Ռոնալդ Ռեյգանի պատմական ուղերձը հայ ժողովրդին - Mediamax.am

exclusive
30057 դիտում

Ռոնալդ Ռեյգանի պատմական ուղերձը հայ ժողովրդին


Ռոնալդ Ռեյգանը
Ռոնալդ Ռեյգանը

Լուսանկարը` Getty Images


1988 թվականի դեկտեմբերի 24-ին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Սուրբ Ծննդյան ավանդական ռադիոուղերձով դիմեց ազգին: Ավանդական լինելով հանդերձ, այն նաեւ բացառիկ էր, քանի որ կոչվում էր «Ուղերձ ազգին տոների եւ Հայաստանի երկրաշարժի առիթով»: Ռոնալդ Ռեյգանը ոչ միայն առանձնացրել էր խորհրդային 15 հանրապետություններից մեկը, այլեւ իր ուղերձի զգալի մասը նվիրել Հայաստանին՝ գտնելով հուզիչ եւ ոգեւորիչ բառեր: 

 

***

 

Հատված ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ռադիոուղերձից (1988թ. դեկտեմբերի 24)

 

«Գիտեմ, որ Ամերիկայի ժողովուրդը սգում է ինձ հետ՝ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից զոհվածների համար: Նման ողբերգությունները տեղահան են անում մեր ոգիները. դժվար է հասկանալ, թե ինչու են այդպիսի բաներ տեղի ունենում եւ ինչ կարող ենք դրանք նշանակել: Բայց Հայաստանի ժողովուրդը ցույց է տալիս՝ այն գիտի, որ սիրված է: Նրանք գիտեն, որ կարող են վերականգնել իրենց ուժերը, վերածնվել եւ նորից նվիրվել կյանքին: 

 

Մենք ականատես եղանք Լենինականի եւ Սպիտակի բնակիչների ապշեցուցիչ խիզախությանը, նրանց՝ խնդիրներին դիմակայելու պատրաստակամությանը: Հայ մարդիկ ամուր մարդիկ են: Ամերիկահայ Հեյզել Բարսամյանն ասել է. «Պատմության ընթացքում մենք նման ողբերգություններ տեսել ենք: Մենք մարտիկներ ենք, մենք վերապրողներ ենք: Մենք համախմբված ենք եւ մենք կվերապրենք»:  

 

 

Նման սարսափելի աղետների ժամանակ ինչ-որ բան կատարվում է աշխարհում, որի մասին արժե մտածել Սուրբ Ծննդյան տոնական օրերին: Այն, ինչ բաժանում է մեզ, ժամանակավորապես անհետանում է: Բացվում են փակ սահմանները: Ընկերներն ու թշնամիները կիսում են օգնելու բեռն ու հույսը: Խորհրդային Հայաստանը միաժամանակ օգնություն է ստացել Իսրայելից եւ պատերազմի մեջ թաթախված Լիբանանից: Իսկ ՍՄՆ-ի արձագանքը ցնցող էր. փրկարարներ, մի քանի

տասնյակ միլիոն դոլարի մասնավոր նվիրատվություններ, հագուստ, սնունդ, բարի կամքի եւ բարեկամական զգացմունքների ահռելի հոսք: Սուրբ Ծնունդը՝ Խաղաղության Իշխանի ժամանակն է եւ մեզ մեկ անգամ եւս հիշեցնում է, որ մեր տարբերությունները ոչ թե մարդկանց, այլ քաղաքական համակարգերի միջեւ են:  

 

Հայաստանում մեր Տիրոջ ծննդյան օրը նշում են հունվարի 6-ին: Հայկական ավանդույթի համաձայն, քահանաները այցելում են իրենց ծխականների օջախները եւ օրհնում են հացը, ջուրը եւ աղը, որոնք ներկայացնում են կյանքն ու նյութը: Թող այս շրջանում քահանաների՝ հացի, ջրի եւ աղի օրհնությունը առավել քան երբեւէ ուժ պարգեւի հայ ժողովրդին՝ դիմակայելու եւ հաղթանակ տոնելու համար»: 

 

***

 

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ երկրաշարժից ցնցվեցին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, ԽՍՀՄ Կոմկուսի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը այցով ԱՄՆ-ում էր, որտեղ մեկնել էր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին մասնակցելու համար: Նա ընդհատեց այցը եւ վերադարձավ Մոսկվա, որտեղից էլ դեկտեմբերի 10-ին ժամանեց Հայաստան:  

 

Մոսկվա վերադառնալուց առաջ Գորբաչովը աշխատանքային ճաշ-հանդիպում ունեցավ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ փոխնախագահ Ջորջ Բուշի հետ: 

Գորբաչովին արդեն հայտնել էին երկրաշարժի լուրը եւ հանդիպման սկզբում նա ներկայացնում է տեղեկությունները, որոնք բացահայտում են ողբերգության սարսափելի ծավալները:

 

 

Մասնավորապես, ասում է ԽՍՀՄ ղեկավարը, երկրաշարժն այնքան ուժեղ է եղել, որ մեկ գյուղ ամբողջությամբ անհետացել է՝ հայտնվելով գետնի տակ: 

 

ԱՄՆ փոխնախագահ Ջորջ Բուշը հարցնում է Գորբաչովին զոհերի քանակի մասին: ԽՍՀՄ Կոմկուսի գլխավոր քարտուղարն ասում է, որ այդ պահին հստակ տեղեկություններ չկան, բայց խոսքը գնում է «հարյուրավոր մարդկանց» մասին:

 

***

 

1989 թվականի հունվարի 1-ին Ռոնալդ Ռեյգանը ամանորյա շնորհավորական ուղերձ է ուղղում Միխայիլ Գորբաչովին, որը սկսում է Հայաստանի երկրաշարժի մասին հիշատակելով.

 

«Ամերիկայի ժողովրդի անունից ուղարկում եմ շնորհավորանքներս՝ Նոր Տարվա կապակցությամբ: 

 

Ձեր եւ իմ երկրում Ամանորը հույսի եւ վերածննդի ժամանակ է: Ոգու այս որակները երբեք չեն եղել այդքան անհրաժեշտ, որքան հիմա, երբ Խորհրդային Հայաստանը սկսում է բժշկել իր վերքերը: Դուք վայելում մեր խորին կարեկցանքը: Մենք աղոթում ենք ձեզ համար: Ես եւ Նենսին հուսով ենք, որ ավերվածը վերականգնելու ջանքերում դուք կգտնեք ձեր սփոփանքը»: 

 

Պատրաստել է Աննա Բուբուշյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին