Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV - Mediamax.am

exclusive
7165 դիտում

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV


Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս IV

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:


Շարունակում ենք ներկայացնել Լիանա Սահակյանի «Ռապսոդիա վարդագույնով» գիրքը` նվիրված 60-ական թվականների Երեւանին:

Նախորդ գլուխները կարդացեք այստեղ

8

60-ականների սկզբում մեր քաղաքը վերջնականապես վերափոխվեց լիարժեք մայրաքաղաքի, մշակութային ու ժամանակակից երիտասարդության  կենտրոնի: Մեզանից ոչ ոքի չէր մտածում, որ Երեւանը գավառական քաղաք է, ընդհակառակը, այն իսկական մայրաքաղաք էր՝ իր դեմքով: Ժամանակակից Երեւանի հատկանիշներից դարձան նորաբաց սրճարանները: Ամենահայտնիներից էր  «Արագիլ»-ը ՝ որը գտնվում էր «պրոսպեկտ»-ի (Լենինի պողոտայի) վրա: Ներքին հարդարանքը եւս համապատասխանում էր ժամանակի ոգուն, իսկ վաճառասեղանի մոտ գտնվող բարձրադիր աթոռներին բազմում էր «ոսկե երիտասարդությունը» եւ ձողիկներով դանդաղ որեւէ կոկտեյլ էր ըմպում:

Այնուհետեւ, արդեն 60-ականների կեսերից, մեծ ժողովրդականություն սկսեցին վայելել Թումանյանի վրա գտնվող «Արաքս»-ը, «Էստոնիան» (կամ, ինչպես ժողովուրդը նրան կնքեց՝«Ակվարիումը»), որտեղ ցերեկային ժամերին ուսանողությունը գալիս էր տոմատի հյութով նրբերշիկ ճաշակելու, հանրահայտ «Պոպլավոկն» ու «Սկվազնյաչոկը» , բոլորի կողմից սիրված դեմոկրատական «Պոնչիկանոցը», ուր մենք, կարելի է ասել, ցերեկում էինք եւ գիշերում: 5 կոպեկանոց, եփած կրեմով պոնչիկների համը մինչ օրս մեր հիշողության մեջ է:

Տղաներն ունեին իրենց սիրելի պանդոկները, որտեղ աղջիկների մուտքը խստորեն արգելված էր: Ամենանշանավորը մի գարեջրատուն էր, որը կնքել էին բուֆետպան Թեմուրի անվամբ՝ «Թեմուրնոց»: Մեկ ռուբլով կարելի էր գնել մի բաժին տապակած նրբերշիկ՝ անչափ համեղ տապակած կարտոֆիլով ու մի գավաթ գարեջրով:

Թեմուրի կերպարն ինքնին շատ պատկերավոր էր: Երբ տարիներ անց Մոսկովյանի վրա հայտնվեց ձեռքերով սեղանին հենված ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, շատերը նրա մեջ նմանություն գտան Թեմուրի հետ:

Այսպիսով, բոլորս ունեինք մեր նախընտրելի պանդոկներն ու սրճարանները, որտեղ մի բաժակ սուրճի շուրջ ընթանում էին երկարատեւ զրույցներ, վեճեր, քննարկվում էին թարմ նորությունները, եւ որտեղ պարզապես հաճելի էր նստել ընկերական շրջապատում:

Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:

Երեւանն ավելի ու ավելի էր նմանվում եվրոպական քաղաքի: Փողոցներում սկսեցին հայտնվել գրկախառնված զույգեր, պուրակներում՝ նստարանների վրա, կարելի էր նկատել համբուրվող սիրահարների:

Ժամադրություններ նշանակելու ամենահայտնի տեղերից էր Բաղրամյանի ու Մոսկովյանի անկյունային ծաղկի խանութի փոքրիկ հատվածը:

Քաղաքացիների դեմքերը եւս ինչ-որ  չափով վերափոխվեցին՝ թուխ տղաներին փոխարինելու եկան մոդայիկ հագնված ու սանրված, համակրելի պատանիները: Տարօրինակ է, սակայն այդ ժամանակ գեղեցիկ տղաներն ավելի շատ էին, քան աղջիկները: Բարեկազմ, վառ արտաքին ունեցող աղջիկները քիչ էին եւ մշտապես գտնվում էին ուշադրության կենտրոնում: Նրանց տների մոտ կարելի էր տեսնել սիրուց տառապող պատանիների, որոնք ժամերով չէին լքում իրենց «պահակակետը»:

Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:

Առանձնահատուկ հաջողություն էին վայելում Պուշկինի ու Չեխովի անվան դպրոցների աղջիկներն ու Բրյուսովի ինստիտուտի օրիորդները: Այդ միամիտ ու մաքուր ժամանակներում պատանիները իրենց համակրանքը հաճախ արտահայտում էին լուռ՝ բոլոր զգացմունքները ներդնելով կրքոտ հայացքների մեջ, լռելյայն ուղեկցելով աղջիկներին մինչեւ տուն, չհանդգնելով նրանց հետ խոսել: Այդ ամենը ինչ-որ ծիսական բնույթ էր կրում եւ սիրահետելու չգրված օրենքները խստորեն պահպանվում էին: Երբեմն, աղջիկների պատճառով կռիվ էր բռնկվում, որն, անշուշտ, մեծացնում էր այդ աղջկա համբավը: 


Ի դեպ, այդ ժամանակ արդեն ընդունված էր ծանոթանալ փողոցում, ընդ որում դա արվում էր առանց պնդերեսության, գրեթե նրբանկատորեն: Համենայնդեպս, կենտրոնում «խուժան տղերք» չէին պատահում: Բացի դրանից, հասարակ տղաները սովորաբար չէին մոտենում կրթված աղջիկներին: Իսկ եթե նման փորձեր արվում էին, ապա բավական էր պատասխանել մերժումով, որ նրանք անմիջապես ետ քաշվեն:  Ծայրահեղ դեպքում նրանք կարող էին աղջիկներին վիրավորել, սակայն նույնիսկ դա արվում էր պատշաճության սահմաններում: Այն ժամանակ ընդունված էր աղջկա ետեւից կանչել ամերիկյան ձեւով՝ «փոքրի՛կ» (բեյբի):

Ձմռանն այդ մերժված տղաները վրեժ էին լուծում՝ ձնագնդային գրոհների միջոցով:  Դա կարծես բողոքի յուրօրինակ գործողություն լիներ. կուտակված ողջ «դասակարգային» ատելությունը ներդրվում էր այդ քարակերպ ձնագնդիկների մեջ:

Երեւանը, ինչպես ցանկացած այլ մայրաքաղաք, բազմաշերտ էր, սակայն այդ բազմաշերտությունը հակամարտային չէր եւ դրանում նույնպես արտահայտվում էր մեր քաղաքի վառ գունագեղությունն ու անկրկնելիությունը, նրա դեմքը:

9

50-ականների կեսերի ու 60-ականների նորաձեւությունը եւս արտացոլում էր այդ հրաշալի ժամանակները:

Հագուստը մեծամասամբ պատվիրում էինք դերձակի մոտ: Դերձակներն այն ժամանակ խիստ գնահատված էին, իսկ ոմանց մոտ հերթագրվելն ուղղակի անհնարին էր:


Հեղինակը զբոսնելիս:
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:

50-ականների ավարտին մոդայիկ էին համարվում «солнце клеш» կիսաշրջազգեստները՝ մի քանի շերտից կազմված տակի շրջազգեստներով:  Աքսեսուարներից տարածված էին լանջակապերն ու լայն գոտիները: Աղջիկներով   սիրում էինք պտտվել՝ հպարտ ցուցադրելով մեր փեշերի հնարավորությունները: Այն ժամանակ նորաձեւությանը նվիրված ամսագրերը շատ քիչ էին եւ հագուստի ձեւերը կրկնօրինակում էինք կինոֆիլմերից: Մեր դերձակները հնարամտության հրաշքներ էին ցուցադրում: Նրանց շնորհիվ մենք՝ երիտասարդ աղջիկներս, գոնե առաջին հայացքից արտաքնապես չէինք տարբերվում արեւմտյան մեր հասակակիցներից:

Եթե 50-ականներին աղջիկները ընդօրինակում էին Լյուդմիլա Գուրչենկոյին, ապա 60-ականներին `«Շերբուրգյան հովանոցներ» ու «Աղջիկները Ռոշֆորից» կինոնկարներից հետո, սկսեցին ընդօրինակել Կատրին Դընեւին:

Մեր խանութների տեսականին հայելու պես արտացոլում էր սովետական իրականությունը` գորշության  ու երեւակայության բացակայության ցուցադրմամբ: Մեզանից ոչ ոք հայրենական արտադրության պատրաստի հագուստ չէր գնում:


Հեղինակը ընկերուհու` Մարիետայի հետ:
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:

Երբեմն Մոսկվայում ու Լենինգրադում հայտնվում էր արտասահմանյան հագուստ, որի համար անվերջանալի հերթեր էին գոյանում: Մոդայիկ իրը հնարավոր էր նաեւ գտնել «տակից», կամ վերավաճառողներից՝ կրկնակի գին վճարելով:

Ամենազարմանալին այն էր, որ նման պայմաններում մեզ հաջողվում էր գեղեցիկ եւ ոճային հագնվել, բոլորը մի ելք գտնվում էին:

Ի վերջո, ընդհանուր գորշ ֆոնի վրա աղջիկները եւ տղաները սկսեցին վառ հագուստներ կրել: Այն ժամանակ շատ նորաձեւ էին տղամարդկանց վերնաշապիկները՝ մեծ եւ վառ նախշերով, իսկ աղջիկները սկսեցին կրել հայտնի «մինի» կիսաշրջազգեստները:  

Հիշում եմ, ինչպես նետվեցինք մեր փեշերը կարճացնելու՝ մեծահասակների հետ պայքարելով յուրաքանչյուր սանտիմետրի համար: Սակայն շուտով ավագ սերունդը հաշտվեց եւ ավելի մեղմ սկսեց արձագանքել իրենց՝ գայթակղիչ ոտքերը ցուցադրող  դուստրերի տեսքին: Փողոցում կամ տրանսպորտում պարտադիր հնչում էր  հասակավորների մեզ՝ ողջամտությանը հրավիրող փնթփնթոցը: Տղաների կողմից, ագահ հայացքները չհաշված, կարելի էր նաեւ ետեւից լսել «Մալոչ բդերիդ» արտահայտությունը: Թերեւս, դրանով էլ մեկնաբանություններն ավարտվում էին:

Սանրվածքները եւս համապատասխանում էին ժամանակի շնչին:  

Եթե 50-ականներին կանայք հիմնականում վեց ամիս ժամկետով գանգուրներ էին անում, ապա արդեն 60-ականների սկզբում՝ կինոֆիլմերի ազդեցության տակ, հայտնվեցին նոր սանրվածքներ. «Կախարդուհին» ֆիլմի մեջ Մարինա Վլադիի նման ուսերից ներքեւ թափվող մազեր ու «չոլկա», «ձիու պոչեր» ինչպես Բրիջիտ Բարդոյի մոտ՝ «Բաբետան գնում է պատերազմ» ֆիլմում, կամ «պոդ մալչիշկու»՝ տղայական սանրվածքը՝ որի ոգեշնչման աղբյուրն էր Օդրի Հեպբերնը՝  «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում:  

Այնուհետեւ, 60-ականների կեսերին նորաձեւ դարձան հարդարված, կամ՝ «գզած» մազերը: Երեւանում վարսահարդարներ կային, որոնք հայտնի էին ողջ քաղաքով մեկ:

«Կոզիրյոկ» սրճարանի դիմաց բացվեց Երեւանի առաջին գեղեցկության սրահը՝ «Կոսմետիկա»-ն: Այստեղ, վարսավիրանոցից ու մատնահարդարումից բացի, կային նաեւ կոսմետիկական ու  ոտնահարդարման սրահներ: Միջին տարիքի կանայք սկսեցին հաճախել երիտասարդացման ու դեմքի մաշկի ճերմակացման պրոցեդուրաների: Այդ տարիներից գործածման մեջ մտավ հետագայում «հայկական» կոչված պերհիդրոլի ու անուշադրի (նաշատիրի) հիման վրա պատրաստվող, «դիմակների» օգտագործումը:

Հենց այդ սրահի վարսավիրանոցում էլ աշխատում էր ողջ քաղաքում հայտնի «նորեկ» Ոսկանը, որի մոտ վաղ առավոտից հերթեր էին գոյանում (հաստատ գիտե՛մ, ինքս էլ եմ կանգնել):

Կանանց  միջավայրում արժանապատիվ էր համարվում դիմահարդար Ասյա Քրիստաֆորովնայի մոտ ընկնելը, որի ցնցող, մարմարե մաշկը ցանկացած գովազդից ավելի խոսուն էր:


Հեղինակը` «գզած մազերով»:
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:

Մի խոսքով, կանայք սկսեցին ավելի ջանասիրաբար հետեւել իրենց արտաքին տեսքին. մազերը հարդարված էին, երեսները՝ խնամված: Բացի ավանդական դիմափոշուց եւ շրթներկից, դեկորատիվ դիմահարդարման մեջ նույնպես նորություններ կային. օգտագործման մեջ մտան շիկափոշին, կոպերի համար ստվերաերանգներն եւ աչքերն  ընդգծող մատիտները: Խանութներում դիմահարդարման պարագաներ գրեթե չէին վաճառվում եւ մենք հայտնագործեցինք, որ աչքերն ընդգծելու համար հնարավոր է օգտագործել գծագրության մատիտները, իսկ որպես մազքաղ՝(պինցետ)` ռեյսֆեդրը (գծագրության մեջ տուշի համար նախատեսնված գործիք):

Մազերը գզվում էին այնպիսի մոլեգնությամբ, որ երբեմն գլխի ծավալը մեծանում էր երկու-երեք անգամ, ինչը երբեմն անհեթեթ տեսք էր հաղորդում աղջկան: Մի օր, երբ քույրս՝ Լարան տուն վերադարձավ վարսավիրանոցից, մայրս դուռը բացելով սարսափած ճչաց. «Մի՞թե փողոցում դու այդ գլխով ես քայլել»:

Դպրոցում տեսուչը դասերից առաջ մուտքի մոտ ստուգում էր անցկացնում. բաց ափը խրում էր ավագ դասարանցու մազերի մեջ ու եթե որեւէ մեկի մոտ գզած մազեր էր հայտնաբերում, ուղարկում էր զուգարան՝ «վերասանրվելու»: Սակայն մեզ ինչ-որ կերպ հաջողվում էր փախչել նրանից:

Քաղաքի բնակչության մեծ մասը կարծես երիտասարդացել էր, մարդիկ սկսել էին վառ հագուստներ կրել, չկար այն համատարած գորշությունն ու մռայլությունը՝ քաղաքացիները լիովին համապատասխանում էին իրենց վարդագույն, արեւոտ քաղաքին...

Անխոս, նորաձեւ հագնված մարդիկ անհամեմատ ավելի շատ էին, քան  50-ականներին, երբ նրանց նույնիսկ մատնանշում էին փողոցում: Հիշողությանս մեջ երկու քույրեր են տպավորվել, որոնք բնակվում էին Մոսկովյան փողոցի շրջակայքում: Այն ժամանակների համար նրանք հագնվում էին չափազանց նորաձեւ եւ ճաշակով: Փողոցում բոլորը շրջվում էին նրանց հետեւից եւ փորձում էին կրկնօրինակել: Արհեստական առաջին, խրտնեցնող գույներ ունեցող մուշտակները հայտնվեցին հենց նրանց ուսերին: Առանձնանում էին նաեւ որոշ երիտասարդ տղաներ՝ շատ նեղ տաբատներով, նեղ փողկապներով, բրիոլինով հարթեցրած մազերով:

60-ականներին նորաձեւությունը շատերին էր նվաճել: Այդ տարիներին հայտնվեցին առաջին կանացի երկարաճիտք կոշիկները: Աղջիկները զբոսնում էին կարճ կիսաշրջազգեստներով, բարձրակրունկ կոշիկներով եւ շատ ավելի երեւացող էին, քան նախկինում:

Շարունակելի:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին