Մեդիամաքսի երեկոյան մեդիա-դպրոցում անցկացվել է «Բոլորս դեպի սթորիթելինգ. մարդակենտրոն լրագրությունն՝ աշխարհը ավելի լավը դարձնելու ձգտումով» թեմայով դասը: Դրա ընթացքում Մեդիամաքսի լրագրողները կիսվել են իրենց փորձով՝ առանձնացնելով առավել հետաքրքիր մարդկային պատմություններն ու ներկայացնելով դրանց ստեղծման «հետնաբեմը»։
Հատուկ նախագծեր, պատմություններ պատերազմի եւ դրա հետեւանքների մասին, զրույցներ հանրային կարեւորություն ունեցող նախաձեռնությունների հեղինակների հետ եւ մադկանց, որոնք հաճախ մնում են ստվերում, բայց պատմելու շատ բան ունեն։
Իրարից տարբեր այս թեմաները Մեդիամաքսում միավորվում են մեկ առանցքի շուրջ՝ մարդու. իր թուլություններով, հաջողություններով, պայքարով, ձախողումներով, ցավով, ու երջանկությամբ։
Այդ «հետնաբեմը» որոշել ենք կիսել նաեւ մեր ընթերցողների հետ։
Արա Թադեւոսյան, Մեդիամաքսի տնօրեն
Մարդակենտրոն լրագրությամբ զբաղվելը Մեդիամաքսում երբեք չի եղել հատուկ մտածված ռազմավարություն կամ որոշում։ Այդպես ստացվել է, եւ կյանքը ցույց է տվել, որ մարդիկ հաճախ դառնում են մեր ընթերցողը, քանի որ նման պատմությունների կարիք ունեն։
Արա ԹադեւոսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Հաճախ մենք ոչ միայն ներկայացնում ենք մարդկանց պատմությունները, այլեւ՝ գնում ենք դրանց հետքերով, վերադառնում թեմային որոշ ժամանակ անց։ Երբեմն էլ մի պատմությունից ծնվում է մյուսը կամ այն վերածվում է նախաձեռնության, որն իրականացնում ենք մեր ընթերցողների աջակցությամբ։
Օրինակ՝ գրել էինք «Բորխեսն ակտուալ է» նախագծի մասին, որի նպատակն էր հայերեն հրատարակել Խորխե Լուիս Բորխեսի բանաստեղծությունները։ Նաեւ մեր հոդվածի շնորհիվ հաջողվեց հավաքել անհրաժեշտ գումարը եւ գիրքն արդեն լույս է տեսել։
Իսկ «Արցախ.101 պատմություն» նախագծի հերոս երեխաների մի մասին մեր ընթերցողների աջակցությամբ նվիրեցինք արցախյան շնչով Դեդո-Բաբո խաղալիքներ, որոնց մասին նույնպես գրել էինք։
Այլ պատմությունների մասին առավել մանրամասն կխոսեն մեր լրագրողները՝ կիսվելով՝ ինչպես կարող է մարդակենտրոն լրագրությունն աշխարհն ավելի լավը դարձնելու փորձ լինել։
Շարունակվող պատերազմը եւ մարդը՝ թույլ, ուժեղ, հանձնվող ու պայքարող
Յանա Շախրամանյան, Մեդիամաքսի լրագրող
Աննան եւ Արտակը. «Որ ամենակարեւորը չկորի պատերազմում»
Ժուռնալիստիկան ինձ համար միշտ եղել է հնարավորություն՝ ճանաչելու մարդկանց եւ պատմելու նրանց պատմությունները։ Սթորիթելինգը լավ գործիք է նաեւ տարբեր խնդիրների մասին խոսելու համար՝ դուրս գալով չոր վիճակագրությունից։
Յանա ՇախրամանյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Առաջին պատմությունը, որն ընտրել եմ, քույր ու եղբայր Աննայի եւ Արտակի մասին է։ Արտակ Սարգսյանը զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ, իսկ Աննայի հետ պատահաբար ծանոթացել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանում, երբ այնտեղ էի բոլորովին այլ նյութ գրելու նպատակով։ Հիշում եմ՝ սպասում էինք ֆրանսիական շրջաններից մեկի պատվիրակությանը, երբ նկատեցի՝ ինչ ջերմությամբ է Աննան նայում ՀՖՀՀ զոհված ուսանողներից մեկի լուսանկարին։ Հասկացա, որ մարդիկ Արտակ Սարգսյանին պետք է ճանաչեն հենց Աննայի աչքերով։ Սիմվոլիկ է, որ հարցազրույցի համար հանդիպեցինք Մայրության ու գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, իսկ Աննայի պատմած պատերազմում շատ «կանացի» հայացք կար։ Չկային պայթյուններ, թշնամու հարվածներ, կար սպասում, սեր ու շատ կյանք։ Աննան ասում է՝ իր եւ շատ այլ ընտանիքների համար պատերազմը շարունակվում է նաեւ այսօր, իսկ պայքարը մոռացության դեմ է։ Նա եղբոր մասին գիրք է գրել ու անվանել այն՝ «որ չկորչի պատերազմում»։ Աննան ցանկանում է, որ իր եղբորը չհիշեն միայն որպես երիտասարդ, որը զոհվեց պատերազմում, այլ ճանաչեն ու սիրեն ապրող, Pink Floyd լսող, Ագաթա Քրիստի կարդացող Արտակին։ Նրա այս առաքելությունը շարունակելու փորձ էր նաեւ մեր պատմությունը։
«Ես Վահրամն եմ, ալկոհոլիկ, որն այսօր չի խմել»
Վահրամը մարդ է, որը խիզախել է մեզ հետ կիսվել իր անցած բարդ ճանապարհով։ Ինչպես ինքն է իրեն ներկայացնում՝ ալկոհոլիկ, որն այսօր չի խմել։ Միեւնույն ժամանակ, Վահրամը լավ հայր է, հմուտ մասնագետ ու սիրող ամուսին։ Այլ կերպ ասած՝ Վահրամը պարզապես մարդ է՝ իր թերություններով, առավելություններով ու պայքարներով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս պատմությունը փորձ է խոսել հանրային կարեւոր խնդրի մասին՝ մեկ մարդու օրինակով։ Նյութը վերընթերցելիս ինքս էլ առաջին անգամ նկատեցի, որ այն կետ առ կետ հերոսի հետ անցնում է բարդ իրավիճակն ընդունելու, դրանից այլեւս չփախնելու բոլոր փուլերը՝ հերքում, զայրույթ, սակարկում, դեպրեսիա։ Մինչեւ գիտակցում՝ ես կախվածություն ունեմ, եւ դրա հետ մի բան անել է պետք։ Զրույցի սկզբում Վահրամը կիսվում է, որ ամբողջ կյանքն ապրել է երկու ես-ով. արտաքին աշխարհի համար կատարյալ կերպար, իսկ ներսում՝ մարդ, որ կոտրված է։ Նյութի վերջում նա խոստովանում է՝ հիմա մեկ Վահրամ կա՝ թույլ կամ ուժեղ, բայց սեփական խնդիրները լուծելու կամքով։
Կարեւոր նախաձեռնություններին աջակցելու ցանկությունն ու իտալական «սերն առաջին հայացքից»
Արփի Ջիլավյան, Մեդիամաքսի լրագրող
Հրաչն «ԻմասՏուն»-ով կփորձի Գյումրին մրցակից դարձնել Երեւանին
Մեդիամաքսում հաճախ ենք անդրադառնում հանրային կարեւորություն ունեցող նախաձեռնություններին՝ փորձելով աջակցել դրանց։
Գյումրիում «ԻմասՏուն» ուսանողական տուն հիմնելու նախաձեռնության մասին իմացել եմ «reArmenia» հարթակից, որում այս նպատակով դրամահավաք էր իրականացվում։ Նախաձեռնության հեղինակ Հրաչ Մկրտումյանի հետ կապվելուց հետո, սակայն, հասկացել եմ՝ այստեղ նաեւ շատ սիրուն մարդկային պատմություն կա։
Արփի ՋիլավյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Հրաչն ընտանիք է ստեղծել եւ մայրաքաղաքից տեղափոխվել Գյումրի՝ հաշվի չառնելով դժվարությունները։ Զրույցի ընթացքում նա մի կարեւոր դիտարկում է անում՝ «մարզերում աշխատանք չկա, որովհետեւ մարդիկ հեռանո՞ւմ են, թե՞ հեռանում են, քանի որ աշխատանք չկա»։ Կարծում եմ՝ Հրաչի օրինակը կարող է դառնալ վարակիչ, ցույց տալ, որ Երեւանից դուրս կա կյանք ու գործելու բազմաթիվ հնարավորություններ։ Նման պատմություններն ունեն նաեւ երկարաժամկետ ազդեցություն։ «ԻմասՏուն» ուսանողի տան նախաձեռնությունը շատ ծախսատար է, եւ դրամահավաքն այսօր էլ շարունակվում է։ Այնպես որ, մեր նյութը սոցհարթակներում պարբերաբար տարածելով, նախաձեռնության մասին պատմելով՝ կարող ենք աջակցել դրան։
«Սեր առաջին հայացքից». իտալացի լուսանկարչի բացահայտած Հայաստանը
Այս պատմությունն իմ անձնական եւ մասնագիտական հետաքրքրասիրության «խառնուրդ է» (ժպտում է – հեղ.)։ Ծնունդով Ստեփանավանից եմ եւ մի օր ուշադրությունս գրավեց հետխորհրդային մի շինություն, որը մենք Առեւտրի տուն ենք անվանում։ Բառացիորեն մի քանի օր անց այս շենքի լուսանկարը տեսա մի իտալացի լուսանկարչի ինստագրամյան էջում: Իհարկե, անտարբեր չանցա։ Էջն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ նա առհասարակ հետաքրքրված է խորհրդային շրջանի ճարտարապետությամբ, եւ բազմաթիվ լուսանկարներ ունի Հայաստանի տարբեր անկյուններից։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա պատմությունը, «դրսից» հայացքը մեր երկրին կարող էր շատ հետաքրքրիր լինել, այնպես որ, առաջարկեցի զրուցել։ Համաձայնվեց ՝ նշելով, որ կարող ենք «խոսել» միայն տեքստային տարբերակով, քանի որ Հայաստան է գալու ամիսներ անց, իսկ տեսազանգով կապվելն այդ շրջանում հնարավոր չէ։ Մտավախություն կար, որ առանց առերես շփման զրույցը չի փոխանցի բոլոր այն հուզերն ու ապրումները, որ ցանկանում էի, բայց, բարեբախտաբար, ստացվեց։ Լուսանկարիչը կիսվեց նույնիսկ որոշ հումորային դրվագներով, օրինակ՝ պատմեց, որ գրեթե բոլոր հայերը նրան հանդիպելիս սկսում էին երգել լեգենդար իտալացի Տոտո Կուտունյոյի երգերը (ժպտում է – հեղ.)։ Արդյունքում ծնվեց պատմություն այն մասին, թե ինչպես է իտալացի լուսանկարիչը սիրահարվել Հայաստանին առաջին հայացքից։
Նյութում ինձ համար մի հետաքրքիր բացահայտում կա։ Միշտ կարծել եմ, որ խորհրդային ոճի ճարտարապետությունը բնորոշ է միայն մեզ ու նախկին խորհրդային այլ երկրներին։ Բայց պարզվում է՝ նման շենքեր կան նույնիսկ Միլանում, որոնցից էլ առաջացել է լուսանկարչի հետաքրքրությունը։
Անկանխատեսելի լրագրությունն ու «որդան կարմիրը», որ կարող է փրկել զրույցը
Անի Խչոյան, Մեդիամաքսի լրագրող
Աշխարհը լսող եւ լույսը տեսնող Վահանը
Վահան Դիշլանյանի մասին պատմող նյութը մեր «Կոտրելով պատնեշները» հատուկ շարքի մաս է։ Վահանը չի տեսնում, որոշ չափով տարբերում է միայն լույսը։ Չնայած դրան՝ ինքնուրույն կազմակերպում է իր առօրյան, մարզից գալիս Երեւան, կրթություն ստանում, զբաղվում սպորտով։ Հիշում եմ, որ այս հարցազրույցին պատրաստվելիս համոզված էի՝ կազմակերպչական տեսանկյունից շատ բարդ նյութ է լինելու. Վահանից բացի, նույն օրը պետք է եւս 4 մարդու հանդիպեինք՝ անցնելով 5 կետով։ Բայց դա եղավ իմ պրակտիկայի ամենահանդարտ եւ սահուն նյութերից մեկը, քանի որ լիովին վստահեցի Վահանին։
Անի ԽչոյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Նրա հետ անցկացրած օրը լի էր մեկը մեկից տպավորիչ բացահայտումներով, իսկ առաջին ցնցող նախադասությունն էր, երբ ասաց՝ «հիմա մոտենում ենք խաչմերուկին» ու բացատրեց՝ «մինչ այս աղմուկը միայն ձախ կողմից էր, իսկ հիմա՝ նաեւ դիմացից»։ Նրա հետ անցանք քաղաքի տարբեր կետերով եւ պարզեցինք, որ չտեսնող մարդիկ ճանապարհը «զգում են» տակտիլ սալիկների միջոցով, որոնք Երեւանում շատ քիչ են։ Նույն խնդիրը նաեւ ձայնային լուսացույցների դեպքում է։
Արդյունքում, Վահանի օրինակով կարողացանք պատմել չտեսնողների խնդիրների մասին, միեւնույն ժամանակ՝ ցույց տալով ուժեղ, շատ կազմակերպված եւ հաղթող մարդու։
«Անուն գոռոցի» կամ «Ստոպ»
Այս եւ նախորդ նյութի միջեւ շատ հետաքրքիր կապ կա, որի հիմքում լրագրության անկանխատեսելիությունն է (ժպտում է – հեղ.)։ Երբեմն առաջին հայացքից բարդ թվացող նյութը շատ հեշտ է ստացվում, իսկ րոպե առ րոպե նախագծածն ու պատկերացրածը՝ բոլորվին այլ ճանապարհով գնում։ «Անուն գոռոցի»-ն մեր «Մանկության խաղեր» հատուկ նախագծի առաջին նյութն էր։ Շարքի նպատակն է վերհիշել այս խաղերը՝ պատմելով դրանց ծագումնաբանության մասին, ներկայացնելով կանոններն ու ինչն ամենակարեւորն է՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում դրանք խաղալով երեխաների հետ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շարքը թեթեւ սկսելու համար որոշել էինք, որ առաջին պատմությունը կկազմակերպենք ծանոթ միջավայրում։ Ես, որպես հեղինակ, ընտրել էի իմ թաղամասը, որտեղ ինքս էլ փոքր տարիքում խաղացել եմ։ Թվում էր՝ ամեն ինչ հարթ է անցնելու, քանի դեռ պայմանավորված ժամին չպարզվեց, որ երեխաներից շատերը բակ դուրս չեն գալու, իսկ մի քանի րոպե անց էլ սկսվեց գարնանային հորդառատ անձրեւը։ Թվում է՝ պետք է հեռանայինք առանց որեւէ արդյունքի, բայց չհանձնվեցինք (ժպտում է – հեղ.)։ Ինչ-որ պահից մեզ միացան երեխաներ, որոնց հետ նախապես չէինք պայմանավորվել, եւ անտեսելով եղանակը, նրանք անկեղծ էմոցիաներով եւ ոգեւորությամբ սկսեցին խաղալ։ Մեզ մնում էր միայն հետեւել, պահպանել եւ հետո փոխանցել եղած տրամադրությունը։ Հաճելի բացահայտում էր, որ երեխաները գիտեին այս խաղի կանոնները, եւ առանց մեր «միջամտության» էլ բակում պարբերաբար խաղում էին։
«Կտուտ». Կանաչ աստիճաններով դալանի արվեստանոցն ու «ազատ» գորգերը
Երբ մտածում եմ՝ ինչ անկանխատեսելի կարող է լինել լրագրությունը, հիշում եմ նյութերիցս եւս մեկը։ Գորգագործ Նելլի Անանյանը «Կտուտ» արվեստանոցում ստեղծում է հայկական գորգեր ու կարպետներ։ Հարցազրույցից առաջ շատ էի ուսումնասիրել իր աշխատանքն ու վստահ էի՝ հետաքրքիր զրույց է լինելու։ Ցավոք, առաջին 20 րոպեի ընթացքում ոչ մի կերպ չէր ստացվում հաղթահարել լարվածությունը։ Իրավիճակը լիովին փոխվեց հերոսուհու մեկ հարցից՝ «իսկ գիտեք՝ ի՞նչ գույն ունի որդան կարմիրը»։ Անակնկալի գալով պատասխանեցի՝ «կարմի՞ր»։ Պարզվեց՝ որդան կարմիրը մանուշակագույն երանգ ունի, եւ թելն ինձ ցույց տալու համար Նելլին տեղավորվեց իր փոքրիկ աթոռակին, որի վրա նստած սովորաբար աշխատում է։ Հայտնվելով իր հարմարավետության գոտում՝ հերոսուհին լիովին փոխվեց, զրույցը դարձավ էմոցիոնալ ու լցվեց բազմաթիվ հետաքրքիր դրվագներով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսպես լրագրության մեջ կարող է փոխվել նախապես «գծած» ճանապարհը՝ բացահայտելով հերոսին նոր տեսանկյունից եւ մոտիվացնելով հեղինակին։ Առհասարակ, լավ մարդկանց հանդիպելը մեր մասնագիտության ամենահաճելի կողմերից է (ժպտում է – հեղ.)
Ձգտել դեպի լույսը՝ ընդունելով, որ ինչ-որ պահի այն չկա
Գայանե Ենոքյան, Մեդիամաքսի լրագրող
«Երեւի գնաց, որ եղբորը պահի». Սամվելն ու Արսենը մնացին կորսված Արցախի բարձունքում
Մարդկային պատմությունների միջոցով աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու սկզբունքն ինձ համար միշտ կարեւոր է եղել, իսկ 2020թ. պատերազմից հետո այն առանցքային դարձավ։ Մեդիամաքսում միշտ փորձում ենք գտնել պատմություններ, որոնցում կան լուսավոր կետեր։ Մեզ հաջողվում էր սա անել նույնիսկ պատերազմի մասին պատմող նյութերի դեպքում։ Բայց պատմությունը, որի մասին խոսելու եմ հիմա, մի փոքր այլ է։
Գայանե ԵնոքյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ալլա Ստեփանյանը մայր է, որը 2023թ. երկօրյա պատերազմի ընթացքում կորցրել է երկու որդիներին։ Նրա պատմությունը բազմաթիվ ճակատագրերի, անհաղթահարելի ցավի ընդհանրացում է։ 2020թ.-ի պատերազմից հետո մարդիկ տուն կորցրեցին, բայց վերադարձան Արցախ ու պարզվեց՝ նրանց համար «երկու մահճակալ էլ չկա», որ արձակուրդ եկող զինվորները գոնե քնելու տեղ ունենան։ Բլոկադայի օրերին ծնողներն իրենց մեկ կտոր հացը պահում էին դիրքապահ զինվորների համար, իսկ 2023թ. տեղահանության օրերին մի մասը հուղարկավորում էր զավակներին, մյուսը՝ դիահերձարաններում գոնե մի մասունք փնտրում։ Այս ամենը զգալը, վերջին տարիներին մեր տեսածը, զգացածն ու ապրածը մի նյութում ամփոփելը չափազանց ծանր էր։
Ինչ-որ պահի Արա Թադեւոսյանի հետ կիսվեցի եւ ասացի, որ չեմ կարողանում գրել նյութը, որովհետեւ լույսը չեմ գտնում։ Պատասխանեց՝ «մեկ-մեկ լույսը պարզապես չկա»։ Սա կետ էր, որ պետք է ընդունեի եւ գիտակցեի՝ ինչ-որ պահերի լույս իսկապես չկա, բայց անկախ դրանից՝ կարեւոր է անել հաջորդ քայլը։ Հենց այն կարող է քեզ մոտեցնել լույսին։
Նյութն ավարտեցի։ Հրապարակումից հետո բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից «եկավ» ապրումակցման լույսը։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում եւ ամենածանր իրավիճակներում լույսը կարող է ծնվել մարդկանց սրտերում։
Կոռնիձոր. ցավը, ցասումը, հուսահատությունն ու... լույսի շողերը
Այս նյութը գրել եմ Կոռնիձորից՝ արցախահայության տեղահանության օրերին։ Առաջին օրն էր, երբ մարդիկ սկսում էին դուրս գալ Արցախից, երբ ընկերներիցս մեկի հետ մեկնեցի այնտեղ՝ պետք է իր հարազատներին դիմավորեր։ Արդեն տեղում գիտակցեցի՝ պատրաստ չէի այս իրականությանը։ Հիշում եմ՝ ժամանակի մեծ մասը պարզապես կանգնած նայում էի:
Հետեւում՝ ինչպես են միջազգային մեդիայի լուսանկարիչները «պայքարում» ավազի համար նախատեսված բեռնատարներից իջնող մեր հայրենակիցներին լուսանկարելու համար։ Ես չէի ուզում կանգնել նրանց կողքին եւ հենց այդ պատճառով տեղից շատ քիչ լուսանկարներ ունեմ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս նյութն ինձ համար կարեւոր է, քանի վավերագրում է ոչ միայն այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունները կամ փաստերը, այլեւ՝ հույզերն ու ապրումները, այդ թվում՝ իմը։ Նյութում պատառիկներով հավաքված են մարդկանց պատմություններ, որոնք տեսել են բլոկադա, պատերազմ, կորցրել են ամեն ինչ։ Ես նրանց հարց տալու իրավունք այլեւս չունեի, չէի կարող ասել՝ ամեն ինչ լավ է լինելու։ Այս գիտակցումից ինչ-որ պահի սկսեցի լաց լինել եւ ինձ մխիթարեցին հենց այդ նույն մարդիկ։ Դա պահ էր, երբ գիտակցեցի՝ սա է լույսն ու ներսումս էլ պետք է հավաքեմ այդ լույսի շողերը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչպես ասացի՝ ընկերս սպասում էր իր հարազատներին, որոնք օրերով անցնում էին սարսափելի ճանապարհը։ Անընդհատ զանգում էր՝ «ո՞ւր եք, ո՞ւր հասաք»։ Նյութն ավարտվում է երկխոսությամբ, երբ ընկերս, երեւի հարյուրերորդ անգամ, տալիս է նույն հարցը՝ «Դա՛վ, ո՞ւր հասաք» եւ ստանում պատասխան՝ «Դեմդ եմ»։ Այդ պահին հանդիպում են ինձ Կոռնիձոր տարած Վաչե Վարդանյանն ու Դավիթ Ղահրամանյանը։
Չգիտեմ՝ Դավիթը գիտե՞ր, որ ինքն էլ կա այս նյութում (Գայանեն դիմում է դասին ներկա Դավիթ Ղահրամանյանին, որը ներկայում Մեդիամաքսի լուսանկարիչն է – հեղ.)։
Դավիթ Ղահրամանյան, Մեդիամաքսի լուսանկարիչ
Չգիտեի։ Այդ օրերին մեդիային չէի հետեւում ու քեզ լսելով՝ ինքս էլ հիմա հուզվեցի։ Այդ օրվանից ես էլ իմ հիշողությունն ունեմ։ Երբ վերջապես Կոռնիձոր հասանք եւ հանդիպեցինք, Գայանեի ձեռքում մի քանի փոքր հյութ կար եւ քաղցրավենիք։ Հիշում եմ՝ ինչպես բերեց ու ամեն ինչ լցրեց մեր մեքենայի մեջ։ Երեխաներիցս մեկն այն ժամանակ երկու տարեկան էր, մյուսը՝ մի քանի ամսական։ Անչափ հուզիչ էր, որովհետեւ ախր այդ հասարակ հյութն ինչ էր, որ չկար, ու ինչքան մեծ ուշադրություն կար այդ մի քանի հյութում։
Դավիթ ՂահրամանյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ինչ վերաբերում է միջազգային մեդիաների եւ մեր աշխատանքի տարբերությանը, զգացել եմ նույնը, ինչ Գայանեն։ Քո ցավն արձանագրելը դժվար է։ 2020թ.-ի պատերազմի ժամանակ շատ դրվագներ չեմ նկարել։ Հիմա, գուցե, ափսոսում եմ։ Հրաժարվեցի նկարել նաեւ Քարվաճառի տեղահանությունը։ Մտածում էի՝ գնամ ի՞նչ նկարեմ, ոնց է հայրենակիցս վառո՞ւմ իր տունը։ Հետո արդեն Արցախը փակվեց, ոչ մի միջազգային մեդիա չկար եւ պետք էր վավերագրություն։ Բլոկադայի 4-րդ, 5-րդ ամսում մեր մասին հիշեցին եւ բոլորին լուսանկարներ էին պետք, նույնը նաեւ տեղահանության օրերին էր, երբ աշխարհն ուզում էր ցնցող կադրեր տեսնել։ Սա ինձ կատաղեցնում էր։ Շատ երկար պայքար է եղել ներսումս։ Հա՛մ գիտակցում էի՝ ի՞նչ եմ անում, ինչի՞ չեմ նկարում, հա՛մ չէի նկարում։
Սամվելը կասեր՝ «Հա էլի, էս ա կյանքը»
Աստղիկ Հովհաննեսով, Մեդիամաքսի լրագրող
«Գիշերվա դիրեկտոր» Սամվելը՝ կյանքի ու մահվան մասին
Ինձ համար այս պատմության մեջ շատ կյանք կա։ Առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ, քանի որ այն դիահերձարանի պահակի մասին է։ Պահակների աշխատանքով միշտ հետաքրքրվել եմ, քանի որ համոզված եմ՝ նրանք ամեն ինչ գիտեն իրենց «իքս» տարածքի մասին։ Մի օր, երբ հերթական հարցազրույցին լուսանկարչի հետ հասանք պայմանավորված ժամից շուտ, որոշեցինք զբոսնել տարածքում։ Հենց այդ ժամանակ նա ասաց վճռորոշ նախադասությունը՝ «գիտե՞ս, այստեղ դիահերձարան կա»։ Այսպես շատ անակնկալ կերպով հայտնվեցինք դիահերձարանում, որտեղ մեզ դիմավորեց պահակն ու քանի դեռ փորձում էի ներկայանալ, ինձ ներս հրավիրեց, փակեց դուռն ու կանգնած մնացի՝ դագաղներով շրջապատված (ժպտում է – հեղ.)։
Աստղիկ ՀովհաննեսովըԼուսանկարը` Մեդիամաքս
Ի վերջո, տնօրենի հետ պայմանավորվեցինք գալ մեկ այլ օր եւ զրուցել պահակի հետ։
Այս նյութի օրինակով մի քանի կարեւոր բան հասկացա։ Պայմանավորված օրը պահակի հետ զրույցը սկսեցի միջանցքում՝ երբ նրա ամեն խոսքը լսվում էր նաեւ տնօրենի սենյակում։ Բնականաբար, այս իրավիճակում 65 տարեկան տղամարդը անկեղծ չէր պատասխանի հարցին՝ վախենո՞ւմ է արդյոք դիակներից։ 25-30 րոպե այնտեղ խոսելուց ու լուսանկարչի հեռանալուց հետո որոշեցինք տեղափոխվել պահակի «բուդկա»։ Հենց այնտեղ նա «բացվեց», կիսվեց իրական ապրումներով։ Կարծում եմ՝ նման պատմությունների դեպքում կարեւոր է միացնել բոլոր զգայարանները, ընթերցողի հետ կիսվել տարածքում եղած հոտերով, ձայներով։ Ոչ թե պարզապես պատմել՝ ինչ է անում մարդն իր աշխատանքի ընթացքում, այլ բացահայտել՝ ինչ է զգում այդ աշխատանքը կատարելիս։
Լուսանկարը` Մեդիամաքս
Զրույցի ամբողջ ընթացքից պարզ է դառնում՝ ամեն օր մահվան հետ առնչվելով՝ «գիշերվա դիրեկտոր» Սամվելը շատ է սիրում կյանքն իր բոլոր դրսեւորումներով։ Հենց սա է պատճառը, որ պատմության հետգրության մեջ դրել եմ Frank Sinatra-ի «That’s life» երգը։ Գրեթե համոզված եմ՝ եթե Սամվելը լսեր այն, կասեր՝ «հա էլի, էս ա կյանքը»։
Մեդիամաքսի երեկոյան մեդիա-դպրոցին աջակցում է IDBank-ը, որը կրթաթոշակ է տրամադրել առաջին հոսքի 10 ուսանողներին:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: