Անգլիական այգի/Կոմայգի եւ շրջակայք` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
48816 դիտում

Անգլիական այգի/Կոմայգի եւ շրջակայք` կենդանի պատմություն


Լուսանկարը` Ա. Խանոյան:

Անգլիական այգու մուտքը:
Անգլիական այգու մուտքը:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Կոմիսարների այգին:
Կոմիսարների այգին:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Հին թատրոնի շենքը:
Հին թատրոնի շենքը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Հին թատրոնի շենքը
Հին թատրոնի շենքը

Լուսանկարը` անհատ հեղինակ:

Հին թատրոնի նախասրահը:
Հին թատրոնի նախասրահը:

Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Հին թատրոնի շենքը:
Հին թատրոնի շենքը:

Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Հին թատրոնի շենքը:
Հին թատրոնի շենքը:

Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` անհատ հեղինակ:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` hinyerevan.com կայքից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` «Խորհրդային Հայաստան» գրքից:

Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Հատված «Պեպո» ներկայացումից:
Հատված «Պեպո» ներկայացումից:

Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Հատված «Պեպո» ներկայացումից:
Հատված «Պեպո» ներկայացումից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Հատված «Պեպո» ներկայացումից:
Հատված «Պեպո» ներկայացումից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Հատված «Պեպո» ներկայացումից:
Հատված «Պեպո» ներկայացումից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի պաննոն:
Մարտիրոս Սարյանի պաննոն:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի պաննոն:
Մարտիրոս Սարյանի պաննոն:
Մարտիրոս Սարյանի պաննոն:
Մարտիրոս Սարյանի պաննոն:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի պաննոն:
Մարտիրոս Սարյանի պաննոն:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի պաննոն:
Մարտիրոս Սարյանի պաննոն:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ա. Մյասնիկյանի արձանի հեղինակ, քանդակագործ՝ Արա Շիրազը
Ա. Մյասնիկյանի արձանի հեղինակ, քանդակագործ՝ Արա Շիրազը

Լուսանկարը` Արա Շիրազի անձնական արխիվից:


Ինչպե՞ս Երեւանի սրտում ծնվեց Անգլիական այգին եւ ինչո՞ւ այն դարձավ Կոմայգի: Ո՞վքեր են թաղված այգում եւ ինչո՞ւ այն չդարձավ «հայկական Վենետիկ»: Ի՞նչ էր նախկինում Իտալիայի փողոցի եւ «Կոնգրես» հյուրանոցի փոխարեն: Ինչո՞ւ Կիրովի այգում «բուն դրած» տրանսվեստիտները չեն համարձակվում հատել այգիների սահմանը: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները` «Երեւան. XX դար» նախագծի հերթական գլխում:

Այգում հանդիպեցինք նրա մշտական այցելուներից մեկին` Աղասի պապիկին.

«Մեր երիտասարդության տարիներից այգին շատ էլ չի փոխվել, ավելացել են շենքերը, որոնք շրջապատում են այգին: Նախկինում շատրվան չկար, նստարանները ավելի փոքր էին, բազալտից:

Այստեղ հավաքվում էին «Արարատի» երկրպագուները, հիշում եմ, եղել են օրեր, երբ մոտ 300 մարդ էր հավաքվում, քննարկում խաղերը: Այգում հավաքվում էին նաեւ շախմատի սիրահարները, զբոսնելիս կարելի էր հանդիպել շախմատային տախտակների շուրջ կանգնած մարդկանց:

Գրեթե ամեն օր ընկերներով հանդիպում ենք այդ այգում, մարդիկ գալիս են տարբեր տեղերից՝ «Երրորդ մասից», Էրեբունի համայնքից: Հիշում ենք անցյալը, քննարկում ներկան, միջազգային իրադարձությունները»:

Անգլիական այգու ոդիսականը (hատված Էդուարդ Ավագյանի «Երեւանյան խճանկար» գրքից)

Շուկայի փոշոտ փողոցից այգի մտնողին դիմավորում էր նախ՝ ծառերի զովությունը, ապա՝ անտանելի ծանր մգլահոտը:


Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Այգին պատկանում էր քաղաքային վարչությանը եւ այդ տարիներին բարձիթողի եւ անխնամ բավական մեծ տարածք էր: Այգում ստորգետնյա աղբյուրներ շատ կային, եւ գետնի տակից բխող առատ ջուրը կուտակվում էր ծառերի տակ եւ լճանում: Տարիներ էին անցնում, ջրերը անարգել լցվում էին այգին, մեծանում էին ճահճային տարածքները՝ ստեղծելով գորտերի ու մոծակների մի նոր «թագավորություն»:

1879թ-ին քաղաքի այգու վիճակը անհանգստացնում է գլխավոր բժշկին` այդ ժամանակ Երեւանում շատ էր տարածված մալարիան, որի պատճառը Լեւոն Տիգրանյանը համարում է այգու եւ շրջակա տարածքների բարձիթողի վիճակը:

Քաղաքի գլխավոր բժիշկը դիմում-բացատրագիր է ներկայացնում Քաղաքային վարչություն՝ այգին լճացած ջրերից մաքրելու համար: Սակայն դժվարություններ են ծագում՝ կապված ֆինանսական միջոցների պակասության հետ:

Տարիներ են անցնում, եւ այգու բարեփոխման հարցը իր ձեռքն է վերցնում 1898թ-ին քաղաքագլուխ ընտրված Իսահակ Մելիք-Աղամալյանը: Այգում առուներ են բացում, հեռացնում են լճացած ջրերը, տնկարաններ են ստեղծում, ծառեր են աճեցնում, նոր ծառուղիներ են բացում: Այգու բարեկարգման գործը շարունակում է Իսահակի եղբայրը՝ նոր քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանը: Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեռ բերվեցին Ռուսաստանից եւ Լեհաստանից: Դրանք հիմնականում կաղնու ծառեր էին, որոնք շուտ ընտելացան Երեւանի բնապայմաններին: Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով:


Անգլիական այգու մուտքը:
Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Այգին կառուցվեց եվրոպական ձեւով, եւ դա էր, երեւի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»: Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, մյուսներն ասում էին, որ վերեւից նայելիս այգին նման է անգլիական դրոշակին:

1910թ. հոկտեմբերի 15-ին հանդիսավոր կերպով բացվեց այգին, որը դարձավ երեւանցիների ամենասիրված հանգստավայրը:

Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց: Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, եւ «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի:


Լուսանկարը` Մեդիամաքս

Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921-ին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»: Այգին վերանվանեցին 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»:

1938 թվականին այգու տարածքում կառուցվեց թատրոնի նոր շենքը:


Հին թատրոնի շենքը:
Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Սակայն Սունդուկյանի անունը կրող այդ շինությունը 1965թ-ին այրվեց, եւ հետո կառուցվեց նորը: Այգին կամաց-կամաց վերածվեց կուլտուրայի օջախի: Կառուցվեցին փայտաշեն էստրադաներ, որտեղ ելույթ էին ունենում ազգագրական խմբերը, ամեն շաբաթ ու կիրակի հրշեջների փողային նվագախումբը հնչեցնում էր վալսերի հնչյունները: Բացվեց ամառային կինոթատրոնը, որի կանաչ ներկված աթոռները երեկոները լեփ-լեցուն էին լինում հանդիսատեսով: Այգում սկսեց գործել բաց գրադարան-ընթերցարանը: Երեխաների համար ամենասիրելի զվարճանքը կարուսելն էր:

Տարիներ առաջ այգին որոշեցին նորովի բարեկարգել: Քանդվեցին ծառուղիները, կտրատվեցին հինավուրց կաղնու ծառեռը, ջրանցքներ բացվեցին՝ բետոնապատ հատակով եւ կողերով, կամուրջներ կապվեցին եւ ջուր բաց թողեցին այդ նորաբաց ջրանցքներով, ասես այգում ուզում էին մի նոր Վենետիկ ստեղծել, միայն գոնդոլներն էին պակաս: Շատ չանցած՝ այդ ջրանցքներում հավաքված ջուրը նորից լճացավ, ինչպես տարիներ առաջ:

Բայց սրանով չվերջացավ այգու ոդիսականը: Շուտով անբարեկարգ այգին նոր կորուստներ ունեցավ: Քանդվեց քաղաքապետարանի հինավուրց շենքը, հողին հավասարեցրեցին այգին շրջապատող առեւտրային շարքի տները: Կտրատվեցին ծառերը, եւ «Իտալական» կոչվող նոր փողոցը մխրճվեց «Կոմայգու» տարածքները: Կառուցվեց Իտալիայի դեսպանության շենքը, Ֆրանսիայի դեսպանատունը մեծացրեց իր «կալվածքները»` առանց այն էլ շատ բան կորցրած զբոսայգու հաշվին:
 
Ճարտարապես Էդմոնդ Տիգրանյանը Սունդուկյանի անվան թատրոնի նոր շենքի մասին

1963թ-ին Սունդուկյանի անվան թատրոնի շենքը հրդեհվեց եւ շենքը վերականգնելու  անհրաժեշտություն ծագեց: Վերականգնման նախագիծը պետք է իրականացներ ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանը, սակայն վերականգնումը վերածվեց նոր շենքի կառուցման:

Ճարտարապետը պահպանեց շենքի տեղադրումը 26 կոմիսարների այգում: Նա ընդլայնեց հանդիսատեսի մասը՝ զգալիորեն առաջ տանելով այն այգու ուղղությամբ: Ի հայտ եկան նոր ֆասադներ եւ պատեր, փոխվեց դահլիճի ձեւը: Նախագծային աշխատանքների ընդլայնման ընթացքում Ռազմիկ Ալավերդյանը աշխատանքի մեջ ներգրավեց կոնստրուկտոր Ռ. Բադալյանին եւ երիտասարդ ճարտարապետներ Ս. Բուրխաջյանին եւ Գ. Մնացականյանին:


Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Նախագծում հետաքրքիր եւ նոր լուծումներից էր ձմեռային այգին, որի կենտրոնում չփակված շրջանակ էր, դեպի թատրոն տանող լրացուցիչ ամառային մուտքով: Դահլիճը նախատեսված է 1250 հանդիսատեսի համար: 

Հեղինակների ստեղծագործական հաջողությունը հատկապես արտահայտիչ է շենքի ճակատների մասերում: Նախեւառաջ, հեղինակները հաշվի են առել, որ շենքը գտնվում է այգում եւ կապել են այն ընդհանուր միջավայրի հետ: Շենքի ամբողջ ճարտարապետության համար կարեւոր նշանակություն ունեցավ ազգային ճարտարապետա-շինարարական ավանդույթները:

Հիմնական, այգու կողմից գտնվող  ճակատային մասը աչքի է ընկնում քարի եւ ապակու համադրությամբ: Ալյումինե միահյուսումներով կատարած ապակե վիտրաժը միավորում է երկու հարկերը: Այս լուծման շնորհիվ  դրսից երեւում է ամբողջ պատով կատարած Մարտիրոս Սարյանի հոյակապ պաննոն: 


Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Բացի այդ, մուտքը զարդարված է П-աձեւ քարե ուղղանկյունով: Ուղղանկյան ձախ կողմում պատկերված է թատերական զգեստով կնոջ պատկեր, որը ձեռքերի մեջ  ալեգորիկ արեւ է բռնել: Աջ կողմում՝ Արտավազդին եւ ազգային զգեստներով դերասաններ պատկերող բարելյեֆ է: Այս կոմպոզիցիայի հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան` տարիներ անց «վենետիկյան» այգու ջրային միջանցքներն անհետացան

Անգլիական այգին Երեւանի ամենահին կանաչ տարածքներից մեկն է:

Հետպատերազմյան տարիներին այնտեղ կառուցվեց փայտե պարահրապարակ: Մարդիկ հատուկ գալիս էին այգի՝ պարելու: Այգին շրջապատված էր շենքերով: Մի թեւի վրա Սննդի արտադրության տեխնիկումն էր, որը հետո դարձավ ռեստորան, այնուհետեւ որոշ ժամանակ գործում էր որպես «Դերասանի տուն»: Այժմ այդ շենքում Ֆրանսիայի դեսպանությունն է:


Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

1960-ականներին, երբ Երեւանի քաղաքապետ դարձավ Գրիգոր Հասրաթյանը,  քաղաքային իշխանությունները սկսեցին լուրջ ուշադրություն դարձնել հանրային տարածքների ստեղծմանը: Երեւանը, ունենալով չոր կլիմա, ջրային մակերեսների կարիք ուներ: Անգլիական այգու տարածքում գրունտային ջրերի մակարդակը բարձր էր, եւ խնդիր դրվեց այդտեղ ստեղծել երեւանյան «Վենետիկ»՝ ջրային միջանցքներով, որպեսզի մարդիկ զբոսնեն, վայելեն զով եղանակը:

Բացի այդ, Անգլիական այգու տարածքում գտնվող բնակելի շենքերի նկուղներում խոնավության խնդիր կար: Այգում ջրային միջանցքներ ստեղծելով հնարավոր էր լուծել նաեւ այդ հարցը: Իհարկե, այգու նման ձեւափոխման շուրջ խմորումներ սկսվեցին: Սակայն դրանք շուտ էլ հարթվեցին: Ցավոք, տարիներ անց «վենետիկյան» այգու ջրային միջանցքներն անհետացան, դրանց տեղում հող լցվեց, եւ այսօր էլ, նախկինի պես, այգու շուրջ շենքեր են:   

ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյան` Սունդուկյանի անվան թատրոնի շենքը հայրիկիս վերջին գործն էր

Շենքի հրդեհից հետո մի շարք նախագծային առաջարկներ էին ներկայացվել, եւ մրցույթի արդյունքում ընտրվեց հայրիկիս նախագիծը: Շենքը նախագծվել է
«Հայարդնախագիծ» ինստիտուտում:


Ռազմիկ Ալավերդյանը:

Սունդուկյանի անվան թատրոնի շենքը հայրիկիս վերջին գործն էր: Նա շուտ հեռացավ կյանքից, 52 տարեկանում, եւ կյանքի վերջին տարիների ամբողջ ուժն ու եռանդը ներդրեց Սունդուկյանի անվան թատրոնի նախագծման եւ շինարարական աշխատանքների մեջ:

1960-ական թվականներին մեզ մոտ գերիշխում էր ավանդական ճարտարապետությունը, սակայն Սունդուկյանի թատրոնի շենքը ավելի արդիական ճարտարապետության տարրեր է պարունակում, մասնավորապես` Ձմեռային այգին, որին հայրս առանձնահատուկ էր վերաբերվում: Հիշում եմ, Ձմեռային այգում ձկնիկներով ջրավազան կար, եւ հայրս ամեն օր աշխատանքից հետո գնում էր այդտեղ եւ կերակրում ձկնիկներին:

ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Սունդուկյան թատրոնի արխիվի վարիչ Սերգեյ Առաքելյան` տոմս գնելու համար երբեմն գիշերային հերթեր էինք սահմանում

1935 թվականից եղել եմ Սունդուկյան թատրոնի մշտական հանդիսատեսը: Դպրոցական տարիներից թատրոնին նվիրված նյութեր էի հավաքում: Ունեմ թատրոնի առաջին ազդագիրը՝ աֆիշան:


«Պեպո» ներկայացման ազդագիրը:
Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Թատրոն էի գալիս մորս տված կոպեկներով, որոնք ինձ տալիս էին՝ դպրոցում բուլկի, թխվածք գնելու համար: Հավաքում էի այդ գումարը, գնում էի թատրոնի բուկլետներն ու լուսանկարները: Այդպես ստեղծեցի իմ անհատական «ֆոնդերը»: Ունեի անգամ Պեպոյի առաջին դերակատարի լուսանկարը:

Ես գալիս էի ոչ միայն ներկայացում դիտելու, այլեւ դերասանների կենսագրականները, լուսանկարները ձեռք բերելու համար: Դերասանների այդպիսի աստղաբույլ Երեւանի ոչ մի թատրոնում չէիր հանդիպի: Երբ սկսվում էր ներկայացումը, բեմը լցվում էր աստղերով՝ Հրաչյա Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Արուս Ոսկանյան, Միքայել Մանվելյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, հետագայում նաեւ` Բաբկեն Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան: Այս աստղաբույլը գերում էր ժողովրդին: Բեմում կարծես մրցույթ էր սկսվում դերասաների խաղի միջեւ:

Տոմս գնելու համար երբեմն գիշերային հերթեր էինք սահմանում: Կրակ էինք վառում թատրոնի դիմաց, ողջ ցուրտ գիշերն անցկացնում թատրոնի բակում, որ տոմսարկղի բացվելուն պես տոմս գնեինք:

Լավ եմ հիշում՝ 1945թ.-ին Երեւանում պարետային ժամ էր հայտարարված, առանց անձը հաստատող փաստաթղթի դրսում քայլել չէիր կարող: Բայց եթե մոտդ թատրոնի տոմս էր լինում, դա համարվում էր անցագիր: Շատ անգամ ենք տոմսը ցույց տվել ու հանգիստ շարունակել մեր ճանապարհը:


Հատված «Պեպո» ներկայացումից:
Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Մեր սերունդը երջանկություն ունեցավ Սունդուկյանի բեմում տեսնելու Փարիզի թատրոնի դերասաններին: Թատերական կյանքն այդ շրջանում եռում էր: Մենք ՝ երիտասարդներս, սողոսկում էինք թատրոնի մուտքից ներս՝ անգամ փորձերը դիտելու: Մինչ ներկայացման պրեմիերան արդեն անգիր գիտեինք ներկայացումը, գովազդում էինք այն մեր ծանոթներին:

Թատրոնը բացառիկ հարուստ պատմություն ունի, օրինակ՝  1926 թ.-ի փետրվարի 25-ին «Օթելլո» ներկայացման համար նվագել է Ալեքսանդր Սպենդիարյանը: Իհարկե, դա տեղի է ունեցել Սունդուկյանի թատրոնի առաջին շենքում, որն այժմ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն է:

Մարտիրոս Սարյանը եւս անգնահատելի ծառայություն է մատուցել մեր թատրոնին: Թատրոնի ներկայացումները 10 տարի մեկնարկել եւ ավարտվել են նկարչի «Հայաստան» կտավը պատկերող վարագույրով, որը նկարել էր հենց ինքը՝ վարպետը:


Մարտիրոս Սարյանի ստեղծած վարագույրը:
Լուսանկարը` Սունդուկյանի անվան թատրոնի արխիվից:

Բացի այդ, Սարյանը եղել է «Արմաշեն» ներկայացման ձեւավորման հեղինակը: Թատրոնի առաջին մանրակերտն արել է Գեւորգի Յակուլովը:

Եղիշե Չարենցը երեք պիես է թարգմանել հատուկ մեր թատրոնի համար:
Թատրոնի մշտական այցելուներից է եղել Շիրվանզադեն:

Կոմայգու վերակառուցման հեղինակ Գեւորգ Մուշեղյանի դուստր Կարինե Մուշեղյան` Ֆրանսիայի դեսպանատան տեղում «Մասիս» ռեստորանն էր

Ներկայիս Իտալական փողոցում նախկինում կային բազմաթիվ մեկ-երկու հարկանի տներ, շատ էին նաեւ խանութներն ու առեւտրի կետերը: Մենք հաճախ էինք այնտեղից առեւտուր անում՝ տնտեսական ապրանքներ, կտորեղեն գնում:

Այժմյան «Կոնգրես» հյուրանոցի տեղում Քաղսովետի շենքն էր: Բնակարանս հենց այդտեղ գտնվող քաղսովետից եմ ստացել՝ 1976 թ-ին:

Կոմայգին բարձիթողի վիճակում էր: Այգու տարածքում շատ էին մոծակները. ստորգետնյա ջրերը դուրս էին գալիս մակերես եւ հաճախ ճահճակալում:

Հայրս հանդես եկավ այգին բարելավելու առաջարկով: Քանի որ այգու ստորգետնյա ջրերը մակերեսային էին, նա որոշեց Վենետիկի նման կամուրջներ ու ջրանցքեր  կառուցել: 1959 թվականին հայրս Իտալիա էր մեկնել, եւ այդ ճանապարհորդությունը շատ էր ոգեշնչել նրան: Աշխատանքները բավականին երկար տեւեցին: Ես հարեւանությամբ էի աշխատում եւ հաճախ գնում էի տեսնելու, թե ի՞նչ նոր բաներ են ավելացրել այգում:

Այսօրվա Ֆրանսիայի դեսպանատան տեղում «Մասիս» ռեստորանն էր:

Այգում գտնվող Սունդուկյանի անվան թատրոնի առաջին շենքը փայտաշեն էր, որը հրդեհվեց ու այրվեց: Հրդեհից հետո թատրոնի տնօրեն նշանակեցին քեռուս՝ Գուրգեն Ջանիբեկյանին: Քանի որ  նա հաճախ էր շփվում պաշտոնյաների հետ, ակնկալում էին, որ տնօրենի պաշտոնում նրան կհաջողվի արագ ընթացք տալ նոր շենքի կառուցման հարցում՝ ծանոթ պաշտոնյաների շնորհիվ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյան` ճակատային մասի վիճակը կիսավթարային է

Սունդուկյանի անվան թատրոնը միշտ էլ եղել է այն բացառիկ մշակութային օջախը, որն ունեցել է հրաշալի դերասանական խումբ:  Սակայն խորհրդային տարիներին մարդիկ մեր թատրոն հաճախում էին ոչ միայն լավ դերասանների համար:  Պատճառը նաեւ այն էր, որ այդ տարիներին Երեւանում ժամանցի վայրերն ու մշակույթի օջախները քիչ էին: Իսկ այսօր պետական բյուջեով սնվող թատրոնների թիվը հասնում է 25-ի:

Անկախացումից հետո մինչեւ 1995 թ.-ը մեր թատրոնը ճգնաժամային տարիներ է ապրել: Վիճակն այնքան էր սրվել, որ կառավարությունն անգամ ստիպված էր մեկ տարով լուծարել թատրոնը: 1995 թ.-ից թատրոնը սկսեց «շնչել»: 2005 թ.-ին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ թատրոնում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ: Սակայն վերանորոգումը կատարվեց մասնակի: Վերանորոգվեց թատերական, բեմական մասը, փոխվեց հատակը, պատերի արտաքին հարդարանքը: Թատրոնի շենքի վարչական մասում ոչինչ չի արվել: Գրիգոր Լուսավորիչ պողոտա դուրս եկող ճակատային մասի վիճակն այսօր կիսավթարային է: Առաջնահերթ խնդիրն այսօր անվտանգության պահպանումն է:

1962 թ. հրդեհի ժամանակ մենք կորցրինք քառասուն տարվա թատերական ժառանգություն, այդ պատճառով շենքի ժամանակակից հրշեջանվտանգության ապահովումն օդի պես անհրաժեշտ է թատրոնին: Հանդիսատեսին մենք կարողանում ենք այնպես ցույց տալ, որ թատրոնը լավ վիճակում է, բայց կան բազմաթիվ առաջին հայացքից աչքի չընկնող խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:


Լուսանկարը` Մեդիամաքս

Ի ուրախություն մեզ, արդեն հինգերորդ տարին է, ինչ թատրոնը ստանում է ամենամյա պահպանման ծախս՝ 31 միլիոն դրամի չափով: Սա բավականին փոխել է թատրոնի վիճակը: Այդ գումարի շնորհիվ հաջողվում է եթե ոչ վերականգնել, ապա գոնե պահպանել թատրոնի ներկայիս վիճակը:

2009-2011 թթ.-ին նոր ներկայացումների համար պետությունը մեզ տրամադրել է մոտ 80 միլիոն դրամ: Նման ծավալի գումար թատրոնն իր ողջ պատմության ընթացքում երբեւէ չի ստացել:

Անգլիական այգու տնօրեն Գեւորգ Մնջոյան` այս տարի բարեկարգելու ենք Մյասնիկյանի արձանի բուլվարը

Երբ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալեց Անգլիական այգու տարածքը, այն գտնվում էր շատ վատ վիճակում:

Մինչ օրս մեր կողմից տարվում են բարեկարգման աշխատանքներ: Ամբողջությամբ փոխվեցին անսարք վիճակում գտնվող կենտրոնական շատրվանը եւ կոյուղագծերը:

Կառուցվեց նոր շատրվան՝ գավաթի տեսքով: Ջրամղիչ կայանը նույնպես վատթար վիճակում էր, այդ պատճառով ջրանցքների ջուրը չէր շրջանառվում եւ ճահճանում էր: Հին ջրանցքները լցվեցին հողով եւ տնկվեցին ծաղիկներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամեն գարուն մեզ մոտ ծառատունկ է տեղի ունենում, որին մասնակցում են նաեւ թատրոնի դերասանները: Այգուն կից ունենք արհեստանոց, որը նախատեսված է նստարանները վերանորոգելու համար: Կողքին ջերմոց է, որտեղից էլ ամեն գարուն նոր կյանք են առնում այգու բոլոր ծաղիկները: Արձանները եւ քանդակները պարբերաբար լվացվում են, սակայն պետք է նշեմ, որ Սունդուկյանի կիսանդրու քարը փոխել է իր գույնը եւ լվանալուց որոշ ժամանակ անց կրկին սեւանում է:


Լուսանկարը` Մեդիամաքս

Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը, որը գործում է 1980-ականներից: Տաք ամիսներին սրճարանի տարածքում բնակվում են բադիկներ եւ սագեր: Ձմռանը նրանց տեղափոխում են ագարակ:

Իմ մանկությունն անցել է Կոմայգում: Ժամանակին այստեղ կար կրկնվող ֆիլմերի բացօթյա կինոթատրոն եւ ջրավազան, որտեղ գալիս էինք լողանալու: Հիշում եմ շախմատ խաղացող պապիկներին: Շատերն այսօր արդեն չկան, սակայն կենդանի մնացածներից ոմանք մինչ օրս էլ այգու մշտական այցելուներն են: 

Այս տարվա մեր գլխավոր ծրագրերից է Մյասնիկյանի արձանի բուլվարի բարեկարգումը, մասնավորապես՝ 4 շատրվանների վերագործարկումը: Պետք է նոր կոյուղագծեր անցկացվեն եւ փոխարինվեն բոլոր շատրվանները:

Ինչ վերաբերում է միասեռականներին, ապա նրանց «բնակության վայրը» հաճախ շփոթում են եւ Կիրովի այգու փոխարեն տալիս են Անգլիական այգու անունը: Նրանց կողմից փորձեր եղել են «խախտել սահմանը» եւ ներխուժել Անգլիական այգու տարածք, սակայն մենք խիստ պայքարում ենք դրա դեմ` Կոմայգին բացառապես մեր ընտանիքների եւ երեխաների այգին է:

Քաղաքապետարանի որոշմամբ այս տարվա ընթացքում այգին պետք է պարսպապատվի: Այն բացվելու է առավոտյան ժամը 07:00-ին եւ փակվելու է կեսգիշերին: Այդպես այգին մաքրության մեջ կպահպանվի եւ զերծ կմնա «անկոչ հյուրերից»: 

Պատմում է Արա Հարությունյանի թոռը` Արա Հարությունյանը

Թատրոնի հարթաքանդակը Արա Հարությունյանը իրականացրել է մի քանի կոմպոզիցիոն լուծումներով: Առաջինը՝ քարերի որակական տարբերություններն են. պորտալը ստեղծելիս նա օգտագործել է սրբատաշ ու ծեծած քարերի համադրությունը:


Արա Հարությունյանն աշխատում է հարթաքանդակի վրա:
Լուսանկարը` Ա. Հարությույանին արխիվից:

Պորտալի վրա քանդակված են կանանց կերպարներ, Արտավազ II-ի գլուխը, դիմակներ: 1972 թվականին Արա Հարությունյանը ստեղծեց Սունդուկյանի կիսանդրին, որը գտնվում է պորտալի ձախ կողմում:

Արա Հարությունյանն այս աշխատանքը իրականացրել է 10 տարիների ընթացքում՝ 1966-1976 թվականներին: Մոտ 10 տարի առաջ պորտալը մաքրելու համար օգտագործեցին ցեմենտ-ավազի շիթ, ու հարթաքանդակը բավականին վնասվեց: Ավելի ճիշտ կլինի, որ մաքրման աշխատանքները իրականացնեն մասնագետները:


Հարթաքանդակի առաջին էսքիզը:
Լուսանկարը` Ա. Հարությույանին արխիվից:

Քանդակագործ Արա Շիրազ` մանկուց էի հետաքրքրվում Մյասնիկյանի կերպարով
 
Հայտարարված մրցույթի արդյունքում ես ստացա Մյասնիկյանի արձանը կերտելու  իրավունքը: Մանկուց էի հետաքրքրվում նրա կերպարով եւ շատ էի կարդացել Մյասնիկյանի մասին: Այսօր էլ, նրա մասին տեղեկությունները հիշելիս, հուզվում եմ:

Հուշարձանը կերտելիս փորձել եմ հարազատ կերպար ստանալ` օգտագործելով այն ամենն, ինչ գիտեմ նրա մասին: Հավաքական կերպար ստեղծելով` ցանկացել եմ ներկայացնել նրան որպես իսկական հայրենասեր. արձանի դիրքը խորհրդանշում է Մյասնիկյանին` Հայաստանի օրհներգը արտասանելիս:


Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Ի սկզբանե որոշված էր, որ քանդակը հենց այդ հատվածում է տեղադրվելու: Քանդակի ճարտարապետն է մեր մաէստրոներից մեկը՝ Ջիմ Թորոսյանը: Նրան է պատկանում արձանի եւ պատվանդանի նախագծումը: Ճարտարապետի մտահղացմամբ պատվանդանի ետեւի մասում փորագրվեցին Չարենցի` Մյասնիկյանին նվիրված տողերը` «Նաիրյան արեւն էր քո մեջ, Լենինյան հրով ճառագած»:

Ալեքսանդր Մյասնիկյան
դոսյե
Ալեքսանդր Մյասնիկյան

Քանդակի նախագծումն ու պատրաստումը երկու տարուց ավել տեւեց: Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1980 թվականի նոյեմբերին` Կարեն Դեմիրճյանի ներկայությամբ:


Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Ինչպես շատ հուշարձաններ, այս արձանն էլ եւ՛ քննադատության է արժանացել, եւ` հավանության: Սակայն, տարիների ընթացքում այս արձանը իր հստակ տեղը զբաղեցրեց մեր քաղաքում:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Արամ Մակարյանը, Արմինե Մելքոնյանը:

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին