«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին - Mediamax.am

exclusive
6308 դիտում

«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին


Բրայան Մեյը եւ Թոնի Այոմին՝ Metropolis Studios-ում
Բրայան Մեյը եւ Թոնի Այոմին՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` John Pambakian/Rock Aid Armenia

Իէն Գիլանը՝ Metropolis Studios-ում
Իէն Գիլանը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia

Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում
Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia

Ջոն Դին
Ջոն Դին

1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի «Smoke on the water» հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: 

 

Rock Aid Armenia բարեգործական ծրագրի կազմակերպած ձայնագրությանը մասնակցեցին Queen, Pink Floyd, Deep Purple, Black Sabbath, Rush, Yes, Iron Maiden, ELP, Free խմբերի անդամները եւ Բրայան Ադամսը:

 

Մեդիամաքսը ներկայացնում է հատուկ նախագիծ՝ նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին, որը կբացահայտի ծրագրի մանրամասները: Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:

 

 

 

***

 

Ներկայացնում ենք «Ռոքն ու կարեկցանքը» հոդվածը, որը 1989 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակվել էր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում:

 

Երկու էկրանի վրա գրառում կա. «1988թ-ի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:40-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ երկրաշարժ՝ 6,9 բալ ուժգնությամբ Ռիխտերի սանդղակով …»:

 

Մինչեւ հիմքը քանդված տներ, բեկորների կույտեր, տառապանքով եւ վշտով ողողված դեմքեր…եւ հանկարծ մթության մեջից լսվում են երաժշտության ձայներ: Հնչում է Deep Purple խմբի «Smoke on the water» երգը: 

 

Այդպես Լոնդոնի «Մետրոպոլիս Ստուդիոս»-ում կայացավ «Ռոքն օգնում է Հայաստանին» ձայնասկավառակի շնորհանդեսը: Էկրանին՝ հայտնի երգիչներ ու երաժիշտներ են: 

 

Խոսափողի մոտ Smoke on the water երգի առաջին կատարող Իէն Գիլանն է: Նրան փոխարինում է Բրայան Մեյը Queen խմբից, ով աշխարհի առաջատար կիթառահարներից մեկն է: Այնուհետեւ հայտնվում են նորանոր «աստղեր». կիթառահարներ Դեյվ Գիլմորը եւ Թոնի Այոմին՝ Pink Floyd եւ Black Sabbath խմբերից, Քիթ Էմերսոնը՝ Emerson, Lake and Palmer-ից: «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը իրականացնում է «Live Aid Armenia» կազմակերպությունը, որը հիմնել է Ջոն Դին: 

 

Երկու երգով (երկրորդը Black Sabbath խմբի Paranoid երգն է) փոքր սկավառակից բացի, կազմակերպությունը կթողարկի հայտնի խմբերի մեծ ձայնասկավառակ, ինչպես նաեւ վիդեոկասետ՝ Արեւմուտքում ամենահայտնի խմբերի համերգների հատվածներով: Բոլոր այս ձայնագրությունները Live Aid Armenia-ին տրամադրվել են անհատույց:

 

-Մենք հավաքել ենք լավագույններից լավագույներին, ոչ միայն երաժիշտներին, այլեւ իրավաբաններին, խորհրդատուներին՝ առավելագույն գումար հավաքելու համար,-մամուլի ասուլիսում հայտնեց Ջոն Դին: «Մեր հովանավորը՝ Harry Lager ընկերությունը, հատկացրել է 150 000 դոլար: Վաճառքում դեռ չի հայտնվել ոչ մի սկավառակ, բայց մենք արդեն ունենք 250 000 դոլարի պատվեր», - ասաց նա:

 

Մամուլի ասուլիսից հետո մեզ, խորհրդային լրագրողներիս, բախտ վիճակվեց առանձին զրուցել «աստղերի» հետ: 

 

Իէն Գիլանը՝ Metropolis Studios-ում Իէն Գիլանը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia

 

Մեր առաջին զրուցակիցը Իէն Գիլանն է: Նա կրում է համեստ շապիկ, «բանան» ջինսեր եւ կեդեր:

 

- Ես կարծում եմ, որ հայ ժողովրդին օգնելը հիանալի մտահղացում էր,- ասաց Գիլանը: Բացի այդ, միշտ հետաքրքիր է աշխատել այսպիսի երաժիշտների հետ: Հարցը գումարը չէ: Մենք զարմանալի ժամանակ ենք ապրում՝ փլուզվում են պատնեշներն ու արգելքները: Այժմ հարկավոր է ավելի շատ ըմբռնում եւ մարդկայնություն: Եվ դրանում կարող է օգնության գալ հենց երաժշտությունը: Այն բարձր է մարդկանց տարանջատող լեզվական, մշակույթային եւ ազգային արգելքներից: 

 

-Ւնչու՞ ձայնագրության համար ընտրեցիք հենց Smoke on the water երգը:

 

-Այս երգը գրվել է աղետի՝ ուժեղ հրդեհի տպավորության տակ, եւ այն փառահեղ ընդունելության արժանացավ: Կցանկանայի, որ հաջողությունն այժմ ուղեկցի հայ ժողովրդին:

 

Գիլանը հայտնեց, որ մոտ ժամանակներս պատրաստվում է  համերգներով ժամանել ԽՍՀՄ:

 

Քիթ Էմերսոնը անձամբ գիտի, թե ինչ է երկրաշարժը: Նա Սան-Ֆրանցիսկոյում էր, երբ այնտեղ աղետ տեղի ունեցավ:

 

- Դա իսկապես վախենալու է: Աստված մի արասցե որեւէ մեկին զգալ այդ ամենը…

 

Ինչպես եւ իր գործընկերը, Քիթը դեմ չէ այցելել մեր երկիր:

 

-Մեծ հաճույքով նման առաջարկ կընդունեի,- խոստովանեց նա:

 

Տարօրինակ է: «Աստղերը» ցանկություն ունեն մեզ մոտ ժամանելու, սակայն գալի են միայն երկրորդ մակարդակի խմբեր…

 

Այն մասին, թե ինչպես ծագեց Հայաստանին օգնելու նպատակով միջոցներ հավաքելու արշավի գաղափարը, մեզ պատմեց Ջոն Դին.

 

- ԱՄՆ-ում ցուցադրված արբանյակային տեսանյութի հեռարձակումից հետո ես հասկացա. մի կողմից, մարդիկ ցնցված են հայկական ողբերգությամբ, մյուս կողմից՝ մինչեւ վերջ չեն գիտակցում աղետի ծավալները: Քանի որ բարեգործության բնագավառում աշխատելու հինգ տարվա փորձ ունեի, որոշեցի, որ պետք է օգնել: Մենք չենք պատրաստվում կանգ առնել եւ դեռ ունենք ծրագրեր՝ կապված հաջորդ տարվա ընթացքում եւս մեկ սկավառակ ձայնագրելու հետ: Վաճառքից գոյացած միջոցները նույնպես Հայաստան կուղղվեն: 

 

Ջոն Դին Ջոն Դին

 

 

- Իսկ կատարողները ինչ-որ բան ստանու՞մ են դրա համար:

 

- Բացարձակ ոչինչ, ամենն արվում է անհատույց: Այժմ մենք բանակցություններ ենք վարում ԽՍՀՄ-ի ներկայացուցիչների հետ եւ հույս ունենք, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» սկավառակը կթողարկվի ձեր երկրում:

 

Black Sabbath խումբը մտադիր է հյուրախաղերով հանդես գալ Մոսկվայում եւ Լենինգրադում: 

 

- Հայաստանին օգնելու նպատակով ես պատրաստ եմ անել ամեն hնարավորը ,-ասում է խմբի կիթառահար Թոնի Այոմին: 

 

- Իսկ չե՞ք նախատեսում Հայաստան գնալ:

 

-Շատ կցանկանայի: Ի դեպ, Գիլանի հետ արդեն քննարկել ենք այդ հարցը:

 

Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia

 

Դեյվ Գիլմորը (որի արվեստի հետ Pink Floyd խմբի ԽՍՀՄ սիրահարներին հաջողվեց անձամբ ծանոթանալ այս տարի) պատասխանելով այն հարցին, թե ինչու որոշեց մասնակցել ձայնագրությանը, ասաց.

 

- Եթե կա որեւէ օգտակար գործ, անպայման պետք է մասնակցել: Այդպես եղավ եւ տվյալ դեպքում: Հայ ժողովրդին օգնելը սուրբ գործ է: Ես ունեմ մի քանի ընկեր Հայաստանից, որոնց այժմ բնակվում են Անգլիայում: Եվ երբ ինձ հարցրեցին, կմասնակցե՞մ ձայնագրությանը, պատասխանեցի՝ իհարկե:

 

Եվ վերջում՝ ուշադրության արժանի տեղեկություն՝ Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայության «Бабушкин сундук» ծրագրի հաղորդավար Սեմ Ջոնսից.

 

- Նոյեմբերի 30-ին մեր ստուդիա կգան Իէն Գիլանը եւ Դեյվ Գիլմորը, որպեսզի ռադիոեթերում զրուցեն Խորհրդային Միության ունկնդիրների հետ: Մենք նաեւ կապ կհաստատենք Black Sabbath խմբի հետ, որն այդ ժամանակ Լենինգրադում է լինելու: Նա, ում կհաջողվի զանգահարել Բի-Բի-Սի-ի լոնդոնյան ստուդիա, կստանա «Ռոքն օգնում է Հայաստանին» ձայնասկավառակը՝ բոլոր մասնակիցների մակագրություններով: Հուսով ենք, որ հաղորդմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

 

ՏԱՍՍ-ի թղթակիցներ Անդրեյ Բիրյուկով եւ Ալեքսանդր Սիսնեւ՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի համար

 

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին