Կիբեր-պատերազմի ակունքները կամ հուշեր Liazor-ի մասին - Mediamax.am

Կիբեր-պատերազմի ակունքները կամ հուշեր Liazor-ի մասին
16054 դիտում

Կիբեր-պատերազմի ակունքները կամ հուշեր Liazor-ի մասին


Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ ներումից հետո համացանցում սկսվեց հայ-ադրբեջանական կիբեր-պատերազմի հերթական փուլը, որում մենք ջախջախում ենք հակառակորդին:

Այսօր կիբեր-պատերազմն այլեւս ֆանտաստիկ բան չէ` մի սերունդ է մեծացել, որի համար այն նոր ժամանակների բնական հատկանիշներից մեկն է: Սակայն, այդ սերնդի ներկայացուցիչներից շատերը չգիտեն համացանցում հայ-ադրբեջանական հակամարտության ակունքների մասին: Դրանցից մեկի մասին կպատմեմ այսօր:

Հասկանալի պատճառներով, անգամ 12 տարի անց չեմ կարող բացահայտել 2000 թվականին անցկացված գործողության մանրամասները: Միայն կասեմ, որ Մեդիամաքս-ը` որոշ հանգամանքների բերումուվ, ոչ միայն դրա մանրամասների մասին տեղյակ միակ ԶԼՄ-ն էր, այլեւ ինչ-որ չափով դուրս էր եկել իրադարձությունները սոսկ լուսաբանելու շրջանակից:

2000 թվականի հունվարի 25-ին The Green Revenge եւ HijaK Teams անունների ներքո թաքնվող ադրբեջանցի հաքերները գրոհ ձեռնարկեցին մի քանի հայտնի հայկական կայքերի դեմ: 12 տարի առաջ ինտերնետը այսօրվա պես զարգացած չէր, եւ մի քանի կայքերի խափանումը բավական ցավոտ էր ու մեծ իրադարձություն էր դառնում:

Ի պատասխան, հայ հաքերները հատուցման ակցիա անցկացրին եւ ադրբեջանական ամենահայտնի կայքերի տերերին զրկեցին դրանք վերահսկելու հնարավորությունից:

Ահա այն կայքերի ոչ լրիվ ցանկը, որոնք 2000 թվականին անցան հայկական կողմի վերահսկողության տակ` baku-vision.com, azerbaijan-online.com, azeri.com, baku.net, zerkalo-daily.com, azeri.net, azembassy.com, azerin.com, azerin.net, azer.org, azer.com, azdata.net, karabakh.org, aznet.org, azer.net, azerbaijantv.com, baku.org, baku-az.net: Մի խոսքով, Ադրբեջանը մի քանի օրով զրկվեց իր ինտերնետից:

Կայքերը բացելու բոլոր փորձերը բերում էին մի էջի, որտեղ գրված էր "Don't trouble trouble, until trouble troubles you": Liazor անվան տակ հանդես եկող հաքերների խումբը կապվել էր Մեդիամաքս-ի հետ` հայտնելով, որ իր վրա էր վերցնում գործողության պատասխանատվությունը: 



Պարզվեց, որ գործողության հեղինակները չէին սահմանափակվել միայն կայքերի նկատմամբ վերահսկողություն սահմանելով: Հաջորդեց գործողության երկրորդ փուլը: Այդ ժամանակ ռուսալեզու “Զերկալո” թերթը համարվում էր Ադրբեջանի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկը: Եվ հանկարծ թերթի առցանց տարբերակը
սկսեց մեկը մյուսի հետեւից սենսացիաներ մատուցել: Նախ, թերթը հայտնում էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպումների ժամանակ մշակվում է հայերի կողմից գրավված հարավային տարածքների դիմաց Հայաստանին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության համապատասխան տարածքներ զիջելու տարբերակը»: Թերթը նաեւ գրում էր, որ Թեհրանի նախաձեռնությամբ հետաձգվել է Հեյդար Ալիեւի այցը Իրան: Այդ ամենը մեջբերվում եւ տարածվում էր այլ ԶԼՄ-ների կողմից` իսկական շոկ առաջացնելով ադրբեջանցի պաշտոնյաների շրջանում:
 
2000 թվականի փետրվարի 17-ին Liazor group-ը հայտնեց Մեդիամաքս-ին հատուցման ակցիայի ավարտի մասին:   

«Հետագայում սադրանքներ թույլ չտալու մասին Ադրբեջանի կառավարության տեղեկատվությունը ստանալուն պես Liazor խումբը որոշեց դադարեցնել նախատեսված գործողությունների իրականացումը», - ասված էր հաղորդագրության մեջ:

Հետաքրքիր ժամանակներ էին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին