Հատվածներ 2025 թվականի սեպտեմբերին լույս տեսած Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գրքից:
Գրքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (2018թ. մայիս-2020թ. նոյեմբեր) եւ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ (2010թ. հոկտեմբեր-2017թ. փետրվար) Դավիթ Տոնոյանը մանրամասն անդրադառնում է կարեւոր հարցերի, որոնց մասին նախկինում չէր խոսել:
- 2019 թվականի ապրիլի հարցազրույցում հարցրել էի՝ գո՞հ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր աշխատանքային հարաբերություններից: Պատասխանել էիք.
«Այո՛, մենք ամենօրյա կապի մեջ ենք: Վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում Զինված ուժերին, ինչպես եւ միշտ արել են Հայաստանի ղեկավարները: Վարչապետը շատ լավ պատկերացնում է մեր առջեւ ծառացած խնդիրները եւ սրտացավ է դրանց լուծման հարցում»:
Նույն թվականի սեպտեմբերին հերքել էիք լուրերը Ձեր հնարավոր պաշտոնաթողության մասին: Ի վերջո՝ ինչպիսի՞ն էին Ձեր հարաբերությունները:
- Մենք տարբեր դաստիարակություն, կրթություն, կյանքի եւ աշխատանքի փորձ ունենք, ինչի արդյունքում շատ տարբեր մարդիկ ենք՝ հոգեկերտվածքով ու արժեքներով: Այնուհանդերձ, ես փորձել եմ փոխընդունելի աշխատանքային հարաբերություններ ձեւավորել:
Lարվածություն կար հարաբերություններում, որը պայմանավորված էր այդ թվում իր գնահատականներով մեր նախկին զինվորականների հասցեին, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ անընդհատ գտնվում էի տարբեր ձեւաչափով ստուգումների ներքո, ինչը, բնականաբար, անվստահության եւ նյարդային մթնոլորտ էր ստեղծում: Բայց քանի որ Զինված ուժերում «հեղափոխականությունը» եւ պոպուլիզմը անընդունելի եմ համարել, ապա փորձել եմ զսպող, հավասարակշռող դերակատարություն ունենալ:
- Հենց պատերազմի ընթացքում եղե՞լ են իրավիճակներ, երբ տարաձայնություններ եք ունեցել վարչապետի հետ:
- Պատերազմի ընթացքում վարչապետը մեկ անգամ ցանկացել է ինձ պաշտոնանկ անել՝ մեկ դրվագում զինամթերքի մատակարարման խնդրի հետ կապված:
Լարված իրավիճակ եղավ նաեւ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստերից մեկում, երբ պահանջեցի ինձ ծանոթացնել կարգավորման այն տարբերակի հետ, որը Ռուսաստանի միջնորդությամբ քննարկվում էր Ադրբեջանի հետ նախքան սեպտեմբերի 27-ը: Վարչապետի արձագանքն էր, որ զինվորականները պետք է զբաղվեն «իրենց գործով»:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Դրանից հետո՝ հոկտեմբերի 20-ին, ես գործուղվել եմ Մեղրի։ Այնտեղ իրական վտանգներ կային, բայց վստահ եմ, որ իմ՝ Մեղրիում այդքան երկար մնալու կարիքը չկար։ Ես, գտնվելով Մեղրիում, տեղեկություն չունեի այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը վարչապետին առաջարկել է ռուս զինվորականներին տեղայակել Մեղրիում՝ որպես սպառնալիքների չեզոքացման հավելյալ միջոց։ Հետո եմ այդ մասին իմացել։
Երբ վերադարձա Մեղրիից, ամեն ինչ արդեն այլ տրամաբանությամբ էր ընթանում։ Ամեն ինչ գնում էր, այսպես ասած, «լուծման»։ Դա էր իրականությունը հոկտեմբերի 19-ից հետո։
***
- 2023 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին «անկլավները»: 2021 թվականի հունվարին մեզ հետ հարցազրույցում ասել էիք, որ «զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր»: Ես գիտեմ, որ հենց անկլավների մասին էր խոսքը: Ի՞նչ եւ ինչպե՞ս է եղել իրականում:
- 2020 թ. նոյեմբերի 9-ի երեկոյան վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության առաջարկված տարբերակը՝ ինձ, ԱԳՆ-ին եւ այլ գերատեսչություններին հանձնարարելով իր դիրքորոշումը փոխանցել ռուս գործընկերներին:
Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջեւանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, եւ քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ:
Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ եւ իմ ռուսաստանցի գործընկերոջ միջեւ մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության եւ այլ կարեւոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին:
- Եթե համաձայնեցվել էր, որ հայկական զորքերը մնում են 2020 թ․նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց, եւ ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց:
- Այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների հետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաեւ «անկլավների» հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:
Հարավում մեր զորքերի հետքաշման որոշումը զինվորականների կողմից չի կայացվել: Տեղյակ եմ, որ Գլխավոր շտաբը դեմ է եղել նման հետքաշմանը: Բայց քաղաքական որոշում է եղել՝ կայացված վարչապետի կողմից: Եվ դա Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսակետից ունեցել է շատ լուրջ հետեւանքներ, որի ականատեսը մենք արդեն եղել ենք եւ, ցավոք, կարող ենք նորից լինել: Մեր այդ զիջման դիմաց մենք դեռ ոչինչ չենք ստացել՝ միայն նոր մարտահրավերներ:
- Նոյեմբերի 9-ից 11 օր հետո Դուք ազատվեցիք պաշտոնից։ Սպասելի՞ էր վարչապետի որոշումը Ձեզ համար։
- Սպասելի չէր այն իմաստով, որ ես պատրաստ էի աշխատել, լուծումներ գտնել՝ շատ անելիքներ կային։ Վստահ եմ, որ հատկապես պատերազմի շրջանում ռուսաստանցի պաշտոնակցիս հետ ձեւավորված աշխատանքային եւ մարդկային հարաբերությունների շնորհիվ կարող էինք մի շարք ուղղություններով բարենպաստ լուծումներ ապահովել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Բացի դրանից, եթե հետպատերազմական վիճակում պաշտոնանկ են արվում արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, չի կարող չհեռանալ կառավարության եւ նրանց անմիջական ղեկավարը՝ վարչապետը:
- Իսկ նախքան ազատվելը հնարավորություն ունեցե՞լ եք վարչապետի հետ խոսելու։
- Ինձ հրավիրել էին վարչապետի մոտ, եւ նա ինձ հայտնեց, որ որոշում է կայացրել ինձ պաշտոնանկ անելու մասին։ Դա նոյեմբերի 20-ի առավոտյան էր՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցի մեկնարկից ժամեր առաջ։
- 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: Դուք Ձեր պատասխանատվության չափը ինչպե՞ս եք ձեւակերպում:
- Որպես պաշտպանության նախարար՝ պատասխանատու եմ եղել կառավարության ծրագրի`պաշտպանական ոլորտի կատարելագործման, ընթացիկ գործունեության ապահովման եւ արդյունքների համար։ Անգամ եթե ամենը ինձնից կախված չէր, արդյունքը՝ ներառյալ մարդկային կորուստները, իմ խղճի վրա են։
Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գիրքը կարող եք գնել «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութներում, ինչպես նաեւ առցանց այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/davit-tonoyan:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: