Գյունաշյանի ծնողները Կարսից էին: 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ նրանք հրաշքով փրկվել էին անխուսափելի մահից եւ 1918թ. ապաստան էին գտել Գյումրիում: 1923թ. Գյունաշյանի ծնողները տեղափոխվել էին Ախուրյանի շրջանի Հայկավան գյուղ: 1939թ. մայիսի 1-ին կրտսեր որդու՝ Շիրակի ծնվելուց անմիջապես հետո ամբողջ ընտանիքը մշտական բնակություն էր հաստատել Երեւանում:
1956թ. Գյունաշյանն ավարտել է Երեւանի թիվ 36 միջնակարգ դպրոցը: 1959թ. ընդունվել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ: 1961թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, երեք տարի ծառայել Նովոսիբիրսկում, ապա վերադարձել Երեւան եւ 1964թ. կրկին ընդունվել նույն ֆակուլտետ: Զուգահեռաբար սկսել է աշխատել Երեւանի էլեկտրական լամպերի գործարանում:
Հենց այստեղ էլ ծանոթացել է Գեորգի Հեքիմյանի եւ Հովակիմ Վասիլյանի հետ, ովքեր իրենց հերթին նրան ծանոթացրել են Աղասի Անտոնյանի եւ Սարգիս Թորոսյանի հետ: Գյունաշյանը տարիքով ամենափոքրն էր խմբում: Նրանք միասին սկսել են մշակել հետագա հայրենասիրական գործունեության պլանները: Հաճախակի հանդիպումներն ու քննարկումները հանգեցրել են նրան, որ 1965թ. վերջին համախոհները հիմնել են «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունը, որի նպատակներն էին Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանի հետ Սահմանադրության շրջանակներում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանի հողերի վերադարձը, հայերենը որպես ազգային եւ պետական լեզու պահպանելը: Գառնիի հեթանոսական տաճարում կազմակերպության 7 անդամները երդվել են «պաշտպանել մեր ազգի բոլոր իրավունքները, պատրաստ լինել կրելու ցանկացած դժվարություն հանուն հայ ազգի»:
1968թ. սկզբին, երբ Գյունաշյանը սովորում էր 4-րդ կուրսում, խմբի անդամները որոշել են ավելի գործուն մեթոդներով հասնել իրենց նպատակներին: Նրանց հաջողվել է ձեռք բերել մի քանի տպագրական հաստոց եւ Աղասի Անտոնյանի տանը հիմնել ընդհատակյա տպագրություն: Որոշվել է թողարկել համանուն ամսագիր՝ հայրենասիրական շարժման բոլոր մասնակիցներին միավորելու նպատակով:
«Հանուն Հայրենիքի» ընդհատակյա ամսագրի առաջին համարը (տպաքանակը՝ 373 օրինակ) լույս է տեսել 1968թ. աշնանը եւ գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղափոխվել է քաղաքից դուրս՝ Աբովյան: Այնտեղ է տեղափոխվել նաեւ տպագրական հաստոցը: Ամսագիրը բարձրաձայնում էր ողջ հայ ժողովրդի համախմբման կենսական անհրաժեշտությունը, դրա էջերում տեղ էին գտել հոդվածներ հայ ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, պատմական փաստեր, որոնք դատապարտում էին «ազգասեր» բոլշեւիկների բազմաթիվ դավաճանությունները:
«Ոչ մի սանտիմետր հող թուրքերին չէր հանձնվի, եթե Լենինի հրամանով «ազգասեր» բոլշեւիկները ներսից չքայքայեին երիտասարդ հայկական պետությունն ու բանակը եւ եթե նույն բոլշեւիկները չկազմակերպեին Կարսի դավադրությունը՝ Արեւելյան Հայաստանի դարպասները լայն բացելով Կարաբեքիր փաշայի հրոսակախմբերի առջեւ»,- ասված էր ամսագրի հոդվածներից մեկում:
Մի քանի օր անց՝ 1968թ. հուլիսի 2-ին, ընդհատակյա գործիչները որոշում են ամսագրի ողջ տպաքանակը տեղափոխել Երեւան եւ տարածել, բայց ճանապարհին ձերբակալվում են Պետական անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից (ենթադրվում է, որ նրանց մատնել էր մեքենայի վարորդը) եւ ուղեկցվում ՊԱԿ-ի մեկուսարան, որտեղ պահվում են 9 ամիս: Ամսագրի ամբողջ տիրաժն առգրավվում է:
Բոլոր 8 ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65-1 (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն) եւ 67 (մասնակցություն հակախորհրդային կազմակերպությանը) հոդվածներով առ այն, որ նրանք «զրպարտել են խորհրդային իրականությունը, հերքել ազգերի իրավահավասարությունը ԽՍՀՄ-ում, տարածել զրպարտող եւ ստահոդ տեղեկություններ Խորհրդային Միության կառավարության արտաքին եւ ներքին քաղաքականության մասին, գրել են անկախ Հայաստան ստեղծելու կոչ պարունակող հոդվածներ, տարածել թռուցիկներ «Այլեւս լռել չի կարելի» վերտառությամբ, նախապատրաստել են «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակումը»:
1969թ. փետրվարին ՀԽՍՀ Գերագույն դատարանի դռնփակ նիստում կայանում է «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստների դատավարությունը: Դատի ընթացքում Գյունաշյանն ընդդիմանում է. «Ինչի՞ համար եք մեզ դատում: Ազգին ու Հայրենիքին նվիրվածությա՞ն: Ուրեմն եկեք խոսենք այդ մասին: Եվ մի՛ փորձեք դատական գործընթացին այլ ուղղություն տալ»:
Դատարանը Գյունաշյանին դատապարտում է 4 տարվա ազատազրկման: Խմբի մնացած անդամներն ազատազրկվում են 3-ից 6 տարով: Կազմակերպության անդամներից մեկը՝ Հայկ Իսկանդարյանը, մահանում է ՊԱԿ-ի նկուղներում մինչ դատավարության սկիզբը:
Մի քանի օր անց բոլոր բանտարկյալներին, այդ թվում նաեւ Գյունաշյանին, տեղափոխում են Պարաշեւո մորդովական քաղաքական ճամբար: Բանտարկության ժամանակահատվածը ընդհատակյա գործիչների համար դառնում է «քաղակադեմիա»: Երբեմն, երբ ճնշումներն անտանելի էին դառնում, Գյունաշյանն ընկերներին խնդրում էր չընկճվել: «Հայրենիքը սիրող մարդը չի կարող ծառայել ուրիշներին»,- ասում էր նա: Ճամբարում նրանք հարաբերություններ են հաստատում բազմաթիվ քաղբանտարկյալների հետ Ռուսաստաննից, Ուկրաինայից, Էստոնիայից:
1972թ. Գյունաշյանը վերադառնում է բանտարկությունից եւ վարչական վերահսկողության տակ անցնում: Նրան արգելվում էր լինել մարդաշատ վայրերում, բացակայել քաղաքից առանց իշխանությունների իմացության եւ այլն: Նրան հաջողվում է վերականգնվել ինստիտուտում: 1975թ. ավարտում է ինստիտուտը եւ աշխատանքի անցնում «Հայգազ» տրեստի վարչությունում որպես տեղամասի պետ:
Շուտով հաջողվում է կապ հաստատել համախոհների հետ, ովքեր նույնպես վերադարձել էին կալանավայրերից: Կազմակերպության գործունեությունը վերականգնվում է: Վերսկսվում է «Հանուն Հայրենիքի» ամսագրի ընդհատակյա տպագրությունը:
1980թ. Հայաստանում հետապնդումների եւ հետախուզությունների նոր ալիք է բարձրանում: 1982թ. Գյունաշյանը կրկին ձերբակալվում է: Այս անգամ իշխանություններին չի հաջողվում նրան դատապարտել 65 հոդվածով: Բնակարանի հետախուզության ժամանակ ՊԱԿ-ի աշխատակիցները գտնում են միակ «ապացույցը»՝ հայտնի գրող Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը հետեւյալ մակագրությամբ. «Նվիրում եմ մեծ հային՝ Շիրակ Գյունաշյանին»: Նրան դատապարտում են ՀԽՍՀ ՔՕ 206 հոդվածով՝ «խորհրդային պետական կառույցը զրպարտող տեղեկությունների տարածում»: Դատարանը Գյունաշյանին դատապարտում է 3 տարվա ազատազրկման: Այս անգամ նա պատիժը կրում է Հայաստանում՝ տարբեր ուղղիչ-աշխատանքային գաղութներում եւ բանտերում:
«Ես հպարտանում եմ եւ չեմ ափսոսում անցյալիս համար: Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին»,- ասում է Գյունաշյանը բանտարկության մեջ անցկացրած տարիների մասին:
1985թ., կրելով պատիժը, Գյունաշյանը վերադառնում է իր նախկին աշխատանքին «Հայգազում»: 1987թ. դառնում է հանրապետության գլխավոր մասնագետը ստորգետնյա գազային հաղորդակցությունների գծով:
Իր գոյության մասին “Հանուն Հայրենիքի” կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է 1987թ. աշնանը, բայց արդեն «Հայ Դատ» անվան ներքո: Նույն թվականին «Հայ Դատը» սկսում է համանուն ամսագրի հրատարակումը:
1988թ.՝ Ղարաբաղյան հակամարտության մեկնարկից հետո, Գյունաշյանը զենքը ձեռքին սկսում է պաշտպանել հայկական հողը: Սկզբում նա ստանձնում է շրջափակված Ղարաբաղը զենքով եւ սնունդով ապահովելու գործը՝ խմբի հետ միասին իր հսկողության տակ առնելով «Էրեբունի» օդանավակայանը: Իսկ 1989թ. «Հայ Դատ» կազմակերպության օգնությամբ Գյունաշյանը Կապանում կազմավորում է Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է բազմաթիվ ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Գյունաշյանի ղեկավարած ջոկատը հատկապես աչքի է ընկնում նրանով, որ շրջափակված լինելով ադրբեջանցիների կողմից՝ հերոսաբար պաշտպանում է Բերդաձոր գյուղը՝ հետ մղելով թշնամուն:
«Մենք հայ ժողովրդի մատաղացու գառներն ենք: Եվ մենք պարտավոր ենք ստանձնել այդ դերը: Չէ՞որ Հայրենիքը ինչ-որ մեկինը չէ: Այն ազգինն է: Պաշտոններն այսօր կան, վաղն արդեն չկան: Միայն ազգն է հարատեւ: Նշանակում է, ժողովուրդն իր հերթին ազգի մատաղացու գառն է»,- այսպիսին էր Գյունաշյանի աշխարհայացքը: Նա պնդում էր, որ հայրենասիրությունը հագուստ չէ, որը հագնում ես, երբ այն մոդայիկ է, եւ հանում, երբ դուրս է գալիս մոդայից:
«Հայրենասիրությունը գալիս է մարդու արյան հետ եւ դուրս գալիս նրա հոգու հետ»,- ասում էր նա:
1990թ. Գյունաշյանն արդարացվում է Հայաստանի Գերագույն դատարանի կողմից:
1991թ. հայդատականների նախաձեռնությամբ ստեղծվում է “Ազգային Վերածնունդ” կուսակցությունը, որը վերսկսում է «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակությունը:
1997թ. Գյունաշյանի նախաձեռնությամբ եւ նախագահությամբ Երեւանում ստեղծվում է նախկին քաղբանտարկյալների «Ակումբ 65» հասարակական կազմակերպությունը: Երբ Գյունաշյանին հարցնում են, թե ինչ է նա մտածում Հայաստանի Հանրապետության մասին, նա հակիրճ պատասխանում է. «Պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց վատ հանրապետությունն ավելի լավ է, քան բարեկեցիկ կյանքն առանց պետականության»:
Ճակատագրի հեգնանքով Գյունաշյանը մահանում է 1997թ. սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության տոնի նախորդ օրը: «Շիրակը քաղաքական գործիչ չէր: Նա ազգային հերոս էր եւ ազգային գործիչ, եւ նրա անունը պետք է գրանցվի փառքի տարեգրության մեջ՝ հայ ժողովրդի մյուս մեծանուն զավակների շարքում»,- մահից հետո այսպես է Գյունաշյանին բնութագրել նրա ընկերն ու դաշնակիցը, նախկին քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը:
Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: