Ամենաբարդը մեր երազած երկրում ապրելն է լինելու - Mediamax.am

Ամենաբարդը մեր երազած երկրում ապրելն է լինելու
4370 դիտում

Ամենաբարդը մեր երազած երկրում ապրելն է լինելու


Ես համոզված եմ, որ մեր երկրի հիմնական խնդիրը «իմ ու քո» անելն է: Իմ տունը, իմ երեխան, իմ իրավունքը, հետո՝ մյուսինը: Մենք բոլորս խոսում ենք օրենքի ու արդարության մասին, բայց դա, հիմնականում, ուզում ենք ուրիշների համար: Մեզ համար ուզում ենք միայն լավը:

Անցնող 20 օրերին գրեթե բոլորը հստակ ձեւակերպեցին ինչ են ուզում եւ, որ ավելի կարեւոր է, ինչ այլեւս չեն ուզում: Ուզում են հավասարություն, համերաշխություն եւ արդարություն, չեն ուզում սուտ, կեղծիք, յուրայինների կլանային բաժանումներ ու ատելություն: Ամեն ինչ, կարծես, պարզ է: Ուզեցինք: Գուցե եւ ստանանք: Հետո՞: Իսկ հետո ամենաբարդն է: Հետո պետք է ապրենք այնպես, ինչպես ուզեցինք՝ արդար, օրինական, հանդուրժող երկրում՝ բոլորի համար:

Երբ Ազգային ժողովում 4 կուսակցություն ու դաշինք փոխած պատգամավորը ճառեր է կարդում հավատարմության եւ սկզբունքի մասին, կարելի է հասկանալ՝ իր գործը խոսելն է: Իսկ ի՞նչ պետք է անի այդ ճառը լսողը: Առնվազն կասկածի թե՛ հավատարմության, թե՛ սկզբունքի հարցում:

Կուսակցական տոմսերը պատռող ուսուցիչներով հպարտանալուց առաջ մտահոգվել է պետք՝ կրթության որակով եւ ուսուցիչների, ովքեր արժեհամակարգ են բերում դասարան: Համակարգային խնդիր լինելուց զատ ու, նույնիսկ առավել, սա բարոյական խնդիր է դառնում: Այդ ուսուցիչները բաց աչքով ու սթափ հոգեվիճակում են կուսակցական դարձել, մասնակցել ընտրություններին՝ ամեն մեկն իր չափով: Եվ հիմա՝ այս  բարոյական զարթոնքի մասին թատերական ներկայացմամբ հիանալուց առաջ, ուղղակի մտածեք. սա դարձի ճամփա՞ն է:

Օրենքի գերակայության մասին խոսելը վեհ ու սիրուն է: Ինչ խոսք, համաձայն եմ: Բայց այդ օրենքը երբեք չի գործի, քանի դեռ մենք փողոցն անցնելիս կանաչ լույսին չենք սպասում: Այդ օրենքը երբեք չի գործի, քանի դեռ մենք չենք սովորել հերթ կանգնել, անցումով անցնել, կաշառք չառաջարկել: Քանի դեռ մենք չենք հասկացել, որ տուգանքներից խուսափելու լավագույն ձեւը խախտում չանելն է, իսկ կենցաղային աղբը՝ աղբարկղը գցել, ոչ թե տոպրակով կողքը դնել: Սրանք մանրուքներ են, բայց հենց սրանցից է արժեհամակարգ ձեւավորվում:

Մի անգամ, Բեռլինում, ծանոթներիցս մեկին հարցրի՝ «ի՞նչ տույժ է հասնում այս այգուց ծառ կտրողին»: Պատասխանի փոխարեն ծանոթս հարցրեց՝ «բայց ինչո՞ւ կտրի»: Եվ, իրոք, ինչո՞ւ:

Սիրո եւ համերաշխության մասին խոսելն ամենաբարդն է: Որքան պահանջում ես, այդքան պետք է տաս: Ընդհանրապես, բարդ է քեզանից տարբեր որեւէ մեկին սիրելը, ինչպես անձը քո: Առաջարկում եմ ուղղակի հարգել: Հարգել նշանակում է չծաղրել մարդկանց արտաքին տեսքի, կրոնական, քաղաքական համոզմունքների, սեռական կողմնորոշման, մաշկի, աչքերի, մազերի գույնի համար: Բարդ բան եմ ասում, բայց հնարավոր: Ողջ մարդկանց անուններով սգո ժապավեններ փողոցում փակցնելով ոչինչ չի փոխվում, պաշտոնյայի երեխային վիրավորելով՝ առավել եւս:

Կհակադարձեք՝ իրենք են մեղավոր, իրենք են հասցրել այս աստիճանի: Եվ, գուցե, ճիշտ եք: Նրանք սխալ էին, բայց սխալը ուղղելու միակ տարբերակը ճիշտ վարվելն է:

Ամենադժվարը դեռ նոր է սկսվում: Մենք պետք է փոխվենք՝ կողք կողքի ապրելու համար:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին