Obama vs Romney. մաս 2 - Mediamax.am

exclusive
3616 դիտում

Obama vs Romney. մաս 2



Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հնարավորություն է տվել Մեդիամաքս-ի թղթակից Արամ Արարատյանին հետեւել ամերիկյան նախագահական նախընտրական քարոզարշավին: ԱՄՆ նրա ուղեւորության արդյունքում ծնվել է այս հատուկ նախագիծը, որի երկրորդ մասը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօր: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Բանավեճ

3-ը հոկտեմբերի, Դենվերի պետական համալսարան: Ամբողջ Ամերիկայի հայացքներն ուղղված են այս կողմ, որտեղ տեղի կունենա առաջին եւ, հնարավոր է, որոշիչ բանավեճը Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի միջեւ:

Առավոտյան թերթերում աչքի են զարնում այսպիսի վերնագրերը` “Մենամարտը Դենվերում”, եւ կանխատեսումներին զուգահեռ հիշատակվում են անցած օրերը, ավելի ճիշտ, Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի թեկնածուների միջեւ եղած նախորդ բանավեճերը, որոնք կանխորոշել կամ էական ազդեցություն են ունեցել նախընտրական քարոզարշավի վերջնական արդյունքի վրա:



1960թ.՝ առաջին հեռուստատեսային բանավեճ. երիտասարդ եւ հմայիչ Ջոն Քենեդին հաղթում է Ռիչարդ Նիքսոնին: 1976 թ.՝ Ջերալդ Ֆորդը զիջում է Ջիմի Քարթերին` Սառը պատերազմի ամենաթեժ պահին հայտարարելով, որ Արեւելյան Եվրոպայում “չկա Խորհրդային գերակայություն”: 1984թ.՝ Ռոնալդ Ռեյգանը ցուցադրում է, թե ինչպես է պետք հաղթել մեկ արտահայտությամբ՝ ի պատասխան իր պատկառելի տարիքի մասին ակնարկի հայտարարելով, որ իր քարոզարշավում չի գործածում  “հակառակորդի երիտասարդ եւ անփորձ լինելու հանգամանքը”: 1992թ.՝  Ջորջ Բուշ-ավագը սխալ է թույլ տալիս` ցուցադրաբար նայելով իր ժամացույցին Բիլ Քլինթոնի հետ բանավեճի ամենաթեժ պահին:  2000թ.՝ Ալբերտ Գոռը արտահայտիչ ձեւով աչքով է անում եւ ծանր է շնչում իր հակառակորդ Ջորջ Բուշ-կրտսերի ելույթի ընթացքում: Հանրությունը հրաժարվում է ընդունել նրա արտառոց վարքագիծը…



Վերեւում շարադրվածը նպատակ ունի ընդգծել բանավեճերի կարեւորությունը: Համարվում է, որ բանավեճերը միայն երկու անգամ են անդառնալի բեկել նախընտրական քարոզարշավի ընթացքը, սակայն, անկասկած, դրանց նշանակությունը եւ կշիռը շատ մեծ է: Բանավեճին անհրաժեշտ է ոչ միայն բազմակողմանի եւ հոյակապ պատրաստված լինել, այլեւ, միաժամանակ, չմոռանալ հումորի, արտաքին տեսքի եւ ժեստերի լեզվի մասին: Թեկնածուներն ունեն ուղիղ 90 րոպե, որպեսզի փորձեն համոզել միլիոնավոր ամերիկացիների:

Ռոմնին Դենվերում էր հոկտեմբերի 1-ից, Օբաման ժամանեց միայն բանավեճի օրը: Ռոմնին բանավեճին պատրաստվել էր վերջին մի քանի ամիսների ընթացքում, Օբաման նախապատրաստական աշխատանքների համար ավելի քիչ ժամանակ էր ծախսել: Նրանցից յուրաքանչյուրն ուներ “սպարինգ մրցակից”(sparing partner) փորձի համար: Օբամայի համար որպես այդպիսին հանդես էր գալիս 2004թ. նախագահական ընտրությունների թեկնածու Ջոն Քերին:



Բանավեճից մի քանի ժամ առաջ համալսարանի տարածքն արդեն լեփ լեցուն էր, այստեղ թեժանում էր այսպես կոչված DebateFest-ը: Մարդիկ, մեծամասամբ ուսանողները, երգում էին, պարում, խաղում եւ պարզապես ուրախանում: Տեղադրված էին նաեւ սեղաններ ամենատարբեր խորհրդանիշներով եւ “գովազդով”, ընդ որում, պարտադիր չէր, որ դրանք կոչ անեին քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Օրինակ, Օբամայի եւ Ռոմնիի խորհրդանիշներով սեղանիկների կողքին կարելի էր տեսնել մեկ այլը, որը նվիրված էր անվտանգ սեքսին կամ աուտիզմով հիվանդներին:

Հատուկ լրագրողների համար այստեղ առանձնացված էր հսկայական մեդիա-կենտրոն, որը կոչվում է Spin Alley: Այստեղ աշխատում էին մոտ 3500 լրագրողներ աշխարհի բոլոր ծայրերից, ինչպես նաեւ մեծ թվով փորձագետներ, դասախոսներ, պրոֆեսորներ: Ուշադիր լինելու դեպքում կարելի էր հանդիպել ծանոթ դեմքերի, ինչպես, օրինակ, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:



Բանավեճի մեկնարկը ռոմանտիկ էր: Բարաք Օբաման դիմեց դահլիճում նստած կնոջը` Միշելին, նշելով, որ “20 տարի առաջ ես դարձա աշխարհի ամենաերջանիկ մարդը, քանի որ Միշելը համաձայնեց դառնալ իմ կինը”: Միթ Ռոմնին էլ պատասխան ակնարկով հեգնանքով նկատեց, որ 20-ամյա տարելիցն իր հետ նշելը “ամենառոմանտիկ տարբերակ է”:  Դրանից հետո թեկնածուներն արդեն չշեղվեցին: Օրակարգում լուրջ հարցեր էին` գործազրկություն եւ աշխատատեղեր, բյուջեի դեֆիցիտ, հարկեր, ինչպես նաեւ առողջապահության եւ կառավարման խնդիրներ: Հարցերի գրեթե ողջ տեսականով Օբաման եւ Ռոմնին լուրջ հակասություններ ունեին:

Բանավեճի արդյունքը բոլորին հայտնի է: Հաղթանակ տարավ Միթ Ռոմնին, ով ավելի վճռական էր, ագրեսիվ, աշխույժ եւ վստահ: Նրա ելույթը, անկասկած, ավելի տպավորիչ էր, քան մի քանի օր առաջ կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում: Ինչ վերաբերում է Օբամային, ապա նա, ընդհակառակը, հոգնած եւ անտարբեր էր թվում: Նախագահը, ով սովորաբար շատ աշխույժ է, բանավեճի ընթացքում նման էր մի մարդու, ով վաղուց սպասված եւ կարեւոր իրադարձության կեսին ամեն ինչից ձանձրացել է եւ ուզում է արագ ավարտել ամեն ինչ: Ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքները զուր չէին, եւ Ռոմնիին նախագահ պատկերացնելն արդեն այնքան էլ դժվար չէ, որքան մի քանի օր առաջ: Ռոմնին ազատ եւ համարձակ գործածում էր թվեր, իսկ Օբաման պարբերաբար տրվում էր երկար բացատրությունների (սա շատերի կողմից նշվում է որպես նրա հիմնական թուլություն): Ռոմնին գրեթե ողջ ընթացքում համարձակորեն նայում էր հակառակորդի աչքերին, իսկ նախագահ Օբաման հանրապետականի ելույթի ժամանակ չգիտես ինչու հայացքը ներքեւ էր հառում եւ նույնիսկ պարբերաբար գլխով էր անում ի համաձայնություն մրցակցի դիտարկումներին:



Ընտրություններից մի քանի ժամ անց CNN-ը հրապարակեց իր կայքում տեղադրված  հարցման արդյունքները: Հարցը շատ պարզ էր. ո՞վ հաղթեց բանավեճում: Արդյունքները խոսուն էին. Ռոմնի` 67%, Օբամա`25%. Ակնհայտ է, որ Բարաք Օբամային դժվար թե հաջողվի հեշտ հաղթանակ տանել, ինչպես դա կանխատեսվում էր մինչեւ հոկտեմբերի 3-ը: Միթ Ռոմնին արդեն զգաց “արյան հոտը” եւ հիմա հաստատ կպայքարի մինչեւ վերջ:

Շարունակելի:

Արամ Արարատյան
Դենվեր-Երեւան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին