Երեւան: Մեդիամաքս: Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կայացած Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Հայտարարության հեղինակները խորը մտահոգություն են հայտնել, որ «քրեական անհիմն հետապնդման պատճառով» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վեց եպիսկոպոս չեն կարողացել Հայաստանից դուրս գալ եւ մասնակցել հավաքին:
«Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության եւ առավելագույն չափով սատարել եւ այսօր եւս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատեւության եւ ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել եւ չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը եւ ազգային ինքնության պահպանությանը։
Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ եւ վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման եւ ազգային շահի առաջնահերթության վրա»,- ասվում է հայտարարությունում:
«Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որեւէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում եւ եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։ Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ եւ երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության»,- ասվում է եպիսկոպոսների հայտարարությունում։
Փաստաթուղթը ստորագրել են.
Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյանը
Տ. Հովնան Արքեպս․ Տերտերյանը
Տ․ Վիգեն Արքեպս․ Այքազյանը
Տ. Արամ Արքեպս․Աթեշյանը
Տ․ Եզրաս Արքեպս․ Ներսիսյանը
Տ․ Աշոտ Եպս․ Մնացականյանը
Տ․ Արմաշ Եպս․ Նալբանդյանը
Տ. Արարատ Եպս. Գալթագճյանը
Տ․ Մարկոս Եպս․ Հովհաննիսյանը
Տ․ Հովակիմ Եպս․ Մանուկյանը
Տ․ Տաթև Եպս․ Հակոբյանը
Տ․ Նարեկ Եպս․ Բերբերյանը
Տ․ Աբգար Եպս․ Հովակիմյանը
Տ․ Սերովբե Եպս․ Իսախանյանը
Տ. Դանիել Եպս. Ֆընտըգյանը
Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանը
Տ․ Օշական Եպս․ Գյուլգյուլյանը
Տ. Թեոդորոս Եպս. Զաքարյանը
Տ․ Մեսրոպ Եպս․ Պարսամյանը
Տ․ Կորյուն Եպս․ Բաղդասարյանը
Տ․ Կիրակոս Եպս․ Դավթյանը
Տ․ Առեն Եպս․ Շահենյանը
Տ․ Գրիգոր Եպս․ Խաչատրյանը
Տ. Պարթև Եպս. Բարսեղյանը
Տ․ Խորեն Եպս․ Առաքելյանը















