Ճապոնացի վանականի խաղաղության ուխտն ու Հայաստանը - Mediamax.am

exclusive
9239 դիտում

Ճապոնացի վանականի խաղաղության ուխտն ու Հայաստանը


Քանշին Իկեդան
Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանշին Իկեդան
Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանշին Իկեդան
Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանշին Իկեդան
Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանշին Իկեդան
Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանշին Իկեդան
Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

 Քանշին Իկեդան
Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Խիստ տարբերվող արտաքինով ճապոնացի վանականին Երեւանում ու նաեւ Հայաստանի այլ քաղաքներում արդեն շատերն են ճանաչում: Բուդհայականության Ուսմունքի վանական Քանշին Իկեդան տարիներ շարունակ շրջում է աշխարհի տարբեր երկրներով՝ հնչեցնելու խաղաղության ձայնը:

Նա Մեդիամաքսին պատմել է իր ուխտի, ճանապարհորդությունների ու Հայաստանում անցկացրած օրերի մասին:

Վանական դառնալու որոշումը

Քանշին Իկեդան շրջում է Հայաստանի տարբեր քաղաքներով՝ հիմնականում ոտքով: Ձեռքին միշտ թմբուկ հիշեցնող երաժշտական գործիք է, որին հարվածելով էլ հնչեցնում է բուդհայական մանտրան՝ հանուն աշխարհում խաղաղության հաստատման:

Քանշին Իկեդան Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրան արդեն ճանաչող անցորդները հայերենով բարեւում են, փորձում զրույցի բռնվել: Իկեդան թեեւ չի հասկանում՝ ինչ են ասում, բայց մշտապես յուրաքանչյուրին ի պատասխան մի քանի անգամ ասում է «thank you» (շնորհակալություն): Բարդ կլինի պարզապես հաշվել, թե այդ բառն օրական քանի անգամ է հնչում նրա շուրթերից: Անգամ հայերեն «շնորհակալություն» բառն է սովորել, որ հենց հայերիս հաճախ երկար է թվում արտաբերելու համար:

Իկեդան ծնվել ու մեծացել է Ճապոնիայում: Պատմում է, որ թեեւ իր ընտանիքում վանականներ չեն եղել, տատիկն ու մայրը հաճախ էին վանք այցելում:

«Երբ 10 տարեկան էի, տատիկս առաջին անգամ ինձ եւս տարավ բուդհայական վանք, եւ ես խորը կապ զգացի Բուդհայի հետ: Համալսարանն ավարտելուց հետո արդյունաբերական ոլորտի մի կազմակերպությունում էի աշխատում: Այդ տարիներին Բուդհայականության վերաբերյալ մի գիրք գնեցի գրախանութից եւ սկսեցի ինքնուրույն Ուսմունք սովորել: 2 տարի անց՝ 28 տարեկանում, վանք այցերիցս մեկի ժամանակ հստակ որոշում կայացրի՝ դառնալ վանական»,- պատմում է Իկեդան:

Ճանապարհորդություն՝ խաղաղության հնչյուններով

Տարիներ շարունակ Տոկիոյում Ուսմունքի պրակտիկայից հետո Իկեդան որոշում է 2017 թվականից ճանապարհորդել տարբեր երկրներով՝ իր աղոթքները աշխարհի տարբեր ծայրերում հնչեցնելու համար:
Քանշին Իկեդան Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա եղել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, աֆրիկյան մի շարք երկրներում: Երբեմն քայլել է Ուսմունքի իր ճյուղի հետեւորդ եղբայրների հետ, երբեմն էլ միայնակ: Մասնակցել է տարբեր հոգեւոր արարողակարգերի, նաեւ խաղաղության ստուպաների կառուցմանը տարբեր երկրներում:

2019-ին Նեպալում լինելուց հետո Հնդկաստան է այցելել, որտեղ միացել է Jal Jagat մեկամյա խաղաղության համաշխարհային քայլերթին՝ Հնդկաստանից դեպի Շվեյցարիա:

Կորոնավիրուսի պատճառով ուխտավորներից շատերն իրենց երկրներ են վերադարձել, մինչդեռ Իկեդան եւ մի քանի ընկերներ շարունակում են իրենց առաքելությունը:

Գիշերակաց՝ բաց երկնքի տակ

Մարտ ամսից Հայաստանում լինելով՝ նա հասցրել է լինել Գյումրիում, Սպիտակում, Իջեւանում, Սեւանում եւ մի շարք այլ քաղաքներում: Հիմնականում ոտքով է քայլում, սակայն հաճախ բարի մարդիկ մեքենայով որոշակի ճանապարհ տանում են:
Քանշին Իկեդան Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նորավանքում մի բարի կնոջ հանդիպեցի, որ թղթի վրա ինձ համար հայերենով գրեց հետեւյալը. «Կարո՞ղ եմ ձեր տանը մնալ մեկ գիշեր»: Այս թուղթը ցույց եմ տալիս տեղացիներին, եւ հաճախ մարդիկ շատ բարի են գտնվում իմ նկատմամբ, ներս են հրավիրում, թույլ տալիս, որ ցնցուղ ընդունեմ, իրենց տանը գիշերեմ»,- պատմում է վանականը:
Քանշին Իկեդան Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս


Իկեդան պատմում է, որ հաճախ քարանձավներում կամ պարզապես բաց երկնքի տակ է քնում՝ քնապարկում: Երբեմն էլ ճանապարհին լքված տներ են հանդիպում, որ իր համար կացարան են դառնում:

«Հայերն անչափ հյուրասեր են ու շատ բարի են իմ նկատմամբ: Երբեմն պայուսակս շատ է ծանրանում սննդի նվիրատվությունից, քանի որ մարդիկ միշտ բանջարեղեն, լավաշ եւ այլ մթերքներ են հյուրասիրում, հաճախ նաեւ գումար են նվիրաբերում: Ես իսկապես շատ եմ գնահատում այս վերաբերմունքն ու խորապես երախտապարտ եմ»,- ասում է նա:

«Մանտրան նման է դեղամիջոցի»

Երաժշտական գործիքը, որ միշտ ուղեկցում է վանականին, պատրաստվում է Ճապոնիայում: Դրա մակերեսի վրա հետագայում վանականներն իրենց աղոթքներն են գրում:
Քանշին Իկեդան Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս


Իկեդայի գործիքի վրա գրված է Na Mu Myo Ho Ren Ge Kyo մանտրան, որ դժվարություններին երբեք չզիջելու եւ տառապանքները հաղթահարելու խոստում է: Դա նաեւ ուխտ է օգնելու մյուսներին բացահայտելու այս սկզբունքն ու հասնելու երջանկության: 

«Մանտրայի էությունը հնարավոր չէ բացատրել, որովհետեւ այն ամբողջապես հոգեւոր է: Դա նման է դեղամիջոցի: Դու հավատում ես բժշկին, խմում նրա տված դեղն ու առողջանում, այդպես էլ մանտրայի դեպքում է՝ խորը հավատով արտասանված մանտրան բուժում է ու վերացնում տառապանքը»,- ասում է Իկեդան:

Պատերազմից ազատ քաղաքակրթություն

Իկեդան ասում է, որ թեեւ անձամբ պատերազմի միջով չի անցել, բայց լավ ծանոթ է պատմությանն ու գիտի պատերազմների պատճառած տառապանքների մասին: Նա նաեւ տեղեկացված է Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղյան հակամարտության մասին, որի համար էլ անչափ կարեւորում է Հայաստանում իր աղոթքը հնչեցնելը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Ֆուկուսիմայի ատոմակայանը վնասվել էր, որը մեծ վնաս հասցրեց մարդկանց ու բնությանը: Աչքիս առաջ ունենալով այս ողբերգությունը՝ հուլիսի վերջին ցանկանում էի Մեծամոր այցելել, որտեղ եւս ատոմակայան կա: Ճանապարհին ինձ կանգնեցրեց ոստիկանն ու տարավ ոստիկանական բաժանմունք, որտեղ երկարատեւ հարցաքննության ենթարկվեցի: Երբ դուրս եկա բաժանմունքից, արդեն բավականին ուշ էր, եւ չգիտեի՝ որտեղ եմ գիշերելու: Մի բարի կին ոստիկան ուտելիք եւ գումար նվիրաբերեց, նաեւ ծանոթացրեց ինձ սոցիալական աշխատող կնոջ հետ, որն էլ ինձ կացարանով եւ սննդով ապահովեց: Անչափ գնահատում են նրանց բարությունը»,- պատմում է Իկեդան՝ հավելելով, որ թեեւ 2 կմ հեռավորությունից, բայց այնուամենայնիվ ավարտին է հասցրել իր աղոթքը Մեծամորի ատոմակայանի համար:
 Քանշին Իկեդան Քանշին Իկեդան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճապոնացի վանականը նաեւ շատ կարեւոր է համարում իր հոգեւոր Ուսուցիչ Նիչիդատու Ֆուջիի պատգամի տարածումը, որ հետեւյալն է. «Քաղաքակրթություն չի նշանակում ունենալ էլեկտրականություն, ինքնաթիռներ կամ ատոմային ռումբեր: Քաղաքակրթություն նշանակում է չսպանել եւ չավիրել, պատերազմներ չհրահրել: Քաղաքակրթություն նշանակում է պահպանել փոխադարձ ջերմություն եւ հարգել միմյանց»:

«Խաղաղությունը կգա, եթե...»

«Մենք բոլորս նույն մարդ արարածն ենք՝ անկախ նրանից, թե որ երկրից ենք, ինչ Ուսմունքի կրող ենք, մենք եղբայրներ ենք ու պետք է խորը հարգանք ունենանք միմյանց նկատմամբ: Եթե մենք սիրենք ու հարգենք միմյանց, ի սրտե աղոթենք եւ հավատանք, խաղաղությունը կգա: Ես հավատում եմ դրան»,- ասում է Իկեդան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սահմանները բացվելուն պես ճապոնացի վանականը կհեռանա Հայաստանից՝ շարունակելու իր առաքելությունն այլ երկրներում: Նա պետք է նոյեմբերին Ճապոնիա վերադառնա, որպեսզի մասնակցի երկու մեծ բուդհայական արարողությունների:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բնակիչներին, գնահատում եմ նրանց բարությունն ու հույս ունեմ ապագայում կրկին լինել Հայաստանում»,- ավարտում է զրույցը Քանշին Իկեդան:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին