«Երեւան» հյուրանոց` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
45843 դիտում

«Երեւան» հյուրանոց` կենդանի պատմություն


Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Միքայել Մազմանյանը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը կնոջ` Իզաբելայի հետ «Ինտուրիստում»:
Միքայել Մազմանյանը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը կնոջ` Իզաբելայի հետ «Ինտուրիստում»:

Լուսանկարը` Ե. Չարենցի տուն-թանգարան:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Դ. Սմիրնով:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Ի՞նչ էր անում Գուրգեն Մահարին «Երեւան» հյուրանոցում, երբ չեկիստները եկան իր հետեւից: Ո՞րն էր հյուրանոցի շեֆ-խոհարարի ամենահայտնի ուտեստը: Ինչո՞ւ էր Չարենցը ապրում «Երեւան» հյուրանոցում: Այս եւ շատ այլ հարցերի պատասխանները կստանաք` կարդալով «Երեւան. XX դար» նախագծի հերթական գլուխը:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյան` հյուրանոցում բնակվելու տարիները ամենաերջանիկն էին գրողի կյանքում

«Երեւան» հյուրանոցը նախկինում «Ինտուրիստ» էր կոչվում: Չարենցն այնտեղ բնակվել է 1928-ից 1935 թվականը`երկրորդ հարկի 21 լյուքս համարում: Հենց այդտեղ են ծնվել Չարենցի երկու դուստրերը` Արփենիկն ու Անահիտը:

Նրա պատշգամբը նայում էր Աստաֆյան, այժմյան Աբովյան փողոցին:  Ասում են, որ անցորդները հաճախ էին տեսնում բանաստեղծին` պատշգամբում կանգնած: Համարը բարձրաճաշակ կահավորանք ուներ` զգացվում էր թե Արեւմուտքի եւ թե Արեւելքի ազդեցությունը:


Լուսանկարը` Ե. Չարենցի տուն-թանգարան:

Մինչեւ 1928 թվականը Չարենցը մշտական բնակության վայր չուներ եւ հիմնականում վարձով էր ապրում: Առաջին կնոջ` Արփենիկ Չարենցի մահվանից հետո նա տեղափոխվեց հյուրանոց:

1931 թվականին նա կրկին ամուսնացավ` Իզաբելայի հետ, եւ նրանց հարսանյաց հանդեսը հյուրանոցում կայացավ: Ամուսնության արարողությանը հրավիրված էին բազմաթիվ ճանաչված մարդիկ:

1930-ականներին «Ինտուրիստ»-ը ու հարակից սրճարանը բոհեմի հավաքատեղին էր: Այնտեղ կարելի էր հանդիպել նշանավոր դերասանների, գրողների, նկարիչների: Սրճարանում կարելի էր հանդիպել Շիրվանզադեին, Գուրգեն Մահարուն, Չարենցին, Արա Սարգսյանին, Փանոս Թերլեմեզյանին եւ այլոց: Արտասահմանից կամ Խորհրդային Միությունից ժամանած մտավորականները նույնպես կանգ էին առնում «Ինտուրիստում»:


Միքայել Մազմանյանը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը կնոջ` Իզաբելայի հետ «Ինտուրիստում»:
Լուսանկարը` Ե. Չարենցի տուն-թանգարան:


1934 թվականին Աղասի Խանջյանի կարգադրությամբ Չարենցը բնակարան ստացավ, սակայն վերանորոգման աշխատանքները բավականին երկար տեւեցին եւ նա այնտեղ տեղափոխվեց 1935 թվականին, որտեղ ապրեց միայն երկու տարի՝ մինչեւ ձերբակալությունը:

Հատված Լոլա Դոլուխանյանի «Նիկողայոս Բունիաթյան» գրքից

Բունիաթյանի նախագծերով կառուցված հասարակական շենքերից հատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Ինտուրիստ» հյուրանոցի շենքը (1926): Պետք է նշել, որ այն ժամանակ առավել սուր ստեղծագործական վեճերի ոճական առանձնահատկությունների փնտրման շրջան էր: Ճարտարապետական նոր հոսանքների կողմնակիցները կտրականապես չէին ընդունում պատմական ոճերի օգտագործումը:


Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:
 
«Ինտուրիստ» հյուրանոցը լուծված է դասական ճարտարապետության ոճով: Հյուրանոցը չորս հարկանի է, տեղադրված է Աբովյան փողոցին կից ոչ մեծ կիսակլոր հրապարակում, եւ մի ճակատով հարում է փողոցին: Այս շենքի քաղաքաշինական դերը նշանակալից է. Նա «ամրացնում է» հրապարակի եւ փողոցի շոշափման կարեւոր անկյունը, կանխորոշում է մասշտաբը եւ ստեղծում քաղաքաշինական որոշակի միջավայր: Հատակագծային-հորինվածքային լուծումը, գլխավոր մուտքի կազմակերպումը ենթարկված են շենքի անկյունային տեղադրմանը:

Նիկողայոս Բունիաթյան
դոսյե
Նիկողայոս Բունիաթյան

Շենքը «աշխատում է» դեպի հրապարակ, եւ դեպի Աբովյան փողոց՝ հանդիսանալով նրանց որոշիչ ծավալներից մեկը: Գեղարվեստական արտահայտչականության ձեռքբերման համար հեղինակն ազատ մեկնաբանում է դասական ճարտարապետության ձեւերն եւ հորինվածքային միջոցները: Ճակատային հմտությունները լուծելիս հմտորեն օգտագործված են շինանյութի գույնն ու մշակվածքը (բազալտ, գունավոր սվաղ): Հատուկ պետք է նշել վարպետորեն մշակված ներքին տարածությունները, հորիզոնական եւ ուղղահայաց ջլատումների հիանալի համամասնությունները: Առանձնանում է նուրբ ճաշակով կերտված սպասասրահը, մեկնաբանված մայրաքաղաքային հյուրանոցների բնույթով, որի շեշտված մասը գեղեցիկ ներգծված շքեղ սանդուղքներն են: ճարտարապետական-կառուցվածքային, ճակատների ներքին տարածությունների լուծումներն, իհարկե, վկայում են Բունիաթյանի վարպետությունը եւ նրա պատկանելությունը ճարտարապետական դասական դպրոցին:

Ճարտարապետ Նունե Չիլինգարյան`«դողում» էինք ամեն դետալի վրա

Նունե Չիլինգարյանը Ճարտարապետության թեկնածու է, Երեւանի Ճարտարապետության եւ Շինարարության Պետական Համալսարանի քաղաքաշինության ամբիոնի  պրոֆեսոր է, «ԽՈՐԱՆ» ՍՊԸ տնօրենը:

1999թ-ին իտալական «Ռենկո» ընկերությունը գնեց «Երեւան» հյուրանոցի շենքը ու անմիջապես սկսվեցին վերանորոգման աշխատանքները: Շենքի ճակատային մասը ծածկվեց վարագույրով, ինչը անհանգստության որոշակի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում, քանի որ «Երեւան» հյուրանոցի շենքը հանդիսանում է մեր քաղաքի խորհրդանիշներից եւ Նիկողայոս Բունիաթյանի ժառանգության ամենավառ նմուշներից մեկը: Գիտակցելով այդ մեծ պատասխանատվությունը, «Ռենկո»-ի ղեկավարությունը դիմեց Հուշարձանների պահպանության գործակալություն`հայցելով մասնագիտական աջակցություն` վերականգնման աշխատանքները ճշգրիտ կատարելու համար:
 
Մեր «Խորան» նախագծային կազմակերպությունն առաջարկեց իր ծառայությունները, քանի որ ունեինք նման վերականգնման աշխատանքներ կատարելու լիցենզիա: 1999թ. մայիսին «Ռենկո»-ի եւ «Խորան» ՍՊԸ-ի միջեւ կնքվեց եռամսյա պայմանագիր` չափագրման աշխատանքների եւ վերանորոգման նախագծի վերաբերյալ:

Ճարտարապետի համար նման աշխատանքը ամենաբարդն է, քանի որ պետք է սահմանափակես «մտքիդ թռիչքը» եւ անես հնարավորը` բնօրինակի շունչն ու ոգին պահպանելու համար: Կարիք կար նաեւ վերստեղծել որոշ պակասող հատվածներ` դրանք համապատասխանեցնելով ընդհանուր միջավայրին:


Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Պայմանագիրը կնքելուց հետո սկսվեց լարված աշխատանք, ընդ որում` չափագրման եւ վերանորոգման աշխատանքները տարվում էին զուգահեռ: Երեք ամիս շարունակ առավոտից մինչեւ ուշ երեկո գտնվում էի շինարարության վայրում: Նախագիծը կատարվում էր, ստորագրվում եւ անմիջապես սկսվում էին վերանորոգման աշխատանքները: Ամեն ինչ մանրամասն լուսանկարվում էր, հետո` չափագրվում: Այն դեպքում, երբ հատվածը տեղում պահելով նորոգելու հնարավորություն չկար, էսքիզներ էին արվում, գծագրվում եւ պատրաստվում էր նոր դետալ`հնարավորինս պահպանելով Բունիաթյանի մտահղացումը եւ հորինվածքը:

Օրինակ` բացակայում էին երկրորդ հարկի դահլիճի դռները, որոնց էսքիզները մենք չունեինք եւ նախագծեցինք դրանք` ընդհանուր ոճից ելնելով:


Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Գլխավոր ճակատների սվաղը քայքայված էր եւ փոխարինման կարիք ուներ: Պարզ էր, որ այդ կարմրավուն երանգը հեռու էր սկզբնական տարբերակից եւ շատ բարդ էր այդքան տարիների բազմաթիվ գունային շերտերի տակ գտնել իսկական գույնը: 

Բունիաթյանի սկզբնական տարբերակի համաձայն, հյուրանոցին հարակից ոչ մի կառույց չկար եւ, շենքի`ռեստորանի ճակատին ուղղահայաց կողմը դուրս էր գալիս հին Երեւանի «Մեչեցկայա» (Мечеть բառից) կոչվող փողոցի վրա: Ավելի ուշ նույն ոճով կառուցվեց եւ հյուրանոցին կցվեց Նկարիչների միության շենքը եւ այնպես ստացվեց, որ ժամանակին դրսում գտնվող հատվածը հայտնվել էր ներքին բակում եւ այլեւս չէր ներկվել:

Այդտեղից հատվածից նմուշներ վերցրեցինք եւ պարզորոշ տեսանք բնական գույնը: Սկսեցինք Հայաստանում փնտրել սվաղի ներկ արտադրող ձեռնարկություններ, բայց բազմաթիվ առաջարկների մեջ չգտանք այն, ինչը հնարավորինս մոտ կլիներ բնօրինակին: Ի վերջո, ներկը պատրաստվեց Իտալիայում` հայտնի «Ջիոլի» գործարանում: «Ջիոլիում» քիմիական վերլուծություն արվեց, եւ պարզվեց, որ շատ հետաքրքիր տեխնոլոգիա էր կիրառված. ճակատը ոչ թե ներկված էր, այլ պատված էր երկրորդ, գունավոր սվաղի շերտով` պատրաստված տուֆի փոշու հիման վրա: Մշակվեցին գունային 4 տարբերակներ. դրանցից ընտրեցի երկուսը եւ ներկայացրեցի Հուշարձանների պահպանության գործակալության նիստին:
 
Պատասխանատվությունը շատ մեծ էր. «դողում» էինք ամեն դետալի վրա: Օրինակ` սյուների մաշված հիմքային մասերը վերանորոգելու համար հրավիրեցինք վարպետներին, որոնք աշխատել էին Օհանավանքի վերականգման վրա: Նրանք «ոսկերչական» աշխատանք էին կատարում. սյուների հիմքերի մաշված, հողմահարված քարերը առանց սյունը վնասելու հանում էին, տաշում էին նորերը եւ  տեղադրում նախկին տեղում:


Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Ի դեպ, ըստ բնօրինակի, գլխավոր ճակատի սյուները պետք է նուրբ մոխրագույն լինեին, ոչ թե ճերմակ, սակայն այդ հարցում համաձայնության չեկանք:

Բունիաթյանի նախագծի համաձայն, պատշգամբները պետք է լինեին բազալտից, իսկ աստիճանները `մարմարից: Սակայն միջոցների բացակայության հետեւանքով դրանք պատրաստվել էին ցեմենտից եւ պատվել ներկով: Միեւնույն է, նայելով կատարված աշխատանքին, զգում էիր, որ այդ դժվար, սոված տարիներին ինչպես են մարդիկ աշխատել, որքան սեր եւ նվիրում էին ներդրել իրենց գործի մեջ, ինչ մեծ սիրով էր արված ամեն մի մանրուք:

Մենք իրականացրեցինք Բունիաթյանի մտահղացումը. բոլոր պատշգամբները պատրաստվեցին բազալտից, իսկ աստիճանները դարձան մարմարե: 

Ցավում եմ, որ չհաջողվեց պահպանել երկրորդ հարկում գտնվող` պատի մեջ ներկառուցված ոտիկներով հայելին եւ պատերի վրա սվաղով արված շրջանակները, որոնց մեջ տարբեր նկարիչներ որմնանկարներ էին պատկերել: Վերջիններս վերականգնման աշխատանքներից առաջ արդեն շատ քայքայված վիճակում էին:

Երկրորդ հարկի դահլիճի դռների մեջտեղում ռետրո ոճով, փայտե շրջանակով մի հայելի էր կանգնած, որը արձանագրվեց որպես շարժական հուշարձան: Այն ժամանակավոր տեղափոխվեց՝ վերականգնելուց հետո ետ բերելու պայմանով,սակայն այդպես էլ չտեղադրվեց: Դրա հետագա ճակատագիրը ինձ հայտնի չէ:


Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Համարների թիվը նախկինի համեմատ մի փոքր պակասել է, սակայն երկու համարը մեկի վերածելը ոչ մի կերպ չի խախտել հուշարձանի կերպարն ու տեսքը:

Սպասասրահի եւ ռեստորանի գունային գամման եւս մոտեցված է բնօրինակին եւ կատարված է բաց, պաստելային երանգներով (Բունիաթյանը ռուսական դպրոցի ներկայացուցիչ էր, որի համար բնորոշ էին բաց գույները):

Միակ տարաձայնությունը, որ ունեցանք, վերաբերում էր ռեստորանի ապակեպատ կցակառույցին: Այդ մասը համաձայնեցված չէր վերանորոգման նախագծի հետ եւ ի սկզբանե բացակայում էր Բունիաթյանի մոտ: Այդ տեղում եղել էր բաց, կանաչապատ սրճարան եւ կիսակլոր կառույցը դուրս էր մնում ընդհանուր մտահղացումից` խախտելով հրապարակի ամբողջականությունը: Շատ պայքարեցի այդ  հատվածը վերացնելու համար, բայց չհաջողվեց: Լավ էր, որ ի վերջո կցակառույցի  տանիքը, որը սկզբնական տարբերակում թեք էր եւ հասնում էր երկրորդ հարկի պատշգամբներին, փոխարինվեց հարթ տանիքով:


Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Մեծ ջերմությամբ եմ հիշում այդ երեք ամիսը, քանի որ «Երեւան» հյուրանոցը մեր քաղաքի խորհրդանշական վայրերից է. ուսանող տարիների ընթացքում այնտեղ բազմիցս հանդիպել էի մեր մեծերին` արվեստագետների հայտնի սրճարանում նստած: Այնքան սովորական էր թվում. քայլում էիր քո հարազատ փողոցով, անցնում ամենահայտնի հյուրանոցի կողքով եւ հանդիպում էիր այնտեղ քո ազգի պարծանքներին, որոնք`կանաչու մեջ թաքնված սրճարանում տարված էին մտերմիկ զրույցով…

Հատվածներ Գուրգեն Մահարու հիշողություններից

1936 թվականի օգոստոսի 9-ի գիշերը ես ձերբակալվեցի: Ինձ տարան «Ինտուրիստ» ռեստորանից: Վահրամ Փափազյանի եւ Հրաչյա Ներսիսյանի հետ կոնյակ էինք խմում եւ ձմերուկով թարմացնում կոկորդներս... :

************

- Ահա եւ մեր գիշերային շրջմոլիկը,- լսեցի գրեթե դատարկ ռեստորանի մի անկյունից ծանոթ մի ձայն,- մեզ մո՛տ, մեզ մո՛տ...

Մի սեղանի շուրջ նստած էր մեծանուն Վահրամ Փափազյանն իր գեղեցկուհի կնոջ եւ նորահաս աղջկա, Փարիզից նոր վերադարձած դերասան Լեւոն Հարութի եւ Հրաչյա Ներսիսյանի հետ:

- Մեզ մո՛տ, մեզ մո՛տ...

Նրանք ընթրիքը վերջացրել էին: Ես տեղ գրավեցի նրանց մոտ. իմ հոգում, ուղեղում, իմ ողջ էության ու արյան մեջ դեռ խոսում էր լուսինը, խարշափում էին երեք բարդիները ու այդ ներքին արբեցությանը խառնվեց ձմերուկի ու կոնյակի բուրմունքն ավելի մոտիկից զգալու եւ ճաշակելու սուր ցանկությունը: Ես պահանջեցի մի բաժակ կոնյակ ու ձմերուկ:

- Վատ չի մտածված,- ասաց Փափազը եւ պահանջեց նույնը:

- Ուր երկու խենթ` երրորդը չի խանգարի,- հանդիսավոր հայտարարեց Լեւոն Հարութը եւ պահանջեց նույնը...»:

************

Հայաստան եկավ Ա. Խանջյանը, որի հետ ծանոթ էի մանկությունից: Կենտկոմի երկրորդ, հետո առաջին քարտուղար: Հարցրեց, - ո՞նց են գործերս, ես պատմեցի նրան գրական արկածներս…- Հավաքիր անտիպներդ, բեր մի նայեմ: Չարենցին պատմեցի` ուրախացավ: – Բախտդ բացվեց, Գուրգեն խան: Տար ինչ որ ունես` եւ արձակներդ, եւ ստիխներդ: Նա ապրում էր այժմյան «Ինտուրիստի» N 1 համարում: Տարա: Նա վերցրեց պորտֆելս, բացեց եւ փակեց. – Մնա թող ինձ մոտ, գիշերս կնայեմ. վաղը եկ, կխոսենք:

Մյուս օրը, երեկոյան գնացի` թերահավատ: - Կարդացե՞լ է:

Կարդացել էր: – Կարելի է տպել,– ասաց նա,– ինձ դուր եկան: Մարդկանց զահլեն գնացել է չափածո ճառերից: Ինձ շատ դուր եկավ արձակդ: Մանավանդ «Մանկություն»-ը: Արձակներիցդ մի գիրք դուրս կգա, նախ արձակդ տպի, հետո չափածոդ:

Պատմեցի Չարենցին: Ուրախացավ.– կազմիր:

Երբ գիրքը կազմել, վերջացրել էի («Սիրո, խանդի եւ Նիցցայի պարտիզպանների մասին») Չարենցը նշանակված էր Պետհրատի գեղ. գրակ. բաժվար: Տարա նրան` պաշտոնապես: Վերցրեց, թերթեց, կարդաց, նորից թերթեց, հետո թե`


Լուսանկարը` Ե. Չարենցի տուն-թանգարան:

– Այ տղա, ռիսկովանի բան է, տուր թող Աղասին մակագրի, բեր տպեմ:
Հետո թե,– լավ, ես կտանեմ,– հետո թե`– երեկոյան արի, միասին տանենք:
Չարենցն էլ էր ապրում ՙԻնտուրիստ՚-ում. գնացի մոտը: Ժողովածուս սեղանի վրա էր: Սպասավորի միջոցով իմացանք, որ տանն է: Գնացինք:

Նստած պարապում էր: Չարենցը ժողովածուս դրեց առաջը.– Ստորագրի, պաժալստա: Խանջյանը ժպտաց.– մակագրե՞մ: – Մակագրեց,– «Տպագրել» Ա. Խանջյան: Դուրս եկանք.– Այ տղա, էս քո զեմլյակը զամեչատելնի տղա է, միայն գլուխը չուտեն: Ես հայտնեցի իմ տարակուսանքը.- Ո՞վ պիտի ուտի, ինչո՞ւ պիտի ուտեն… Չարենցը.– Էˉ, Գուրգեն խան, ամեհի բան է քաղաքական պայքարը…

Գուրգեն Մահարի` Վերջին հանդիպումը

Գարնանային անձրեւը չափում էր Երեւանի վրա: Ինտուրիստ հյուրանոցի աղմկալից դռնից շուտ-շուտ ներս էին մտնում թրջված տղամարդիկ ու կանայք եւ ուղղվում դեպի ռեստորան կամ դեպի սանդուղքները: Նստած սպասարանում` ես թերթում էի օրվա թերթերը եւ սպասում անձրեւի կտրվելուն:

Իսկ անձրեւը չէր դադարում:


Լուսանկարը` Ֆոտոլուր:

Ռեստորանից դուրս եկավ Շիրվանզադեն եւ առաջ քան վեր բարձրանալը` նստեց հանգստանալու: Նա թաշկինակով մաքրեց ակնոցները, դրեց աչքերին եւ նոր միայն ճանաչեց ինձ:

– Բարեւ… ի՞նչ կա… աղջկա՞ ես սպասում:

– Ոչ, վարպետ, սպասում եմ անձրեւի կտրվելուն:

– Մի տեսակ ուրիշ տեսակ ես նստել: Այդպես նստում են ժամադրվածները:

– Ուրեմն դեռ չե՞ս մոռացել, թե ժամադրվածներն ինչպես են նստում:

Նա մի ծխախոտ վառեց, նայեց առաստաղին եւ կոմիկ լրջությամբ պատասխանեց.

– Ինչո՞ւ պիտի մոռանամ:– Ասաց ու խորհրդավոր ժպտաց:

– Աշխատել կարողանո՞ւմ ես, վարպետ,– հարցրի ես եւ զղջացի, որովհետեւ բոլոր նշաններից երեւում էր, որ դժվար թե այլեւս կարողանար նա գրիչ վերցնել:

– Աշխատում եմ,– ասաց նա անփույթ տոնով,– բայց ի՞նչ… ծույլ եմ, ծույլ: Լավագույն տարիներս փչացրի… ի՞նչ եմ գրել. յոթ-ութ հատոր… այնինչ ես կարող էի տասնյակ հատորներ գրել… բայց դե էլի մի երկու բան պիտի գրեմ: Գնամ Կիսլովոդսկ, կազդուրվեմ, գամ ու նստեմ:

Այնուհետեւ մենք խոսեցինք դեսից դենից: Շիրվանզադեն բացառիկ զրուցակից էր, գրավիչ պատմող եւ զբաղեցնող: Մեկի կծծիությունը ձեռք առավ, մյուսի քիթը, մի ծխախոտ էլ վառեց եւ ծանրությամբ վեր կացավ:

– Դե, ես գնամ հանգստանամ: Մինչեւ գնալս եկ: Իսկ որ վերադարձա, մի լազաթին քեֆ կանենք քեզ հետ: Ցտեսություն:

Նա դանդաղությամբ բարձրացավ սանդուղքներից, կանգնելով եւ շունչ քաշելով:
Դրսում անձրեւը դադարել էր եւ արեւը շողում էր գարնանային Երեւանի վրա:
Շիրվանզադեի վերջին գարունը:

1935 թ.

«Երեւան» հյուրանոցի ռեստորանի նախկին տնօրեն, շեֆ-խոհարար Սարգիս Աֆրիկյան

«Երեւան» հյուրանոցի ռեստորանում աշխատել եմ 1958-թ-ից՝ որպես արտադրության վարիչ եւ շեֆ-խոհարար, իսկ 1974թ-ից մինչեւ 1998թ-ը եղել եմ ռեստորանի տնօրենը:

Ռեստորանը հայտնի էր իր հաճախորդներով.այստեղ գալիս էին մեր մեծերից շատ-շատերը, հաճախ՝ պարզապես իրար տեսնելու եւ մեկ գավաթ սուրճի կամ ոգելիցի շուրջ նստելու համար:

Ռեստորանում կարելի էր հանդիպել Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Երվանդ Քոչարին, Հովհաննես Շիրազին, Դավիթ Մալյանին, Մինասին, Ազատ Շերենցին, Մհեր Մկրտչյանին,Կարեն Ջանիբեկյանին եւ այլոց:  Հաճախ գալիս էին նաեւ ռուսական թատրոնի դերասանները, իսկ Պարոնյանի անվան թատրոնի արտիստներ, ամուսիններ Իզաբելա եւ Հայկ Դանզասները ամեն օր աշխատանքից հետո գալիս էին ռեստորան, ուտեստ պատվիրում ՝տուն տանելու համար:

Ռեստորանում բոլորն իրենց մշտական տեղերն ունեին: Հյուրանոցի կողքը վարսավիրանոց կար, որտեղ աշխատում էր վարսավիր Մուկուչը: Հրաչյա Ներսիսյանը եւ Վահրամ  Փափազյանը գալիս էին Մուկուչի մոտ մազ կտրելու, հետո անպայման մտնում էին ռեստորան: Մուտքի մոտ նստում էր կոշիկ մաքրող Կիրակոսը, որը 30 կոպեկի փոխարեն բոլորից պահանջում էր մեկ ռուբլի: Շիրազի հետ հյուրանոց գալիս էր նաեւ կինը՝ Սիլվա Կապուտիկյանը, սակայն երբեք ռեստորան չէր մտնում. ամուսնուն դրսում էր սպասում:

1959թ-ին, «Ինտուրիստը» տեղափոխվեց հրապարակի նորակառույց շենքը, իսկ մեր հյուրանոցը անցավ Քաղխորհրդի վերահսկողության տակ եւ վերանվանվեց «Երեւան»:

1964 թ-ին ստացա խոհարարության վարպետի կոչում: Իմ ֆիրմային ուտեստը ապուրն էր, որը պատրաստվում էր հատուկ կերպով մշակած բադի մսի արգանակով: Ամենապահանջված տաք ուտեստներից էր նաեւ բեֆստրոգանովը:


Սարգիս Աֆրիկյանը (մեջտեղում)
Լուսանկարը` Ս. Աֆրիկյանի արխիվից:


1974թ-ին հյուրանոցը ամբողջությամբ վերանորոգվեց՝ հատուկ հրավիրված լեհ վարպետների կողմից: Համարը, որտեղ ժամանակին բնակվում էր Չարենցը, վերածեցին բար-սրճարանի:

Երբ դարձա ռեստորանի տնօրեն, հյուրանոցի նկուղում հիմնեցինք խմորեղենի արտադրամաս եւ հանդիսանում էինք շատ հանրային վայրերի բուֆետների մատակարար:

Երբ նշանակվեցի տնօրեն, շեֆ-խոհարարի պաշտոնը ստանձնեց Ստյոպա Սարիբեկյանը: Միասին մեկնում էինք տարբեր խոհարարական մրցույթների եւ ցուցահանդես-տոնավաճառների: Մոսկվայում մեզ մոտ գալիս էին Արտյոմ Միկոյանը, մարշալ Բաղրամյանը:

«Երեւան» հյուրանոցի ռեստորանում աշխատեցի մինչեւ 1998թ-ը: Այդ տարիներին հյուրանոցը գտնվում էր շատ վատ վիճակում: Դիմեցի քաղաքապետարան՝ ռեստորանը սեփականաշնորհելու խնդրանքով, սակայն թույլտվություն չստացա եւ որոշ ժամանակ անց «Երեւան» հյուրանոցը ամբողջությամբ վաճառվեց իտալացիներին: 

Նկարիչ Ստեփան Անդրանիկյան` Փարաջանովի հյուրերը գինի էին բերում

Փարաջանովը «Երեւան» հյուրանոցում մնացել է երկու անգամ՝ 1969 թվականին, երբ վերջացրել էինք «Նռան գույնի» նկարահանումները եւ 1972-1973 թվականներին:

Այդ շրջանում հյուրանոցը շատ հայտնի էր, բազմաթիվ անվանի մարդիկ նախընտրում էին մնալ հենց այստեղ:


Ստեփան Անդրանիկյանը
Լուսանկարը` Սուրեն Մանվելյան/Yerevan.ru:

Սերգեյն ապրում էր հյուրանոցի երկրորդ հարկի համարներից մեկում: 1972-1973 թվականներին Փարաջանովը փորձում էր «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ֆիլմը նկարահանել, բանակցություններ էր վարում: 10-15 նախնական էսքիզ արեցի այդ ֆիլմի համար: Երբ նա գալիս էր Երեւան, միշտ հանդիպում էինք` վաղեմի բարեկամներ էինք, միասին սովորել ենք Մոսկվայում:

Շատ մարդ էր այցելում Փարաջանովին, հավաքվում էին նրա համարում: Բոլորը միաժամանակ խոսում էին, մարդ չէր հասկանում, ով ինչ է ասում, բայց ինքը համբերատար բոլորին ընդունում էր: Փարաջանովը շատ հյուրասեր անձնավորություն էր, ժամանակ էր գտնում բոլորի հետ զրուցել: Նա գինի էր սիրում եւ իր մոտ եկողները սովորաբար մի շիշ գինի էր բերում:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն`«Ռենկո»-ն առաջարկեց կերտել Փարաջանովի արձանը

Երբ իտալական «Ռենկո» ընկերությունը սկսեց «Երեւան» հյուրանոցի վերակառուցման աշխատանքները, նրանցից առաջարկ ստացա կերտել Փարաջանովի արձանը:

«Ռենկոն» ցանկանում էր տեղադրել այն հյուրանոցին հարակից «Աստղակերպի նշաններ» շատրվանի կենտրոնում: Կազմակերպվեց հանդիպում եւ քննարկում, որի ընթացքում շատ ճարտարապետներ բացասական կարծիքներ հայտնեցին:    


Լուսանկարը` Մեդիամաքս

Ճիշտն ասած, ես էլ ընդդիմացա. տեղը անհաջող էր ընտրված: Առաջարկեցի տեղադրել արձանը հյուրանոցի մուտքի մոտ, քանի որ Փարաջանովը ժամանակին մնացել էր այդ հյուրանոցում, սակայն առաջարկս մերժվեց:

Արդեն ունեի կավե տարբերակը՝ 3 մետր բարձրությամբ: Հետագայում նաեւ այլ տարբերակներ պատրաստեցի, առաջարկեցի տեղադրել Կինոյի տան մուտքի մոտ, սակայն դա էլ մերժվեց:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյան` Maximum-ը, «Առագաստ»-ը եւ «Երեւան» հյուրանոցը

1993 թվականին ես ու ընկերներս հեռացանք Bravo շաբաթաթերթից`  ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Որոշեցինք նոր թերթ բացել, անունն ել դրեցինք Maximum: Ի դեպ, Մեդիամաքս-ի անվանման վերջին մասնիկը հենց Maximum-ի «ժառանգորդն» է:

Թերթը գրանցեցինք, մնում էր հովանավոր գտնել: Անսպասելիորեն շուտ գտանք` մեզ աջակցելու պատրաստակամություն հայտնեց «Առագաստ» ընկերության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Առագաստ»-ի գլխավոր գրասենյակը գտնվում էր «Երեւան» հյուրանոցում: Մինչ այդ հյուրանոցում եղել էի ընդամենը մեկ անգամ ու վաղուց` երբ երեխա էի, հայրս մի օր որոշեց մեզ անակնկալ մատուցել ու ընտանիքով գնացինք «Երեւան»-ի ռեստորանը:

Երբ 1993 թվականին նորից ոտք դրեցի «Երեւան» հյուրանոց, հասկացա, որ նախկին շքեղությունից գրեթե բան չէր մնացել: Ինչպես մայրաքաղաքի այլ հյուրանոցներում, այստեղ եւս բնակիչներ գրեթե չկային` սենյակների զգալի մասը վարձակալվում էր առեւտրային ընկերությունների կողմից: Արմեն Մարտիրոսյանի եւ «Առագաստ»-ի մնացած ղեկավարների սենյակները երկրորդ հարկում էին: Հյուրանոցում էին տեղակայված նաեւ «Առագաստ»-ի կազմի մեջ մտնող մի քանի ընկերություններ` մասնավորապես, Norinvest ներդրումային ընկերությունը, որն էլ հետագայում Արմեն Մարտիրոսյանի «կայսրության» անկնման պատճառ դարձավ:


Լուսանկարը` Ն. Չիլինգարյանի արխիվից:

Maximum-ը ստեղծվեց որպես երիտասարդական շաբաթաթերթ, սակայն հիմնադրումից մոտ մեկ տարի հետո մենք սկսեցինք գրել նաեւ քաղաքականության մասին: «Առագաստ»-ի ղեկավարությանը դա այնքան էլ դուր չէր գալիս, սակայն մի որոշ ժամանակ մեզ թույլատրեցին ազատություն վայելել: Հովանավորի համբերության բաժակը լցվեց, երբ հոդված գրեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Աշոտ Մանուչարյանի հակամարտության մասին: Մեզ հրավիրեցին եւ ասացին, որ «Առագաստը» Maximum-ը այլեւս չի ֆինանսավորի, քանի որ առանց մեզ էլ բավականին խնդիրներ ունի իշխանությունների հետ…

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Մարիամ Լորեցյանը, Արմինե Մելքոնյանը:

Շնորհակալություն ենք հայտնում`Տիգրան Լիլոյանին, Արմեն Խանոյանին:
 
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին