Շարունակում ենք ներկայացնել Լիանա Սահակյանի «Ռապսոդիա վարդագույնով» գիրքը` նվիրված 60-ական թվականների Երեւանին:
Նախորդ գլուխները կարդացեք այստեղ:
10
50-ականների վերջին տարածվեցին այսպես կոչված «վեչերները»: Սովորաբար երիտասարդները հավաքվում էին որեւէ մեկի տանը.այդ երեկոների ընթացքում հաճախ ծանոթություններ էին հաստատվում: Դանդաղ պարերը նպաստում էին նորաթուխ զույգերի մերձեցմանը: Եթե սկզբում պարողների միջեւ որոշակի տարածություն էր պահպանվում, ապա տղայի եւ աղջկա մերձեցմանը զուգընթաց նրանց միջեւ տարածությունը գնալով կրճատվում էր, ընդ որում` աղջկա ձեռքերը հայտնվում էին պատանու ուսերին, իսկ տղան գրկում էր նրա գոտկատեղից: Ի վերջո, դա վերածվում էր գրկախառնության, եւ սիրահարվերի այտերը հպվում էին միմյանց: Նույնիսկ նրանք, ովքեր պարել չգիտեին, օրորվում էին բլյուզի հնչյունների ներքո :
Դանդաղ պարերից բացի՝ հնչում էին նաեւ բուգի-վուգիի, ռոքնռոլի, այնուհետեւ թվիսթի ու շեյքի վարակիչ ռիթմերը: Երաժշտության ընտրությունը նույնպես արտացոլում էր երիտասարդության ճաշակն ու նախասիրությունները: Որոշ երեկոների ընթացքում գերակշռում էր ամերիկյան երաժշտությունը՝ Էլվիս Փրեսլիից մինչեւ Ռեյ Չարլզ, որոշների ընթացքում՝ ֆրանսիականը՝ Ադամո, Ազնավուր, Մարգարյան: Բայց կային հիթեր, որ հնչում էին ամեն երեկո՝ «Մալենկի ցվետոկը», Ռեյի «Ջորջիան» կամ Պեպինո Գալիարդիի «Տամե տամերոնը»:
Առհասարակ, յուրաքանչյուր երեկոն ուներ իր սցենարը: Նախ՝ պարեր, հետո՝ խաղեր, (այն ժամանակ մոդայիկ մնջախաղը, ԿՎՆ-ը՝ (ուրախների ու հնարամիտների ակումբ)), այնուհետեւ՝ եթե որեւէ մեկը կիթառ էր նվագում, երգում էին «բլատնոյ» երգեր: Մեծ ժողովրդականություն էին վայելում Օկուջավայի («Վերջին տրոլեյբուսը», «Ամբողջ գիշեր աքաղաղները կանչեցին», «Աղջիկն արտասվում է»...), «Դեղին վարդը թախիծի նշան է», «Թեյատնակը նման է կոնֆետի տուփի», «Ձմեռային երեկոն լավն է», ինչպես նաեւ գողական(Կռուկները», «Դերիբասովսկիում բացվել է գարեջրատուն» եւ այլն) ու «Ես բատալյոնում հետախույզ էի» անպարկեշտ երգերը:
Իսկ վերջում համարձակ խմբերում «բրիս-մյաու» կամ «բուտիլկա» էին խաղում՝ համբույրներով: Այդ միամիտ չարաճճիությունները մանկական թոթովանք էին այսօրվա վուլգար ժամանակների համեմատ:
Երբեմն լուրեր էին պտտվում «երկնագույն երեկոների» մասին: Այն ժամանակ այս գույնը ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ չէր ասոցացվում, իսկ Երեւանի՝ մեզ ծանոթ միակ նույնասեռականը Գուրգենչիկն էր՝ ընգդծված հոնքերով եւ կանացի քայլվածքով մի տարեց խեղճ մարդ, ում մասին տարբեր զվարճալի անհեթեթություններ էին պատմում:
Ինչ վերաբերում է առեղծվածային երեկոներին, ասում էին, թե այդ երեկոներն անցկացվում են երկնագույն լույսի ներքո, եւ դրանց ընթացքում ազատ սեռական հարաբերություններ են թույլատրվում տղաների ու աղջիկների միջեւ: Նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների անուններ էին նշվում: Սակայն դա ավելի շուտ քաղաքային առասպել էր, որը համ ու հոտ էր տալիս քաղաքի բնակիչների համեստ կյանքին:
Ծնողները երեկոյան հնազանդորեն հեռանում էին տնից՝ երիտասարներին ազատ մթնոլորտում ժամանակ անցկացնելու հնարավորություն տալով: Մեծերի նման ժողովրդավար վերաբերմունքը եւս նպաստում էր մեր ձեւավորմանն ու կայացմանը: Դա, իհարկե, ծնողների վստահության դրսեւորումն էր. մենք էլ փորձում էինք չհիասթափեցնել նրանց, թեեւ, բնականաբար, խուլիգանություն անում էինք՝ գաղտնի ծխելով եւ խմելով: Աղջիկների շրջանում ծխելն ազատության նշան էր, սակայն մեծամասնության համար այն ցուցադրական բնույթ էր կրում:
11
Մեր Երեւանն այդ տարիներին յուրօրինակ ու ժամանակակից քաղաքի կարգավիճակ էր ձեռք բերել. մեզ մոտ էին գալիս զբոսաշրջիկներ ամբողջ ԽՍՀՄ-ից: Հյուրախաղերով Երեւան էին այցելում ինչպես ԽՍՀՄ-ի,այնպես էլ օտարերկրյա արտիստները:
Մայրաքաղաքի մշակույթային կյանքը եռում էր: Մարդիկ ձգտում էին դեպի մշակույթը, եւ դրա համար ստեղծված էին բոլոր պայմանները: Դրա վառ ապացույցը երաժշտական դպրոցների, թատրոնների, ֆիլհարմոնիաների եւ պատկերասրահների քանակն էր: Երեւանցիների հպարտությունը Մատենադարանն էր, որտեղ մշտապես հրավիրվում էին մայրաքաղաքի հյուրերը:
Գիտությունը նույնպես տեղում չէր դոփում: Ելնելով գիտահետազոտական ինստիտուտների ու զանազան բնագավառի հոյակապ մասնագետների քանակից՝ այն ժամանակների Երեւանը առանց տարակուսանքի կարելի էր գիտության քաղաք անվանել: Հատկապես հայտնի էին մեր ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները:
Տեղին է հիշատակել նաեւ 60-ականների շախմատային բումը, որին նպաստեց 1963 թ.-ին Բոտվիննիկի ու Տիգրան Պետրոսյանի միջեւ կայացած խաղը աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Լավ հիշում եմ երկրպագուներով լեցուն օպերայի հրապարակը: Օպերայի շենքին մի հսկա շախմատային տախտակ էր կախված, որի վրա տեղաշարժում էին խաղաքարերը: Մարդիկ գրանցում էին բոլոր քայլերը, ժամերով գլուխ կոտրում կոմբինացիաների վրա: Ամբողջ հրապարակը ողողված էր երկրպագուների դրական էներգիայով: Նույնիսկ Մոսկվայից լեգենդներ էին հասնում. թե հայերի հայրենասիրությունն այն աստիճանի է հասել, որ աշխատանքի գնալու փոխարեն բոլորը մոլեռանդորեն հետեւում են խաղերի ընթացքին…
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:
Շախմատը միշտ էլ ժողովրդականություն է վայելել մեզ մոտ, իսկ Պետրոսյանի հաղթանակից հետո շախմատային խմբակների թիվը եռապատկվեց: Շախմատ էին խաղում թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Զբոսայգիների նստարաններին թոշակառուները շախմատի, շաշկիի ու նարդիի մրցաշարեր էին կազմակերպում. դա նոր երանգ էր քաղաքի գունապնակում…
Սպորտի մասին խոսելիս չի կարելի չնշել, թե ինչ բարձր մակարդակի վրա էր այն 50-60-ականներին: Հենց այդ ժամանակ էր, որ աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ դարձան Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իգոր Նովիկովը, Նորիկ Մուշեղյանը: Նրանք ոսկե տառերով իրենց անունները գրեցին համաշխարհային սպորտի պատմության մեջ: Սակայն նրանց ամենանշանակալի ներդրումը մեծ սպորտից հեռանալուց հետո բարձրորակ մարզական դպրոցների բացումն էր, որոնք մեր ազգին հայտնի մարզիկների մի քանի սերունդ տվեցին: Այլ կերպ ասած՝ հայ մարզիչներն ու մարզիկները այդ տարիներին պատշաճ բարձրության վրա էին:
Հետադարձ հայացք գցելով՝ կարելի է վստահաբար ասել, որ 60-ականները Երեւանի համար «ոսկե դար» էին: Արվեստի բնագավառում իրենց մասին հայտնեցին Քոչարը, երիտասարդ Մինասը, Սիլվա Կապուտիկյանը, Շիրազը եւ աննման Պարույր Սեւակը: Հայ բանաստեղծների գործերը ռուսերեն էին թարգմանվում այնպիսի հրաշալի թարգմանիչների կողմից, ինչպիսիք էին Ն. Տիխոնովը, Վ. Զվյագինցեւան: Ռուսաստանում ճանաչում եւ սիրում էին մեր բանաստեղծներին ու կոմպոզիտորներին, մասնավորապես՝ Սիլվա Կապուտիկյանին ու Առնո Բաբաջանյանին, որին ուղղակի աստվածացնում էին: Նրա երաժշտությունը, հատկապես երգերը, լիովին համապատասխանում էին ժամանակին՝ անչափ մեղեդային էին ու ոճային: Հայաստանում նրա երգերը հիմնականում Ժան Թաթլյանն էր կատարում, Ռուսաստանում՝ Մուսլիմ Մագոմաեւը:
Թատերաբեմերին Փափազյանի, Ներսեսյանի, Ավետյանի նման անգերազանցելի դասականների կողքին հայտնվեցին երիտասարդ, ոչ պակաս տաղանդավոր Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը...
Մի խոսքով՝ քաղաքն ապրում էր եռուն մշակույթային կյանքով: Այն ժամանակ ընդունված էր բարձրագույն ուսումնական հաստատություններին կից դրամատիկական, վոկալ-գործիքային խմբեր ունենալը: Ավելի հասարակ ընտանիքների երեխաները հաճախում էին Պիոներ պալատներին կից տարբեր խմբակներ:
Ամեն մի հյուրախաղ իրադարձություն էր մեզ՝ երեւանցիներիս համար: Ֆիլհարմոնիայի ու օպերային թատրոնի դահլիճները լեփ-լեցուն էին: Ագահորեն կլանում էինք արվեստի կենսունակ ուժը, ապրում տպավորություններով, վիճում, քննարկում այս կամ այն նյութը:
Դասական երաժշտությունն ու գրականությունը ձեւավորեցին մեր ճաշակը, դարձան այն հիմքը, որի վրա կառուցվեց մեր ողջ հոգեւոր կյանքը: Այն ժամանակ դրան մեծ նշանակություն էինք տալիս՝ նյութական ցանկացած բանի վերից եւ արհամարհանքով նայելով:
Ընթերցանությունը նույնպես այն տարիների երիտասարդներին բնորոշ առանձնահատկություն էր: Առկա ցենզուրայի դաժան պայմաններում մեզ հաջողվում էր հետ չմնալ արվեստի նոր միտումներից ու ուղղություններից: Գերադասում էինք արեւմտյան գրականությունը: Ռեմարկին, Հեմինգուեյին ու Բելին փոխարինելու եկան Քամյուն, Կաֆկան, Սագանը, Սիմոն դե Բովուարը, Մորուան ու Մորիակը: Իսկ խորհրդային հեղինակներից առաջադեմ ու ժամանակակից էին համարվում Աքսենովը, Եվտուշենկոն, Վոզնեսենսկին: Գրքերը եւ հատկապես ամսագրերը ձեռքից ձեռք էին փոխանցվում եւ ընթերցվում էին մինչեւ քրքրվելը:
Մենք շրջապատված էինք ոչ միայն հասակակիցներով, այլեւ համախոհներով: Եվ «քաղաքի տղա», «քաղաքի աղջիկ» հասկացությունները հենց դա էին նշանակում ՝ ընդհանուր հոգեւոր գաղափարներով ու ճաշակով համախմբված մարդկանց համայնք: Քաղաքի կենտրոնը կենտրոնակետն էր, որտեղ հավաքվում էր «ոսկե երիտասարդությունը»:
Այդ համայնքի նշանակությունն ամբողջությամբ հասկանալու համար կարելի է մի համոզիչ ու վառ օրինակ բերել: Նույնիսկ տարիներ անց, երբ մեզանից շատերը տարբեր պատճառներով ցրված են աշխարհով մեկ, բավական է հանդիպել 60-ականների Երեւանում ապրող մեկին, որպեսզի անմիջապես ջերմ ու ընկերական հարաբերություններ հաստատվեն՝ անկախ նրանից՝ երիտասարդ տարիներին իրար ճանաչել եք, թե ոչ:
12
60-ականների լուսավոր էներգետիկան իր հույսի, հավատի եւ սիրո աուրայով պարուրել էր ողջ երկրագունդը: Հենց այդ տարիներին մարդիկ սկսեցին ավելի հաճախ ճանապարհորդել ինչպես ԽՍՀՄ-ի տարածքում, այնպես էլ դրանից դուրս, թեեւ հիմնականում սոցիալիստական ճամբարի երկրներում: Դա իր հերթին նույնպես նպաստում էր աշխարհայացքի ընդլայնմանն ու ինքնահաստատմանը: Ռուսերենի իմացությունը մեզ շատ էր օգնում, հատկապես Ռուսաստանում: Գուցե հենց երկու լեզուների տիրապետելու շնորհիվ է, որ մեր սերունդը զերծ էր այլատյացությունից (քսենոֆոբիա): Մեր մաքուր ու միամիտ հոգիները բառացիորեն էին ընկալում սոցիալիզմի բարոյական դրույթները: Եվ ժողովուրդների միջեւ խաղաղության ու բարեկամության հասկացությունը ենթագիտակցորեն ընկալվում էր որպես սովորական երեւույթ: 60- ականների այդ «խմորիչի» շնորհիվ մենք դաստիարակվեցինք որպես ընկերությանն ամբողջ հոգով նվիրվող մարդիկ, որոնք մերժում են «կիսատ-պռատ» հարաբերությունները:
Մեզ բոլորիս հատուկ էր աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմը), սակայն մենք միեւնույն ժամանակ անկեղծորեն սիրում էինք Հայաստանն ու մեր քաղաքը, ինչպես լիարժեք ու լիիրավ մարդիկ: Բոլորս միամտորեն կարծում էինք, թե մեր հնարավորություններն անսահման են: Տարիքից ելնելով՝ մեզ առանձնապես չէին մտահոգում երկրի քաղաքական մեկուսացումն ու խոչընդոտները: Մեզ վրա դեռեւս չէինք զգացել կեղծիքի, նենգության, անհեռանկարության դատարկ հիմքերի վրա կառուցված այդ բացարձակապես արհեստական ու այլանդակ համակարգի ողջ բեռը:
Իսկ մինչ այդ ճախրում էինք երկնքում ձեւավորվելով որպես ժամանակակից, սակայն իդեալիզմով ու պատրանքներով կուրացած մարդիկ, չպատկերացնելով, թե որքան մոտ է դառը արթնացումը: Եվ քաղաքը շնորհիվ իր երիտասարների օրեցօր թարմանում ու երիտասարդանում էր:
Այն երանելի տարիներին Երեւանում քիչ էին ավտոմեքենաները (մանավանդ՝ սեփական), փոխարենը շատ էին տրանսպորտային միջոցները՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, տաքսիներն ու տրամվայները: Հենց տրամվայներն էին քաղաքին մայրաքաղաքի շունչ հաղորդում, յուրօրինակ համ ու հոտ տալիս:: Ցավալի է, որ նրանք այլեւս չկան այսօրվա Երեւանում…
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:
Հիմա ես հասկանում, որ տրամվայներն այն՝ պրագմատիզմից հեռու դարաշրջանի խորհրդանիշերից մեկն էին: Մարդիկ ապրում էին առանց շտապելու՝ կարծես վայելելով յուրաքանչյուր վայրկյանը, նախընտրելով երթեւեկել տրամվայներով, որոնք, ինչպես հայտնի է, չեն առանձնանում իրենց արագությամբ առանձնանում:
Հաճախ ընկերուհիներով նստում էինք տրամվայ եւ հենց այնպես, աննպատակ հասնում մինչեւ վերջին կանգառը: Վագոնների համաչափ օրորը մեդիտացիայի նման էր գործում՝ հանգստացնում էր, իսկ կողքից առկայծում էին վարդագույն շենքերը՝ պարուրված երեւանյան առատ արեւով: Մեր հոգիներում անդորր էր ու լուռ երջանկություն:
Քաղաքի յուրաքանչյուր փողոց ուներ իր դեմքն ու խորհրդանիշը. այսպես, օրինակ, Բաղրամյան պողոտայով տարածվում էր փշատենիների անուշ բույրը, Մոսկովյան փողոցն առանձնանում էր իր պուրակների զովությամբ, Թումանյան փողոցը՝ «Կարապի լճով» ու անկրկնելի, չուգունե վանդակաճաղերով, որոնք շրջանակի մեջ էին առնում մեր հպարտությունը՝ Օպերայի շենքը:
Յուրաքանչյուր շենք յուրօրինակ էր եւ անկրկնելի:Տուֆի բոլոր երանգներն ունեցող մեր քաղաքի կենտրոնն իր ինքնատիպությամբ եւ արտակարգ գեղեցկությամբ աչք էր շոյում եւ լավատեսություն ներշնչում իր բնակիչներին:
Շարունակելի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: