում եմ երկու լեզուներով էլ: Ցավոք, չհասցրեցի հայերեն սովորել, բայց ապագայում պարտադիր սովորելու եմ, քանի որ կարծում եմ, որ այն ամենագեղեցիկ լեզուներից մեկն է: Ես պարտադիր վերադառնալու եմ Հայաստան:
Ավարտական արարողությանը մասնակցել են 400 հյուրեր՝ քոլեջի 40 դոնորները, ուսանողների ծնողները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Տեղի է ունեցել նաեւ շրջանավարտների այգու հանդիսավոր բացումը, հայ ուսանողները տնկել են շրջանավարտների երկրների թիվը խորհրդանշող 48 ծառերից վերջինը: Ավարտական արարողությունը եզրափակվել է UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր, գործարար, բարերար եւ երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանի համերգով:
Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: