Հայ ազգային շարժում - Mediamax.am

exclusive
8892 դիտում

Հայ ազգային շարժում


ԱՄԿ-ականներ Ռազմիկ Զոհրաբյանը, Աշոտ Նավասարդյանը եւ Անդրանիկ Մարգարյանը 1990-ականներին
ԱՄԿ-ականներ Ռազմիկ Զոհրաբյանը, Աշոտ Նավասարդյանը եւ Անդրանիկ Մարգարյանը 1990-ականներին
Քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանն այսպես է պատկերել սիբիրյան կալանավայրի բակը
Քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանն այսպես է պատկերել սիբիրյան կալանավայրի բակը
ԱՄԿ-ի հրատարակած “Փարոս” թերթի առաջին համարի շապիկը
ԱՄԿ-ի հրատարակած “Փարոս” թերթի առաջին համարի շապիկը
Հատված մի խումբ ԱՄԿ-ականների դատավճռից
Հատված մի խումբ ԱՄԿ-ականների դատավճռից
Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածը “Փարոս”-ում
Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածը “Փարոս”-ում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խորհրդային կառավարությունը սկսեց  քարոզարշավ՝ ուղղված հայկական սփյուռքի նկատմամբ ազդեցության ուժեղացմանը ԽՍՀՄ սահմաններից դուրս: Այդ քարոզարշավի շրջանակներում ծավալվեց սփյուռքի հայերին Խորհրդային Հայաստանում վերաբնակեցնելու («հայրենադարձության») քարոզչություն: Արտասահմանից (նախեւառաջ՝ Մերձավոր Արեւելքից) Հայկական ԽՍՀ տեղափոխվեցին տասնյակ հազարավոր հայեր: Շատ հայրենադարձներ, քարոզչությունը համեմատելով խորհրդային իրականության հետ, խորը հիասթափություն ապրեցին: Հետագա տարիներին այլախոհների թվում հայրենադարձների եւ նրանց երեխաների բարձր տոկոսը պատահական չէր. նրանք չէին կարող չդառնալ այլախոհության պոտենցիալ օջախ: Բայց հայկական սփյուռքն ընդհանուր առմամբ հակաբոլշեւիկյան չէր, եւ դրա նկատմամբ հատուկ վերաբերմունքը հանրապետական եւ միութենական իշխանությունների կողմից պահպանվում էր: Խորհրդային մեկուսացման պայմաններում արտասահմանի հետ շփման (խորհրդահայերի համար՝ նամակագրություն եւ այլ կապեր հարազատների հետ, իսկ սփյուռքահայերի համար՝ այցելություններ ԽՍՀՄ) պարզեցված ընթացակարգի փաստն ինքնին եզակի էր եւ զգալիորեն ազդում էր հանրապետության ընդհանուր մթնոլորտի վրա: 

Ինչպես եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններում, Ստալինի մահը եւ քաղաքական ահաբեկման թուլացումը հանգեցրին նրան, որ սկսեցին նկատվել այլախոհության դրսեւորումներ: Բայց այլակարծությունը Հայաստանում ուներ որոշ առանձնահատուկ նրբերանգներ: Դրանք պայմանավորված էին ХХ դարում հայ ժողովրդի ողբերգական ճակատագրով՝ 1915թ. Հայոց Ցեղասպանությամբ, ԽՍՀՄ սահմաններից դուրս հայկական սփյուռքի մեծ թվով, ԽՍՀՄ տարածքում հայ ժողովրդի մասնատվածությամբ (Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդիրներով), ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Հայկական ԽՍՀ-ն առավել մոնոէթնիկ էր մյուս բոլոր միութենական հանրապետությունների համեմատ (հայերը կազմում էին երկրի բնակչության ավելի քան 90%-ը): Պակաս կարեւոր չէր նաեւ այն հանգամանքը, որ մշակութային քաղաքականությունը Հայկական ԽՍՀ-ում զգալիորեն ավելի լիբերալ էր, քան, օրինակ, ՌԽՖՀ-ում. ազգային մշակույթի հովանավորչությունը հանրապետության խորհրդային եւ կուսակցական իշխանությունների կողմից, որը տեղ էր գտել նաեւ խորհրդային մի շարք այլ հանրապետություններում, հիմնված էր հայերի ավանդական պատկառանքի վրա այդ մշակույթի կրողների՝ գրողների, նկարիչների, երաժիշտների նկատմամբ: Արդյունքում Հայաստանում գրեթե չէր նկատվում հակամարտություն իշխանության եւ մտավորականության միջեւ ստեղծագործական ոլորտում, մինչդեռ այդ երեւույթը շատ բնութագրական էր Մոսկվայի, Լենինգրադի կամ Կիեւի համար:


ԱՄԿ-ի հրատարակած “Փարոս” թերթի առաջին համարի շապիկը

Այլախոհությունն այստեղ ուներ զուտ քաղաքական պայքարի բնույթ եւ դրսեւորվում էր նախեւառաջ ազգային շարժման տեսքով: Հայաստանյան այլախոհների համար 1915թ. Ցեղասպանության ճանաչումը, բռնագրավված հողերի վերամիավորումը մի երկրի կազմում, ազգային ինքնագիտակցության եւ մշակութային արժեքների պահպանումը, իսկ մի շարք դեպքերում՝ նաեւ անկախ Հայաստանի* գաղափարը, ավելի մեծ նշանակություն ունեին, քան պայքարը ստեղծագործական ազատության կամ մարդու իրավունքների համար՝ այդ բառի բուն իմաստով:

Ի տարբերություն ԽՍՀՄ-ում բազմաթիվ այլ ազգային այլախոհությունների, հայ ազգային շարժումը գրեթե միշտ ձգտել է խմբային, կազմակերպված պայքարի: Հետստալինյան ժամանակահատվածի առաջին երիտասարդական խմբավորման մասին տեղեկությունները վերաբերում են դեռեւս 1955 թվականին (դրա անդամները Լենինական քաղաքում տարածում էին թերթիկներ, որոնք հայկական անկախ պետություն ստեղծելու կոչ էին պարունակում: Խմբավորումը բացահայտվեց միայն 1957 թ-ին): 1960-ականների առավել խոշոր ընդհատակյա կազմակերպություններն էին Հայ երիտասարդաց միությունը (ՀԵՄ; այդ անվանումով խմբավորումներ վերստեղծվեցին 1968 թ-ին եւ 1970-ականների վերջին), «Հանուն Հայրենիքի» խմբավորումը, Հայաստանի Վերամիավորման Միությունը (ՀՎՄ) եւ Ազգային Միացյալ Կուսակցությունը (ԱՄԿ): Այդ խմբերում ընդգրկված մարդկանց ընդհանուր թիվը հասնում էր մի քանի հարյուրի:   

Այդ խմբերից մի քանիսը (օրինակ, ՀԵՄ-ը) փորձում էին քարոզչական գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ նպատակ ունենալով խրախուսել տեղի հայ բնակչությանը պայքարելու Հայաստանի հետ վերամիավորման համար: Մեկ այլ կազմակերպության՝ ՀՎՄ-ի անդամները նախաձեռնեցին Հայաստանի տարածքում գտնվող մի քանի գյուղերի շրջափակումը, որպեսզի այնտեղից դուրս մղեն ադրբեջանցիներին (որոնց նրանք դիտարկում էին որպես «եկվորներ» ու «քոչվորներ»)** : Այսպիսով, հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը խորհրդային իշխանությունը փորձում էր մարել, շարունակում էր ծխալ*** :


Քաղբանտարկյալ Ալեքսանդր Մանուչարյանն այսպես է պատկերել սիբիրյան կալանավայրի բակը

Ազգային ինքնագիտակցության զարթոնքի կարեւորագույն շրջադարձը հանդիսացավ 1965թ. ապրիլի 24-ը: Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներ թեեւ անցկացվում էին, բայց իշխանությունների կարգադրությամբ հասցված էին նվազագույնի: Սակայն տասնյակ հազարավոր մարդիկ այդ օրը դուրս էին եկել Երեւանի փողոցներ՝ սգո չպլանավորված ցույցի: Նրանց թվում կային եւ՛ այդ պահին գործող ընդհատակյա խմբավորումների մասնակիցներ, եւ՛ նրանք, ովքեր մեկ տարի անց ստեղծեցին նոր կազմակերպություն՝ Հայաստանի Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), որը, չնայած ճնշումներին, շուտով դարձավ հայ ազգային-ազատագրական շարժման համախմբող քաղաքական ուժը:   

1966-68թթ. ԱՄԿ-ում ընդգրկվեցին ավելի վաղ ստեղծված մի քանի երիտասարդական խմբավորումներ: Այդ համախմբումը կանխորոշվեց նրանով, որ հայաստանյան ընդհատակյա խմբավորումների միջեւ գաղափարային տարբերությունները չնչին էին, ընդհանուր էին նաեւ պայքարի ձեւերը. նոր անդամների ներգրավում, թռուցիկների հրատարակում եւ տարածում: 1967թ. ԱՄԿ-ն հրատարակեց առաջին ընդհատակյա թերթը՝ «Փարոս»-ը:

1968թ. ապրիլի 24-ին ԱՄԿ-ի աննախադեպ քայլից հետո, երբ կուսակցության անդամները կարողացան զբոսայգում կազմակերպել երկրի անկախության համար պայքարի կոչ պարունակող ուղերձի ռադիոհեռարձակումը, հայկական ընդհատակին ուժեղ հարված հասցվեց. ԱՄԿ-ի, ՀԵՄ-ի եւ «Հանուն Հայրենիքի»-ի ակտիվիստներից շատերը ձերբակալվեցին: 1967-1969թթ. անցկացված դատական գործընթացների ընթացքում Հայաստանում դատվեց 35 մարդ:

Ընդհատակյա գործիչներից ոմանք Մորդովիայի քաղաքական ճամբարներում ազատազրկում կրելուց հետո դադարեցրին ակտիվ գործունեությունը: Իսկ մյուսների համար Դուբրավլագը դարձավ դիմադրության յուրօրինակ դպրոց: Այդ ընթացքում ամուր կապեր հաստատվեցին հայաստանյան, ռուսաստանյան, ուկրաինական եւ ԽՍՀՄ այլ այլախոհ հանրությունների ներկայացուցիչների միջեւ: 1970-ականների սկզբին Հայաստանում այլախոհության մասին տեղեկությունները սկսեցին հայտնվել մոսկովյան «Хроники текущих событий» պարբերականի էջերին, դրան հետեւեցին հրապարակումներն արտասահմանյան մամուլում:


Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածը “Փարոս”-ում

Ցրված ընդհատակյա կազմակերպությունների միավորման միտումը ԱՄԿ-ի հովանու ներքո ուժեղացավ 1970-ականներին: Միաժամանակ, ԱՄԿ-ը վերանայեց իր գաղափարախոսությունը: Կուսակցության ղեկավար դարձավ Պարույր Հայրիկյանը՝ «Շանթ» երիտասարդական խմբավորման հիմնադիրը, ով ԱՄԿ-ին էր միացել դեռեւս 1967 թ-ին: Նա փոխեց կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը: ԽՄԿԿ-ի հետ գաղափարական առճակատումը, ծայրահեղական մեթոդները եւ բռնության կիրառումն այժմ մերժվում էին; երկրի անկախությանը նախատեսվում էր հասնել՝ հիմնվելով գործող Սահմանադրության վրա: Միաժամանակ, Հայաստանի պատմական սահմանների մասին հարցը մղվում էր հետին պլան՝ անկախության հասնելու խնդրի համեմատ: Նորացված ԱՄԿ-ն ընկալվում էր ավելի շուտ որպես ազգային ճակատ, քան որպես կուսակցություն; ենթադրվում էր, որ անկախացումից հետո այն կտարանջատվի առանձին կուսակցությունների՝ իր առանձին անդամների քաղաքական հայացքներին համապատասխան (իրականում հենց այդպես էլ եղավ):

1976 թ-ին մորդովյան ու պերմյան քաղաքական ճամբարներում գտնվող ԱՄԿ մի քանի առաջնորդներ դիմեցին իշխանություններին նոր ծրագրի ձեւակերպումները կրկնող պահանջներով: 1977-ի փետրվարին Հայրիկյանն իրեն պաշտոնապես հայտարարեց ԱՄԿ ղեկավար, պահանջեց ազատ արձակել կուսակցության բանտարկված բոլոր անդամներին, օրինականացնել կուսակցությունը, որից հետո անցկացնել համազգային հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ: Ի պաշտպանություն իր պահանջների՝ Հայրիկյանը հացադուլ հայտարարեց:

Հայրիկյանի եւ նրա ընկերների պահանջները նոր փուլ էին նախանշում հայ ազգային շարժման մեջ. ընդհատակյա պայքարից անցում դեպի հանրային ու բաց գործողությունների, ըստ էության՝ ԱՄԿ-ի փաստացի օրինականացում****:

ԱՄԿ-ի նոր ռազմավարությունը եւ կուսակցությունում Հայրիկյանի ղեկավար դերը հանգեցրին նախկին ղեկավարության որոշ անդամների, նախեւառաջ՝ Ստեփան Զատիկյանի ու Հայկազ Խաչատրյանի անհամաձայնությանը: Նրանց այդպես էլ չհաջողվեց վերադարձնել առաջատարի դիրքերը կուսակցությունում:


ԱՄԿ-ականներ Ռազմիկ Զոհրաբյանը, Աշոտ Նավասարդյանը եւ Անդրանիկ Մարգարյանը 1990-ականներին

Զատիկյանի անվան հետ է կապված 1970-ականների խորհրդային պատմության ամենահնչեղ եւ մինչ օրս լիարժեք չուսումնասիրված դիվագներից մեկը՝ Մոսկվայի մետրոյում պայթյունների մասին գործը: Պայթյունները, դրանց հաջորդած՝ Զատիկյանի եւ նրա երկու ընկերների՝ Հակոբ Ստեփանյանի ու Զավեն Բաղդասարյանի ձերբակալությունը, նրանց գաղտնի դատը Մոսկվայում եւ շուտափույթ գնդակահարությունը, այս ամենը լայնորեն քննարկվում էր խորհրդային այլախոհների կողմից: Անդրեյ Սախարովը եւ Մոսկվայի Հելսինկյան խումբը ուշադրություն էին հրավիրում մեղադրյալների իրավունքների խախտումների վրա քննության եւ դատավարության ընթացքում, ինչպես նաեւ կասկած էին հայտնում դատավճռի հիմնավորվածության վերաբերյալ; ՄՀԽ-ի անդամ Մալվա Լանդան եւս այդ գործի անկախ քննության փորձ ձեռնարկեց: «Поиски» ինքնահրատ ամսագրում հայտնվեց Պ. Պրիժովի (Գ. Պավլովսկու կեղծանունը) «Ռեյխսթագի բացակայությունը» հոդվածը; հեղինակն ուղղակիորեն մեղադրում էր իշխանությանը «պայթյունների գործը» որպես տեղեկատվական սադրանք օգտագործելու, այլախոհներին որպես ահաբեկիչներ կամ նրանց հովանավորներ ներկայացնելու փորձի մեջ: Եվ մինչ օրս այդ իրադարձությունների բազմաթիվ էական մանրամասներ մնում են չպարզաբանված; հայերի ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Մոսկվայում մահապատժի են ենթարկվել անմեղ մարդիկ:

1977թ. սկզբին Հայաստանում ստեղծվում է առաջին եւ միակ բաց իրավապաշտպան ասոցիացիան՝ Հայկական Հելսինկյան խումբը (ՀՀԽ), որը սերտորեն համագործակցում էր մոսկովյան իրավապաշտպանների հետ: Բայց նույնիսկ ՀՀԽ-ի հռչակագրում ի թիվս իրավապաշտպանականների՝ առկա են նաեւ ազգային-քաղաքական խնդիրներ. հասնել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանը եւ Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի վերամիավորմանը: ՀՀԽ-ի գործունեությունը դադարեցվեց 1978թ. վերջին – 1979թ. առաջին կեսին տեղ գտած ճնշումների արդյունքում, երբ դրա բոլոր անդամները հայտնվեցին ճաղերի հետեւում: 

1970-ականների երկրորդ կեսից հայաստանյան այլախոհությունը ճգնաժամ է ապրում: Ակտիվ քաղաքական կյանքը կենտրոնանում է մորդովյան ու պերմյան քաղաքական ճամբարներում, որտեղ հայ բանտարկյալները ցանկացած առիթ օգտագործում են բողոքի համար: Նրանք ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հավաքական անհնազանդության բոլոր գործողություններին, համերաշխության հացադուլներին, գործադուլներին, ստորագրում են քաղբանտարկյալների միջնորդագրերը, անձամբ են նախաձեռնում անհնազանդության ակցիաներ Հայաստանի Անկախության օրը եւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

1980–1982թթ. հետեւեց ձերբակալությունների ու ճնշումների նոր ալիք ազգային շարժման ակտիվիստների դեմ: 1980 թվականին նոր գործ կեղծեցին ազատազրկված Հայրիկյանի դեմ, 1981թ. մայիսին ձերբակալվեցին ԱՄԿ-ի ղեկավար անդամներ Աշոտ Նավասարդյանն ու Ազատ արշակյանը, ինչպես նաեւ «Հանուն Հայրենիքի» ու «Հայաստանի երիտասարդական միություն» վերածնված կազմակերպությունների մասնակիցները: Վերջինիս առաջնորդներից մեկը՝ Իշխան Մկրտչյանը, մահացավ բանտարկության մեջ*****:


Հատված մի խումբ ԱՄԿ-ականների դատավճռից

Ճնշումների են ենթարկվել ընդհատակյա գրականության հեղինակներն ու տարածողները՝ ԵՊՀ դասախոս Ալեքսանդր Մանուչարյանը եւ նրա երկու ուսանողներ, ովքեր կազմակերպել էին նրա գիտական աշխատությունների ընդհատակյա հրատարակումը; երկրաբան Գեորգի Խոմիզուրին եւ նրա երկու ընկերները, ովքեր բացի սեփական շարադրություններից պատճենել ու տարածել էին խորհրդային ինքնահրատ ստեղծագործություններ: 

Վերակառուցման ընթացքում բազմաթիվ արգելված խնդիրներ դարձան հանրային քննարկման եւ զանգվածային հասարակական ակտիվության առարկա: Հայաստանի համար այդպիսին էր, նախեւառաջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը 1988թ. փետրվարին դարձավ հայ-ադրբեջանական հակամարտության բացահայտ վերսկսման պայթուցիչը: «Գորբաչովյան համաներման» ընթացքում ճամբարներից ազատ արձակված քաղբանտարկյալների մեծ մասը միանգամից ակտիվ ներգրավվում էր երկրի քաղաքական կյանքի եւ, մասնավորապես, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման պայքարի մեջ: Պարույր Հայրիկյանը, ով խորհրդային ղեկավարությանը հրապարակայնորեն մեղադրեց հակամարտության հրահրման մեջ, հերթական անգամ ձերբակալվեց; 1988թ. հուլիսին նա դարձավ երկրից արտաքսված վերջին խորհրդային քաղաքական բանտարկյալը:

1990 թվականին նախկին քաղբանտարկյալներն առաջին անգամ հնարավորություն ստացան իրենց թեկնածություններն առաջադրել խորհրդարանական ընտրություններում, շատերը դարձան Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավորներ, ոմանք (Ա. Նավասարդյան, Ա. Արշակյան) հիմնադրեցին ու ղեկավարեցին քաղաքական կուսակցությունները:

1991 թվականին հայ ազգային շարժումը հասավ իր կարեւորագույն նպատակին. ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին հանրաքվեում երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Հայաստանը դարձավ ինքնիշխան պետություն: Իսկ նախկին այլախոհները մինչ օրս զգալի դեր են կատարում երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Հատված «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի այլախոհները» կենսագրական բառարանի «Հայաստան» գլխի ներածական հոդվածից ("Մեմորիալ" ԳՀԿ,  (Մոսկվա); "Կարտա" կենտրոն (Վարշավա)), 2003թ.:

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:
Հայերեն թարգմանությունը՝ Կարինե Պետրոսյանի:


Նշումներ:

* Մինչ 1960-ականների ավարտը Հայաստանի անկախացման կոչը ոչ միշտ էր առկա ազգային ընդհատակյա կազմակերպությունների քարոզչական աշխատանքում: Նախեւառաջ, դա բացատրվում է նրանով, որ խորհրդային քարոզչությունը բավականին հաջող էր շահարկում այն բարդույթները, որոնք ձեւավորվել էին ազգային գիտակցության մեջ 1915թ. Ցեղասպանությունից հետո: Մասնավորապես, ազգային անկախության կարգախոսին գաղտնի ենթատեքստով հակադրվում էր Թուրքիայի կողքին անկախ պետական գոյության վտանգավորության մասին թեզը, մինչդեռ ԽՍՀՄ կազմում լինելը ենթադրում էր հայ ժողովրդի ֆիզիկական եւ մշակութային գոյատեւում: Այնուամենայնիվ, խորհրդային քարոզիչները Հայաստանում եւս որոշակի բարդությունների էին բախվում, քանի որ «թուրքական վտանգն» ուղղակի եւ հրապարակավ շահարկել նրանք չէին կարող  արտաքին քաղաքական նկատառումներով:


** Բնութագրական է, այդ գործողությունը հաջողությամբ պսակվեց. տեղի իշխանությունները ներքուստ համամիտ էին ՀՎՄ-ի անդամների պահանջների հետ, եւ պահանջվում էր միայն նրանց մղել  ադրբեջանցիների վտարման ակտիվ գործողությունների:


*** Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջն արտահայտվում էր ոչ միայն ընդհատակյա գործիչների, այլեւ բացարձակ լոյալ քաղաքացիների կողմից, ովքեր զգալի դիրքեր էին զբաղեցնում հանրապետության մշակութային շրջանակներում: Այսպես, 1915թ. Ցեղասպանությանը նիրված առավել հնչեղ հանրային ելույթներից մեկում՝ շրջանային կուսակցական համաժողովում հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ելույթում (ելույթի տեքստը տարածվել է ինքնահրատով, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս) հնչում էին թափանցիկ ակնարկներ այդ տարածքների ընթացիկ կարգավիճակի անարդարության վերաբերյալ:


**** Այդ գործընթացը ոչ միանշանակ էր, ոչ գծային, եւ ժամանակ առ ժամանակ այն ձեւերը, որոնք նա ընդունում էր, չէին համընկնում խորհրդային մյուս այլախոհների պատկերացումներին օրինականության եւ բողոքարկման իրավունքի մասին: Այսպես, ԱՄԿ-ի օրինականացման արշավի բաղկացուցիչ մասերից մեկը կուսակցության ղեկավարության կոչն էր բանտարկության մեջ գտնվող անդամներին` ներում շնորհելու խնդրագիր ներկայացնելու մասին; ավելի ուշ այդ կոչը հերքվեց:


***** Նրան կախված գտան բանտախցում; մահվան ամսաթիվը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ստիպում է ենթադրել խորհրդանշական ինքնասպանություն:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին