Դեպի Կոռնիձոր ուղեւորվեցի բռնագաղթի երկրորդ օրը: Ինձ ուղեկցող Վաչե Վարդանյանն ու Սլավա Շաքարյանը (գնդապետ Սերգեյ Շաքարյանի ավագ որդին) զանգեր էին ստանում Արցախի իրենց ծանոթներից, որոնք իրենց երեխաների համար որեւէ մեքենայում տեղ էին փնտրում:
Հետո տղաներն էին զանգեր կատարում՝ հույսով, որ կօգնեն նրանց: Սլավան ու Վաչեն նաեւ զբաղված էին «Հայորդի» ճամբարի տարածքի նախապատրաստման աշխատանքներով, որտեղ հյուրընկալելու են 150 բռնագաղթվածի:
«Խնդրում եմ էլի, տեղ պահեք մեզ համար, վառելիք ենք փնտրում, որ գանք, ուրիշ մնալու տեղ չունենք: Չեք խաբի չէ՞, կպահեք չէ՞»,- լսվում է հեռախոսի մյուս կողմից: Ու նման բազում խնդրանքներ:
Երբ հասանք Կոռնիձոր, կարծում էինք միայն մի քանի ժամ ենք մնալու: Տղաների հարազատներն արդեն շարժվել էին Ստեփանակերտից ու թվում էր՝ ուր որ է պետք է հասնեն: Բայց մի քանի ժամը դարձավ մեկ օր, մեկ օրը՝ երկու:
-Ռուզ, ու՞ր հասաք:
-Չգիտեմ, կանգնած ենք մի ժամ է:
Ու այս խոսակցությունը կրկնվում էր նորից ու նորից:
-Խոխեքը սոված են, ստեղ ուտելիք ուղարկելու ձեւ կա՞,- հարցնում է դեռեւս Հակարի կամրջի մոտ չհասած մեր ընկերներից մեկը, ում 6 ամսական երեխան սովից լալիս էր:
Շուտով հույսներս կտրում ենք, որ այսօր կհասնեն: Վերադառնում ենք Գորիս, մի կերպ մի սենյակ գտնում, որտեղ հետո պետք է ընդունեինք մեր ընկերներին: Լուսաբացին զանգ ենք ստանում, ընտանիքներից մեկը հասել է Կոռնիձոր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուղեւորվում ենք, որ դիմավորենք ... իսկ ես Գորիսն այլեւս չեմ ճանաչում: Այն քաղաքը, որը տարիներ առաջ ինձ համար ասոցացվում էր երջանկության հետ, հիմա դժբախտություն էր շնչում: Արցախի աղետը տարածվել է դեպի Գորիս, որովհետեւ չարիքն ահագնանալու սովորություն ունի, երբ արգելքների չի հանդիպում:
Քաղաքում խցանումներ էին, բազում մարդիկ կանգնած էին փողոցներում, որովհետեւ չգիտեին՝ ուր գնալ, ինչ անել: Նրանցից շատերին Կոռնիձորում չէին գրանցում, միանգամից ուղարկում էին Գորիս, որտեղ նորից սարսափելի հերթեր էին. 9-ամսյա շրջափակումից, պատերազմից ու սարսափելի ճանապարհից հետո մեր հայրենակիցները հասնում են Մայր Հայրենիք ու հայտնվում նույնքան հյուծիչ հերթերում: Ու նորից այդ նույն հարցը՝ ու՞ր է պետությունը:
«Ասում են կառավարությունը տուն ա տալիս հա՞: Երեխես հիվանդ ա, ես պետք է կարողանամ Երեւանում տուն գտնել»,- ասում է գաղթական մի կին: Պատասխանում եմ, որ դա դժվար է լինելու, վարձակալության գները Երեւանում աստղաբաշխական են, կառավարությունն էլ մարզերում է միայն կեցության վայրեր առաջարկում:
«Այսպես մնում ենք բախտի քմահաճույքին»,- հուսահատ պատասխանում է կինն ու գնում: Ու ես չեմ կարող նրան ոչինչ առաջարկել, ու ես չեմ կարող ոչինչ առաջարկել հազարավոր մեր հայրենակիցներին, որ ամեն ինչ կորցրած գալիս են վերջապես ապաստան ու խաղաղություն գտնելու հույսով: Իսկ ես գիտեմ, որ խաղաղություն չի լինելու ...
«Թուրքերը մեզ հետապնդում են, իմանան արցախցիք եկել են ստեղ, հիմա էլ ստեղ կգան՝ հարձակվելու»,- կես կատակ, կես լուրջ ասում է մեր արցախցի ընկերը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ու նորից Կոռնիձորը, այս անգամ արցունքներս զսպել չեմ կարողանում, որովհետեւ տեսարանից սիրտը մաս-մաս է լինում: Մարդկանց հոսքը շատ-շատ է, տեղում կամավորների ուժերը չեն բավարարում ու մարդիկ նորից սնունդ ստանալու հերթի մեջ են:
Ամենուր միջազգային լրագրողներ են, նրանք նկարում են ավազի համար նախատեսված բեռնատարներով Հայաստան եկող մեր հայրենակիցներին՝ հյուծված ու վշտահար, որոնք մի կերպ գրկած իջեցնում են բեռնատարի բարձունքից: Ես ու գործընկերներս հիշում ենք, թե որքան նամակներ ենք գրել շրջափակման օրերին, որքան ենք առաջարկել պատմություններ, բայց մենք հետաքրքիր չէինք ոչ մեկին, աղետի մասին ահազանգը ոչ ոքի հարկավոր չէր, իսկ հիմա ...
«Ոչ ոքի հետ չեմ ուզում խոսել, էլ ի՞նչ խոսեմ, վերքերս դա չի բուժելու»,- ես հերթական մերժումն եմ ստանում հարցազրույց անելու համար ու ինքս էլ այնքան եմ ամաչում, որ ստիպված եմ նման խնդրանքով դիմել մարդկանց:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հետո զանգ եմ ստանում իսպանացի լրագրող ավագ ընկերոջից.
«Ես հայ չեմ, բայց ցավից տեղս չեմ գտնում, պատկերացնում եմ ձեզ, որ այդտեղ եք ու փորձում եք աշխատել: Դժվար է, բայց միակ բանը, որ կարող եք հիմա անել՝ վավերագրելն է, դուք պետք է շարունակեք»:
Իսկ ես մտածում եմ՝ երանի երբեք հնարավորություն չունենայի աշխատել միջազգային մամուլի համար, երանի երբեք չգրեի, «հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղից» ... Բայց իրավիճակն առկա է, իսկ մենք պետք է հասցնենք պատասխանել:
«Մեզ խաբեցին տարան նորից Արցախ, ասացին՝ ռուսն եկել է, կպաշտպանի: Մի թուրք էլ ռուսն է»,- ասում է արցախցի կինը, որը ժամանակավորապես տեղակայվել է Գորիսի հյուրանոցներից մեկում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա ասած «խաբողները», որ նաեւ «բանակցում էին» գիտեին, որ այս օրը գալու է, մեծ հավանականությամբ գիտեին անգամ կոնկրետ օրը, բայց բացարձակապես չէին պատրաստվել դրան: Արցախում մարդկանց բռնագաղթը ոչ ոք չի կոորդինացնում, մերթ ընդ մերթ միայն ֆեյսբուքում հայտարարություններ դնելը կոորդինացիա չէ: Իսկ Հակարի կամրջից այն կողմ, որտեղ իբրեւ թե ինքնիշխան, կայացած պետություն ունենք, քաոսն ավելի սարսափելի է: Ոչ ոք չի պատրաստվել այս մարդկանց ընդունելուն, եւ մի՞թե այդ երկու սպիտակ վրանն է մեր ունեցածը, որ կարող ենք առաջարկել այսքան զրկանքներ կրած մարդկանց: Պաշտոնական ելույթներում՝ ամեն ինչ կարգին է, ընթանում է ըստ կարգի, իսկ այն ինչ տեսնում ենք իրականում՝ պետության խայտառակություն է:
«Ամեն ինչ իզուր էր, բոլոր զոհերն իզուր էին, մեր պայքարն իզուր էր»,- ասում է կռված տղերքից մեկը: Ես կարող եմ հասկանալ այսպես մտածողներին, բայց ես ունեմ իմ սեփական համոզմունքը, թե ինչու ոչինչ իզուր չէր: Պատասխանը՝ գենետիկ հիշողություն:
Ցավոք, մենք այն ազգն ենք, որ մեր գենետիկ հիշողությունում կրում ենք ցեղասպանության, գաղթի, սովի ու անվերջ պատերազմների հիշողությունը: Ուզենք թե չուզենք, մենք ժառանգել ենք այդ հիշողությունը մեր նախնիներից, եւ ուզենք թե չուզենք, մենք փոխանցելու ենք այն մեր սերունդներին: Բայց փոխանցվում է ոչ միայն ցավի հիշողությունը, այլ նաեւ պայքարի, ու յուրաքանչյուր զինվորի սխրանքը ռազմի դաշտում, հետք է թողնում այդ հիշողության մեջ, հետք, որի հետեւից հետո կգնան սերունդները ...

Լուսանկարը` Մեդիամաքս
Կոռնիձորի տեսարանից արցունքները զսպելն անկարելի է դառնում, ես տեսախցիկս վայր եմ դնում ու լալիս, հետո ինձ մոտենում է մի մարդ՝ կամ սպասում էր իր հարազատին Արցախից, կամ ինքն էր Արցախից ու հաստատ ավելի մեծ էր իր ցավը:
-Ինչո՞վ օգնենք բալես, ի՞նչ կարող ենք անել քեզ համար:
Հետո էլ դժոխքի ճանապարհը նոր անցած մեկը ձեռքիս մեջ երկու կոնֆետ է դնում, շուտով էլ հազիվ սնունդ ստացած արցախցին խնդրում է, որ հացը կիսեմ իր հետ, մյուսն էլ ուշադրությունս կենտրոնացնում է մեր լեռների գեղեցկությանը, որն անսասան է մնում՝ անկախ նրանից, թե մենք այստեղ ինչքան ենք տգեղացել: Ու այսպես, ես հատ-հատ հավաքում եմ լույսի շողերն իմ սրտում, որ դրանում լույսը չկորի՝ անգամ եթե խավարի մեջ ինքս ինձ էլ չեմ տեսնում:
Ու նորից զանգ.
- Դավ, ու՞ր հասաք:
- Դեմդ եմ ...
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: