Քեն Խաչիկյան. Սառը պատերազմի խրամատներում ծառայած «Ճարպիկը» - Mediamax.am

Փետրվար 01, 2026
117 դիտում

Քեն Խաչիկյան. Սառը պատերազմի խրամատներում ծառայած «Ճարպիկը»


Քեն Խաչիկյանը Ռոնալդ Ռեյգանի եւ Ռիչարդ Նիքսոնի հետ
Քեն Խաչիկյանը Ռոնալդ Ռեյգանի եւ Ռիչարդ Նիքսոնի հետ

Լուսանկարը` Ռոնալդ Ռեյգանի գրադարան

Լուսանկարը` Shane Lopes

Քեն Խաչիկյանը
Քեն Խաչիկյանը

Լուսանկարը` Shane Lopes

Քեն Խաչիկյանը Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի հետ
Քեն Խաչիկյանը Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի հետ

Լուսանկարը` Քեն Խաչիկյանի արխիվից

Քեն Խաչիկյանը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ
Քեն Խաչիկյանը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ

Լուսանկարը` Քեն Խաչիկյանի արխիվից


Ներկայացնում ենք AGBU Magazine պարբերականում հրապարակված Ken Khachigian on the power of words to change hearts, minds, and history հոդվածի հայերեն թարգմանությունը:

Լորա Լ. Կոնստանտին

Ելույթներ գրող, հաղորդակցության ռազմավարություն ստեղծող Քեն Խաչիկյանի անհավանական վերելքը՝ ընտանեկան ֆերմայից մինչեւ Սպիտակ տուն, ուղեցույց է նրանց համար, ովքեր ցանկանում են հանրային ծառայության հանդեպ իրենց կիրքը եւ գեղեցիկ խոսելու հմտությունը վերածել կեսդարյա փայլուն կարիերայի։

Նախագահի երդմնակալության ելույթներով, հաղորդակցության ռազմավարություններով, ընտրարշավի կարգախոսներով՝ բեղուն Խաչիկյանը ծառայել է Սառը պատերազմի լեզվական խրամատներում՝ թողնելով անմոռանալի, ոգեշնչող ուղերձներ, որոնք հուզել են լայն զանգվածներին։

Նրա կարիերան սկսվեց 1960-ականների վերջին Նյու Յորքում։ Խաչիկյանը Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցի ուսանող էր եւ արդեն քաղաքագիտության աստիճան ուներ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանից։ Ամառը նա կամավորագրվեց Ռիչարդ Նիքսոնի քարոզարշավին, եւ մնացածն արդեն պատմություն է։ Քայլ առ քայլ նա ամերիկյան քաղաքականության մեջ ձեռք բերեց այնպիսի ազդեցություն, որը կարող է վայելել միայն անձնական ելույթներ գրողը, ռազմավարական խորհրդատուն եւ վստահելի անձը։

1970-ականների կեսերին Խաչիկյանը հայտնվեց ազգային ճգնաժամի կիզակետում, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց իր նախագահության երկրորդ ժամկետի կեսին։ Հարթելով Ուոթերգեյթի հետեւանքները, աշխատելով Նիքսոնի հետ նրա հուշագրութան վրա, պատրաստելով նրան Դեյվիդ Ֆրոսթի դարակազմիկ հարցազրույցին, որը տեսավ աշխարհի 45 միլիոն հեռուստադիտող՝ մշտապես հաստատակամ ու վճռական Խաչիկյանն ապացուցեց, որ արժանի է վստահության եւ հարգանքի։

Ի վերջո նա դարձավ 20-րդ դարի նախագահական պատմության թերեւս ամենատաղանդավոր հռետորի՝ Ռոնալդ Ռեյգանի՝ «Մեծ հաղորդակցողի» գլխավոր ելույթներ գրողն ու հատուկ խորհրդատուն։ Քչերը գիտեին, որ Ռեյգանի ամենահայտնի ելույթների մեծ մասը գրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ ֆորմալ կրթություն չունեցող մարդու որդին։

Ռոնալդ Ռեյգանի պատմական ուղերձը հայ ժողովրդին


Խաչիկյանն էր գրել նախագահ Ռեյգանի առաջին երդմնակալության ելույթը, Իրանում ազատ արձակված ամերիկացի պատանդներին ուղղված «Բարի գալուստ տուն» ելույթը, ինչպես նաեւ կարեւոր տնտեսական ելույթները, Կոնգրեսի համատեղ նիստերում երեք մեծ ելույթները եւ 1984 թվականին Հանրապետականների ազգային համագումարում Ռեյգանի շնորհակալական ելույթը: 1981 թվականի ապրիլին նա հեղինակեց Հոլոքոստի կարեւորագույն հայտարարությունը, որում առաջին անգամ ԱՄՆ նախագահը Հոլոքոստը համեմատեց Հայոց ցեղասպանության հետ. համարձակ քայլ, որը քաղաքականապես զգայուն էր, բայց պատմականորեն ճշմարտացի: Ավելի ուշ նա գրեց Ռեյգանի 1985 թվականի հուզիչ եւ պատմական ելույթը Բերգեն Բելզենի նախկին համակենտրոնացման ճամբարում: Խաչիկյանը հիշում է, որ նախքան ելույթ գրելը մասնակցել էր ապրիլի 24-ի հիշատակի արարողությանը Արլինգտոնի գերեզմանատանը: Այս իրադարձությունը հուզական հիշողություններ արթնացրեց նրա երիտասարդությունից, երբ հայրն ու այլոք պատմում էին, թե ինչպես են իրենց վտարել իրենց գյուղից: Ոգեշնչվելով այս պատմություններից՝ նա սկսեց գրել, Ռեյգանի կենսագիր Էդմունդ Մորիսի խոսքերով, Ռեյգանի կարիերայի լավագույն ելույթը: 

Իր վերջին հուշագրության մեջ՝ «Փակ դռների հետեւում՝ Ռեյգանի եւ Նիքսոնի հետ», Խաչիկյանը ընթերցողներին հրավիրում է Նիքսոնի եւ Ռեյգանի վարչակազմերի իշխանության ետնաբեմ: Նա վերստեղծում է լարված տեսարաններն ու Սպիտակ տան աշխատակազմի ներքին մրցակցությունը, որոնց նպատակն էր կարեւորագույն նախագահական ելույթներ կազմել՝ ճիշտ քաղաքական հայեցակարգերով, բառերի ընտրությամբ, արտահայտություններով եւ հռետորական կառուցվածքներով, որոնցից մի քանիսը դրոշմվել են ամերիկյան կոլեկտիվ գիտակցության մեջ: Օրինակ՝ «Հարցրե՛ք ինքներդ ձեզ. այսօր ավելի լա՞վ եք ապրում, քան չորս տարի առաջ» արտահայտությունը Խաչիկյանի մտահղացումն էր:

Լուսանկարը` Shane Lopes


Խաչիկյանի համար բառերի արվեստը լուրջ գործ էր. այն ժամանակ խոր հետազոտությունն ու փաստերի ստուգումը կանոն էր, իսկ գրելը՝ գիտության ճյուղ, որը պահանջում էր ճշմարտացիություն, բովանդակություն եւ ոճ: Այս չափանիշներն այսօր մթագնում են թվային կարճուղիներն ու ձեռնարձակ սոցիալական լրատվամիջոցները,  բայց Խաչիկյանի գիրքը համոզիչ փաստարկ է բերում, թե ինչու է ռազմավարական հաղորդակցությունը, պատասխանատու եւ ազնիվ կերպով օգտագործվելու դեպքում, մնում արդյունավետ քաղաքականության եւ կառավարման հենասյունը: 

Այս բացառիկ հարցազրույցի ընթացքում Խաչիկյանը հաճախ մտորում է, թե ինչպես ինքը՝ Ցեղասպանությունը վերապրածի որդին, դարձավ պատմության երկու խիստ տարբեր, բայց եւ փոխակերպող ամերիկյան նախագահների վարչակազմերի ականատես։ Ազատ աշխարհի իշխանության կենտրոնում գտնվելով՝ Խաչիկյանը վայելում էր եզակի պատիվ. վարձատրվել պատմական հսկաների բերանը բառեր դնելու համար։

-  Շնորհակալություն, որ հնարավորություն ընձեռեցիք խոսելու բառերի զորության մասին, որոնք ներգործում են լայն զանգվածների վրա երկրի ներսում եւ արտերկրում: Բառերից խոսելով՝ սկսենք Ձեր վերջերս հրատարակված հուշագրությունից՝ «Փակ դռների հետեւում՝ Ռեյգանի եւ Նիքսոնի հետ»: Ինչո՞ւ որոշեցիք գրել այն:

- Ես շատ հետաքրքիր կարիերա եմ ունեցել, իսկ նախագահներ Նիքսոնն ու Ռեյգանը 20-րդ դարի լեգենդներ եւ քաղաքական հսկաներ էին, որոնք ավարտեցին Սառը պատերազմը: Շատ քչերն ունեին այն մտերիմ կապը, որը ես ունեի նրանց հետ: Այդ պատճառով բոլորն անընդհատ կրկնում էին՝ «պետք է գիրք գրես»: Սպիտակ տնից հետո ես, իհարկե, ստիպված էի ապրուստ վաստակել եւ վերադարձա իմ մասնավոր իրավաբանական պրակտիկային՝ միաժամանակ աշխատելով այլ արշավների վրա եւ ծառայելով որպես խորհրդատու: Բայց վերջապես եկավ մի պահ, երբ հասկացա, որ ժամանակը հասունացել է:

2019 թվականն էր, նավով շրջագայում էի: Մենք կանգառների միջեւ էինք: Բայց ափ իջնելու եւ տեսարժան վայրերը դիտելու փոխարեն ես նստեցի՝ դեղին նոթատետրս, կապուչինոն եւ սիգարը ձեռքիս, եւ ինքս ինձ ասացի. «Պարզապես սկսիր առաջին բառից»։ Եվ, ինչպես գիտի ցանկացած պրոֆեսիոնալ գրող, ամեն ինչ սկսվում է դատարկ թղթից եւ առաջին բառից։ Կարող է նաեւ թղթե անձեռոցիկ լինել, որը ես օգտագործել եմ իմ լավագույն գաղափարներից մի քանիսը ձեւակերպելու համար։

Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ այդքան երկար սպասեցի։ Եթե հետեւեի Սպիտակ տան նախկին գործընկերներիս օրինակին, որոնք պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց գրողների վարձեցին՝ իրենց քողազերծող գրքերի համար, ես այդքան տեղեկություններ չէի ունենա։ Դրանք ոչ միայն հարստացրին իմ աղբյուրները, այլեւ որոշ դեպքերում օգնեցին վերականգնել ճշմարտությունը կատարվածի վերաբերյալ։ Իհարկե, ես սովոր էի բազում գրառումներ անելուն։ Երբ աշխատում էի Սպիտակ տանը Նիքսոնի օրոք, ստիպված էի մանրամասն գրառումներ անել իմ մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպման մասին։ Եթե երբեւէ ֆիլմ նկարահանվեր դրա մասին, դուք կտեսնեիք, որ սենյակում բոլորը տենդագին գրառումներ էին անում։ 

Այնուհետեւ, երբ սկսեցի աշխատել Նիքսոնի հետ նրա հուշագրությունների վրա, ստիպված էի յուրաքանչյուր անգամ գրեթե բառացի գրառել ամեն ինչ։ Ի վերջո, Նիքսոնը շփվել էր բազմաթիվ ակնառու պատմական դեմքերի հետ՝ Ուինսթոն Չերչիլից, Այզենհաուերից, Գոլդա Մեիրից եւ Ինդիրա Գանդիից մինչեւ սենատորներ Էվերեթ Դիրքսեն կամ Ջո Մաքքարթի։ Նրա արտաբերած յուրաքանչյուր բառ՝ լինի իր վարչակազմի, Ուոթերգեյթի, Չինաստանի հետ մերձեցման, թե 1940-ականներին Ջեք Քենեդիի հետ կոնգրեսականի կարգավիճակում աշխատելու մասին, անգին էր։

- Ի՞նչ եք կարծում, Ձեր գիրքը արդիակա՞ն է նոր սերունդների համար։

- Կարծում եմ, որ այն ուսուցողական է։ Գիքրն ուղեցույց է։ Այն պատմում է նորեկներին, թե ինչպես կարող են առաջ գնալ եւ կյանքը փոխել՝ անելով բաներ, որոնք, կարծում էին, թե չեն կարող։ Ես պատկերացում անգամ չունեի, որ կարող եմ հասնել այդ բարձունքին՝ հաշվի առնելով, որ սկսել էի Վիսալիայում՝ Սան Խոակին հովտի գյուղատնտեսական քաղաքում։ Հայրս հայ ներգաղթյալ էր, Ցեղասպանությունը վերապրած մարդ։ Մայրս հայ ներգաղթյալների դուստր էր։ Նա ընդամենը միջնակարգ դպրոց էր ավարտել. հայրս ամերիկյան կրթություն չուներ։ Ես մեծացել եմ ֆերմայում երեք եղբայրներիս հետ, հաճախել եմ գյուղական դպրոցներ եւ ավարտել պետական քոլեջ։ Սակայն դա չխանգարեց ինձ ընդունվել Կոլումբիայի համալսարանի՝ Բաղեղի լիգայի իրավաբանական դպրոց։
Քեն Խաչիկյանը Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի հետ Քեն Խաչիկյանը Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի հետ

Լուսանկարը` Քեն Խաչիկյանի արխիվից


Վեց տարեկանից հայրս մի հայերեն բառ էր մտցրել գլխիս մեջ՝ «Ճարպիկ»։ Այն նշանակում է խելացի կամ հնարամիտ, կյանքում արագ կողմնորոշվող։ Որպես վերապրած՝ նա ստիպված էր Ճարպիկ լինել, որպեսզի սնունդ եւ ջուր հայթայթի իր ընտանիքի համար եւ աշխատանք գտնի գոյատեւելու համար: Այս գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես չսահմանափակվել, ինչպես շարունակել աշխատել, առաջ շարժվել եւ գուցե մի օր պատմություն կերտել։

- Ե՞րբ հայտնաբերեցիք, որ գրելու տաղանդ ունեք։

- Իմ կիրքը միշտ եղել է քաղաքականությունը: Գուցե չհավատաք, բայց ես սկզբում շատ վատ գրող էի: Այնքան վատ, որ երբ ընդունվեցի բակալավրիատ, ստիպված էի ընդունելության քննություն հանձնել անգլերենից՝ անգլերենի առաջին կուրսի հիմնական դասընթացին մասնակցելու համար: Ինձ խնդրեցին շարադրություն գրել, եւ ես տապալեցի այն: Դա նշանակում էր մասնակցել անգլերենի դասընթացի, որն արհամարհանքով անվանում էին «հաստագլուխների» անգլերեն: Դա, թերեւս, լավագույն բանն էր, որ պատահեց ինձ հետ: Մենք ունեինք շատ խիստ դասախոս, որը մեզ սովորեցրեց գիր, արտասանություն, ուղղագրություն, բարդ նախադասություններ, մեկուսացված դերբայական արտահայտություններ, կետ-ստորակետեր դնելու տեղ: Ամեն օր մեր գլուխն էր մտցնում դա: Ժամանակի ընթացքում ես սովորեցի, թե ինչպես շարադրություն գրել, հետո տող առ տող ստուգել այն: Քոլեջի վերջին երկու տարիներին արդեն լավ էի գրում, հատկապես շարադրություններ։

Այս հմտություններով միացա Նիքսոնի նախագահական քարոզարշավին, բայց շուտով հասկացա, որ տաս էջանոց շարադրությունները ո՛չ թեկնածուին էին պետք, ո՛չ էլ լսարանին։ Ես սովորեցի, թե ինչպես ներկայացնել մեկ կամ երկու էջանոց լավ ուսումնասիրված, համառոտ, հստակ գրված նախապատմություն։ Այս վարժությունն օգնեց ինձ պարզ գրել։ Որքան շատ էի գրում, այնքան ավելի հստակ էր դառնում բովանդակությունը։ Երբ Նիքսոնի օրոք Սպիտակ տուն մտա, իմ առաջին գործը հաղորդակցության ոլորտում էր. պետք է գրեի նախագահի տարբեր դիրքորոշումը պաշտպանող տեղեկատվական զեկույցներ եւ ամփոփագրեր վարչական աշխատակիցների եւ վարչակազմի անդամների համար։

Նաեւ պատրաստում էի այսպես կոչված «ոգեւորող» ելույթներ՝ մեկ-երկու րոպեանոց ակնարկներ, որոնք գրվում էին օրենսդիր մարմիններում մեր ներկայացուցիչների համար, որոնք դրանք տանում էին Կապիտոլիումի բլուր։ Ամեն օր տասնյակներով ոգեւորող ելույթներ էի գրում։ Անշուշտ, հոգնեցուցիչ էր, բայց դա իմ գործն էր։ Եվ շատ կարճ ժամանակում սովորեցի իմաստալից բովանդակություն ստեղծել։

Սա ինձ հիանալի հնարավորություն ընձեռեց՝ Փեթ Բյուքենենի ղեկավարությամբ մասնակցելու 1972 թվականի Նիքսոնի քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներին։ Փեթը Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնի շրջանավարտ էր եւ Սենթ Լուիսի «Գլոբ-Դեմոկրատ» թերթի խմբագրական հոդվածագիրը։ Նրա հետ այնքան շատ հոդվածներ գրեցի, որ Նիքսոնի վերընտրվելուց հետո ինձ խնդրեցին միանալ Սպիտակ տան ելույթներ գրող թիմին։

- Անդրադառնանք Ռոնալդ Ռեյգանի հետ անցկացրած տարիներին։ Ձեր բախտը բերեց, որ Ձեր խոսքերը փոխանցում էր բեմական հմայք ունեցող պրոֆեսիոնալ դերասանը։

- Այո՛, նա անկասկած խոսելու շնորհ ուներ։ Եվ ուներ այդ հատուկ իռլանդական «ճարտասանությունը»՝ լավ պատմություն պատմելու ձիրքը։ Նա շատ գրավիչ էր եւ տեսախցիկի առջեւ իրեն վստահ էր զգում։ Բայց նշեմ նաեւ, որ Ռեյգանը, ինչպես եւ ես, մեծացել է ռադիոյով եւ սկսել է իր կարիերան որպես ռադիոհաղորդավար։ Սա կարեւոր է, քանի որ ռադիոն ունկնդիրների համար բառերով պատկերներ ստեղծելն է։ Ես ունեի բառերով պատկերներ ստեղծելու ձիրք։ Նույնիսկ Ռիչարդ Նիքսոնն է դա սերմանել իմ գլխում, քանի որ նա էլ էր մեծացել ռադիոյով։ Ե՛վ նախագահ Ռեյգանը, եւ՛ տիկին Ռեյգանը հասկանում էին դա։ Բառեր ընտրելու ունակությունը շատ կարեւոր է, իսկ իմ երիտասարդ գործընկերներից շատերը չունեին այս հմտությունը։

- Դուք անշուշտ շատ բազմակողմանի գրող եք։ Վերցնենք ձեր գրած քարոզարշավի թեմաներն ու կարգախոսները։ Որքա՞ն արդյունավետ են դրանք համոզելու լսարանին ձեր կողմն անցնել։

- Նախ պետք լինի մեկ հիմնական ուղերձ, որը մարդիկ կհիշեն: Նրանք պետք է հեռանան մեկ-երկու կենտրոնական մտքերով: Սա է ռազմավարական հաղորդակցության իրական մարտահրավերը: Որո՞նք են այդ հիմնական մտքերը, որոնք երկարատեւ տպավորություն կթողնեն:

- Ինչպե՞ս եք դա պարզում: Հարցումների եւ ժողովրդագրական ուսումնասիրությունների միջոցո՞վ:

- Հարցումներ անողները շատ կցանկանային, որ մենք մտածենք, որ պատասխանը այդ բոլոր ժողովրդագրական տվյալներն ու մանրամասներն են: Բայց իմ փորձից ելնելով՝ սա տեղեկատվության գերբեռնվածություն է ստեղծում եւ կարող է ճնշող լինել: Պետք է նայեք լայն պատկերին: Հանրության միտքը հասկանալն այդքան էլ դժվար չէ: Պետք է նայել շուրջը ու հարցնել՝ «Ո՞ր գաղափարներն են գերիշխում համայնքում»: Չեմ կարծում, որ դրա համար միշտ հարցումներ են անհրաժեշտ: 
Քեն Խաչիկյանը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Քեն Խաչիկյանը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ

Լուսանկարը` Քեն Խաչիկյանի արխիվից


Ռեյգանի 1980 թվականի քարոզարշավի համար իմ առաջարկած խոսքերը քիչ կապ ունեին ժողովրդագրության կամ հարցումների հետ: Խոսքն ավելի շատ մրցակցի սխալները մատնանշելու մասին էր, քան մանրամասների մեջ մտնելու: Շատ դեպքերում դա պարզապես իմ ներքին ձայնն է, որը ձեւավորվել է քաղաքականության եւ իրավունքի ոլորտում ավելի քան 50 տարվա փորձի ընթացքում։

- Ինչպե՞ս կսահմանեք ռազմավարական հաղորդակցությունը։

- Ամեն ինչ սկսվում է նպատակ սահմանելուց. այդ նպատակին հասնելու համար ձեռնարկվող ամեն մի քայլ ռազմավարական է։

Մի օրինակ կբերեմ։ Երբ Ռեյգանը հաղթեց 1980 թվականին, առաջին հերթին անհրաժեշտ էր «Տնտեսական վերականգնման եւ հարկերի մասին» օրենքի ընդունումը։ Ռազմավարական առումով պետք էր արագ գործել, քանի դեռ Ռեյգանը լավ վարկանիշ ուներ։ Նա դրա մասին ելույթ ունեցավ երդմնակալությունից ընդամենը 16 օր անց։ Տասներեք օր անց իր դիրքորոշումը ներկայացրեց ազգային ուղերձում։ Այսպիսով օրենքի ընդունումը խթանելու համար մի շարք հաղորդակցություններ եղան։ Հիմնական ուղերձն այն էր, որ բյուջեն կրճատվի, եւ երկիրն առաջ շարժվի՝ անելով ամեն ինչ այլ կերպ, քան նախորդ վարչակազմն էր անում։ Ամռանն իրավիճակը բարդացավ, եւ նրան անհրաժեշտ էր դեմոկրատների աջակցությունը՝ օրինագիծն ընդունելու համար։ Այդ պահին ես նրան կրկին օգնեցի եզրափակիչ գաղափարով, այն է՝ որ մենք կարող ենք գնալ երկու ուղիներից մեկով. մեկը դեպի անցյալ տանող ճանապարհ է, մյուսը՝ դեպի ապագա։ Շատ հստակ բառային պատկեր էր։  

- Իսկ ո՞րը կլիներ ռազմավարական առումով ճիշտ հիմնական ուղերձ, որպեսզի Արցախի հարցում մեր օգտին համոզեինք համաշխարհային լրատվամիջոցներին եւ աշխարհաքաղաքական որոշում կայացնողներին։

- Ցանկացած այլ ուղերձի պես. հայերը պետք է անպայման պնդեին, որ իրենց դիրքորոշումը հարյուր տոկոսով ճիշտ է, իսկ ազերիների դիրքորոշումը՝ հարյուր տոկոսով սխալ։ Ամեն ինչ շատ պարզ է. մենք Արցախում ունեինք հայկական հայրենիք եւ ունենք դա ապացուցող հինավուրց եկեղեցիներ եւ հայկական մշակութային գանձեր։ Հետո Ադրբեջանը խլեց Ադրբեջանում բույն դրած հայկական հայրենիքը։ Սա երկու նախադասությունից բաղկացած հիմնական ուղերձ է, որը մարդիկ կարող էին պատկերացնել։ Դժբախտաբար, մենք չունեինք բազմամիլիոն դոլարանոց մեդիա արշավ՝ այս ամենը մարդկանց հասցնելու համար։ Ոչ այն պատճառով, որ չունեինք միջոցներ, այլ որովհետեւ չունեինք կենտրոնական կազմակերպություն՝ այդ միջոցներն ուղղորդելու եւ մշակելու ռազմավարություն, որի հետ բոլորը համաձայնության կգային։ Ի տարբերություն դրա՝ Ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի (AIPAC) հաջողությունը պայմանավորված է նրանով, որ բոլորը զոհաբերում են իրենց եսասիրությունը գործի համար։ 

- Ի՞նչն է Ձեզ ամենամեծ մասնագիտական բավարարվածություն տալիս։

- Երբեմն ինձ կսմթում եմ համոզվելու համար, որ սա երազ չէր։ Որ ես իրոք այնտեղ էի՝ Նիքսոնի հետ Սան Կլեմենտեում, երբ նա պատմում էր, օրինակ՝ «Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտն ինձ ասաց…» կամ «Երբ Մաո Ցզե Դունի հետ էի…»։ Ընթրել եմ Ռեյգանների հետ Քեմփ Դեյվիդում, 1984 թվականին նրանց հետ Air Force One-ով թռչել երկրով մեկ։ Դժվար է պատկերացնել, որ ես գրել եմ պատմություն կերտող ելույթներ կամ քարոզարշավի կարգախոսներ՝ այս կարկառուն գործիչների հետ, որոնք ժամանակին ազատ աշխարհի առաջնորդներ էին։

- Կա՞ որեւէ այլ բան, որ կցանկանայիք փոխանցել մեր ընթերցողներին։

- Կասեի, որ երիտասարդ տղամարդիկ ու կանայք փորձեն ավելի շատ ներգրավվել հանրային ծառայության, տեղական կամ ազգային քաղաքականության մեջ եւ ինքնավստահ լինեն։ Իրենց ժառանգության անունից իշխանական դիրքեր գրավեն եւ մտածեն, թե ինչի միջով են անցել մեր նախնիները։ Կարծում եմ՝ մեծ պատիվ է բերում հայ ժողովրդին, երբ իրենցից մեկը նման իշխանության եւ ազդեցության դիրք է գրավում։ Անթիվ անգամներ հայերը մոտեցել են ինձ եւ ասել, թե որքան հպարտ են, որ հայը հասել է այս դիրքին։ 
Քեն Խաչիկյանը Քեն Խաչիկյանը

Լուսանկարը` Shane Lopes


Օրինակ՝ Բերգեն-Բելզենի ելույթը, որը նախագահ Ռեյգանը ունեցավ Գերմանիա կատարած այդ վիճահարույց ուղեւորության ժամանակ։ Համակենտրոնացման ճամբար այցելությունը ավելացվեց վերջին րոպեին, որպեսզի չեզոքացնի Բիտբուրգի գերմանական ռազմական գերեզմանատուն այցի շուրջ աղմուկը, քանի որ այնտեղ նացիստական զինվորների գերեզմաններ կային։ Ինձ հանձնարարվեց շատ արագ ելույթ գրել, ճնշումը մեծ էր։ Բարեբախտաբար, այն դարձավ Ռեյգանի համաշխարհային ասպարեզում ունեցած ամենահուզիչ եւ ապաքինող ելույթներից մեկը։

Ինձ ոգեշնչեց Հայոց ցեղասպանությունը։ Եթե ես չպահպանեի իմ նախնիների հիշողությունը եւ ընտանիքի անդամներիցս լսած պատմության մասին անձնական գիտելիքը, երբեք չէի կարողանա այնքան անկեղծ ու համոզիչ ելույթ գրել, որը պահանջվում էր այդ լարված իրավիճակում։ Դուք կարող եք կարդալ դրա մասին գրքիս 20-րդ գլխում։

Այդ ելույթով ասես ամբողջական շրջան գծվեց։ Այն ապացուցեց, որ եթե վստահությամբ եւ հպարտությամբ դուրս գաք մեծ աշխարհ, մի օր կարող եք փոխել պատմության ընթացքը։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին