Կոլեկտիվ նամակներն ու դիմումները երբեք սրտովս չեն եղել` անկախ դրանց բովանդակությունից: Առավել եւս` անանուն կոլեկտիվ նամակները: Նման մի նամակ երեկ երեկոյան ի հայտ եկավ` «Հայ երգիչները հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին» : Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ առնվազն մի քանի հայտնի երգիչներ կամ ծանոթ չեն նամակի բովանդակությանը, կամ էլ պատրաստ են մեկնել Բաքու:
Հայ զինծառայողի սպանությունը ադրբեջանցի դիպուկահարի կողմից ողբերգություն է: Սակայն արժե՞ր այդ ողբերգությունը, մեր պրոֆեսիոնալ լրագրողական լեզվով ասած, «տեղեկատվական առիթ» դարձնել` Բաքու չմեկնելու ոմանց ցանկությունը հիմնավորելու համար:
Եկեք հասկանանք, որ այս տարի Եվրատեսիլին մասնակցել-չմասնակցելու հարցը կրում է բացառապես քաղաքական բնույթ ու չի կարելի այս խնդրին մոտենալ հայկական շոու-բիզնեսի շահերի, նախասիրությունների ու խարդավանքների լույսի ներքո:
Զարմանալի է, որ «հայ երգիչները» մի քանի ժամում կարողացան համախմբվել ու հանդես գալ ծավալուն հայտարարությամբ: Ակնհայտ է, որ այս տեքստը գրված է ոչ թե երգչի կամ երգիչների ձեռքով: Զարմանալին նաեւ այն է, որ նախաձեռնության հեղինակները չեն փորձել համաձայնեցնել այն կոնկրետ մարդկանց հետ` այլապես, կարծում եմ, դրա տակ կլինեին գոնե մի քանի անուններ:
Երկրորդը` ցավոք, դիպուկահարների պատերազմը գնում է վաղուց ու դժվար թե դադարի մոտ ապագայում: Մոտ մեկ ամիս առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական անգամ հիշեցրեց, որ հակառակորդի ցանկացած դիպուկ կրակոց կոշտ ձեւով պատժվում է հայկական կողմից: Սա է իրողությունը, եւ դրա մասին գիտենք բոլորս:
Երրորդը` չեք պատկերացնում, թե ինչ մեծագույն նվեր կմատուցենք Ադրբեջանին ու Հեռարձակողների Եվրոպական Միությանը, եթե այսքանից հետո չգնանք Բաքու: Դրանով նրանց կազատենք մի մեծ գլխացավանքից:
Չորրորդը` միշտ կարծել եմ, որ բոյկոտը դիրքորոշում հայտնելու ամենաանարդյունավետ միջոցն է: Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի համաշխարհային մամուլի հետաքրքրությունը այն մասնակցի հանդեպ, ով կներկայացնի Հայաստանը Բաքվում: Պատկերացրեք, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Բաքվում տրված նրա ասուլիսը, որի ընթացքում նա, օրինակ, կասի.
- Մենք որոշեցինք գալ Բաքու, չնայած նրան, որ 22 տարի առաջ այստեղից վտարվեցին հարյուր հազարավոր հայեր: Մենք եկանք այստեղ չնայած նրան, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է զինադադարը, խլելով մեր եղբայրների կյանքերը: Ես պատրաստ եմ այսօր հանդես գալ Բաքվի բեմում, չնայած գիտեմ, որ դահլիճի մեծ մասը ատելու է ինձ` թունավորված պետական պրոպագանդայով:
Իսկ այժմ համեմատեք նման ելույթի ազդեցությունը այն վերնագրերի հետ, որոնք այսօր առկա են եվրոպական պարբերականներում` «Հայաստանը հրաժարվում է մասնակցել Եվրատեսիլին` Ադրբեջանի հետ բազմամյա հակամարտության պատճառով»: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ եվրոպական մամուլը կխորանա ու կներկայացնի իրական պատճառը` հայ զինվորի սպանությունը դիպուկահարի կողմից, նա չարաչար սխալվում է: Եւս մեկ-երկու օր, եւս մի քանի հոդված ու վերջ` ի՞նչ ենք ստանալու դրանից:
Կրկնեմ, սա քաղաքական խնդիր է` ուզենք թե չուզենք: Երբ Հ1-ը պաշտոնապես դիմեց Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցելու համար, դա նշանակում է, որ մասնակցելու քաղաքական որոշումը կայացվել էր: Եթե այսօր փորձ է արվում փոխել այդ որոշումը, միգուցե պատճառը ամենեւին երեկվա սահմանային միջադեպը չէ՞:
Նման հարցերում պետք է հաստատակամ լինենք ու որոշենք միայն մեկ անգամ` գնում ենք Բաքու կամ չենք գնում եւ այդ մասին պարզ ասենք հանրությանը ու արտաքին աշխարհին: Եվ այս քաղաքական որոշումը պետք է կայացնեն երկրի քաղաքական ղեկավարները եւ ոչ թե Հ1-ը, Երգի Պետական թատրոնը կամ անհատ կատարողները:
Ո՞րն է երեկվա հայտարարության իրական պատճառը: Դժվարանում եմ ասել: Չգիտեմ նաեւ, թե ինչո՞ւ է գաղտնիության շղարշով պատված Եվրատեսիլի հավանական մասնակիցների ընտրության ընթացակարգը ու ժամկետները:
Անկեղծ ասած, տպավորություն ունեմ, որ երեկվա «հայ երգիչների հայտարարության» իրական նպատակը որոշակի ներքին խնդիրների լուծումն է: Միայն ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ: Սակայն առնվազն տարօրինակ եմ համարում, երբ քաղաքական հարցերով սկսում են զբաղվել երգիչները, ընդ որում` անանուն:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: