Ժիրայր Լիպարիտյան. «Դարերի ընթացքում Հայ եկեղեցին դարձել է գործիք» - Mediamax.am

Մարտ 03, 2026
95 դիտում

Ժիրայր Լիպարիտյան. «Դարերի ընթացքում Հայ եկեղեցին դարձել է գործիք»


Ժիրայր Լիպարիտյանը
Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Berge Arabian/Agos

Ժիրայր Լիպարիտյանը
Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային Գրադարան

Ժիրայր Լիպարիտյանը
Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային Գրադարան


Սփյուռքում շարունակում են արձագանքել այն հայտարարությանը, որով Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը եւ Պերճ Սեդրակյանը հանդես էին 2026թ. փետրվարի 12-ին՝ Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ ընթացիկ հակամարտության վերաբերյալ:

Massis Post պարբերականը The Church–State Conflict and the Role of the Diaspora վերնագրված ծավալուն հարցազրույց է հրապարակել պատմաբան եւ պաշտոնաթող դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ, որը ներկայացնում ենք հայերեն՝ որոշ կրճատումներով:

***

2026 թվականի փետրվարի 12-ին սփյուռքի մի շարք ականավոր գործիչներ հրապարակային հայտարարություն տարածեցին Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ շարունակվող հակամարտության վերաբերյալ։ 2026 թվականի փետրվարի 19-ին՝ Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքում տեղի ունեցած երկօրյա նիստից հետո Եպիսկոպոսների ժողովը հայտարարություն տարածեց այդ հարցի վերաբերյալ։ Այս հարցերը քննարկելու համար մենք որոշեցինք հարցազրույց վերցնել հայտնի պատմաբան, քաղաքագետ եւ դիվանագետ պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից։ Ստորեւ փետրվարի 22-ին անցկացված հարցազրույցն է։

- Ի՞նչ դրդապատճառներ ունեն այս անհատները ամբողջ սփյուռքի անունից խոսելու եւ նման լուրջ հայտարարություն անելու համար։ Մեր պարտականությունը պետք է լինի բացահայտել միտումները՝ կրոնական կամ աշխարհիկ, որոնք սպառնում են հայերի անվտանգությանը եւ բարեկեցությանը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։

- Ես չեմ կասկածում այս ականավոր գործիչների՝ այս հայտարարությունը ստորագրողների անկեղծությունը կամ հայրենասիրությունը։ Նրանցից շատերը զգալի ներդրում են ունեցել եւ շարունակում են ունենալ Հայաստանի Հանրապետության բարեկեցության ամրապնդման գործում։ Հուսով եմ՝ կշարունակեն դա անել։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց յուրաքանչյուր գործողություն կամ հայտարարություն անպայմանորեն համապատասխանում է հայկական պետության կամ այնտեղ ապրող ժողովրդի շահերին։

Այդ հայտարարությունը քաղաքական բնույթ ունի, նույնիսկ եթե ստորագրողները կարծում են, որ խոսում են ընդամենը եկեղեցին պաշտպանելու նպատակով։ Պարզապես որովհետեւ Եկեղեցին ինքնին քաղաքականացված է։ Մարդիկ հաճախ հաշվի չեն առնում, որ ընթերցողները իրենց խոսքերը մեկնաբանում են ավելի լայն համատեքստում, ոչ թե հեղինակի մտադրության նեղ շրջանակներում։ 
Ինչպես արդեն ասացի, հանրային ոլորտում արտահայտված ցանկացած դիրքորոշում ենթակա է կոլեկտիվ մեկնաբանության եւ քննարկման։ Այս հայտարարությունը մշակողները, խմբագրողները եւ ստորագրողները գործել են այն սխալ ենթադրությամբ, որ յուրաքանչյուր ընթերցող այն կմեկնաբանի իրենց նախատեսած սահմաններում, եւ որ այն կարող է միայն դրական իմաստ ունենալ։ Այս ենթադրությունը, հավանաբար, բխում է համոզմունքից, որ ընթերցողները իրենց խոսքերը կընդունեն որպես բացարձակ ճշմարտություն պարզապես այն պատճառով, որ նրանք ականավոր դեմքեր են։


Կարծում եմ, որ ստորագրողներից ոմանք արդեն հասկացել են, որ հայտարարության մեջ խնդրահարույց արտահայտություններ կան, եւ այժմ փորձում են մասնավոր զրույցներում բացատրել կամ նույնիսկ հրաժարվել այդ կետերից։ Այդ վերագնահատումը պետք է տեղի ունենար հայտարարությունը ստորագրելուց առաջ։ Կամ էլ պետք է այժմ հրապարակավ արտահայտեն իրենց վերագնահատումը, ինչպես հրապարակավ տարածել են սկզբնական հայտարարությունը։

- Ի՞նչ կասեք ամբողջ սփյուռքի անունից խոսելու մասին։

- Ամբողջ սփյուռքի անունից խոսելը, առնվազն, արդարացված չէ։ Բայց դա այդքան էլ կարեւոր չէր լինի, եթե դրանով ավարտվեր։ Այս դեպքում հարցն ավելի հեռուն է տանում։ Նախ, այն արտացոլում է սփյուռքի բարդ բնույթի անտեսումը կամ անտեղյակությունը, թեեւ ստորագրողների մեծ մասը լավատեղյակ անհատներ են։ Թե ինչու են իրենց նման իրավունք վերապահել կամ նման բեռ ստանձնել, կարող եմ միայն ենթադրել։ Կարդացողները կարող են նույնը անել։

1995 կամ 1996 թվականներին, երբ աշխատում էի Հայաստանի նախագահի հետ, Երեւանում հավաքվել էին բազում ականավոր սփյուռքահայեր եւ առաջնորդներ։ Նախագահ Տեր-Պետրոսյանը համաձայնվեց հանդիպել այդ տարբեր խմբերի հետ։ Նա ուզում էր, որ ես ներկա լինեմ այդ հանդիպումներին, քանի որ սփյուռքից էի եւ ծանոթ էի սփյուռքի հարցերին եւ հեռանկարներին։

Ես խնդրեցի նրան հասկանալ, թե ինչու չեմ ուզում մասնակցել այդ հանդիպումներին։ Նախ՝ որովհետեւ ընդհանրապես խուսափում էի սփյուռքի հետ հարաբերությունների ասպարեզ մտնելուց։ Երկրորդը՝ որովհետեւ արդեն խորապես ներգրավված էի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններում, ղարաբաղյան հակամարտության եւ շատ այլ պետությունների հետ դիվանագիտական աշխատանքի մեջ։

Օրվա վերջում՝ մի քանի խմբերի հետ հանդիպելուց հետո, նախագահը կրկին զանգահարեց եւ խնդրեց ինձ մասնակցել սփյուռքի խմբի հետ իր վերջին հանդիպմանը։ Մասնակցեցի։ Հանդիպման ավարտին նախագահն ասաց մոտավորապես հետեւյալը. 

«Ամբողջ օրը ես լսել եմ սփյուռքի տարբեր խմբերի ներկայացուցիչների։ Ձեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր, երբեմն նույնիսկ հակասական դիրքորոշումներ եւ պահանջներ։ Սակայն յուրաքանչյուր ոք խոսում է ամբողջ սփյուռքի անունից։ Ո՞ր սփյուռքի վրա պետք է հիմնեմ իմ քաղաքականությունը։ Ճիշտ լինեմ, թե սխալ՝ ես կարող եմ խոսել Հայաստանի անունից։ Երբ սփյուռքը ստեղծի մի կառույց եւ ղեկավարություն, որն ունի իր անունից խոսելու լիազորություն, ես կնստեմ նրանց հետ, որպես հավասարների, եւ կքննարկեմ մեր հարցերը»։

Փաստն այն է, որ սփյուռքի նման կառույց կամ ղեկավարություն գոյություն չունի։ ԱՄՆ-ում Հայկական համագումարը փորձեց լինել նման մարմին, բայց շուտով դարձավ ընդամենը կազմակերպություններից մեկը։ Նմանատիպ փորձ ձախողվեց նաեւ Ֆրանսիայում, երբ նորաստեղծ այսպես կոչված համաֆրանսիական հայկական կազմակերպությունը դարձավ գործիք երկու անհատների ձեռքում։ 

Այս հարցի վերաբերյալ խորհուրդ եմ տալիս ընթերցողներին ծանոթանալ Գարո Արմենի զուսպ եւ մտածված հայտարարությանը՝ ի պատասխան ականավոր գործիչների հայտարարության, ինչպես նաեւ ֆրանսահայ գիտնական Տիգրան Եկաւեանի՝ Մեդիամաքսին տված հարցազրույցին, որը հատկապես կարեւոր է սփյուռքի կառույցների հարցի առումով։

- Ինչպե՞ս եք գնահատում այս պնդումները՝ հաշվի առնելով, որ հայտարարության մեջ ընդգծվում է Հայաստանի՝ որպես ամենահին քրիստոնյա ազգերից մեկի կարգավիճակը, Հայ եկեղեցու պատմական դերը ազգային ինքնության պահպանման գործում եւ եկեղեցի-պետություն հարաբերությունները։

- Եկեղեցին միաժամանակ եղել է եւ՛ խնդրի լուծում, եւ՛ ինքնին խնդիր։

Եկեղեցու ներքին պառակտումները եւ հոգեւորականության անբարոյական վարքագիծը եղել են նրա պատմության անբաժանելի մասը։ Չորս Աթոռներից յուրաքանչյուրն ունեցել է խնդրահարույց վարքագծի եւ քաղաքականության իր բաժինը։ Այս հարցերը միշտ գրավել են մեր ժողովրդի եւ քաղաքական ուժերի ուշադրությունը՝ հատկապես այն պատճառով, որ եկեղեցին կա՛մ չէր ցանկանում, կա՛մ չէր կարողանում ինքնուրույն լուծել իր խնդիրները։

Ավելի կարեւոր է Եկեղեցու կասկածելի դերը մեր քաղաքական մտածողության հիմնարար խնդրում։ 11-րդ դարում հայկական պետականության կորստից հետո սելջուկները, իսկ ավելի ուշ՝ մոնղոլները, համակարգված կերպով ոչնչացրին մեր քաղաքական վերնախավը։ Ազնվականությունն ու իշխանները, որքան էլ անկատար լինեին, քաղաքական ղեկավարություն էին։ Իշխող դասի վերացմանը զուգընթաց մոնղոլները ամրապնդեցին Հայ եկեղեցին, եւ դարերի ընթացքում այն դարձավ գործիք, որի միջոցով մենք քաղաքական միավորից վերածվեցինք կրոնական համայնքի։ 

Ապրելով իսլամական կայսրություններում հիմնականում որպես կրոնական համայնք՝ մենք մեր խնդիրները անխուսափելիորեն ընկալում էինք որպես քրիստոնեական համայնքի խնդիրներ եւ փրկություն ակնկալում միայն օտար քրիստոնեական ուժերից: Կրոնը, լեզուն եւ մշակույթը դարձան մեր ինքնության հիմքերը, որոնք փոխանցվում էին եկեղեցու միջոցով: Այս պատճառով եկեղեցին կարեւոր դեր էր խաղում մեր պատմության մեջ, բայց անում էր դա քաղաքական ինքնության եւ քաղաքական մտածողության կորստի գնով:

Ցավոք, այս մտածելակերպի վրա է դեռեւս հիմնվում քաղաքական ինքնությունը սփյուռքում եւ որոշ չափով նաեւ Հայաստանում:

Երկու հեղափոխական քաղաքական կուսակցությունները՝ Հնչակյան կուսակցությունը եւ Դաշնակցությունը, փորձեցին փոխել այս իրականությունը եւ քաղաքականացնել մեր ժողովրդին: Նրանց հիմնադիր ծրագրերը կարդացող յուրաքանչյուր ոք կտեսնի, որ եկեղեցին եւ նույնիսկ կրոնն ինքնին մեծ մասամբ բացակայում են: Սակայն նույնիսկ այս կուսակցությունները, ի վերջո, չկարողացան լիովին անջատվել քրիստոնեական կրոնական համայնք լինելու ինքնագնահատականից:

Այս երկու հայտարարություններում այս գիտակցումը բացակայում է:

- Ի՞նչ խնդիրներ է սա ստեղծում։

- Ազգի, քաղաքական կուսակցության կամ եկեղեցու իդեալականացված պատմությունը խնդրահարույց է, քանի որ թույլ չի տալիս լրջորեն գնահատել մեր ինստիտուտները։ Այդ հայտարարություններում արտահայտված դիրքորոշումները հիմնված են իդեալականացված պատմության վրա, որից հնարավոր չէ օգտակար դասեր քաղել։ Ընդհակառակը, այն երբեմն հանգեցնում է կրկնվող ձախողումների եւ աղետների։

Վերջապես, նույնիսկ երբ եկեղեցին քաղաքական գործողություններ չի նախաձեռնել, այն թույլ է տվել, որ իրեն օգտագործեն քաղաքական ուժերը թե՛ Խորհրդային Հայաստանում, թե՛ Սփյուռքում՝ դառնալով պառակտման եւ հակամարտության գործիք։


Այս վերլուծությունը ոչ մի կերպ չի նվազեցնում եկեղեցու արժեքը որպես մշակույթի եւ ինքնության փոխանցող՝ հատկապես պետականության բացակայության պայմաններում։ Այնուամենայնիվ, պատմության մեջ շատ են դեպքերը, երբ ինստիտուտը լուծում է մեկ խնդիր՝ միաժամանակ ստեղծելով մեկ այլ, երբեմն՝ է՛լ ավելի մեծ խնդիր։

Իմ դիտարկումների նպատակն է առաջարկել եկեղեցու դերի ավելի համապարփակ պատմական գնահատական, մասնավորապես՝ մեր քաղաքական ընկալման եւ վարքագծի մեջ կրոնական մշակույթի եւ ինքնության գերիշխանության բացասական ազդեցության մասին։ Ինչպես այս երկու հայտարարություններում, երբ խոսում ենք եկեղեցու մասին, զբաղվում ենք քաղաքականությամբ։ Երբ խոսում ենք քաղաքականության մասին, մեր խոսույթի հիմքում հաճախ մեր կրոնական համայնքի ինքնությունից բխող մտածելակերպն է։

Պատմությունը բարդ առարկա է. այն աղբաման չէ, որից ընտրում ենք միայն այն, ինչ հարմար է տվյալ պահին։

Կարեւոր է նաեւ չնույնացնել եկեղեցին նրա ժամանակավոր ղեկավարի հետ, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցին՝ ամբողջ հայ ժողովրդի հետ։ Մեր ազգում կան այլ դավանանքների հետեւորդներ, ինչպես նաեւ նրանք, ովքեր առանձնապես կրոնական չեն։

Երբ ունենք պետություն, եկեղեցին պետք է սահմանափակվի հոգեւոր, մշակութային եւ սոցիալական ոլորտներով, որոնք հիմնված են մարդկային արժեքների վրա, եւ կառավարի իր ներքին գործերն այնպես, որ շարունակի արժանանալ ժողովրդի հարգանքին եւ աջակցությանը։ Այդ դեպքում պետությունը միջամտելու ո՛չ պատճառ կունենա, ո՛չ էլ իրավունք։ Հակառակ դեպքում այդ հաստատությունը չի կարող համարվել ժողովրդական եկեղեցի։

- Եթե հիմնվենք Ձեր բացատրության վրա, արդյո՞ք այս հայտարարությունները նպաստում են եկեղեցի-պետություն ճգնաժամի լուծմանը։

- Ինչպես ասացի, ես երկու հայտարարություններն էլ համարում եմ հիմնարար քաղաքական փաստաթղթեր՝ անկախ միասնության, ինքնության, սրբության կամ սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հղումներից։ Դրանք քաղաքական են այն առումով, որ հեղինակները հստակ դիրքորոշում են զբաղեցրել եկեղեցի-պետություն հակամարտության մեջ եւ ձգտում են արդարացնել այդ դիրքորոշումը պատմության իդեալականացված մեկնաբանությամբ։

Ես ինքս ինձ հարցնում եմ. ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել այս հայտարարությունները։ Անհրաժեշտ է պարզաբանել այն խնդիրները, որոնք հանգեցրել են փակուղուն, երբ վարչապետը պահանջել է կաթողիկոսի հրաժարականը, իսկ կաթողիկոսը՝ հրաժարվել։ Ամեն ինչ, ի վերջո, բերել է այս պարզ հանգույցի, որը չի կարելի անտեսել։
Ժիրայր Լիպարիտյանը Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային Գրադարան


Հայտարարություններում նշվում է եկեղեցու ներսում բարեփոխումների անհրաժեշտությունը, սակայն չի նշվում, թե ինչ խնդիրներ են լուծելու այդ բարեփոխումները։ Պետք է նշեմ, որ եկեղեցու բարեփոխումների կոչերը գրեթե չէին լսվում, մինչեւ վարչապետը չբարձրացրեց այդ հարցը իր յուրահատուկ շիտակությամբ։ Պարտադիր չէ համաձայնվել վարչապետի յուրաքանչյուր հայտարարության կամ կառավարության յուրաքանչյուր գործողության հետ՝ լուրջ խնդիրների առկայությունը ճանաչելու համար։ 

Խնդիրը չի կարող լուծվել, եթե այն հստակ սահմանված չէ կամ չկա այն սահմանելու եւ ճանաչելու պատրաստակամություն: Երկու հայտարարություններն էլ խուսափում են այս քայլից, թեեւ ստորագրողները ոչ հրապարակավ եւ անուղղակիորեն ընդունում են, որ գոյություն ունեն լուրջ խնդիրներ։

Ես կփորձեմ ուրվագծել այս խնդիրները՝ գիտակցելով, որ դա ռիսկային է.

•    Կաթողիկոսի անձը եւ նրա կուսակրոնության երդման հարցը: Եթե կրոնը, կանոնական իրավունքը եւ երդումները սուրբ են, այս հարցը չի կարող անտեսվել կամ թաքցվել։

•    Կաթողիկոսի կողմից Եկեղեցու վարչական կառավարման ոճը, որը բնութագրվում է կամայականությամբ եւ գործադիր հրամանագրերով, անհամատեղելի է ժողովրդական եկեղեցու գործունեության հետ։

•    Եկեղեցու ֆինանսների ոչ թափանցիկությունը։

•    Եկեղեցու խոր ներգրավվածությունը քաղաքականության մեջ. եկեղեցի, որը գործում է գրեթե ինչպես քաղաքական կուսակցություն՝ առանց որեւէ հաշվետվողականության: Եկեղեցու քաղաքական բնույթն այսօր ունի երկու չափում. բարձրաստիճան հոգեւորականներից շատերի ներգրավվածությունը քաղաքականության մեջ եւ այդ հոգեւորականների կողմից վարվող քաղաքականության էությունը։ 

Որքան գիտեմ, նույնիսկ կաթողիկոսի ամենաեռանդուն կողմնակիցներից մի քանիսը խորհուրդ են տվել նրան փոխել կառավարման ձեւը եւ հեռանալ քաղաքականությունից, բայց այդ ջանքերը ձախողվել են: Իմաստալից բարեփոխումները քիչ հավանական են այնպիսի առաջնորդի օրոք, ով ինքն է խնդրի կենտրոնում եւ մերժում է ցանկացած լուծում։

Երբ խնդիրները ձեւակերպվում են այնքան հստակ, որքան նշված է վերեւում, լուծումների շրջանակը նեղանում է: Վարչապետն ունի մեկ լուծում, որը ո՛չ կաթողիկոսը, ո՛չ էլ նրա հավատարիմ կողմնակիցները չեն ընդունում: Գուցե կան այլ լուծումներ, բայց ես չեմ կարծում, որ այս խնդիրները կարող են լուծվել միմյանցից անկախ:

- Դուք ունե՞ք այս ճգնաժամը լուծելու որեւէ առաջարկ։

- Հիմնվելով ասածիս վրա՝ առաջարկում եմ մեկ հնարավոր լուծում հինգ կետով.

•    Գարեգին Բ կաթողիկոսը մնում է կաթողիկոս եւ պահպանում է իր տիտղոսը։

•    Եկեղեցական ժողովը ընտրում է օգնական կաթողիկոս. ինչը պատմական նախադեպեր ունի։

•    Օգնականը ստանձնում է ներկայիս կաթողիկոսի բոլոր լիազորություններն ու պարտականությունները։

•    Եկեղեցական բարեփոխումներն իրականացվում են օգնական կաթողիկոսի ղեկավարությամբ։

•    Եկեղեցին եւ պետությունը սկսում են երկխոսություն, որպեսզի մշակեն փաստաթուղթ, որը հստակ սահմանում է եկեղեցի-պետություն բաժանումը եւ յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները։

Գարեգին Բ կաթողիկոսը կարող է ընդունել կամ մերժել նման լուծումը։ Սակայն նրա կողմնակիցները կրում են առնվազն բարոյական պատասխանատվություն՝ համոզելու նրան ընդունել այս կամ նմանատիպ փոխզիջումը։ Եթե Գարեգին Բ-ն մերժի, նրանց աջակցությունը կաթողիկոսին դառնում է անհասկանալի։ Այս դեպքում երկու փաստաթղթերը ստորագրողները մնում են խնդրի, ոչ թե լուծման մի մասը եւ պատասխանատու են ճգնաժամի շարունակման, նույնիսկ խորացման համար։

Եկեղեցի-պետություն հակամարտությունն ունի ավելի խոր արմատներ, քան այսօրվա բարեփոխումների անհրաժեշտությունը։ Թեեւ այս հայտարարություններում խոսվում է բարեփոխումների մասին, դրանք արդյունավետորեն փոխանցում են այն ուղերձը, որ պետք է փոխվեն վարչապետն ու կառավարության քաղաքականությունը: Կաթողիկոսի եւ ավագ եպիսկոպոսների քաղաքականությունը նպատակ ունի ամեն գնով պահպանել հայերի ավանդական ինքնաընկալումը որպես գերազանցապես կրոնական ժողովուրդ։

Ի վերջո, սա է երկու հայտարարությունների էությունը: Կրոնական համայնքն իր անվտանգությունը փնտրում է փրկիչ քրիստոնյա պետությունից, ինչն անխուսափելիորեն տանում է դեպի Ռուսաստան եւ Հայաստանի ճանաչմանը, որպես Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող երկիր: Այս մտածելակերպը չի ծառայում Հայաստանի պետականությանը կամ ինքնիշխանությանը։ 

Ազգի, առնվազն պետության սահմանումը քաղաքական առումով հանգեցնում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության եւ սպառնալիքների նվազեցման քաղաքականությանը: Մեզ հիմնականում որպես կրոնական միավոր սահմանելը եւ արտաքին ուժի գործիք դառնալը ստեղծում է նույնքան մեծ, եթե ոչ ավելի մեծ սպառնալիքներ հանրապետության անվտանգության համար։

- Բացի եկեղեցու ներսում իր բռնապետական վարքագծից՝ ի՞նչ իրավունքով է Գարեգին II-ը մտել քաղաքական ասպարեզ, պահանջել ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետի հրաժարականը եւ «սառեցրել» Բագրատ եպիսկոպոսի հոգեւորական կարգավիճակը՝ հրահրելով նրան այսպես կոչված «սրբազան պայքարի» եւ վարչապետի դեմ բողոքի ցույցերի։

- Սա մեզ ուղղակիորեն հասցնում է խնդրի էությանը։

Ես չգիտեմ՝ ով է Բագրատ եպիսկոպոսին հանձնել քաղաքական գործունեությամբ զբաղվելու վկայականը։ Սակայն պարզ է, որ թե՛ կաթողիկոսը, թե՛ քոչարյանամետ ընդդիմությունը անմիջապես աջակցեցին նրան՝ է՛լ ավելի ակնհայտ դարձնելով այդ գործունեության քաղաքական բնույթը, ինչը հստակորեն դուրս է եկեղեցու հոգեւոր եւ սոցիալական առաքելությունից։ 

Այստեղ տեղին են երկու դիտարկումներ։ Մեր պատմության մեջ եկեղեցու քաղաքական նկրտումները նոր չեն։ Դրանք սկիզբ են առնում IV դարից՝ քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո։ Հիշենք եկեղեցու պայքարը Արշակ II եւ Պապ թագավորների դեմ, երբ կաթողիկոսները դաշինք կնքեցին որոշ նախարարների հետ՝ թագավորական իշխանությունը թուլացնելու համար։ Հայկական պետականության անկման հետ եկեղեցին հաղթանակ տարավ՝ դաշինք կնքելով կենտրոնացված, ուժեղ պետության դեմ գործող ուժերի հետ։

- Իսկ այսօր՞։

- Այսօր իրավիճակը ոչնչով չի տարբերվում։ Սկզբից Գարեգին II-ը միացավ քոչարյանական քաղաքական ընդդիմությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ սկսելով եկեղեցի-պետություն առճակատումը։ Սա ավելի պարզ կերեւա, եթե «ազնվականներ» կամ «իշխաններ» բառերը փոխարինենք «օլիգարխներ»-ով կամ «կուսակցություններ»-ով։

Կարելի է ենթադրել, թե ինչու կաթողիկոսը դիմեց այս քայլին։ Մենք գիտենք, որ նա կիսում էր ընդդիմության մոտեցումը թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում՝ վերեւից ներքեւ իշխանություն՝ անկախ ժողովրդի քվեարկությունից, համընկնող օլիգարխիկ շահեր եւ, ի վերջո, Քոչարյանի խմբակցության վերադարձը իշխանության։ Արտաքին քաղաքականության մեջ դա նշանակում էր կրկին դառնալ Ռուսաստանի արբանյակ։ Այս նկատառումները փոխկապակցված են։

Քոչարյանական ընդդիմության հիմնական նպատակը եղել եւ մնում է իշխանության վերադառնալը՝ նաեւ իրենց դասակարգային շահերը ապահովելու համար։ Թե ինչ է սա նշանակում պետականության եւ անկախության առումով, նրանց համար լավագույն դեպքում երկրորդական է։ Նրանք գուցե անկեղծորեն հավատում են, որ իրենց քաղաքականությունը լավագույնն է Հայաստանի համար, բայց անկեղծությունը չի փոխում արդյունքները։ 

- Վրդովեցնող է հեղինակների պնդումը, որ «Հայաստանի կառավարությունը սպառնում է խզել հարաբերությունները սփյուռքի հետ, ինչը նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը չէին կարողացել»։

- Այդ հայտարարությունն իրոք վրդովեցնող է, նախ՝ որովհետեւ այն պատմականորեն սխալ է։ Այդ ժամանակ ո՛չ Հայաստանը որպես պետություն, ո՛չ էլ սփյուռքը որպես այդպիսին գոյություն չունեին այնպես, ինչպես այսօր։ Օսմանյան ժամանակաշրջանում Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին խոսելը լավագույն դեպքում տգիտություն է։

Ես տեղյակ եմ երկու դեպքերի մասին, երբ Օսմանյան պետությունը միջամտել է սփյուռքի գործերին։ Առաջինը 1894-1896 թվականների կոտորածներից հետո էր, երբ մեծ թվով արեւմտահայեր գաղթեցին ԱՄՆ եւ աջակցեցին Հնչակյան կուսակցության գործունեությանը սուլթանի կառավարության դեմ։ Արտագաղթած բանվորներն ու գյուղացիները Արեւմտյան Հայաստանից էին, ուստի նրանց եկեղեցին Ստամբուլի պատրիարքարանի իրավասության ներքո էր։ Օսմանյան կառավարությունը ճնշում գործադրեց Ստամբուլի պատրիարքի վրա՝ պահանջելով, որ նա իր իշխանությունն օգտագործի արտագաղթողների վրա՝ դադարեցնելու իրենց գործունեությունը Օսմանյան կառավարության դեմ։ Պատրիարքը նամակ գրեց Էջմիածնի կաթողիկոսին՝ խնդրելով, որ ԱՄՆ թեմը միանա կաթողիկոսի իրավասությանը, ինչը կթեթեւացներ Օսմանյան կառավարության ճնշումն իր վրա։ Այդպես էլ արվեց։
Ժիրայր Լիպարիտյանը Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային Գրադարան


Երկրորդ դեպքը հետեւյալն էր։ Օսմանյան կառավարությունը օգտագործեց իր դիվանագիտական եւ քաղաքական կապերը որոշ եվրոպական պետությունների եւ քաղաքական ուժերի հետ՝ արձագանքելու 1894-1896 թվականների կոտորածներից հետո աճող հայամետ տրամադրություններին։

Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը, այն պնդումը, որ այն չի ձգտել կամ չի կարողացել բաժանել սփյուռքը Խորհրդային Հայաստանից, պարզապես պատմական տգիտություն չէ. դա աններելի եւ ամոթալի է։ Ե՛վ Խորհրդային պետությունը, եւ՛ Դաշնակցությունը օգտագործեցին բոլոր միջոցները՝ Սփյուռքը պառակտելու համար, որի հետեւանքները զգացվում են մինչ օրս։

Վարչապետի քաղաքականությունը ռուսական, խորհրդային կամ օսմանյան քաղաքականության հետ համեմատելը դուրս է բանական խոսույթի սահմաններից։ Այդ նախադասությունն ինքնին ապացուցում է փաստաթղթի քաղաքական բնույթը եւ պատմական համեմատության անպատասխանատու օգտագործումը։ Ավելին չեմ ուզում ասել։

- Մենք չափազանց վտանգավոր ենք համարում նաեւ նրանց կոչը սփյուռքահայերին՝ ճնշում գործադրելու իրենց կառավարությունների վրա եւ միջամտելու Հայաստանի ներքին գործերին՝ «ներառյալ անհրաժեշտության դեպքում իրավական գործողությունները»։ 

- Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց մի ծանոթ եւ ասաց, որ այդ նախադասությունը հավասարազոր է պետական դավաճանության: Վստահ չեմ, որ գնահատականը ճիշտ է: Սակայն սա եւ նմանատիպ հայտարարությունները կասկածի տակ են դնում այն պնդումը, որ այս անձինք աջակցում են Հայաստանի անկախությանն ու երկխոսությանը:

Նման լեզուն ամրապնդում է այն գաղափարը, որ մենք քաղաքական փրկություն ենք հայցում այլ պետություններից: Այն կոչ է անում սփյուռքի համայնքներին օգտագործել իրենց ինստիտուտներն ու ռեսուրսները հենց Հայաստանի դեմ: Սփյուռքում շատերը համաձայն չեն այս հայտարարության, հատկապես այդ կոնկրետ կոչի հետ, ինչն, ի վերջո, խորացնում է սփյուռքում առկա պառակտումները՝ չնայած այն հավաստիացումներին, որ նպատակը միասնությունն է:

Բոլոր նման հայտարարություններում խոսվում է միասնության մասին: Հարցը միասնության արժեքի մեջ չէ. այն անվիճելի է: Հարցն այն է, թե միասնությունը ո՞ր քաղաքականության, արժեքային համակարգի, գաղափարի կամ գաղափարախոսության շուրջ է: Երբ տալիս ենք այդ հարցը, պարզ է դառնում նման կոչերի սին եւ նույնիսկ պառակտող բնույթը:

- Բոլորս գիտենք, որ սփյուռքի եկեղեցին բաժանված է քաղաքական եւ տնտեսական պատճառներով, եւ ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ Մայր Աթոռը չեն ստեղծել այս պառակտումը:

- Իրոք գիտենք, սակայն պատրաստ ենք անտեսել կամ «մոռանալ» բազմաթիվ փաստեր՝ մեր ներկայիս քաղաքական դիրքորոշումները, ավելի ճիշտ՝ նախապաշարմունքները պահպանելու եւ արդարացնելու համար: Սա կոչվում է քննադատական մտածողության բացակայություն: Այն հանգեցնում է սխալ եզրակացությունների եւ քաղաքականության, որոնց հետեւանքների ականատեսն ենք եղել վերջին տարիներին եւ դեռ կարող ենք լինել: Հուսով եմ, որ այդպես չի լինի:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին