Իէն Գիլանը, Ջոն Դին եւ «որբերի դասարանը» Սպիտակում - Mediamax.am

Սեպտեմբեր 19, 2025
exclusive
8366 դիտում

Իէն Գիլանը, Ջոն Դին եւ «որբերի դասարանը» Սպիտակում


Իէն Գիլանը եջ Ջոն Դին Սպիտակում 1990թ. մայիսին
Իէն Գիլանը եջ Ջոն Դին Սպիտակում 1990թ. մայիսին

Լուսանկարը` Ջոն Դիի արխիվից

Ջոն Դին, Հրանտ Ոսկանյանը եւ Իէն Գիլանը Երեւանում 1990թ. մայիսին
Ջոն Դին, Հրանտ Ոսկանյանը եւ Իէն Գիլանը Երեւանում 1990թ. մայիսին

Լուսանկարը` Ջոն Դիի արխիվից


1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հատուկ նախագիծը բացահայտում է ծրագրի մանրամասները:

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:


***

1990թ. մայիսին Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին Իէն Գիլանի հետ այցելել էր Հայաստան: Ստորեւ ներկայացված են նրա հիշողությունները:

Rock Aid Armenia նախագծի շրջանակներում նոր էի թողարկել «The Earthquake Album»-ը, որը Բրիտանիայում դարձավ «ոսկե»: Իէնի հետ միասին ցանկանում էինք մեր աչքերով տեսնել այն, ինչ տեղի էր ունենում աղետի գոտում:

«Smoke on the Water» ալբոմի ու սինգլի հաջողության շնորհիվ ես ծանոթ էի Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանի եւ նրա թիմի հետ: Նրանք աջակցեցին, որպեսզի ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիան հովանավորեր իմ այցը, եւ դա շատ դռներ բացեց: Չնայած դրան, КГБ-ն հետեւում էր ինձ: Ամենազավեշտալի դեպքը տեղի ունեցավ Մոսկվայի օդանավակայանում, երբ սպասում էի «Աէրոֆլոտի» չվերթին դեպի Երեւան: Վարդագույն կոստյումով մի մարդ անգլիական թերթ էր կարդում՝ ապարդյուն փորձելով արեւմտյան զբոսաշրջիկ երեւալ: Ուշադիր նայելով նկատեցի, որ նա թերթը բռնել էր գլխիվայր: Ձեռքի շարժումով նրան ցույց տվեցի, որ ավելի հարմար կլինի թերթը կարդալ ճիշտ դիրքով: Նա նայեց թերթին, ծիծաղեց իր վրա, աչքով արեց ինձ ու ժպտաց: Ես էլ ի պատասխան ժպտացի:

Թռիչքը Երեւան

Ինքնաթիռն այնքան լիքն էր, որ որոշ մարդիկ կանգնած էին ողջ թռիչքի ժամանակ: Մի քանիսն իրենց հետ նույնիսկ հավեր էին տեղափոխում: Մի խոսքով, դա հեռու էր նրանից, ինչին ես սովորել էի բրիտանական ավիաուղիներում: Ինքնաթիռի վիճակը թռիչքից առաջ անհանգստացնում էր ինձ, սակայն վայրէջքը շատ ավելի վախենալու էր: Մենք կտրուկ իջանք եւ այնպիսի կոշտ վայրէջք կատարեցինք, որ ուղեբեռը ցած ընկավ վերեւի դարակներից: Երբ ինքնաթիռը ցատկոտեց ասֆալտի վրա, մեր սրտերը կանգ առան: Նույնիսկ տեղի ուղեւորներն էին շփոթված երեւում:

Հաջորդ օրը Իէնի հետ մեկնեցինք Սպիտակ: Մեզ տրամադրեցին գեղեցիկ լիմուզին («Չայկա»-Մեդիամաքս), որը, կարծես վերցված լիներ 50-ականների հոլիվուդյան ֆիլմերի նկարահանումներից: Սպիտակի ճանապարհը երկար էր, եւ մենք Իէնի հետ շատ ժամանակ ունեինք Rock Aid Armenia ծրագրի մասին խոսելու համար:

Ի՞նչ է սպասվում երկրաշարժի գոտում

Չգիտեինք, թե մեզ ինչ է սպասվում երկրաշարժի գոտում: Ինչ-որ մեկը ժամանակ կունենա՞ մեզ ցույց տալ ամեն բան: Մեզ ներս կթողնե՞ն մարդկանց տներ: Շատ հարցեր էին անցնում մեր մտքով ճանապարհի ընթացքում:

Առաջինը, ինչ մենք տեսանք, երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն էր: Գերեզմանոցը հեռու չէր, եւ մենք նկատեցինք, որ Հայաստանում գերեզմանաքարերը խիստ տարբերվում են նրանցից, որոնք ընդունված են Արեւմուտքում: Դրանց վրա լուսանկարչական ճշգրտությամբ պատկերված էին մահացածների դեմքերը: Ամենաշատը մեզ ցնցեցին երեխաների նկարներով տապանաքարերը: Իէնին ու ինձ ցույց տվեցին մի տապանաքար, որի վրա ամբողջ ընտանիքի նկար էր: Հետադարձ ճանապարհին տեսանք անթիվ քանակությամբ քարեր նման դեմքերով… Մեզ համար չափազանց դժվար էր զսպել զգացմունքները:
 
Ապա Սպիտակում ուղեւորվեցինք միջազգային ավանը: Նախ` հանդիպեցինք տարեց մի կնոջ, որը ապրում էր ընդամենը մեկ սենյակից բաղկացած ժամանակավոր տնակում: Ներս մտնելով՝ տեսանք նրա հարազատների լուսանկարերով պատված պատը: Մատնացույց անելով նկարները՝ նա լաց եղավ: Թարգմանիչն ասաց, որ նրանք բոլորը մահացել են: Նա մեզ հետ խոսում էր մի լեզվով, որը մենք չէինք հասկանում, սակայն մեզ թարգմանություն հարկավոր չէր: Նրա ձայնն ու հեկեկանքը բացատրում էին ամեն ինչ: Կյանքի մայրամուտին նա կորցրել էր ամբողջ ընտանիքը: Իէնը նուրբ գրկեց նրան: Նա նայում էր կնոջ աչքերին ու ոչինչ չէր ասում: Դա նույնիսկ պետք էլ չէր: Ես բռնեցի նրա ձեռքերը, եւ նա գլուխն իմ ուսին դրեց: Զգացի նրա արցունքներն իմ պարանոցին: Ես ընդամենը 27 տարեկան էի եւ նախկինում երբեւէ չէի զգացել անծանոթ մարդու այսպիսի վիշտ: Վիշտը համակեց սենյակը…
   
«Որբերի դասարանը»

Ապա Իէնն ու ես տեսանք մի բան, ինչն ավելի ցնցեց մեզ: Գնացինք ժամանակավոր կացարանում տեղակայված դպրոց եւ մտանք «որբերի դասարան»: Պարզվեց, որ այստեղի երեխաներից շատերը կորցրել են իրենց ընտանիքները: Մայրերին, հայրերին, եղբայրներին, քույրերին, տատիկներին, պապիկներին: Երեխաների աչքերն ինձ այնպես ցնցեցին, որ մինչ օրս չեմ կարող այդ օրվա մասին բարձրաձայն խոսել: Նայելով նրանց աչքերին՝ տեսնում ես, որ նրանք դեռ կենդանի են, սակայն զգում ես, որ հոգեպես մահացել են: Հայտնաբերեցի, որ աչքերիցս արցունքներ են հոսում, երբ գրում եմ այս տողերը: Ես գիտակցում էի, որ հնարավոր չէ մեղմել այդ երեխաների վիշտը: Դա սղոցում էր իմ հոգին այն ժամանակ, եւ հիշելով այդ հանդիպման մասին՝ այն կեղեքում է հոգիս նաեւ այսօր: 

Մենք վերադարձանք մեքենա: Ոչ ոք չէր խոսում: Պարզապես չէինք կարող խոսել: Շոկի մեջ էինք: Անցնելով փլատակների կողքով՝ մենք չէինք կարող հարց չտալ՝ ինչպե՞ս կարող է հասարակությունը ոտքի կանգնել այսպիսի ամայացումից ու վշտից: Մենք կանգ առանք, որպեսզի հարցազրույց նկարահանենք MTV-ի համար: Հիշում եմ՝ այդ ժամանակ ասում էի, որ այս հողը դեռ տասնամյակներ օգնության կարիք կունենա: Իհարկե, այդ ժամանակ չէի կարող գուշակել, որ Իէնն ու ես կվերադառնանք 20 տարի անց՝ փորձելով մի փոքր լումա ներդնել:   

Ջոն Դին, Հրանտ Ոսկանյանը եւ Իէն Գիլանը Երեւանում 1990թ. մայիսին Ջոն Դին, Հրանտ Ոսկանյանը եւ Իէն Գիլանը Երեւանում 1990թ. մայիսին

Լուսանկարը` Ջոն Դիի արխիվից



Երեւան վերադառնալու ճանապարհին մեքենայի մեջ կրկին քար լռություն էր տիրում: Ոչ ոք չէր ցանկանում խոսել: Բոլորս գտնվում էինք մեր սեփական աշխարհում, որտեղ մեզ հետապնդում էին մեր տեսածի ստվերները: Ի վերջո, ինչ-որ մեկը մի բան ասաց, ինչը բոլորիս ծիծաղեցրեց, եւ մենք սկսեցինք խոսել նաեւ մեր տեսած դրական պահերի մասին: Մեքենայում տիրող իրավիճակն աստիճանաբար լիցքաթափվեց:

Երեկոյան կանգնած էի բեմի խորքում՝ հետեւելով Իէնի համերգին Մարզահամերգային համալիրում: Երբ հնչեց առաջին նոտան, մենք ականատես եղանք ամբոխի անհավանական հզոր արձագանքին: Իէնը դրան պատասխանեց լավագույն շոուով, որը ես երբեւէ տեսել էի նրա կատարմամբ:  

Սպիտակ կատարած այցից հետո ես հասկացա, որ Rock Aid Armenia նախագծի հաջողությունը չէր որոշվում այն գումարի ծավալով, որը մեզ հաջողվել էր հավաքագրել. գլխավորը մարդկանց ոգու բարձրացումն էր: Երկրաշարժից 17 ամիս անց համաշխարհային ԶԼՄ-ները Հայաստանի մասին այլեւս չէին խոսում: Բայց այն հանգամանքը, որ համաշխարհային խոշորագույն ռոք-աստղերից ոմանք դեռ փորձում էին օգնել, ոգեւորում էր մարդկանց: Նրանք հասկանում էին, որ մոռացված չեն: 

Կարդացեք նաեւ.

Wembley-ի հորինված համերգը եւ հանդիպումը Ստաս Նամինի հետ

 


«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին



Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը

 


Ինչպես Ռոջեր Թեյլորը դարձավ Rock Aid Armenia-ի թմբկահարը

 


***

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին