Կարճատեւ պատերազմի մտահոգիչ հետեւանքներն ու անհարմար հարցերը - Mediamax.am

Կարճատեւ պատերազմի մտահոգիչ հետեւանքներն ու անհարմար հարցերը
5780 դիտում

Կարճատեւ պատերազմի մտահոգիչ հետեւանքներն ու անհարմար հարցերը


Վերջին օրերի մասին դեռ երկար ենք խոսելու եւ մտորելու։ Դրանցում խտացվել էին մի քանի տարվա իրադարձություններ: Թե ժամանակի, թե ծավալների եւ թե հետեւանքների առումով տեղի ունեցածն անակնկալ էր բոլորի, այդ թվում՝ Հայաստանի եւ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Հետեւաբար, առաջին տպավորություններով, կարծիքներով կիսվելը խիստ կարեւոր է։ Գալիք օրերին ու ամիսներին շատ է բան է փոխվելու։ Այդ ուղղությամբ պետք է մտածել տքնաջան կերպով, իսկ եթե հապաղենք, անթիվ խնդիրներ ենք ունենալու։

Վերջին օրերին շատ է խոսվում Թուրքիայի ունեցած դերի մասին` փորձելով չտեսնել Ադրբեջանին ցուցաբերած ակնհայտ աջակցությունը։ Թուրքիան առավել անթաքույց եւ ուղղակի աջակցեց Ադրբեջանի արկածախնդրությունը, քան վերջինիս ամենաթեժ ազգայնականները։

Թուրքիայի ղեկավարների շնորհավորական եւ ցավակցական ուղերձները փորձ էր ոչ միայն գոտեպնդելու Ադրբեջանին, այլ նաեւ ցույց տալու, որ նրանք տեղի ունեցածի հետ կապ չունեն։ Իրականում, տեղի ունեցածը բազմաքայլ կոմբինացիա էր եւ անկարելի էր չնկատել Թուրքիայի դերակատարումը։ Ադրբեջանի ղեկավարությունն, անշուշտ, ոգևորվում է Անկարայից եկած յուրաքանչյուր նման ուղերձից՝ իրեն զգալով կարեւոր եւ արդարության համար պայքարող։

Թուրքիան հասանելի ու անհայտ միջոցներով ապացուցում է, որ արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական անդամ լինելու հանգամանքը։ 24 տարի առաջ Թուրքիային այդ խմբում ընդգրկեցին ոչ թե Ադրբեջանի ահաբեկչությանը անվերապահ աջակցելու եւ հայորդիներին սպանելը քաջալերելու, այլ խնդրի կարգավորմանը նպաստելու համար։ Հաշվի առնելով այդ գործելաոճը` որպես հակաքայլ, Հայաստանը պետք է պահանջի, որպեսզի Թուրքիան կամ վերանայի իր քայլերը, կամ լքի Մինսկի խումբը։ Վերջինս էլիտար ակումբ չէ եւ ոչ էլ միջերկրական մաչոյիզմն ընդգծելու հավաքատեղի։ Մինսկի խմբում Թուրքիան հայտնվել է գործընթացին աջակցելու համար, հետեւաբար, իր վերջին քայլերն ապացուցում են, որ նա այնտեղ անելիք չունի։ Արդարություն պահանջող թուրք-ադրբեջանական մոդելը տեղ չունի բանակցությունների ֆորմատում։

Պետք է կնքել զինադադարի մասին նոր պայմանագիր։ 1994 թ. զինադադարի ռեժիմը դարձել է անախրոնիզմ, այն կնքվել էր 22 տարի առաջ, միանգամայն այլ պայմաններում եւ հետապնդում էր այլ նպատակ։ Այն իրեն սպառեց շատ չանցած, թեեւ դա հակամարտող կողմերը չէին ցանկանում ընդունել։ Դա սպառվեց այնժամ, երբ զինադադարից հետո զոհվեցին առաջին զինվորները, երբ տեղի ունեցան դիվերսիոն ներթափանցումներ, երբ չէր դադարում դիպուկահարների պատերազմը։ Միջնորդների ամբողջ հույսը հակամարտող կողմերի առողջ բանականությունն էր։

Հարկավոր է փոխել նաեւ համանախագահների կարգավիճակը։ Դրանք պետք է լինեն համանախագահ երկրների փոխնախարարներից ոչ պակաս կարգավիճակ ունեցող պաշտոնյաներ, որպեսզի կապը իրենց երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ լինի չընդմիջված։ Հարկավոր է բարեփոխել բանակցությունների ձեւաչափի տրամաբանությունը։ Հարկավոր է փոխել նաեւ ոչ միայն Մինսկի խմբի աշխատանքի ձեւը, այլ նաեւ անվանումը։ Այն ասոցացվում է ոչ միայն պասիվության եւ անդեմության, այլեւ հնամենի գործելակերպի հետ։ Հարկավոր է նախաձեռնել մի գործընթաց, որպեսզի Վիեննայում` ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում, անցկացվի հանդիպում եւ Մինսկի խումբը վերանվանվի, օրինակ, ԵԱՀԿ Վիեննայի խումբ։

Ստեփանակերտը պետք է տեղ ունենա բանակցությունների սեղանի շուրջ եւ դա ոչ թե հայկական կողմի սկզբունքայնությունն է պահանջում, այլ կոնֆլիկտաբանության դասական տեսությունները։ Այլապես լղոզվել է բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են տարեկան մեկ անգամ, փոխանակում անհյուրընկալ հայացքներ, վերահաստատում ակնհայտը եւ անարդյունք վերադառնում մայրաքաղաքներ։ Նրանք Մինսկի խմբի համանախագահներին պատվիրակել են լուծումներ գտնել, իսկ Մինսկի խումբը նվաճում է համարում նախագահների հանդիպումը։ Ակնկալիքների միջեւ խզումն ակնհայտ է։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, հասարակական կազմակերպությունները, մշակութային միությունները, հայազգի հանրաճանաչ անձինք եւ, ընդհանրապես, հայությունը պետք է օրնիբուն դատապարտի Ադրբեջանին զենք վաճառելու փաստը։ Տնտեսական գործարքի քողի տակ Ադրբեջանին նորագույն զինատեսակներով հարստացնելու քաղաքականությունը չի տեղավորվում գործընկերային հարաբերությունների ոչ մի շրջանակում։

Եվ վերջում, ապրիլից 1-ից ի վեր հնչում են հարցադրումներ, որոնք պատասխաններ են պահանջում։ Եթե հայկական հասարակությունը բաց է, ապա դրանք պետք է արվեն անթաքույց կերպով։ Այդ հարցերից գլխավորն այն է, թե ցածր ինտենսիվության պատերազմական ռեժիմում գտնվող երկրի համար արդյո՞ք համաչափ էր վերջին օրերի պատերազմական գործողություններում արձանագրված մարդկային, տեխնիկական եւ նյութական կորուստները։ Երբ իրավիճակը հանդարտվի, շատ մարդկանց հուզող այս հարցը պատասխան է ակնկալում։

Մեր հերոս զինվորները եւ հրամանատարները քաջության եւ արիության նոր նշաձող սահմանեցին, իրենց անունները ոսկե տառերով գրելով մեր նորագույն պատմության էջերում։ Նրանց եւ 1988-ից ի վեր զոհված բոլոր հերոսների անունները պետք է քանդակվեն Եռաբլուրի հուշահամալիրում, իսկ այնտեղ այցելելը պետք է դառնա պետական արարողակարգի մաս։ Հարկավոր են նոր սոցիալական փաթեթներ զինծառայողների ընտանիքների համար, որպեսզի այն չմնա ֆինանսական կառույցների, դրամահավաքի կամ անհատների հայեցողությանը։ Հարկավոր է հետ բերել պատերազմող ազգին բնորոշ զգոնությունը։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Համակարգն ընդդեմ անհատների
Մեր ընտրանին