«Սուսանի» ավագ սերնդի պարտեզը՝ հանուն երջանիկ ծերության - Mediamax.am

exclusive
1396 դիտում

«Սուսանի» ավագ սերնդի պարտեզը՝ հանուն երջանիկ ծերության


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լյուդա Սարգսյանը
Լյուդա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն երկու ամիս է, ինչ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում գործում է «Սուսանի» ավագ սերնդի պարտեզը: Տարեցների խնամքի եւ զբաղվածության այս կենտրոնն իր տեսակով առաջինն է Հայաստանում: Այն հիմնադրվել է «Տեր եւ տիկին Թորոս եւ Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամի ջանքերով:

Մեդիամաքսն այցելել է «Սուսանի» ավագ սերնդի պարտեզ, զրուցել կենտրոն այցելող տարեցների եւ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Լեւոն Երնջակյանի հետ:

Տարեցների առօրյան՝ ազգային երգուպարով

Հոկտեմբեր ամսվա սկզբին, երբ Մեդիամաքսը հյուրընկալվել էր «Սուսանի» ավագ սերնդի պարտեզում, այնտեղ տոնում էին Ստեփանակերտի բնակիչ Լյուդա Սարգսյանի 80-ամյակը: Նրա ծննդյան օրը շնորհավորելու էին եկել Նոր Գեղի բնակավայրի Յուրի Երիցյանի անվան թիվ երկու միջնակարգ դպրոցի մանկական երգչախմբի սաները, որոնք Լյուդա բաբոյի համար Կոմիտասի ստեղծագործություններից կատարեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս մեկ տարվա ընթացքում առաջին անգամ եմ ժպտում»,- ուրախության արցունքները սրբելով ասում է Լյուդա բաբոն: Նման անակնկալ ամենեւին էլ չէր սպասում, սակայն դրանով ծննդյան նվերները չավարտվեցին: Շուտով «Սուսանի» պարտեզի տարեց այցելուների համար համերգային ծրագրով ներկայացան նաեւ Արզականի արվեստի դպրոցի սաները, իսկ ավելի ուշ նրանց սպասում էր ազգային պարի դասը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սուսանի» ավագ սերնդի պարտեզում ուրախ են անցնում ոչ միայն ծննդյան օրերը: Այս մասին փաստում է Լյուդա Սարգսյանը, որի համար հայրենի Արցախի կորստից հետո ուրախանալու առիթներ գտնելը շատ դժվար է:

Նա 6 թոռ ունի եւ 11 ծոռ, Արցախի բռնի տեղահանությունից հետո աղջկա եւ փեսայի հետ վարձով բնակվում է Մրգաշեն գյուղում: Տանը հիմնականում մենակ է լինում, քանի որ աղջիկն ու փեսան օրվա ընթացքում Երեւանում են լինում:

«Ես շատ շփվող կին եմ, ինձ համար միայնակ մնալը շատ դժվար է, հարեւաններ էլ չկան, որ նրանց հետ խոսեմ: Երբ իմացա այս կենտրոնի մասին, շատ ուրախացա: Մոտ մեկ ամիս է, գալիս եմ, շփվում մյուսների հետ, բոլորն ինձ նման մարդիկ են»,-պատմում է Լյուդա Սարգսյանը:
Լյուդա Սարգսյանը Լյուդա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարեցների զբաղվածության ապահովման համար կենտրոնում գործում եմ մի շարք թերապեւտիկ խմբակներ՝ ազգային երգ և պար, կավագործություն, նկարչություն, ասեղնագործություն եւ այլն: Լյուդա բաբոն ասում է, որ որոշ խմբակների մեծ սիրով կմասնակցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երգել չեմ կարող, բայց կպարեմ: Շատ սիրում եմ սպորտը, երկար տարիներ թեթեւ աթլետիկայով եմ զբաղվել, հիմա էլ ամեն առավոտ մարմնամարզություն եմ անում»,-ասում է նա: Այն հարցն, թե արդյոք պարտեզի մյուս այցելուներին կսովորեցնի՞ մարմնամարզություն անել, ժպտալով պատասխանում է. «Կստիպեմ, որ իրենք էլ ամեն առավոտ անեն, առողջության համար անհրաժեշտ է»:

Հանուն տարեցների կյանքի որակի բարելավման

«Տեր եւ տիկին Թորոս Եվ Լուսին Սուսանի» բարեգործական հիմնադրամը պատկանում է Ֆրանսիայում բնակվող սիրիահայ ընտանիքի: Լեւոն Երնջակյանը պատմում է, որ ընտանիքի հայրը՝ Թորոսը, միշտ երազել է Հայաստանում ներդրում կատարել, եւ նրա մահից հետո զավակները Լեւոն Երնջակյանի առաջարկով որոշել են իրականացնել այս ծրագիրը:

«Նման կենտրոնի կարիք Հայաստանում իրապես կար: Ներկայումս գործում է պարտեզի ցերեկային ռեժիմը, երբ տարեցներն առավոտյան գալիս են, այստեղ ժամանակ անցկացնում, մասնակցում խմբակների, իսկ երեկոյան գնում են: Շուտով կգործի նաև կենտրոնի գիշերակացով ռեժիմը, որի պարագայում տարեցները կկարողանան մնալ այստեղ 24/7 տարբերակով»,- մանրամասնում է Լեւոն Երնջակյանը՝ հավելելով, որ ներկայումս զբաղված են գիշերակացով շահառուների բժշկական փաստաթղթերի ճշգրտմամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կենտրոնը միանգամայն անվճար է, գիշերակացով տարբերակի պարագայում կարող է ընդունել մինչեւ 30 շահառուի, եւ եւս 30-ի՝ ցերեկային այցելությամբ: Աշխատանքների մեծ մասը՝ մասնավորապես խմբակների գործունեությունն իրականացվում է կամավորների ջանքերով: Լեւոն Երնջակյանի խոսքով՝ տարեցներին տրամադրվում է նաեւ հոգեբանական եւ բժշկական խորհրդատվություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս նախաձեռնությամբ փորձում ենք նաեւ սոցիալական մտածողությունը փոխել, որ տարեցները, տանը պարփակված լինելու փոխարեն, գան այստեղ, զբաղվեն, շփվեն միմյանց հետ, միասին ուրախանան՝ դրանով փոխելով իրենց կյանքի որակը: Ինքս տանը մեծահասակներ ունեմ եւ անձնապես զգացել եմ, որ ինչքան շատ են տանը միայնակ մնում, այնքան շատ են տարբեր հիվանդություններ գլուխ բարձրացնում: Իսկ այստեղ հնարավորություն ենք տալիս մեր մեծահասակներին իրար կողքի լինելու»,- ասում է Լեւոն Երնջակյանը:

Կտրվելով առօրյա հոգսերից

Հիմնադրամի ծրագրերից է նաեւ «Մայրիկ» ավագ սերնդի սիրողական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանն է: Երգչախմբի անդամ 76-ամյա Մարիամ Խաչատրյանը, որը շաբաթական մի քանի անգամ Երեւանից գալիս է «Սուսանի» կենտրոն, շատ սիրում է այդտեղ ասեղնագործել:

«Տանն իմ սենյակում բնական լույս չկա, էլեկտրական լույսի տակ եմ ձեռագործ աշխատանքներ անում: Այստեղ շատ լուսավոր է, երբ գալիս եմ ու սկսում եմ գործել, անգամ չեմ էլ ուզում տուն գնալ»,- ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իր ձեռագործ աշխատանքներում տիկին Մարիամը ոգեշնչվում է մանրանկարչությունից: Սիրով պատրաստ է կիսվել իր հմտությամբ կենտրոնի մյուս այցելուների հետ:

«Ով որ ցանկություն կունենա, իհարկե կսովորեցնեմ: Պարզապես մի փոքր բարդ է, քանի որ համբերատարություն եւ սեր է պահանջում»,-ասում է նա:

Տիկին Մարիամի համար «Սուսանի» կենտրոնը առօրյա գործերից ու հոգսերից կտրվելու վայր է: Նրա խոսքով՝ միմյանց հետ զրուցելով կարելի է դուրս հանել խնդիրները եւ այդկերպ թեթեւություն զգալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեծ թոռնիկս ջութակահար է, ես ապրում եմ նրա համերգներով եւ մրցույթներով, սակայն երբ պարապմունքներից հոգնած տուն է գալիս, հիմնականում իր սենյակում է լինում, չեմ կարողանում շատ շփվել նրա հետ: Իսկ այստեղ այնպիսի մարդիկ են, որոնք եւս շփման կարիք ունեն, շատերի հետ նույն հետաքրքրություններն ունենք, ուստի օրը շատ լավ է անցնում բոլորիս համար»,- մանրամասնում է տիկին Մարիամը:

Կենտրոնի այցելուներից Սոնյա Թադեւոսյանն էլ սիրում է ժամանակը գրադարանում անցկացնել՝ հոգեւոր գրքերի ընթերցանությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երեխաներս Մոսկվայում են, ապրում եմ միայնակ, ուստի այստեղ ուրախությամբ եմ գալիս, քանի որ կարող եմ շփվել տարեկիցներիս հետ: Հիմա առօրյաս շատ է փոխվել դրական առումով, քանի որ բոլորն էլ կիրթ ու հետաքրքիր մարդիկ են, հաճելի զրույցներ ենք ունենում»,- ասում է տիկին Սոնյան:

Լևոն Երնջակյանի խոսքով՝ կենտրոնում պարբերական հանդիպումներ են կազմակերպում հոգեւորականների հետ: Ծրագրում են ունենալ օրգանական այգի, որի աշխատանքներին իրենց ցանկությամբ կկարողանան մասնակցել նաեւ տարեցները՝ ավելի մոտ լինելով բնությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջիկայում մեր բարերարների ջանքերով կունենանք շահառուներին տեղափոխող մեքենա, կհամալրենք նաև կենտրոնի հնարավորությունները հիշողությունն ամրացնող և վերականգնող թերապևտիկ խաղերով»,- ասում է նա:

Լեւոն Երնջակյանը հույս է հայտնում, որ ծրագիրը հաջողություն կգրանցի, և մոտ ապագայում կկարողանան Հայաստանի այլ մարզերում եւս նման կենտրոններ ստեղծել:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին