Ստելլա Սարուխանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

6979 դիտում

Ստելլա Սարուխանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Ես Ստելլա Սարուխանյանն եմ Հայաստանից: Ներկայացնում եմ Նոր Խարբերդ համայնքում գործող կանանց խումբը: Աշխատում եմ գյուղատնտեսության աջակցության “Կանաչ արահետ” հասարակական կազմակերպությունում: 

 

Ասեմ Ձեզ, որ տարբեր ծրագրերով լինելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, տեսնում եմ շատ և շատ աղքատ ընտանիքներ, սոված մանուկներ, խոնավությունից թափվող առաստաղներ…  Տեսնում եմ ընտանիքներ, որոնք երբեք տուն չեն ունեցել, երեխաներ, որոնք երազում են չպատռված շոր և կոշիկ ունենան՝ դպրոց գնալու համար:  Տեսնում եմ ու թաքուն արտասվում անկարողությունից,  ծնկի եմ իջնում ու աղոթում Աստծուն, որ երկնային ամենազորն ինչ որ բան անի այդ մարդկանց համար…

 

…Եվ երբ լսեցի ստրկության այդ դաժան պատմությունը, հասկացա ու ինչ-որ տեղ նաև ուրախացա, որ մեր երկիրը գոնե զերծ է ստրկությունից:

 

Երբեք նման մրցույթների չեմ մասնակցել, սակայն, չգիտեմ ինչու, ցանկություն առաջացավ այդ չորս հավակնորդներից գրել Սաիդա Ղուլամ Ֆաթիմային: Երբ նայում էի նրա հոլովակը, կարծես մայր Թերեզան էր խոսում՝ խռովված անարդարությունից, բայց պատրաստ պայքարի՝ հանուն արդարության վերականգնման… 

 

Ես հաղթանակի ակընկալիք չունեմ, բայց եթե հանկարծ երեք մրցանակներից մեկին արժանանամ, ամբողջ գումարը կտրամադրեմ Սաիդա Ղուլամ Ֆաթիմային և նաև կխնդրեմ, որ Ֆարիդին ազատեն ստրկությունից, ով 25 տարի ապրել է ստրկության մեջ և երազել մահվան մասին, որ հետո ապրի:

 

Սիրելի Սաիդա Ղուլամ Ֆաթիմա,

 

Հանձն եմ առնում ողջ մարդկության անունից շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ստեղծել է Ձեզ նման ուժեղ, հզոր կամքի տեր կնոջ: 

 

Ցանկանում եմ Ձեզ առողջություն և անսահման ուժ ու եռանդ, որ կարողանաք պայքարել անարդարության դեմ, որ ստրկությունն իսպառ վերանա երկրի երեսից:

 

Սիրելի Ֆաթիմա, սիրով հրավիրում եմ Ձեզ դրախտային երկիր Հայաստան, որի Արարատ սուրբ լեռան լանջերին կանգ է առել մարդկության վերածնունդը խորհրդանշող Նոյան տապանը: Հայաստանում արևի գույնն ու համն ուրիշ են… Իմ երկիրը Ձեզ կհյուրընկալի, շատ ջերմություն  կտա, և Դուք կվերադառնաք Ձեր երկիր ավելի ուժեղ ու հաստատակամ:

 

Ես վստահ եմ, որ Դուք և ձեր նմանները վերացնելու են ստրկությունը երկրի երեսից: Աստված Ձեզ պահապան”:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին