Ներկայացնում ենք 60-ականների Երեւանին նվիրված՝ Լիանա Սահակյանի «Ռապսոդիա վարդագույնով» գրքի վերջին մասը:
Նախորդ գլուխները կարդացեք այստեղ:
13
Այն ժամանակ քաղաքի մշակույթային կյանքում մեծ դեր էր խաղում կինոն: Հատկապես արեւմտյան ֆիլմերի շնորհիվ էին անկախության ձգտողներիս առջեւ բացվում ազատ կյանքի հորիզոնները, ընդլայնվում աշխարհայացքը:
Այդ տարիներին արտասահմանյան ցանկացած կինոնկար երեւույթ էր դառնում երեւանցիների կյանքում: Միեւնույն ժամանակ համարյա նույնպիսի հետաքրքրություն էին առաջացնում նաեւ խորհրդային ֆիլմերը, որոնք այդ ժամանակ բավական շատ էին: Մենք հերոսաբար երկար հերթ էինք կանգնում՝ կանխավայելելով դիտման հաճույքը:
Շարքային ֆիլմերի հետ մեկտեղ ցուցադրվում էին նաեւ երկրպագվող ֆիլմեր, որոնք դիտվում էին բազմաթիվ անգամներ եւ որոնց թեւավոր խոսքերը անգիր էին արվում: Գլխավոր հերոսներին կրկնօրինակում էին, սիրահարվում: Այդ ֆիլմերից էին «Քաբիրիայի գիշերները», «Ռոկոն ու նրա եղբայրները», «Հռոմեական արձակուրդները», ավելի ուշ՝ «Նրանք ճանապարհներով գնացին», (Ֆելինիի «Ճանապարհը») «Արկածներ որոնողները» եւ այլն: Ամենից հաճախ ցուցադրվում էին իտալական ու ֆրանսիական ֆիլմերը, որոնցից շատերը հետագայում դարձան դասական:
Իսկ ամերիկյան «Հրաշալի յոթնյակը, որի գլխավոր դերում ցնցող Յուլ Բրիներն էր, առաջին «western»-ն ֆիլմն էր, որ մեզ բախտ վիճակվեց դիտել: Կինոնկարն ուղղակի ցնցեց մեր երեւակայությունը, հատկապես՝ տղաների: Նրանք կրկնօրինակում էին գլխավոր հերոսի՝ Քրիսի կատվային քայլվածքը, սափրում գլուխները...
Մեզ համար նորություն էին նաեւ անհավանական հնարքներով արկածային ֆիլմերը՝ «Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը» ու ահաբեկող ցիկլոպներով եւ զանազան հրեշներով «Ոդիսեւսի ճանապարհորդությունը»: Իհարկե, ամենահայտնին «Ֆանտոմասն» էր: Խորհրդային ամենահաջողված ֆիլմերից մեկը «Ամֆիբիա մարդն», որի «Нам бы, нам бы, нам бы всем на дно» սաունդթրեքը երգում էր ամբողջ քաղաքը:
Հստակորեն հիշում եմ կինոթատրոններում տիրող այն մթնոլորտը, որը հանդիսատեսին նախատրամադրում էր սպասվող հրաշքի: Մեծ կինոթատրոնների ճեմասրահ նվագախումբ էր նվագում: Նույնիսկ բազկաթոռների ճռճռոցը չէր նյարդայնացնում, իսկ ֆիլմից առաջ ցուցադրվող անհետաքրքիր անոնսը չէր զայրացնում: Այդ ամենը կինոյի կախարդանքը կանխավայելելու արարողակարգի մի մասն էր: Բավական էր ֆիլմը սկսվեր, եւ դահլիճը լռում էր, բոլորի հայացքներն ուղղվում էին դեպի էկրան, որտեղ հերթական անգամ բարձրանում էր գրավիչ, գայթակղիչ ու որոշ չափով անհասանելի կյանքի վարագույրը: Մեզանից յուրաքանչյուրն իր հոգում հույս էր փայփայում, որ մի օր ինքն էլ կհայտնվի այդ գույնզգույն եւ լիարժեք ազատ արտասահմանյան կյանքում:
Ֆիլմը դիտելուց հետո (հատկապես, եթե այն առանձնահատուկ էր) մենք այն մանրամասնորեն քննարկում էինք: Իսկ քննարկելու արժանի ֆիլմերը քիչ չէին. բավական է հիշել այնպիսի ռեժիսորներին, ինչպիսիք էին Վիսկոնտին, Ֆելինին, հանրահայտ դերասաններ Ալեն Դելոնին, Ժան Գաբենին, Սոֆի Լորենին, Մարչելո Մաստրոյանիին, Անուկ Էմեին, Կլաուդիա Կարդինալեին եւ այլն:
Ընդհանրապես, այն ժամանակների կանայք ու տղամարդիկ մի տեսակ ազնվական, արտասովոր ու շլացուցիչ գեղեցկություն ունեին: Չկար այսօրվա ստանդարտ փայլը՝ «գլամուրը», տափակ, ցուցապաստառային գեղեցկությունը: Յուրաքանչյուրն առանձնանում էր բացառիկ գեղեցկությամբ ու հմայքով:
Գեղագիտական հաճույք պատճառելուց բացի՝ , լավ ֆիլմերը նաեւ ճաշակ էին ձեւավորում, ազդում էին մեր աշխարհայացքի վրա, մտածելու տեղիք տալիս, քանի որ ժամանցային ֆիլմերից բացի՝ ի հայտ էին եկել նաեւ փիլիսոփայական ուղղվածության ֆիլմերը՝ «արթ-հաուզ»-ները: Մեզ՝ միամիտներիս համար դրանք ռումբի պայթյունի ազդեցություն ունեին: Նշանավոր ֆիլմերը՝ Բերգմանի «Գետնամորու բացատը», «Էլվիրա Մադիգանը», Միքելանջելո Անտոնիոնիի «Խավարումը» (անկրկնելի Մոնիկա Վիտիի մասնակցությամբ) հեղափոխություն էին մեր գիտակցության համար:
60-ականների վերջերին շատ տարածված էին այսպես կոչված կինոլեկտորիումները՝ ֆիլմերի փակ ցուցադրությունները: Ֆիլմերի սիրահարների համար դրանք եւս իրադարձություն էին: Որպես կանոն՝ ցուցադրվում էին այն ֆիլմերը, որոնք գրաքննության պատճառով վարձույթում չէին հայտնվում: Ֆիլմերի սիրահարների համար հայտնի կինոքննադատները դասախոսություն էին կարդում, որոնց ընթացքում նաեւ քննադատական խոսքեր էին հնչում: Մենք բոլորս հետեւում էինք այդ խաղի կանոններին՝, նախապես իմանալով, որ արժանի ֆիլմ ենք դիտելու: Այդ ցուցադրություններին ներկա գտնվելը հեշտ չէր, բայց մենք հաջողացնում էինք, հետո էլ երկար ժամանակ դիտածի տպավորությունների տակ էինք լինում:
Հայկական ֆիլմերն այդ տարիներին շատ չէին՝ «Առաջին սիրո երգն» էր, «Սարոյան եղբայրները», «Նվագախմբի տղաները», «Անձամբ ճանաչում եմ (Կամո)»: Նրանք ունեին իրենց դեմքը, սակայն առանձնհատուկ ոչինչ չունեին: : Ավելի հաջողված էին մեր կարճամետրաժները, որոնք առանձնանում էին յուրօրինակությամբ ու հայկական կոլորիտով:
Մի խոսքով՝ 50-60-ականներին թե՛ հասանելիության, թե՛ բարձր մակարդակի շնորհիվ կինոն արվեստի գլխավոր ճյուղն էր:
14
«Բիթլզ»-ը հեղափոխեց աշխարհի երիտասարդների գիտակցությունը : Այն երկաթե վարագույրից ներթափանցեց ԽՍՀՄ եւ դարձավ հարազատ նաեւ երեւանցիներիս համար: Երգերի իմաստը չհասկանալով հանդերձ՝ մենք զարմանալիորեն կլանվել էինք այդ երաժշտությամբ՝ ինչ-որ տիեզերական մակարդակում զգալով դրա ելեւէջները: Դա մի երեւույթ էր, որն իր նմանը չուներ,երեւույթ, որը 180 աստիճանով փոխեց մեր ինքնագիտակցությունը, հավերժական երիտասարդության ու ներքին ազատության կենսահեղուկ էր, պատվաստուկ, որը մինչ օրս երիտասարդացնում է մեր հոգիները եւ օգնում է մնալ ընկալունակ նորի եւ գեղեցիկի հանդեպ:
Իրական արվեստը սահմաններ չունի, որքան էլ խոչընդոտ ստեղծեն նրա համար, իսկ իրական երաժշտությունը աստվածային լեզու է՝ հասկանալի եւ հուզիչ բոլորի համար:
Անկախ ամեն ինչից՝ երիտասարդները հաջողացնում էին ճարել եւ ձեռքից ձեռք փոխանցել սիրված խմբի մագնիտոֆոնային ձայնագրությունները : «Բիթլզ»-ի լուսանկարները եւս հազվագյուտ էին: Տղաները կրկնօրինակում էին նրանց սանրվածքները, առանց օձիքի բաճկոններ: Մեծ հաճույքով էինք լսում նաեւ անկրկնելի «Ռոլինգ Սթոունզ»-ի, «Էնիմալս»-ի, «Մամաս ընդ պապաս»-ի եւ այլ վոկալ-գործիքային խմբերի երաժշտությունը:
60-ականների սկզբին Կոնստանտին Օրբելյանի պետական էստրադային նվագախմբից բացի՝ ի հայտ եկան նաեւ նոր նվագախմբեր ու վոկալ-գործիքային համույթներ, ինչպիսիք էին «Կռունկը» եւ «Յունոստը», որոնց կազմում ներառված էին ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ինքնուս երաժիշտներ ու երգիչներ: Նրանք մեծ հաջողություն էին վայելում երիտասարդների շրջանում, հատկապես՝ Սիմոն Տերյանը, Գագիկ Եփրեմյանը, Ռայիսա Մկրտչյանը, Էլվինա Մակարյանը...
«Երազողներ» խումբը
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից
Իսկ 1967 թվականին գրեթե միաժամանակ հայտնվեցին առաջին ռոք խմբերը՝ «Мечтатели» («Երազողներ») ու «Блики» («Ցոլքեր»): Այդ խմբերն անմիջապես անվանվեցին «բիթլեր» ու «ռոլինգներ»: Երիտասարդ երաժիշտները դարձան այդ հայնրահայտ եւ սիրելի արեւմտյան խմբերի քարոզիչները: «Мечтатели» ու «Блики» խմբերից հետո սնկի նման սկսեցին նոր համույթներ հայտնվել ՝ «2+3», «Մելոմաններ» եւ այլն:
«Մեչտատելի» խմբի երգացանկում սկզբում հիմնականում «Բիթլզ»-ի երգերն էին: Լիվերփուլցի տղաների երգերից շատերը առաջին անգամ լսեցինք հենց հայ երիտասարդների՝ Զավեն Սարգսյանի ու Հրայր Կոտոյանի շուրթերից:
Ինչ վերաբերում է «Բլիկերի»-ն, ապա նրանց երգացանկը բազմազան էր եւ ընդգրկում էր նաեւ սեփական ստեղծագործությունները: Տիգրան Հակոբյանը, Օլեգ Աղեկյանը, Դավիթ Ազարյանը, Կարեն Մելիք-Սիմոնյանը, Ալիկ Աստվածատրյանը, Արայիկ Գեւորգյանը, Արմեն Չալդրանյանը վառ եւ ստեղծագործ անհատականություններ էին: Ես դա գիտեմ իմ անձնական փորձից՝ ամբողջ կյանքս ապրել եմ նրանցից մեկի՝ Տիգրանի հետ:
«Ցոլքեր» խումբը
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից
Սկզբում նրանք առանձին էին ելույթ ունենումն, հետագայում երբ դարձան ճանաչված, համալրեցին այն ժամանակ մեծ ժողովրդականություն վայելող Գուշոսդորին կից «Սերպանտին» նվագախմբի կազմը, որը ղեկավարում էր Ակսել Բակունցը:
Նրանց համերգները իրադարձություն էին երիտասարդների համար: Արեւմտյան բարձրորակ ու բարձրաճաշակ երաժշտությունից բացի՝ նրանք կատարում էին նաեւ իրենց երգերը, որոնք ոչնչով չէին զիջում ժամանակի միտումներին: Ցավոք, ԽՍՀՄ-ում հետապնդվում էր երաժշտական այդ ուղղվածությունը, եւ երիտասարդ երաժիշտներն առանձնապես հեռանկար չունեին:
Հիշում եմ, որ իրենց երաժշտական կարիերայի սկզբում փորձեր անելու տեղ չունենալու պատճառով նրանք հավաքվում էին երաժիշտներից մեկի շենքի մուտքում: Այստեղ տեղին է հիշել երկու կարեւոր դեմքերի, որոնք մեծ դեր ունեցան երիտասարդ երաժիշտներին առաջխաղացնելու եւ նրանց համերգները կազմակերպելու գործում: Նրանցից մեկը երեւանյան երաժիշտների շրջանում հայտնի անմոռանալի Տոպն էր՝ նիհար, անորոշ տարիքի, արտաքինից երկչոտ, սակայն իրականում նախաձեռնող: Խորհրդային շրջանում չկար «շոու-բիզնես» հասկացությունը, բայց Տոպն իրականում հենց դրանով էր զբաղվում՝ մենեջերությամբ եւ պրոդյուսերությամբ: Նա համերգներ էր կազմակերպում` փող աշխատելու հնարավորություն ընձեռելով թե՛ իրեն, թե՛ տղաներին: Իհարկե, այսօրվա չափանիշներով դա չնչին գումար էր, սակայն տղաների համար դա նաեւ ճանաչված լինելու ապացույց էր:
Նման «ստվերային» մենեջեր էր նաեւ խիստ գործունյա ու կոլորիտային մի մարդ «Շերխան» մականունով (իրականում՝ Ռաֆո): Հետագայում նա ապօրինի գործունեության համար դատապարտվեց ազատազրկման …ահա այսպիսի բարդ ժամանակներ էին:
Այն տարիների բոլոր երիտասարդ երաժիշտներն իրենց գործի մեծագույն երկրպագուներն էին: Ռադիոյից բացի երաժշտական ցանկացած ինֆորմացիայից մեկուսացած լինելով («Ամերիկայի ձայն», «Մոնտե Կառլո» եւ այլն, որոնք խլացվում էին)` նրանք վարպետանում էին՝ հասնելով մեծ հաջողությունների, մասնակցելով փառատոնների եւ ձեռք բերելով ճանաչում:
Անգլերեն երգերը կատարում էին բացառապես լսողությամբ ՝ առանց լեզվի լավ իմացության: Երգում էին «իրենց» լեզվով, որը հնչերանգով, առոգանությամբ եւ առանձին բառերով հիշեցնում էր անգլերենը: Սակայն ունկնդիրներին դա չէր վանում:
Շատ ափսոս, որ 60-ականների վերջին «Բլիկ»երի ելույթները գաղափարական նկատառումներով արգելվեցին իշխանությունների կողմից : Եթե համակարգը չլիներ, ո՞վ գիտե, գուցե աշխարհը «Բիթլզ»- ի ու «Ռոլինգ Սթոունզ»ժի» հետ մեկտեղ ճանաչեր նաեւ երեւանյան «Բլիկերի»-ն ու «Մեչտատելների»-ն:
Այն տարիներին նրանց համերգները թարմ օդի պես էին մեզ համար: «Բլիկերի» ամենահիշվող համերգներից մեկը Երեւանի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բեմում էր: Փոքր դահլիճը լեփ-լեցուն էր: Բեմի վրա մոմեր էին վառվում, նրանց ցոլքն անդրադառնում էր հիացած հանդիսատեսի դեմքերին, իսկ «Բլիկերը» դյութում էին երկրպագուներին իրենց հրաշալի երաժշտությամբ:
Պատկերն ամբողջացնելու համար պետք է հիշել նաեւ ջազի մասին, որը եւս մեծ ժողովրդականություն էր վայելում երեւանցիների շրջանում: Այդ տարիներին հայտնվեցին առաջին ջազմենները՝ Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը, Լեւոն Մալխասյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Արմեն Թութունջյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը...
Ջեմ-սեշն Երեւանում ամերիկացի երաժշտի հետ
Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից
Անցկացվում էին ջեմսեշըններ՝ (ջազմենների հանպատրաստից երաժշտական հանդիպումներ), ջազմեններ էին գալիս Ռուսաստանից, Մերձբալթյան երկրներից, նույնիսկ արտասահմանից:
Այդպիսով մեր երիտասարդության մեծ մասի մոտ երաժշտական լավ ճաշակ էր ձեւավորվել:
Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ հենց իր մշակույթային ժառանգությունն է եղել: Մինչ օրս հայերը հպարտանում են իրենց հին մշակույթով, որը փրկարար օղակ դարձավ, որպեսզի մենք չվերանանք եւ չձուլվենք:
Սակայն այսօր «նոր» հայերի շուրթերից հնչող հպարտության բառերը պաթոսային են եւ անհամոզիչ, քանի որ հենց իրենք են արհամարհում մեր մշակույթը:
Հայկական մշակույթն իր ծաղկունքի գագաթնակետին էր հատկապես երանելի վաթսունականներին...
«Մեծը հեռվից է երեւում» եւ, իհարկե, այժմ ավելի քան երբեւէ գիտակցում եմ, որ մեր սերնդի հոգեբանական ընդհանուր մթնոլորտին, գուցե անուղղակիորեն, նպաստում էին մեր կողքին բնակվող հայկական մշակույթի հսկաներն ու նրանց հավատարիմ հետեւորդները, ավաղ,վերջին մոհիկանները:
Երիտասարդ էինք, չէին գիտակցում, որ այդ տարիներին մեր կողքին բնակվում ու նույն փողոցով քայլում են կենդանի լեգենդներ Ավ. Իսահակյանը, Մ. Սարյանը, Վ. Վաղարշյանը, Դ. Դեմիրճյանը, Հր. Ներսիսյանը ու Դ. Մալյանը...
Մենք նույն քաղաքի օդն էինք շնչում, ապրում նույն շենքերում ու չէինք գիտակցում, որ մեր մեծն ժամանակակիցները անտեսանելիորեն, ենթագիտակցական մակարդակում ազդում էին մեր ձեւավորման ու որպես մարդ կայացման վրա, այնպիսի մարդ, որի համար մշակույթը նախ եւ առաջ այն ուղենիշն է, որն օգնում է չշեղվել ճիշտ ուղուց եւ անկախ բոլոր հանգամանքներից՝ հավատարիմ մնալ սեփական գաղափարներին: Վերջաբան
Անխուսափելիորեն ավարտին էր մոտենում Երեւանի ամենապայծառ եւ ամենաստեղծագործ շրջանը: Մենք՝ երիտասարդներս, արդեն հստակորեն տեսնում էինք, թե ինչպես է մոտենում 70-80-ականների լճացման գորշ իրականությունը:
Ավարտվում էր մեր երիտասարդությունը, դրա հետ միասին աստիճանաբար կորում էր նաեւ հույսը, թե հրաշք տեղի կունենա եւ մենք՝ լի ստեղծագործ ուժով, սկսենք ազատ նավարկություն:
Ավաղ, արթնացումը դառն էր: Ողջ մարդկությունը, այդ թվում՝ եւ մենք ձեռքից բաց թողեց քսաներորդ դարի, թերեւս, ամենապայծառ շրջանը: Իրականում աշխարհը գտնվում էր իր ծաղկման գագաթնակետին: Սակայն տարբեր պատճառներով հոգեւոր սիմբիոզի այդ շրջանը չօգտագործվեց: Եվ, հավանաբար, հենց վաթսունականներն էին արքիմեդյան այն լծակը, որով կարելի էր շրջել ամբողջ աշխարհը՝ այն դարձնելով ավելի լավը, մաքուր ու համախմբված:
Ժամանակն էր վերջապես հանելու վարդագույն ակնոցն ու սովորելու գոյատեւել գորշ առօրյայում, որն ահամահունչ էր մեր վարդագույն քաղաքի հետ:
Երկար կյանք ապրելով, բազմաթիվ փորձությունների միջով անցնելով, բախտի քմահաճույքին տրվելով եւ այնուհետեւ Երեւան վերադառնալով՝ հասկանում ենք, որ մեր երիտասարդության քաղաքը մնացել է միայն մեր հուշերում: Մենք երազում նույն վարդագույն քաղաքն ենք տեսնում, եւ վաթսունականների մեր սերունդը նույնքան գեղեցիկ եւ հույսով լի է մեր երազներում:
Ու թեեւ մեր հույսերը մի քիչ խամրել են, ինչպես ժամանակի ընթացքում խամրում է տուֆը, վերածննդի Երեւանը պատմության մեջ կմնա որպես անկրկնելի, յուրօրինակ եւ ամենահարազատը:
Հայերեն թարգմանությունը` Կարինե Հյուսյան
Հայերեն տեքստի խմբագիրներ` Աննա Բուբուշյան, Աննա Բարսեղյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: