Ազգային պատկերասրահի ցուցասրահների բովանդակությունը նույնն է, ինչ գրքի կազմին հաջորդող առաջին էջում գրված փոքրիկ նախաբանը: Բուն բովանդակությունը տեսանելի եւ ընթեռնելի է մի քանի դուռ, հարկ ու անգամ շենք այն կողմ։
Սա փակ աշխարհ է։ Ներս մտնել կարող է հազարից մեկը։ Ի տարբերություն Օպերային թատրոնի, պատկերասրահի դեպքում «նկուղ» ձեւակերպումը սխալ է: Այստեղ ճիշտ է «ֆոնդ» բառի կիրառումը, բայց ավելի ստույգ է՝ «պահոցը»:
«Բարի գալուստ արվեստի աշխարհ, դուք կանգնած եք գլուխգործոցների մեջ»:
Այս նախադասությունն այդպես էլ ոչ մեկ բարձրաձայն չասաց, երբ ներս մտանք։ Բայց Այվազովսկու, Սարյանի, Աղաջանյանի, Մինասի ու Բաշինջաղյանի կողքին զգացողություն-սպասումը հենց այդպիսին էր։
Լուսանկարը` Մեդիամաքս
Փոխարենը մեզ միանգամից ասացին, որ եզակի հնարավորություն է այստեղ գտնվելը։ Բայց հնարավորությունը նաեւ սահմանափակ է. լուսանկարելիս տեսախցիկի լույսը չպետք է աշխատի, ուսապարկերն էլ մի անկյունում պետք է թողնել։ Թե´առաջինը, թե´ երկրորդը կարող են վնասել, վտանգել արվեստի նմուշը։
Եթե հաշվենք, թե արվեստի քանի տեսակ է ներկայացվում պատկերասրահում, կարելի է նաեւ գլխի ընկնել, թե քանի ֆոնդ ու նաեւ ենթաֆոնդ կա այստեղ։ Բուն թիվը չի բացահայտվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
- Ամեն ֆոնդ իր ֆոնդապահն ունի։ Այստեղ աշխատանքները պահպանվում են նաեւ ըստ արվեստի տեսակների, օրինակ՝ գեղանկարներն այլ ստորաբաժանում ունեն, իսկ կիրառական արվեստը՝ այլ։ Քանի որ հայկական գեղանկարը կազմում է հավաքածուի գերակշիռ մասը, գեղանկարը պահպանվում է ըստ երկրների, հայկականը՝ առանձին, սփյուռքը՝ առանձին, արտասահմանյանը՝ առանձին,- ասում է ֆոնդերի հաշվառման ենթաբաժնի վարիչ Նունե Ավետիսյանը։
Հայկական գեղանկարի ֆոնդում ամեն ինչ դասավորված է շարքերով։ Գույներից հետո առաջինն աչքի են ընկնում թվերը։ Ամեն շարք ու գործ համարակալված է։ Կտավներն ուղղակի դասավորված չեն, դրանք բաժանված են ըստ հեղինակների։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տեղ-տեղ որոշ գործեր դասավորված են ժամանակագրական հերթականությամբ. մի շարքում՝ 17-րդ, մյուսում՝ 18-րդ, երրորդում 19-րդ դարի աշխատանքներն են։ Վահանակները, որոնց վրա տեղադրված են նկարները, շարժական են։
Լուսանկարը` Մեդիամաքս
- Դրանցից յուրաքանչյուրի տեղագրությունը գիտի ֆոնդապահը։ Ամեն ինչ գրանցված է տեղակայման ցուցակում։ Կան նաեւ մատյաններ, որտեղ ամենայն մանրամասնությամբ գրվում է, թե վահանակի որ մասում որ առարկան է կախված,- բացատրում է Նունե Ավետիսյանը, եւ միանգամից պարզ է դառնում, թե ինչ հաստափոր մատյաններ են դրված մուտքի մոտ գտնվող սեղանին։ Ամեն ինչ գրանցվում է թղթին, համակարգիչներ չկան։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պահոցում ցուրտ չէ։ Հրապարակումներն այն մասին, թե խոնավությունից ամեն ինչ բորբոսնում է, մեղմ ասած՝ իրականության հետ կապ չունեն։
Դրսի՝ +1 աստիճան ջերմության պայմաններում պահոցում բավականին տաք է։ Առանց վերարկու չես մրսում, աշխատակիցներն էլ սպիտակ խալաթներով են տարածքում։
Ֆոնդերի օդափոխության համակարգերը 35 տարեկան են, աշխատում են առանց բողոքելու եւ առանց վտանգելու ցուցանմուշները, բայց մի խնդիր կա՝ այս սարքերի պիտանելիության ժամկետը վաղուց անցել է, իսկ սրահում ջերմախոնավային ռեժիմն անհրաժեշտություն է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Օդափոխման նոր սարքեր էլ կան, բայց պատկերասրահի խնդիրը մեկ կենտրոնացած համակարգ ունենալն է, որ բոլոր սրահները մատակարարվեն նույն կայուն ջերմաստիճանով։
- Խոնավությունը եւ ջերմաստիճանը պահոցում պետք է որոշակի սահմաններում լինի՝ 18 աստիճան եւ 50-70 տոկոս խոնավություն։ Այս պահին նման պայմաններ չունենք, բայց չենք դժգոհում, ձգտում ենք լավին եւ պահում ենք եղածը,- ասում է ֆոնդապահ Գայանե Մարգարյանը։
- Եվ քանի՞ տարի եք արդեն պահում։
- Վաղուց։ Բայց գիտեք, միշտ չէ, որ այսպես է եղել։ Տարիներ առաջ եւ հիմա պահոցների վիճակը նույնը չէ։ Ամեն ինչ գնալով ավելի է լավացել, եւ հիմա ամեն ինչ շատ ու շատ ավելի լավ վիճակում է։ Սա ե´ւ տնօրենի շնորհքն է, ե´ւ աշխատակիցների նվիրվածության ու հոգատարության արդյունքը։
Գայանե Մարգարյանն այստեղ աշխատում է արդեն 46 տարի։ Հնաբնակներից միակը չէ, բայց նոր աշխատակիցների պակաս էլ չկա։ Միայն թե ամեն մեկը չէ, որ կարող է ֆոնդապահ աշխատել։ Պատկերասրահում չգրված օրենք կա՝ ֆոնդապահ կարող է աշխատել միայն այն մարդը, որը երեք տարի աշխատել է թանգարանում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խորհրդային տարիներին այս օրենքը նաեւ գրված է եղել, միայն թե պարտադիր է եղել ոչ թե երեք, այլ հինգ տարվա աշխատանքային փորձը։
- Վստահության հարց կա։ Ամեն մեկը չի կարող ներս մտնել այս դռնից ու մնալ այստեղ ու այն էլ 4 տասնամյակ։
- 46 տարի շարունակ նույն տեղում․․․ Չե՞ք ձանձրացել նույն աշխատանքից ու միջավայրից։
- Օ՜, ոչ, ի՞նչ եք ասում։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։ Եվ այնպես չէ, որ բոլոր օրերը նման են իրար։ Մեր աշխատանքային օրը միշտ տարբեր կերպ է սկսվում ու շատ տարբեր էլ ավարտվում,- ասում է տիկին Գայանեն։
Երբ որեւէ աշխատանք է մուտք գործում թանգարան, սկզբում հայտնվում է հաշվառման բաժնում, աշխատողները մշակում են աշխատանքը, այն ստանում է հաշվառանիշ եւ հայտնվում պահոցում։ Ահա այստեղ էլ սկսվում է ֆոնդապահների աշխատանքը։ Նրանք կազմում են տվյալ գործի աշխատանքային քարտը, նշում հեղինակին, որոշում կամ էլ տեղավորում են համապատասխան վահանակին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիտական քարտը կազմելու պարտականությունն արդեն գիտական բաժնի աշխատակիցներինն է։ Ֆոնդապահները նաեւ հետեւում են պահոցում գտնվող առարկաներին եւ առաջինն են ահազանգում վերականգնողին, եթե նկատում են, որ ինչ-որ բան այն չէ։
- Իմ աշխատանքը հրաշալի է։ Միայն այն, որ ամեն օր շփվում ես արվեստի հետ, արդեն ամեն ինչ է։ Գիտե՞ք, բավական է մտնեմ պահոց եւ, վերջ, կտրվում եմ արտաքին աշխարհից։ Եվ ամբողջ էությամբ ձուլվում եմ այս միջավայրին, ապրում այս ամենով։
- Եվ հատկապես ո՞ր կամ ո՞ւմ գործերով եք ապրում։
- Այս տարիների փորձն ինձ սովորեցրել է նայել նկարչի աշխատանքին եւ հասկանալ, թե ինչպիսի մարդ է նկարիչը։ Շատ եմ սիրում Հովհաննես Ալխազյանին (ֆրանսահայ նկարիչ՝ 1881-1958թթ։ Հայաստանի ազգային պատկերասրահում է պահպանվում նրա 200 աշխատանք - Մեդիամաքս):
Կարեւոր չէ, ինչ տրամադրությամբ եմ գալիս աշխատանքի, բավական է նայել Ալխազյանի գործերին, եւ սիրտս բացվում է։ Արեւոտ, շատ լուսավոր աշխատանքներ են։
- Նկարչի մեջ մարդուն եք գտնում։ Իսկ մարդկանց մեջ նկարիչներին հե՞շտ եք տարբերում։
Լուսանկարը` Մեդիամաքս
- Ոչ։ Նման տաղանդ չունեմ։ Դե, հնարավոր է, երեխաների նկարներին նայելով հասկանամ՝ երեխան նկարչի տաղանդ ունի, թե ոչ։ Բայց առհասարակ ես այդ գործը թողնում եմ մասնագետներին, չեմ մտնի նրանց խոհանոց։ Ի դեպ, թոռներս են լավ նկարում։ Տանս գույներն էլ իրենք են ապահովում։
Աշխատանքը ֆոնդերում շղթայական մեխանիզմ է։
- Եթե շղթայի մի օղակը թերանա, ամբողջ մեխանիզմը կանգ կառնի,- ասում է տիկին Լուսյան ու հպարտությամբ բացում պահարանի դուռը։
Ցույց է տալիս, որ իր բաժնում՝ դեկորատիվ կիրառական իրերի ֆոնդապահոցում, անգամ փոշու հատիկ չկա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Իրերն այստեղ դասավորված են պահարաններում։ Ամեն մեկն առանձին պահատուփ ունի։ Պահարանների դռների արտաքին մակերեսին փակցված է երկրի անվանումը։
- Ներսի կողմում, տեսեք, փակցված է, թե քանի առարկա կա այստեղ, ինչ վիճակում է, որն ինչ հաշվառանիշ ունի եւ որ երկրինն է։
- Իսկ Ձեր սիրելի պահատուփը ո՞րն է։
- Գերմանականը։ Մոտեցեք այստեղ։ Տեսեք, ինչ հրաշք են,- հախճապակե բաժակներն է մատնանշում տիկին Լուսյան։
Տիկին Լուսյան մինչեւ պատկերասրահում աշխատելը Սարյանի թանգարանում է աշխատել։ Գերմաներենի նախկին մասնագետը նաեւ Ռուսաստանի պահարանի բովանդակությունն է սիրում։ Բացատրում է՝ եվրոպականից կտրուկ տարբերվում է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գործվածքի ֆոնդապահոցի կողքով անցնելիս էլ պարզում ենք, որ այդտեղ էլ պահվում է դեռ 18-րդ դարում գործած մի գորգ։ Մուտքը կողպած է։
Հասնում ենք մեկ այլ ֆոնդի, որտեղ պահպանվում են միջնադարյան գեղանկարներ, կահույք։ Առանձնացված են։ Որեւէ կահույք ամբողջությամբ տեսնել չի հաջողվում՝ ծածկված է սպիտակ կտորով։
- Հատուկ հաստ, բայց շնչող կտորներ են։ Գույնի ընտրությունն էլ պատահական է, ուղղակի ուզում էինք, որ միանման լինի, սրահի ընդհանուր տեսքը պահպանվի,-բացատրում է Նունեն՝ ֆոնդերի հաշվառման ենթաբաժնի վարիչը, որն ամբողջ ընթացքում ուղեկցում է մեզ։
Լուսանկարը` Մեդիամաքս
- Իսկ ֆոնդապահներն ինչքա՞ն աշխատավարձ են ստանում։
- 70 հազար դրամ։ Բայց պարզից էլ պարզ է, որ գումարի համար այստեղ գրեթե ոչ մեկը չի աշխատում։
Մյուս ֆոնդերի բովանդակությունը չենք տեսնում։ Դուրս գալուց առաջ ստորագրում ենք գրանցամատյանում։
- Այստեղ այդպես են անում բոլորը, նույնիսկ ֆոնդապահները՝ միմյանց պահոցներ այցելության ժամանակ։ Անգամ բանալիները նրանք այստեղ ստանում եւ հանձնում են հատուկ ստորագրությամբ, ամեն մեկն էլ իր հատուկ կնիքն ունի,- բացատրում է Նունեն։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: