Արմեն Գյուրջինյան. Աստղեր, իզոտոպեր եւ մեքենայական ուսուցում - Mediamax.am

exclusive
29775 դիտում

Արմեն Գյուրջինյան. Աստղեր, իզոտոպեր եւ մեքենայական ուսուցում


Արմեն Գյուրջինյանը
Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գյուրջինյանը
Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գյուրջինյանը
Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գյուրջինյանը
Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գյուրջինյանը
Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գյուրջինյանը
Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Գիտամարդ» նախագիծը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: 

 

Ֆիզիկոսներն իրենց շրջապատող ամեն ինչում հետաքրքրություններ են գտնում, փորձում են հետազոտել եւ հասկանալ դրանք, իսկ հետագայում այդ հետաքրքրությունները կարող են վերածել սիրելի զբաղմունքի: 

 

Արմեն Գյուրջինյանն այս ճանապարհը սկսել է հակառակ կողմից. փոքր տարիքում էլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրություններն ու սարքավորումները «քանդել-հավաքելու» սիրելի զբաղմունքն են նրան կանգնեցրել ֆիզիկայի դռների առջեւ:

 

«Ֆիզիկայում պետք է համառ լինես եւ շատ մեծ սեր ունենաս գիտության նկատմամբ: Գիտնականն անվերջ փորձեր կարող է անել, եւ երկար աշխատանքներից հետո միայն հասնել արդյունքի: Չի կարելի հիասթափվել եւ մտածել, թե չի ստացվելու: Օրինակ` ես աշխատելիս Բեթհովեն եմ լսում: Եթե ուզում եմ չլարվել, լավագույն միջոցը դա է, օգնում է հեշտությամբ անել ցանկացած բարդ գործ»,- ասում է նա:

 

Կիրառական եւ հիմնարար ուսումնասիրություններ՝ միաժամանակ

 

Էքսպերիմենտալ միջուկային ֆիզիկայի, միջուկային աստղաֆիզիկայի մասնագետ Արմեն Գյուրջինյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում սովորելուն զուգահեռ՝ 2-րդ կուրսից, սկսել է մասնակցել գիտափորձերի՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում:

 

Արմեն Գյուրջինյանը Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ինչպես դպրոցներում, այնպես էլ բուհերում, ըստ Արմենի, հիմնական ուսուցումը գրքերի միջոցով է, այնինչ գիտությամբ մարդուն հետաքրքրելու համար պետք է նրան գիտափորձեր անելու հնարավորություն տան: Դա է պատճառը, որ հենց ուսումնառության սկզբից որոշել էր չբավարարվել միայն գրքեր կարդալով: 

 

2013թ.-ին՝ մագիստրատուրայի վերջին կուրսում, հետո նաեւ՝ ասպիրանտուրայում, ուսանողների փոխանակման ծրագրով գիտափորձերը շարունակել է Նոտր Դամի համալսարանում (ԱՄՆ, Ինդիանա) ՝ ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ափրահամյանի մոտ, որտեղ, ինչպես ինքն է ասում, առաջին կես տարում ավելի շատ փորձարարական գիտելիքներ է ստացել, քան բուհում սովորելու վեց տարիներին:

 

 

«Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոնի համար կադրեր պատրաստելու նպատակով ինձ ուղարկեցին գիտափորձերս ԱՄՆ-ում անելու, գիտական ղեկավարս ճանաչում էր Անի Ափրահամյանին, այդպես որոշվեց, որ նրա մոտ պետք է անեմ ուսումնասիրություններս: Երեք տարին, որ անցկացրեցի այնտեղ, ինձ սովորեցրեց, թե ինչպիսին պետք է լինի գիտնականը, որպեսզի կարողանա միջազգային ասպարեզում լավ դրսեւորվել: Հայաստանում խորհրդային տարիներից մնացած մոտեցում կա, որպեսզի գիտությամբ զբաղվեն, պետությունը պետք է գիտնականին գումար տա: Արտասահմանում, ֆունդամենտալ գիտությանը զուգահեռ, գիտնականներն ունեն նաեւ կիրառական արդյունքներ ապահովող գիտական հետաքրքրություններ, որոնք առեւտրայնացվում են: Օրինակ, Հայաստանում՝ մեր ինստիտուտում կա ցիկլոտրոնը, որն առողջապահական կիրառություն կարող է ունենալ եւ ծառայել հասարակությանը»: 

 

Արմենը ԵրֆԻ-ում հենց այս մոդելով էլ աշխատում է: Հիմնարար գիտության մեջ հետազոտությունները վերաբերվում են տիեզերքում աստղերի, մատերիայի առաջացմանը, միջուկների կառուցվածքին, աստղերի մեջ տեղի ունեցող ռեակցիաներին (նոր էներգետիկ մակարդակներ են չափել, որոնք նախկինում չէին չափվել, եւ տպագրվելուց հետո արձագանքներ են ակնկալում): 

 

Արմեն Գյուրջինյանը Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Փորձարարական բաժնում նրա ուսումնասիրությունների հիմնական ուղղվածությունը կիրառական է (օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշում): 

 

«Հայաստանի համար օնկոլոգիական հիվանդությունների շատ արագ դիագնոստիկան եւ բուժումը խիստ կարեւոր են: Երբ ցիկլոտրոնը գործարկվի, ինստիտուտում կարտադրվեն ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք օգտագործելով հնարավոր կլինի ախտորոշում անել եւ ճշգրիտ հայտնաբերել, թե մարդու մարմնի որ հատվածում կան գոյացություններ»,- ասում է Արմենը՝ նշելով, որ գիտնականները պատրաստ են մեկնարկել այդ աշխատանքները՝ անհրաժեշտ տեխնիկական դետալների ապահովման դեպքում: 

 

Ֆիզիկան ընտրած մարդիկ՝ ունիվերսալ ցանկացած մասնագիտության մեջ

 

Ֆիզիկան ընտրող մարդիկ նախ ներքին էնտուզիազմով են առաջնորդվում: Ֆիզիկան, ինչպես ասում է Արմեն Գյուջինյանը, զուտ մասնագիտություն չէ, այլ մտածելակերպ: Ֆիզիկայով զբաղվող մարդը շատ արագ կարողանում է ադապտացվել նաեւ այլ բնագավառներում եւ հեշտությամբ տիրապետել ցանկացած մասնագիտության: 

 

«Ցանկացած բան, որ ես ուզենամ անել, շատ արագ կարող եմ տիրապետել դրան՝ հետազոտելով բնագավառը, առանձնահատկությունները»,- ասում է Արմենը, ով ֆիզիկայում գիտական հետազոտություններին զուգահեռ նաեւ մեքենայական ուսուցմամբ է զբաղվում:

 

Արմեն Գյուրջինյանը Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լսելով մեքենայական ուսուցման դասընթացների մասին՝ Արմենը որոշել է մասնագիտանալ այս ակտուալ բնագավառում, եւ այժմ աշխատում է նաեւ մասնավոր ընկերություններից մեկում:

 

«Գրում ես ալգորիթմներ, ծրագրեր, որոնք կարող են, անցյալի տվյալներն ուսումնասիրելով, կանխատեսումներ անել ապագայի համար: Դա նաեւ ֆիզիկայում շատ մեծ կիրառություն ունի եւ արագ զարգանում է», - ասում է գիտնականը: 

 

Վերացնել սերունդների միջեւ խոռոչը՝ հայտնի հայ գիտնականների հետ կապերով

 

Հայաստանում ֆիզիկայի ոլորտում երկու մեծ խնդիր կա, որոնք փոխկապակցված են. ցածր ֆինանսավորում եւ մարդկային ռեսուրսի պակաս: 

 

«Եթե ֆինանսավորումը բարձր լինի, մարդիկ մոտիվացված կլինեն ֆիզիկայով զբաղվել: Մյուս կողմից` եթե այս պահից սկսած մեծ ֆինանսավորում լինի, արագ կադրեր պատրաստելու անհրաժեշտություն կառաջանա», - ասում է Արմենը:

 

Խորհրդային տարիներին ֆիզիկայի ոլորտում Հայաստանի ունեցած լավ փորձն անկախությունից հետո, ինչպես ասում է նա, չփոխանցվեց սերունդներին ուղեղների արտահոսքի պատճառով.

 

Արմեն Գյուրջինյանը Արմեն Գյուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Շատ մեծ ու շատ երիտասարդ տարիքի գիտնականների միջեւ մեծ խոռոչ առաջացավ: Միջին տարիքի գիտնականները, որոնք կարող էին կապօղակ լինել սերունդների միջեւ, չկան: Պետք է փորձել այդ ընդհատված կապը վերականգնել, որպեսզի խնդիր չունենանք ֆիզիկայի դպրոցն ավելի մեծ տարիքի գիտնականներից երիտասարդներին փոխանցելու հարցում: Գիտությունը շատ արագ է զարգանում եւ արագ արձագանքներ են պետք»:

 

Արմենը նշում է, որ հարկավոր է նաեւ արտասահմանում հաջողությունների հասած հայ գիտնականների հետ աշխատել, նրանց լավ նախագծեր առաջարկել ու համատեղ իրականացնել դրանք: 

 

«Այդ դեպքում երիտասարդները կարող են մի քանի տարի նրանց մոտ եւ նրանց հետ հետազոտություններ անել, լավ փորձ կուտակել ու վերադառնալ Հայաստան: Բայց պետք է լինեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի վերադառնան եւ այստեղ կիրառեն այդ լավագույն փորձը»,- ասում է Արմենը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին