Անի Ապրահամյան. Պետք է «բացվենք» ու գիտությունը գրավիչ դարձնենք - Mediamax.am

exclusive
27360 դիտում

Անի Ապրահամյան. Պետք է «բացվենք» ու գիտությունը գրավիչ դարձնենք

Անի Ապրահամյանը
Անի Ապրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


2018թ. ապրիլին Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշանակվեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն: Արդեն երեք ամիս գիտական հաստատության ղեկը ստանձնած պրոֆեսորը փորձում է նոր կյանք տալ ԵրՖի-ին՝ հատկապես կարեւորելով երիտասարդ գիտնականներին եւ նրանց ներուժը: 

Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում Անի Ապրահամյանը պատմել է գիտության ուղին ընտրելու, սեփական հաջողությունների, ԵրՖի-ն ղեկավարելու իր ռազմավարական մոտեցումների եւ գիտության ոլորտի խնդիրները լուծելու իր տարբերակների մասին:

 

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

 

***

 

- Գիտությամբ զբաղվելու ձեր ցանկությունն ու մեծ երազանքը, գիտեմ, որ առաջացել է այն պահից, երբ տեսել եք Լուսնի վրա մարդու առաջին լուսանկարը: Ինչպե՞ս հասկացաք, որ հենց ֆիզիկան է լինելու գիտության այն ճյուղը, որով պետք է զբաղվեք:

 

- Փոքրուց սիրել եմ գիտությունը, մտածում էի՝ արդյոք, ի՞նչ է իրականությունը, եւ արդյո՞ք, ձեւ կա այն հասկանալու։ Երբ ամերիկացիներն առաջին անգամ Լուսինը նվաճեցին, շատ էի ոգեւորվել՝ տեսնելով լուսանկարը։ Տատիկս այդ փաստից շատ էր նեղանում, ասում էր՝ Աստծո գործերին են խառնվում, աշխարհի վերջը պիտի բերեն։ 

 

Անի Ապրահամյանը Անի Ապրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լիբանանի դպրոցներում սարքեր չունեինք դասարաններում փորձեր անելու, բայց գրքեր ունեինք, որոնք մեր դպրոցին նվիրաբերել էին ամերիկահայ բարերարները։ Այդ գրքերում տեսել էի քիմիայի ապակեպատ լաբորատորիաներ, սեղաններ։ Երբ Լիբանանում առաջին անգամ իմ սենյակն ունեցա, երեւակայում էի, որ դա իմ լաբորատորիան է, ճիշտ է՝ առանց գրքերում պատկերված ապակեպատ փորձասեղանների։ 

 

Համալսարանում, նախ, որոշեցի քիմիայի բաժնում սովորել, հագնում էի գեղեցիկ հագուստ, որը փչանում էր փորձերի ժամանակ։ Երրորդ կուրսում արդեն ֆիզիկա էինք անցնում, հասկացա, որ դա ավելի շատ եմ սիրում։ Պրոֆեսորս ասաց, որ այն, ինչն ինձ սկսել է դուր գալ, ոչ թե քիմիա է, այլ ֆիզիկա: Այդպիսով փոխեցի ուղղությունս ու սկսեցի միջուկային ֆիզիկային հետեւել։ Հույս ունեի, որ այդ ուղղությունը մի օր օգտակար կլինի Հայաստանի համար, այն դեպքում, երբ հնարավոր չէր երազել ո՛չ անկախ Հայաստանի, ո՛չ այստեղ միջուկային ֆիզիկայի զարգացման մասին։ 

 

Երբեք հույս չունեի, որ պրոֆեսոր կդառնամ, մտածում էի՝ մի տեղ կաշխատեմ պարզապես։ Բայց այնպես ստացվեց, որ գիտությունը գծեց իմ կյանքի ուղին։ 

- Ձեր ընտրած մասնագիտությունն ինչպե՞ս ազդեց որպես մարդ կայանալու ճանապարհի եւ ներաշխարհի ձեւավորման վրա: 

 

- Ես Լիբանանում եմ ծնվել, որտեղ միշտ կրոնական խնդիրներ կային։ Փոքրուց մտածում էի, որ գիտությամբ կարող ենք լուծել աշխարհի բոլոր խնդիրները։ Հավատում էի, բոլոր հակասությունների պատասխանը կկարողանանք գտնել. եթե անգամ մարդիկ թշնամիներ են, բայց ընդհանուր հետաքրքրություններ ունեն գիտության որեւէ հարցի շուրջ, ապա կարող են համախմբվել, ու որեւէ սահման չի կարող գծվել այդտեղից սկիզբ առնող բարեկամության միջեւ։ 

 

Գիտության հանդեպ սերն ավելին է, քան բոլոր խնդիրները միասին։ Գիտեմ՝ որքան դժվար է, որ գիտությամբ չզբաղվողները հասկանան դրա արժեքը։ Դժվար են այն հացերը, որոնք չես կարող գիտությամբ լուծել, ինչպես օրինակ, հավատքի հարցն է, բայց մեծ հույս ունեմ մնացած ամեն խնդրի լուծումը գիտությունը կարող է տալ։ 

 

- Խորհրդային տարիներից մենք ավանդաբար լավ զարգացած գիտություն ունեինք, բայց այժմ այս ոլորտի խնդիրները բազմաթիվ են: Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում գիտության զարգացվածության մակարդակը եւ ի՞նչ պետք է անել, որպեսզի մեր գիտությունն աշխարհին համընթաց քայլի:

 

- Խորհրդային տարիներին մարդկանց խրախուսում էին զբաղվել գիտությամբ, լավ վարձատրում էին եւ գիտությունը հարգված էր։ 

 

Այսօր էլ մենք ունենք հրաշալի գիտնականներ, որոնք հզոր ուժ են: Եթե ցանկանում ենք աշխարհում մրցունակ լինել, պետք է լուրջ գիտական նյութեր ներկայացնենք: Մեր գիտնականների համար դժվար է, բայց պետք է դուրս գալ ավազի մեջ թաղված մնալու վիճակից, միասին աշխատել։ Ես նոր եմ նշանակվել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում, կարիք ունենք միասին գործակցելու եւ նոր հայտեր ներկայացնելու աշխարհին։

 

Անի Ապրահամյանը Անի Ապրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հիմա առիթներ ունենք նոր առաջարկներ ներկայացնել Եվրոպային կամ Արեւմուտքին, կարծում եմ մեր գիտնականների մեծ մասը չի պատկերացնում, թե ինչպես կարող ենք դա անել կամ հին ձեւերով են պատկերացնում: Հուսամ, կկարողանամ տարբերություն մտցնել։ 

 

-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնին Ձեր նշանակումը մեծ ոգեւորությամբ ընդունվեց, շատերը հեղափոխական մոտեցումներ են ակնկալում: Որո՞նք են ձեր առաջիկա պլաններն ու ի՞նչ ռազմավարություն եք ընտրելու գիտական հաստատությունը ղեկավարելու համար: 

 

- 2009թ.-ից ես ինստիտուտի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, կառավարման բարեփոխումներն իրականացնելու եւ գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի անդամ էի, իսկ 2011թ.-ից փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամ եւ գիտական քարտուղար։ Մեր խորհուրդը գաղափարներ էր տալիս ինստիտուտի գործունեության համար։ 

 

Այդտեղից էլ առաջ է եկել ցիկլոտրոնի հարցը՝ մտածելով, որ դրանով կարող ենք սկսել թե՛ ցածր էներգիայի միջուկային ֆիզիկայի ուղղությունը, թե՛ առողջապահական լուրջ ծրագիր։ 

 

Հայաստանի գիտականների մեծ մասը բարձր էներգիայի միջուկային ֆիզիկայով է զբաղվում, շատ չեն սիրում գաղափարը, որ կարելի է նաեւ ցածր էներգիայի միջուկային ֆիզիկան զարգացնել, բայց այստեղ այլ կարեւոր հարց կա։ Եթե ցանկանում ենք երիտասարդներին առաջ մղել, պետք է ունենանք բաներ, որ իրենք կարողանան իրենց ձեռքերով ստեղծել, սովորել, ոչ թե միայն տվյալների վերլուծությամբ զբաղվել։ 

 

Անի Ապրահամյանը Անի Ապրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Իմ գաղափարն է, որ սկսենք ցածր էներգիայի միջուկային ֆիզիկայով զբաղվել, քանի որ բազմաթիվ ծրագրեր կան, որոնք կարող են տնտեսության վրա ազդեցություն ունենալ։ Դա մեր երկրին հարմար է, միջուկային էներգիա ունենք, հիմա պետք է ունենանք միջուկային բժշկություն, եւ կան բազմաթիվ այլ ուղղություններ, որոնցով կարող ենք զարգանալ։

 

Շատ ուժեղ ուղեղներ ունենք, որոնք տեսաբան են, ուզում ենք, որ նրանց հեղինակությունը բարձրանա։ Մեր ինստիտուտում զբաղվում ենք տիեզերական ֆիզիկայով եւ աստղաֆիզիկայով: Հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը չունենա իր արբանյակը: Կիրառական ֆիզիկայով ենք զբաղվում, բայց սարքավորումներ չունենք... կարող ենք այդ խնդիրները լուծել եւ պետք է լուծենք։ 

 

Հայաստանի կառավարության պետբյուջեից, Գիտության պետական կոմիտեից տրամադրվող գումարները չեն բավարարում այդ ծրագրերը կյանքի կոչելու համար։ Այժմ պետք է մրցակցենք միջազգային հարթակներում եւ մրցունակ լինենք միջազգային մակարդակում։ Մեզ համար մեծ հնարավորություն է Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագիրը, պիտի փորձենք միջոցներ ներգրավել։ 

 

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կան շատ գիտնականներ, ովքեր արդեն աշխատում են տարբեր երկրների հետ, պետք է ընդլայնենք այդ համագործակցությունները եւ հզորացնենք մեր դիրքն ու մեր անունն աշխարհում։ Ինձ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը լինի առաջնորդը, ոչ թե հետեւողը։ 

 

Վերջերս մրցույթ անցկացրինք, որ նախաձեռնել էր նախկին տնօրեն Աշոտ Չիլինգարյանը եւ նա առաջարկեց, որ ես նույնպես մասնակից լինեմ այդ գործընթացին։ Ներառեցի պահանջը, որ գիտական աշխատանքները գնահատելիս դիտարկվի, թե դրանք ինչ ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա։ Շատերս կարող ենք զբաղվել տարբեր բաներով, կարող ես անունդ դնել հոդվածի տակ եւ տպագրվել, բայց կարեւոր խնդիրն այն է, թե այդ աշխատանքն ինչպիսի ազդեցություն ունի Հայաստանի եւ հայկական գիտության վրա։ 

 

Ցանկանում եմ այդ հանգամանքի վրա կենտրոնանալ, բայց ամենը պետք է արվի արտասահմանից բերվող գումարներով, քանի որ մեր միջոցները չեն բավականացնում: 

 

- Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում պետություն-գիտություն-հասարակություն շղթայում անդունդ կա: Մյուս կողմից պետությունը պետք է գիտությանը կոնկրետ պատվերներ տա, որպեսզի վերջինս թիրախային աշխատի: Դուք ինչպե՞ս եք տեսնում այս երեք օղակների համագործակցությունը: 

 

- Մենք պետք է հասարակությանը բացատրենք՝ ինչով ենք զբաղված այստեղ: Այդ կապը շատ կարեւոր է, Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է անում գիտությունը: Սեպտեմբերին մեծ համաժողով ենք նախատեսում: 

 

Այս տարի նշում ենք Արտեմ Ալիխանյանի ազգային գիտական լաբորատորիայի 75-ամյակը եւ որոշել ենք դպրոցականներին հրավիրել ինստիտուտ, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչ են անում մեր գիտնականները, իրենց ձեռքերով շոշափեն մեր սարքավորումները: Բացի այդ՝ ամեն շաբաթ դասախոսություններ ենք կազմակերպելու ֆիզիկայի, գիտության այլ ճյուղերի վերաբերյալ՝ ոչ միայն ինստիտուտի աշխատակիցների, այլեւ քաղաքացիների համար, որպեսզի մյուս մարդիկ եւս հնարավորություն ունենան ավելի սերտորեն առնչվել գիտությանը: Մենք պետք է ավելի բաց լինենք հասարակության առաջ:

 

Անի Ապրահամյանը Անի Ապրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կառավարությունը պատրաստ է աջակցելու մեզ հնարավոր բոլոր ձեւերով: Այժմ մեր օրակարգում ցիկլոտրոնի գործարկման հարցն է: Ես հանդիպումներ եմ ունեցել պետական գերատեսչությունների հետ, եւ ստացել եմ հավաստիացում, որ ախտորոշման կենտրոնը չպետք է սեփականաշնորհվի, իզոտոպները պետք է օգտագործվեն գիտության եւ միջուկային բժշկության համար: Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ կգործարկենք ցիկլոտրոնը: 

 

- Հաճախ, արտասահմանում աշխատող հայ գիտնականներն ասում են, որ պատրաստ են իրենց ներուժն ու կարողությունները ներդնել Հայաստանի գիտության զարգացման մեջ: Ձեզ կարելի է այդ համագործակցության հրաշալի օրինակն ու առաջին ծիծեռնակը համարել: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ ավելի մեծ թվով մարդիկ չեն կարողանում գալ եւ իրենց նպաստը բերել մեր գիտությանը, գուցե՞ մեխանիզմներ ստեղծելու կարիքը կա:

 

- Ամենից կարեւորը աշխատավարձն է, որը շատ ցածր է: Այսօր Հայաստանում որքա՞ն պետք է ստանաս, որ հանգիստ կյանք ունենաս: Գիտնականների աշխատավարձները շատ հեռու են այդ անհրաժեշտ գումարից: 

 

Մյուս խնդիրը ենթակառուցվածքների բացակայությունն է: ԵրՖի տնօրենի աշխատասենյակում, ուր հանդիպումներ էի անցկացնում, ինտերնետ կապն ամեն 5 րոպեն մեկ կտրվում էր: Այն դեպքում, երբ այս ինստիտուտն է բերել ինտերնետը Հայաստան: Միջանցքը, որով հասնում եմ աշխատասենյակ, մութ եւ ամայացած էր, մինչեւ որ սկսեցի աշխատել այստեղ եւ մարդկանց ընդունել: Նման հարցեր չպետք է լինեն գիտական հաստատություններում: Գիտնականները պետք է աշխատելու համապատասխան պայմաններ ունենան: 

 

Նույնիսկ ընդմիջման համար պայմաններ չկան: Ուզում եմ փոքրիկ սրճարան ստեղծենք, որ եթե, օրինակ, քաղաքից ինչ-որ մեկը ցանկանա գալ, կտրվել ամեն ինչից եւ աշխատել, մեզ մոտ լինեն բոլոր հարմարությունները, մարդիկ կարողանան նստել, զրուցել, քննարկումներ ունենալ: Մենք թանգարան ունենք, եւ եթե այդ պայմանները ստեղծենք, գիտական տուրիզմին եւս կնպաստենք: Առաջին գործերից մեկը պետք է լինի ինստիտուտի մուտքի տարածքը նորոգելը:

 

Անի Ապրահամյանը Անի Ապրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Իմ երազանքն է, որ վերանորոգենք շենքերը, եւ դրանք համապատասխանեցնենք 21-րդ դարի գիտակական հաստատությունների մակարդակին: Այնուհետեւ հրավիրենք նոր գաղափարներով եւ աշխատելու մեծ ցանկությամբ գիտնականներին, դառնանք ինովացիոն, տեխնոլոգիական կենտրոն: Ստեղծենք գիտական եւ տեխնոլոգիական այդ մթնոլորտը, որտեղ մարդիկ իրար լավ կհասկանան եւ կգործակցեն գիտության տարբեր ուղղություններով: 

 

- Դուք նշեցիք, որ երիտասարդներին պետք է առաջ գնալու հնարավորություններ տալ: Հայաստանում կան շատ օրինակներ, երբ գիտական խմբերի տարեց ղեկավարները նախընտրում են իրենք լինել առաջին պլանում: Արդյո՞ք, Դուք դառնալու եք երիտասարդներին առաջ մղող ուժը եւ նրանց կարեւորող տնօրենը:

 

- Իմ կարծիքով, ավելի արժեքավոր է աշխատել նրանց հետ, ովքեր քեզանից լավն են: Երբ մենք սովորեցնում ենք երիտասարդներին, նրանք պիտի մեզ գերազանցեն: Երիտասարդները շատ լավ գաղափարներ ունեն, որոնց պետք է հետեւել: 

 

Գիտեմ մեր հայկական համակարգը, որ տարեցները հրահանգում են եւ ղեկավարում երիտասարդներին, դա սխալ է: Ես տնօրենի գիտության գծով տեղակալ նշանակեցի մի երիտասարդի, ակադեմիկոսներից մեկն ինձ ասաց՝ ինքը շատ ջահել է (ծիծաղում է,- Մեդիամաքս):  

 

Այժմ տարբեր ճյուղերից երիտասարդների խումբ ենք կազմել, ամեն շաբաթ պիտի սկսեմ իրենց հետ աշխատել, քննարկել, որպեսզի կարողանանք գաղափարներ մշակել, օգնեմ նրանց դրամաշնորհների համար առաջարկներ գրել: 

 

Եթե իմ ուսանողները հաջողեն, դա իմ հաջողությունն է: Ավելի հպարտ կլինեմ: Այժմ ես քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի 40-ից ցածր տարիքի գիտաշխատողների աշխատավարձը երկու անգամ բարձրացնեմ: Մեկ-երկու ամիս կտեւի մինչեւ իրականանա: Հնարավոր չէ միանգամից բարեփոխումներ անել եւ հաջողության հասնել: Պետք է մեկ-մեկ կատարել դա: Հուսամ, որ ի վերջո կկարողանանք բոլորի համար լավ պայմաններ ապահովել, բայց նախ պիտի երիտասարդներին առաջ տանենք: Շատ հույսեր ունեմ, որ կհաջողենք: 

 

- Դուք որոշակի համագործակցություն ունեք Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ: Մասնավոր հատվածի ու նման հիմնադրամների դերն ինչպիսի՞ն է մեր գիտության զարգացման համար:  

 

- Շատ լավ է, որ FAST-ը գործում է եւ կրթաթոշակներ է տրամադրում ուսանողներին: Բայց կար «Լույս» հիմնադրամը, որը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր գործում: Իմ կարծիքով՝ սխալ է մեծ գումարներ տրամադրել, որպեսզի ուսանողներն արտասահմանում սովորեն եւ չվերադառնան: Այդ գումարներով տեղի գիտության մեջ հսկայական բարեփոխումներ կարելի է անել: 

 

Անի Ապրահամյանը Անի Ապրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կարեւոր է, որ ուսանողները մնան Հայաստանում, հնարավորություններ ունենան աշխատելու, մտածելու, իրենց գաղափարներն այստեղ կյանքի կոչելու: 

 

- Հայաստանում գիտության, եւ մասնավորապես՝ ֆիզիկայի համար ինչպիսի՞  ապագա եք տեսնում:  

 

-Կարեւոր է տեսնել, թե ինչ պիտի արվի հիմա: Պիտի կարողանա՞նք մրցակցել համաշխարհային մակարդակում: Եթե կարողանանք, շատ լավ դիրքում կարող ենք լինել: Անցյալում դա արել ենք, ներկայում էլ շատ լավ ռեսուրսներ ունենք, պետք է արդիականացնենք, տարածենք մեր անունը, մեր արած աշխատանքը:

 

Պետք է օգտագործենք բոլոր ռեսուրսները, սոցիալական ցանցերը, մեդիան, որպեսզի հասարակությանը գրավիչ ներկայացնենք գիտությունն ու մեր գիտնականների արած ողջ աշխատանքը: 

 

Անի Ապրահամյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին