Իմ կյանքի այս բարի՜, բարի պատմությունը
Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ ու ամբողջական է դառնում, երբ համալրվում է երեխայով՝ մանկան բարուրով և այդ բարուրից ճառագող լուսե երազներով: Մեր ընտանիքը, ավա՜ղ, լիարժեք չէր: 13 տարի ամուսնացած լինելով՝ բալիկ չունեինք, հոգեկան տանջող ցավի հետ անհնար էր պատմել նաև այն նյութական ծախսերի մասին,որ անում էինք այդ տարիների ընթացքում:
2010 թ. արձակուրդներին ԽԿ-ի գործըկերս՝ Ջասլին Սայութան, որոշեց մեկնել Երուսաղեմ և հարցրեց, թե ի՛նչ կցանկանայի, որ բերեր ինձ համար: Ես խնդրեցի Երուսաղեմի հայկական եկեղեցուց մի մոմ բերի՝ մտածելով, որ խնդրանքս առ Աստված անպայման կկատարվի: Բայց նա մոմի հետ բերեց նաև մետաքսե շալ, որ շատ մեծ նվեր էր, մանավանդ, երբ իմացա, որ օծել էր տվել Հիսուսի գերեզմանին: Ջասլինը խնդրեց, որ շալը միշտ կրեմ ուսերիս՝ հավատացնելով, որ այն միշտ հաջողություն կբերի: Այդպես էլ արեցի:
Անցավ որոշ ժամանակ: Հորաքույրս եկավ երազիս և ասաց, որ գնամ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում մոմ վառեմ: Հաջորդ օրը հորաքրոջս աղջկա՝ Գայանեի հետ գնացի Էջմիածին: Եկեղեցում տեսանք նորածինը գրկին երիտասարդ մայրիկի: Գայանեն աչքով արեց և հասկացրեց, որ գրկեմ երեխային: Կինը սիրով ինձ տվեց փոքրիկին, և ես եկեղեցու մեջ կրծքիս սեղմեցի երեխային:
Որոշ ժամանակ անց առողջական խնդիրների պատճառով որոշեցի դիմել բժշկի: Գնացի հանրապետական հիվանդանոց՝ ուլտրաձայնային հետազոտության, և անակնկալի եկա, երբ բժշկուհին հարցրեց, թե քանի բալիկ ունեմ: Դեռ չէի հասցրել պատասխանել, երբ ասաց. «Դուք հենց հիմա պետք է ազատվեք այս երեխայից: Դուք առողջական լուրջ խնդիրներ ունեք: Միոմատոզ հանգույցները թույլ չեն տա, որ պտուղը զարգանա»:
Ես կորցրել էի խոսելու ունակությունս. չգիտեի՝ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ: Երբ բժշկուհուն ասացի, որ այսքան տարի երեխա չունեմ, որ անգամ չգիտեի իմ կարգավիճակի մասին, նա հուզվեց և ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ: Վերջինս ասաց, որ յոթ ամիս պետք է մնամ հսկողության տակ, և ես գնացի Մարգարյան հիվանդանոց, որտեղ մի շատ լավ բժշկուհի կար՝ Արմինե Խանամիրյանը: Նա խոստացավ, որ ամեն ինչ կանի, որպեսզի երեխան առողջ ծնվի, և ստիպեց խոստանալ, որ իրեն կլսեմ ու ասածները կանեմ: Հլու-հնազանդ լսում ու կատարում էի նրա բոլոր ասածները, իսկ ինձ երեխայի նման պահում-փայփայում էին իմ հարազատները, ընկերները, հարևանները: Բոլորի ուրախությունը աննկարագրելի էր:
Այդ ամբողջ ժամանակահատվածում մնացի Մարգարյան հիվանդանոցի հսկողության տակ, բայց յոթերորդ ամսում բժշկուհին ասաց, որ միոմաները շատ արագ են մեծանում, և հնարավոր է՝ շուտ վիրահատեն, քանի որ դրանք կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Նաև ասաց, որ պետք է գենետիկական հետազոտություն անցնեմ՝ հետագա ընթացքը որոշելու համար, իսկ ես նույնիսկ չէի մտածել այդ խնդիրների մասին. միմիայն երազում էի բալիկ ունենալ: Մնացի հսկողության տակ՝ որքան որ հնարավոր էր ժամանակը երկարեցնելու տեսակետից, որպեսզի երեխաս ժամկետից շուտ չծնվեր: Բժշկուհիս ասաց, թե քանի որ բացառիկ դեպք է, ինձ կվիրահատի բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանը: Երկու բժիշկներով, այսպես ասած, խաբելով, ինձ պահեցին ինը ամիս: Նույնիսկ վիրահատող բժիշկը ասաց, որ որոշակի ժամանակով երկրից գնում է: Երբ բալիկս ծնվեց, 3կգ 400 գ էր կշռում, իսկ միոմատոզ հանգույցները՝ 3 կգ:
Բայց ամենաուժեղը փոքրիկն էր: Նա մնաց ու պայքարեց ծնվելու համար և իր ծնունդով ևս մեկ անգամ ապացուցեց, որ հրաշքներ, այո՛, լինում են: Ամենամեծ հրաշքը ինքն է, որ լույս աշխարհ եկավ՝ մեզ երջանիկ դարձնելու: Այդ հրաշքի անունը Տարոն է: Նա արդեն 5 տարեկան է, և այդքանի միջով անցնելով՝ միշտ մի բան է ուզում՝ ազատություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: