ՀՖՀՀ ամառային դասընթացի արդյունքները. «Եվրոպական ինտեգրում, պատմություն, ապագա» - Mediamax.am

exclusive
2491 դիտում

ՀՖՀՀ ամառային դասընթացի արդյունքները. «Եվրոպական ինտեգրում, պատմություն, ապագա»


Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեաս Քելլերհալսը
Անդրեաս Քելլերհալսը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Հակոբ Կյուրեղյանը
Հակոբ Կյուրեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարին Յովսեփեանը
Կարին Յովսեփեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիանա Մելքոնյանը
Լիանա Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) ամփոփվել է «Եվրոպական ինտեգրում․ պատմություն, ապագա, արդի թեմաներ» խորագրով ամառային ինտենսիվ դասընթացը: Այն երկրորդ տարին անցկացվում է Ցյուրիխի համալսարանի Եվրոպա ինստիտուտի (Europa Institute of Zurich - EIZ) հետ համատեղ եւ նախատեսված է ՀՖՀՀ ուսանողների,  շրջանավարտների, անձնակազմի համար: Այս տարի դասընթացն ունեցել է 25 մասնակից, որոնք երեք շաբաթների ընթացքում քննարկել են եվրոպական ինտեգրման պատմությունը, ԵՄ ինստիտուցիոնալ կառուցվածքին, արտաքին ու անվտանգային քաղաքականությանը, միգրացիային, կլիմայի եւ էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։

«Կարեւոր է, որ քաղաքացիները, ուսանողները, հատկապես՝ ապագա իրավաբանները, հստակ հասկանան՝ ինչ է Եվրոպական միությունն ու ինչպես է աշխատում», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսեփեանը։

Դեկանը նշել է, որ Եվրամիությունն աշխարհաքաղաքական խոշորագույն միավորներից է ու դրա հետ համագործակցությունից առաջ նախ պետք է ճանաչել այն ինքնին՝ պատմականորեն, հասկանալ՝ ինչպես է հիմնվել ԵՄ-ն, ինչ նպատակներով եւ ուր է գնում հիմա։ Պետք է պատկերացնել նաեւ, թե լիիրավ անդամակցությունից բացի, համագործակցության ինչ այլընտրանքային տարբերակներ կան, ծանոթանալ Շվեյցարիայի այլընտրանքային փորձին։

«Պետք է գիտակցել, որ Եվրամիության մաս կազմելով՝ երկիրը լուրջ պարտականություններ է ստանձնում, եւ ԵՄ անդամակցությունը ենթադրում է ոչ միայն որոշակի հնարավորություններ, այլեւ՝ պարտավորություններ եւ պատասխանատվություն»։

Կարին Յովսեփեանը Կարին Յովսեփեանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրավագիտության ֆակուլտետի դեկանի խոսքով՝ այս դասընթացը հատկապես կարեւոր է ապագա իրավաբանների համար, քանի որ հետագայում, աշխատելով թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածների հետ նրանք առավել տեղեկացված կլինեն։

«Օրինակ բերեմ ձեռնարկատիրական ոլորտից։ Եթե ապագայում նրանց որեւէ հաճախորդ ցանկանա ԵՄ արտադրանք արտահանել կամ առցանց ծառայություններ մատուցել, շատ կարեւոր է, որ իրավաբանը ծանոթ լինի պայմաններին, գործընթացի մանրամասներին։ Իհարկե, այս ամառային դասընթացը չի կարող տալ ամբողջական տեղեկատվություն, բայց այն ազդակ է հետագա ինքնակրթության ու թեման առավել լավ ուսումնասիրելու համար։ Բացի այդ, դասընթացի հիմնական թիրախն այո՛ իրավաբան ուսանողներն են, բայց դրան մասնակցել են նաեւ մարքեթինգի, կառավարման ֆակուլտետների ուսանողներ ու շրջանավարտներ։ Մենք չենք կենտրոնացել իրավական կամ քաղաքական կետերի վրա, այլ ներկայացրել ենք Եվրամիությունը՝ որպես միավոր, տարբեր տեսանկյուններից», - ասել է Կարին Յովսեփեանը։

Ցյուրիխի համալսարանի Եվրոպական ինստիտուտի (EIZ) տնօրեն պրոֆեսոր Անդրեաս Քելլերհալսն ասել է, որ EIZ-ն Արեւելյան Եվրոպայի մի քանի երկրում այս ծրագրով դասավանդում է արդեն ավելի քան տասը տարի․

«Ծրագիրն իրականացնում ենք Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ ու մեծ ոգեւորությամբ: Դրա հիմնական գաղափարներից մեկը հետեւյալն է՝ Շվեյցարիան, չլինելով Եվրամիության անդամ, պատմում է եվրոպական ինտեգրման մասին, կիսվում ԵՄ հետ փոխգործակցության իր փորձով: Կարծում ենք՝ շվեյցարական օրինակը կարող է հետաքրքիր լինել Հայաստանին եւ այլ երկրներին»։

Շվեյցարական փորձի մասին պրոֆեսորն օրեր առաջ դասախոսություն է կարդացել ՀՖՀՀ-ում, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին.

«Հայաստանում շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք: Հասկանում եմ, որ այստեղ, երբեմն, կարող են քննադատ վերաբերմունք ունենալ Եվրամիության հանդեպ, քանի որ առաջնային է անվտանգության հարցն ու դուք կարծում եք, որ ԵՄ-ն հեռու է ու չի կարող պաշտպանել Հայաստանն, օրինակ, պատերազմի դեպքում: Մասնակից ուսանողների համար այս թեման շատ կարեւոր էր, ինչը հասկանալի է»:

Ընդհանուր առմամբ, պրոֆեսոր Քելլերհալսի տպավորությամբ, ԵՄ-ն եւ դրա տարբեր ինստիտուտների աշխատանքը հետաքրքրել է հայ ուսանողներին.
Անդրեաս Քելլերհալսը Անդրեաս Քելլերհալսը

Լուսանկարը` ՀՖՀՀ


«Մեր դասընթացը տեւել է երեք շաբաթ ու ինտեգրման թեմաները դրա միայն մի մասն են: Ընդհանուր առմամբ քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները, եղած համագործակցության հուշագրերն ու այն, թե ինչ օգուտ կարող են դրանցից քաղել հայ ուսանողները: Խոսել ենք ԵՄ տնտեսության, արտաքին քաղաքականության, կլիմայի փոփոխության ու դրան դիմակայելու հնարավորությունների մասին: Տպավորված եմ ուսանողների հետ հանդիպմամբ ու առհասարակ շատ եմ սիրում Հայաստանը: Չեմ կարող չասել՝ հրաշալի լեզու ունեք: Ճիշտ է՝ մեկ բառ իսկ չեմ հասկանում (ծիծաղում է – հեղ.), բայց ականջի համար այն շատ գեղեցիկ ու նուրբ է»:  
Լիանա Մելքոնյանը Լիանա Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՀՀ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, կառավարման, ֆինանսների եւ մարքեթինգի ֆակուլտետների դեկանների օգնական Լիանա Մելքոնյանը, ճիշտ է, մասնագիտությամբ իրավաբան չէ, բայց մասնակցել է դասընթացին նոր գիտելիք ստանալու նպատակով.

«Տեղյակ էի, որ նախորդ տարի այս դասընթացը շատ արդյունավետ էր անցել, այս անգամ որոշեցի մասնակցել: Արդյունքում ձեռք եմ բերել նոր գիտելիքներ ու հնարավորություն եմ ստացել լսելու Ցյուրիխի համալսարանի Եվրոպական ինստիտուտի (EIZ) պրոֆեսորների դասախոսությունները: Բոլոր թեմաները, որոնց անդրադարձել ենք շատ արդիական եւ կարեւոր են այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում»:

Լիանա Մելքոնյանի խոսքով՝ քանի որ դասընթացի թեմաներից մեկը ԵՄ անդամակցությունն էր, ուսանողներից շատերին հետաքրքրում էր՝ ի՞նչ առավելություններ կարող է ստանալ Հայաստանն, անդամակցելով ԵՄ-ին, ու ամենակարեւորը՝ ի՞նչ երաշխիքներ անվտանգության ոլորտում:
Հակոբ Կյուրեղյանը Հակոբ Կյուրեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դասընթացին ցանկացա մասնակցել՝ տեսնելով մեր տարածաշրջանում ու ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող զարգացումները», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Հակոբ Կյուրեղյանը:

Նրա խոսքով՝ որեւէ պետություն աշխարհում չի կարող մեկուսացած ապրել եւ կարեւոր է մտածել արտաքին աշխարհի հետ հարաբերությունների զարգացման մասին.

«Եվրոպական միության կողմից իրականացվող ինտեգրման եւ ԵՄ ընդլայնման քաղաքականությունն ինձ միշտ հետաքրքրել է, դասընթացի ժամանակ փորձեցի պարզել՝ ինչ ենք կարող առաջարկել ԵՄ-ին ու ինչ ենք ստանալու ի պատասխան: Շատ հետաքրքիր էր շփվել եվրոպացի գործընկերների հետ եւ հասկանալ՝ ինչպես են նրանք տեսնում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Բազմիցս նշվել է, որ ԵՄ-ն տնտեսական միություն է, եւ դրա քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է տնտեսական զարգացմանը, բայց Հայաստանի ու մեր ուսանողների համար առաջնահերթությունն, իհարկե, անվտանգային քաղաքականությունն է: Այս առումով շատերս քննարկումների ընթացքում շեշտել ենք, որ եվրոպացի գործընկերների պատկերացումները խաղաղության, փոխգործակցության մասին, այնքան էլ չեն համապատասխանում մեր տարածաշրջանում եղած իրականությանը: Մեզ մոտ եղած իրավիճակը, մենք շատ լավ գիտենք ու հետաքրքիր էր հասկանալ՝ ինչպես են այն տեսնում արտաքին աշխարհում»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին