50 գլոբալ հայերը` Միհրան Վարդանյան - Mediamax.am

exclusive
34410 դիտում

50 գլոբալ հայերը` Միհրան Վարդանյան

Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքսֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ. Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ:

Լուսանկարը` Մ. Վարդանյանի արխիվից


Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքսֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ. Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ: Միհրանը զբաղվում է տիեզերքից ստացված տվյալների մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ապագա ռադիո եւ օպտիկական աստղադիտակների տվյալների մոդելավորմամբ եւ կանխատեսումներով: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունն է մութ մատերիայի եւ մութ էներգիայի էության բացահայտումը:

 

Հայաստանում, ինչպես գիտեք, ծնողները հաճախ մեծ ազդեցություն են ունենում երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Ինձ մոտ պատկերը մի փոքր այլ էր: Ծնողներս միշտ ասում էին, որ ես կարող եմ ընտրել ցանկացած մասնագիտություն, միայն թե այդ բնագավառում պիտի լինեմ առաջինը: Հորեղբայրս Ռուսաստանում հայտնի միկրովիրաբույժ է, եւ աչքիս առաջ ունենալով իր օրինակը` մինչեւ 6-7-րդ դասարանները ցանկանում էի բժիշկ դառնալ: Հետո հասկացա, որ ապագան կապված է համակարգչային մոդելավորման հետ ու սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել համակարգիչներին, մաթեմատիկային եւ ֆիզիկային: Բուհ դիմելիս դեռեւս ընտրության առաջ էի կանգնած` բժշկություն, թե՞ ֆիզիկա: Ի վերջո, ընտրեցի ֆիզիկան եւ այդ որոշման համար չեմ փոշմանել:

 

Համալսարանում, երբ առաջին կուրսում սկսեցինք ծրագրավորում անցնել, դասախոսը նկատեց առարկան յուրացնելու իմ ձգտումը եւ առաջարկեց գործի անցնել Ֆիզիկայի ինստիտուտում: Այդպես, առաջին կուրսից սկսեցի աշխատել այնտեղ ու հասկացա, որ ինձ հետաքրքրող բնագավառը տեսական ֆիզիկան է: Համալսարանում ինձ ղեկավար ընտրեցի, ով զբաղվում էր հենց թվային մեթոդներով` համակարգիչների միջոցով բարդ խնդիրների լուծմամբ:

 

Այդ ժամանակ Միհրանին առաջարկեցին մի կոնֆերանսի մասնակցել Դուբնայում, որը միջուկային ֆիզիկայի հետազոտությունների ոլորտում Ռուսաստանի խոշորագույն կենտրոնն է: Այնտեղ նա ծանոթացավ շատ աստղաֆիզիկոսների հետ, որոնց հետ շփման ժամանակ հասկացավ, որ տիեզերքի աշխատանքի եւ տրամաբանության մեխանիզմների ուսումնասիրության ուղին լի է մարտահրավերներով: Վերադառնալով Հայաստան, Միհրանն արդեն գիտեր, որ ուզում է զբաղվել աստղաֆիզիկայով:

 

Երեւանում Ամերիկյան համալսարանի գրադարանում մի գիրք գտա, որը կոչվում էր Big Bang («Մեծ Պայթյուն»): Այդ գրքի հեղինակն Օքսֆորդի համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Ջոզեֆ Սիլկն էր: Գիրքն ընթերցելուց հետո որոշեցի, որ հենց Օքսֆորդ պիտի գնամ սովորելու:

 

Լուսանկարը` Մ. Վարդանյանի արխիվից

Այդ ժամանակ մագիստրատուրայում սովորելու մի քանի հրավեր ունեի, այդ թվում Դուբնայից, սակայն որոշեցի դիմել Օքսֆորդ: Հեռախոսով հարցազրույց անցկացրեցին ինձ հետ եւ առաջարկեցին դիմել ոչ թե մագիստրատուրա, այլ դոկտորանտուրա (PhD), ինչպես նաեւ աշխատել մի հետաքրքիր նախագծի վրա: Ընդունվեցի Օքսֆորդ, սակայն կրթաթոշակ ստանալու ժամկետն անցել էր եւ սովորելս մեկ տարով հետաձգվեց: Այդ ընթացքում իրենք գրականություն տրամադրեցին, որպեսզի կարողանամ Երեւանից աշխատել առաջարկված նախագծի վրա` կապված թվային մեթոդների եւ տիեզերքից ստացված տվյալների վերլուծության հետ:

 

Երբ հաջորդ տարի Միհրանը կրկին դիմեց Օքսֆորդի համալսարան, նրա հետ հարցազրույց  էր անցկացնում մի մարդ, ով աշխատում էր վերոհիշյալ պրոֆեսոր Ջոզեֆ Սիլկի թիմում: Միհրանի մեծ ցանկությունը` սովորել հենց Ջոզեֆ Սիլկի մոտ, իրականություն դարձավ:

 

ԵՊՀ մագիստրատուրայում մի տարի սովորելուց հետո տեղափոխվեցի Օքսֆորդ` դոկտորանտուրա: Սկսեցի աշխատել Սիլկի թիմում, որը զբաղվում էր նոր վիճակագրական մեթոդներով: Մշակում էինք նոր մաթեմատիկական մեթոդներ, որպեսզի ավելի մեծ ճշտությամբ հաստատենք ունեցած բոլոր տվյալների եւ տեսության կապը: Կարեւոր մաս էր նաեւ ապագայում կառուցվելիք աստղադիտակների օպտիմիզացիան, որը նաեւ թույլ է տալիս կանխատեսումներ անել ապագա արդյունքների մասին:

 

Լուսանկարը` Մ. Վարդանյանի արխիվից

 

Տիեզերքի կորության մասին հոդված տպագրեցինք թագավորական Աստղագիտական Միության ամսագրում, որում մեծ թվով կանխատեսումներ էինք արել եւ մշակված տվյալներ ներկայացրել: Այդ հոդվածը շատ հայտնի դարձավ, քանի որ լուսաբանվեց հանրահայտ բրիտանական New Scientist ամսագրում: Դրանից հետո այդ թեմայով եւս երկու հոդված հրապարակեցինք, որոնցից մեկն այս անգամ լուսաբանվեց MIT Technology Review պարբերականում:

 

Հետաքրքրվում եմ`ի՞նչն է ամենակարեւորը Միհրանի համար իր ընտրած մասնագիտության մեջ, եւ ո՞ր հարցերի պատասխաններն է փնտրում տիեզերքում:

 

Ինձ շատ է ոգեւորում նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալը: Նախ, գիտությունն, ընդհանուր առմամբ, թանկ հաճույք է, եւ ներկա ֆինանսական պայմաններում շատ կարեւոր է նվազագույն ռեսուրսներով առավելագույնս կարեւոր տվյալներ ստանալը, որոնք նոր հայտնագործությունների եւ բացահայտումների հիմք կդառնան:

 

Երկրորդը, աստղագետները եւ ֆիզիկոսները մշտապես նորանոր մարտահրավերներ են նետում այլ բնագավառների մասնագետներին, հատկապես` ինժեներներին: Այդ նոր բարդ խնդիրների լուծման արդյունքում ծնված տեխնոլոգիաներն ապագայում լայն կիրառում են ձեռք բերում առօրյա կյանքում:

 

Միհրանը իր գործընկերների հետ մի հոդված է հրապարակել, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտական աշխարհում: Կոսմոլոգիայում գոյություն ունի այսպես կոչված Հաբլի հորիզոն, որն իր մեջ է առնում բոլոր գալակտիկաները եւ մատերիան, որոնք տեսանելի են: Դրանից այն կողմ հնարավոր չէ տեսնել, քանի որ օբյեկտներն այնտեղ մեզանից հեռանում  են լույսի արագությունից էլ արագ: Միհրանին հաջողվել է մշակել նոր մաթեմատիկական մեթոդ, որի արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ տիեզերքն առնվազն 250 անգամ ավելի մեծ է, քան այն մասը, որը տեսանելի է մեզ:

 

Դոկտոր Ռոբերտո Տրոտան եւ Միհրան Վարդանյանը

Լուսանկարը` Մ. Վարդանյանի արխիվից

 

Կոսմոլոգիան մինչեւ վերջին շրջանը լուրջ փաստերի վրա հիմնված չէր: Ընդամենը վերջին 60 տարիների ընթացքում, տեխնիկայի եւ համակարգիչների զարգացման հետ մեկտեղ, տվյալներն ենք ստանում, որոնց վրա էլ հիմնվում են տեսությունները: Այդպիսով, կոսմոլոգիան նոր է մտնում ճշգրիտ հաշվարկների դար: Հիմա նոր մեթոդներ են պահանջվում, որ կարողանանք այդքան մեծ քանակությամբ տվյալները մշակել` տիեզերքի կառուցվածքը հասկանալու նպատակով: Ամենատպավորիչն այն է, երբ դու տեսնում ես, թե ինչքան փոքր եւ չնչին ես տիեզերքի համեմատ, ձգտում ես հասկանալ, թե ինչպես է ահռելի տիեզերքը կառուցված ու աշխատում, եւ, ի վերջո, ինչ-որ բան հասկանում ես:

 

2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմակերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից:

Օքսֆորդի համալսարանն ունի այսպես կոչված Գիտարշավների Խորհուրդ (Expedition Council), որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախաձեռնությամբ եւ ստացա համալսարանի համաձայնությունը: Դիմեցինք նաեւ հանրահայտ Թագավորական աշխարհագրական ընկերությանը (Royal Geographical Society) եւ նրանց անունը օգտագործելու թույլտվություն ստացանք: Գիտարշավը մասամբ ֆինանսավորվել է այս երկու կազմակերպությունների եւ մասամբ էլ մեր` հենց արշավախմբի անդամների կողմից:

 

Արշավախումբն ուներ երկու գլխավոր նպատակ՝ գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը Քարահունջի նկատմամբ եւ նախապատրաստական աշխատանքներ կատարել հետագայում լազերային սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար: Գիտարշավից հետո նյութեր տրամադրեցինք ամերիկյան History Channel-ին, որն իր սերիալներից մեկում անդրադառնում է Քարահունջին, ինչը մեծ գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի համար:

 

Լուսանկարը` Մ. Վարդանյանի արխիվից

 

Վերջերս Անգլիայում մի խումբ գիտնականներ իրականացրել են Ստոունհենջի լազերային սքանավորում եւ կառուցել են Ստոունհենջի ճշգրիտ եռաչափ մոդելը, ինչը հնարավորություն է տալիս բազմաթիվ նոր հայտնագործություններ կատարել հուշարձանի մասին: Հույս ունենք, որ մի օր հնարավոր կլինի իրականացնել նմանատիպ սքանավորում Քարահունջում եւս` դա խոշոր ֆինանսական ներդրում է պահանջում:

 

2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնագավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողությամբ գործում է մինչեւ այսօր:

 

Միհրանը շարունակում է աշխատել իր բազմաթիվ նախագծերի վրա, որոնք կապված են կոսմոլոգիական մոդելների համար նոր վիճակագրական մեթոդների մշակման, տիեզերաբանական փորձերի ապագա արդյունքների կանխատեսման, տիեզերական կորության վերակառուցման հնարավոր սահմանների հետ: Միհրանը մեծ ցանկություն ունի էլ ավելի խորացնել իր կապերը Հայաստանի հետ:

 

Շատ եմ ուզում, որ Հայաստանն էլ գիտական աշխարհի զգայուն մաս դառնա. ոչ միայն  տաղանդավոր հայերը, որոնք հայտնի են դառնում, որպես անհատ, այլ հենց Հայաստանը` որպես երկիր: Ցանկանում եմ ավելի շատ կապեր հաստատել Հայաստանի հետ`տեղի մասնագետներին ներգրավել տարբեր ծրագրերում: Կցանկանայի փորձի փոխանակման ծրագիր իրականացնել Հայաստանի երիտասարդ գիտնականների համար Անգլիայում: Իսկապես տեսնում եմ այդ ներուժը մեր երիտասարդների մեջ:

 

Միհրան Վարդանյանը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջորջ Սմուտը

Լուսանկարը` Մ. Վարդանյանի արխիվից

 

Իմ կարծիքով, Հայաստանի կառավարությունը եւս պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնի գիտության վրա: Պարտադիր չէ, որ դրանք լինեն շատ մեծածավալ եւ թանկարժեք նախագծեր: Օրինակ, կարելի է զարգացնել համակարգչային գիտությունները, որոնք շատ մեծ ռեսուրսներ չեն պահանջում` հիմնականում գիտական աշխատանք եւ մարդկային ռեսուրս: Օրինակ` Դանիան առաջնային է ընտրել է մի կոնկրետ գիտական ճյուղ` մաթեմատիկական, եւ ամեն ինչ անում է դրա զարգացման ուղղությամբ: Ինձ թվում է` դա է ճիշտ ճանապարհը: Կարելի է նաեւ Հայաստանում այդպիսի մի ճյուղ առանձնացնել եւ զարգացնել այն:

 

Նաեւ շատ կարեւոր եմ համարում այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք ավելի շատ երիտասարդների հենց դպրոցից կոգեւորեն զբաղվել գիտությամբ: Օրինակ, բացել գիտության թանգարան, որտեղ հետաքրքիր խաղերի տեսքով ներկայացված կլինեն մի շարք գիտական փորձեր: Նաեւ լավ կլիներ բոլոր դպրոցներին հնարավորություն տալ այցելել Բյուրական կամ հատուկ ստեղծված աստղադիտարան` արեւը, ինչպես նաեւ ուրիշ աստղերը եւ մոլորակները դիտելու նպատակով:

 

Հենց հարցազրույցի անցկացման օրը հայտնի դարձավ, որ Միհրանի ստեղծած iCosmos նախագիծը, որն իրենից Կոսմոլոգիակյան հաշվիչ (Cosmology Calculator) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալսարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը: Շնորհավորում ենք Միհրանին եւ նրան նորանոր հաջողություններ մաղթում:

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին