Թոմաս դե Վաալ. Սա վերջին շանսն է Ռուսաստանի համար - Mediamax.am

651 դիտում

Թոմաս դե Վաալ. Սա վերջին շանսն է Ռուսաստանի համար



Ներկայացնում ենք Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, վերլուծաբան Թոմաս դե Վաալի Meduza պարբերականին տված հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

- Երբ Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում ճգնաժամ սկսվեց, փորձագետները եզրակացրեցին, որ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը ոչ միայն Ադրբեջանում, այլեւ ամբողջ Հարավային Կովկասում: Արդյո՞ք Ռուսաստանի հեղինակությունը տարածաշրջանում իրոք թուլացել է, եւ ե՞րբ է դա նկատելի դարձել:

- Ռուսաստանն իսկապես կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, եւ սա աստիճանական գործընթաց է: Տարածաշրջանի երկրները անկախություն ձեռք բերեցին 35 տարի առաջ, եւ այս ընթացքում Ռուսաստանի կողմից նրանց ընկալումը որպես «մերձավոր արտասահմանի», որը դեռեւս իր ազդեցության ոլորտում է, սկսեց մեծապես տարբերվել իրականությունից: Այս երկրներում մեծացել է մի սերունդ, որն անկախ է Ռուսաստանից, որը ռուսերեն չի խոսում: Երկրները կապեր են ձեռք բերել ամբողջ աշխարհում: Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը Թուրքիան է, Վրաստանը մինչեւ վերջերս ամուր եվրոպական կապեր ուներ, Հայաստանը դաշնակցում է Ֆրանսիայի հետ: Ռուսաստանը ընդամենը մեկն է բազմաթիվ խաղացողներից: 

Ռուսաստանը դեռեւս բազմաթիվ տնտեսական լծակներ ունի Հարավային Կովկասում, բայց եթե օգտագործի դրանք երկրների վրա ճնշում գործադրելու համար, միայն կթուլացնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Օրինակ՝ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա՝ գազը կտրելով, բայց այդպիսով հայ ժողովրդի սերն ու աջակցությունը չի շահի։

Ինձ թվում է՝ այն պահը, որից հետո Ռուսաստանը սկսեց արագորեն կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում, 2022 թվականին Ուկրաինա ներխուժումն էր, որը շատ ռեսուրսներ խլեց։ Դրա պատճառով Ռուսաստանը կորցրեց հարգանքը Հարավային Կովկասում։ Բացի այդ, Արեւմուտքի հետ տնտեսական կապերի կրճատման պատճառով Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի միջեւ գործընկերությունը հավասարվեց, քանի որ այս երկրները նոր կարեւոր գործընկերներ դարձան։

Մեկ այլ կարեւոր գործոն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ռուսաստանը մշտապես կարողանում էր օգտագործել այն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Լեռնային Ղարաբաղը կորսված է, եւ սա հսկայական ողբերգություն է նրա ժողովրդի համար։ Սակայն այս իրադարձության արդյունքներից մեկն այն է, որ երկու երկրներն էլ հնարավորություն ստացան կառուցել սեփական ռազմավարական ինքնավարությունը։

- Այդ դեպքում ինչո՞ւ առկա ճգնաժամի պայմաններում չենք տեսնում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնելու որեւէ փորձ։

- Երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն։ Ռուսաստանում ապրում է մեծ ադրբեջանական սփյուռք՝ մոտ երկու միլիոն մարդ։ Ադրբեջանը պետք է Ռուսաստանին որպես Հարավ տանող կարեւոր ուղի, վերջերս նրանք ակտիվորեն զարգացնում են Ադրբեջան տանող ճանապարհներն ու երկաթուղիները։ 

Միեւնույն ժամանակ այս ճգնաժամում ի հայտ է գալիս ազգային հպարտության եւ քաղաքական կայացվածության հարցը։ Ոչ մի առաջնորդ չի ցանկանում տեսանելի դարձնել իր զիջումների գնալը։ Ադրբեջանի համար կարեւոր է նաեւ, որ իրեն վերաբերվեն որպես հավասար գործընկերոջ, այլ ոչ որպես Ռուսաստանի վասալի. սա հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու է այս վեճը շարունակվում։

Մյուս կողմից թատրոնի տարրեր եւս կան։ Երկու առաջնորդներն էլ ավելի քան 20 տարի հոյակապ ճանաչում են միմյանց։ Պուտինը անցյալ ամռանն այցելել էր Ադրբեջան եւ ժամանակ անցկացրել Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ հետ։ Կարծում եմ՝ ինչ-որ պահի նրանցից մեկը կվերցնի հեռախոսը, որ զրուցի եւ լիցքաթափի իրավիճակը։

Չնայած դրան՝ երկու երկրների միջեւ ճգնաժամը կարեւոր ցուցիչ է, որ Ադրբեջանը զգում է իր ուժը եւ օգտագործում այն՝ հարեւանի հետ հարաբերությունները հավասարակշռելու համար։

- Ինչի՞ է հանգեցնելու ուժերի այս վերաբաշխումը: Եթե Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, կարո՞ղ է արդյոք մեկ այլ երկիր իր վրա վերցնել այդ դերը Հարավային Կովկասում:

- Իմ կարծիքով, վերջին ժամանակների ամենակարեւոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումն էր Աբու Դաբիում: Նրանք հանդիպեցին սեփական նախաձեռնությամբ. դա միջազգային գագաթնաժողովի շրջանակներում չէր, այլ երկկողմ հանդիպում՝ առանց միջնորդների: ԱՄԷ-ն հյուրընկալեց հանդիպումը, բայց չմասնակցեց դրան: Սա շատ դրական եւ առողջ նշան է, որ երկու երկրները պատրաստ են խոսել միմյանց հետ առանց «մեծ եղբոր» եւ ինքնուրույն որոշել հակամարտության լուծման օրակարգը:  

Ռուսաստանը լիովին կտրված է այս գործընթացից: Առավել կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են քննարկել տրանսպորտի եւ երթուղիների հարցերը առանց Ռուսաստանի: Սա կտրուկ տարբերվում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրից, երբ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը տրվել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ծառայությանը, կամ 2021 թվականի եռակողմ հանձնաժողովի աշխատանքից, որը նույնպես ստեղծվել էր տրանսպորտի եւ հաղորդակցության հարցերը քննարկելու համար: Այժմ երկու կողմերն էլ չեն ցանկանում, որ իրենց տարածքում ռուսական ծառայությունները ներկա լինեն: 

Ինչ վերաբերում է մեկ այլ երկրի կողմից այդ դերը ստանձնելուն, ապա քիչ հավանական է, որ դա մեկ պետություն լինի։ Ամերիկացիները ակտիվացնում են իրենց ջանքերը, բայց չպետք է պատրանք ունենան, որ միայն իրենք են։ ԱՄՆ-ն խաղացողներից միայն մեկն է, այնտեղ են նաեւ Եվրամիությունը եւ Թուրքիան։ Միեւնույն ժամանակ, տարածաշրջանում չկա որեւէ արտաքին խաղացող, որը նոր «մեծ եղբայր» կդառնա։ Եվ ես կարծում եմ, որ սա առողջ իրավիճակ է։

- Կարո՞ղ է ԱՄՆ-ի կողմից Զանգեզուրի միջանցքը 100 տարով վարձակալելու առաջարկը օգնել բանակցություններին: Եվ որքանո՞վ կարող են հաջող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները առանց այլ երկրների միջնորդության:

- Անհրաժեշտ է տարբերակել միջնորդությունը եւ աջակցությունը հակամարտության կարգավորման գործում: Այժմ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը անմիջական միջնորդություն չեն ցանկանում, չեն ուզում, որ ինչ-որ մեկը լինի իրենց հետ բանակցային սենյակում:

Աջակցության հետ կապված իրավիճակը տարբեր է: Եվրոպական երկրները մի քանի տարի շարունակ օգնություն են առաջարկում տեխնիկական խնդիրների հարցում, եւ հիմա ԱՄՆ-ն է միացել գործընթացին: Ինձ թվում է, որ նրանց առաջարկն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն միջազգային խաղացող է՝ հսկայական քաղաքական կշռով: Չնայած դրան՝ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ ընդունել նրանց առաջարկը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. ոչ ոք պատրաստ չէ իր տարածքը ԱՄՆ-ին վարձակալության տալ:

Ինձ թվում է՝ այս առաջարկի խնդիրը Թրամփի վարչակազմի դիվանագետների աշխատանքում է, որոնք մտածում են գործարքներով: Այդ թվում՝ անշարժ գույքի եւ հողային գործարքների, որոնք շահույթ կբերեն ամերիկացիներին: Չեմ կարծում, որ նման համաձայնագիրը կաշխատի:

Սակայն հնարավոր է մեկ այլ տարբերակ, որը կներառի այլ երկրներ: Միեւնույն ժամանակ քիչ հավանական է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան այս երթուղու վրա տեսնել Ռուսաստանին կամ Իրանին, որը նույնպես մնում է խոշոր տարածաշրջանային տերություն։

- Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը այդքան անբարենպաստ է Ռուսաստանի համար, արդյո՞ք Մոսկվան փորձում է կանխել համաձայնագրի կնքումը։

- Ռուսաստանին իրոք ձեռնտու չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ խաղաղության համաձայնագիրը։ Հետեւաբար սպասելի է, որ ինչ-որ պահի Ռուսաստանը կփորձի կանխել համաձայնագիրը եւ կպնդի, որ պետք է մասնակցի հակամարտության կարգավորմանը։

Սերգեյ Կիրիենկոն, որը նախկինում պատասխանատու էր Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Մոլդովայի հետ աշխատանքի համար, ապրիլին ՌԴ նախագահի աշխատակազմում նշանակվեց Հայաստանի հետ հարաբերությունների պատասխանատու։ Սա կարեւոր ազդանշաններից մեկն է։ Բացի այդ, մենք տեսնում ենք ավելի ագրեսիվ մարտավարություններ։ Հունիսին վարչապետ Փաշինյանը հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ հեղաշրջման փորձը կանխելու մասին։ Ամբողջովին պարզ չէ՝ արդյ՞ոք նրանք պարզապես ռուսամետ մարդիկ էին, թե գործել էին Ռուսաստանի աջակցությամբ, բայց ռուսական հետք հաստատ կա։ Ինձ թվում է՝ Կիրիենկոն եւ նրա մարդիկ ավելացնում են ջանքերը՝ ազատվելու վարչապետ Փաշինյանից, որը ցանկանում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։

2026 թվականի հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք կարեւոր են Փաշինյանի համար։ Այդ պատճառով ապագայում հավանաբար կտեսնենք Ռուսաստանի միջամտությունը ընտրություններին։ Գլխավոր խնդիրն այն է, որ սա վերջին հնարավորությունն է Ռուսաստանի համար։ Մոսկվան արդեն կորցրել է հանրային աջակցությունը Հայաստանում, եւ եթե որոշի գործել ռազմական կամ ուժային ճանապարհով, կկորցնի նաեւ այն, ինչ մնացել է։ Փաշինյանը պակաս ժողովրդականություն է վայելում, քան նախկինում, բայց ընդդիմության գլխավոր թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, որին աջակցում է Ռուսաստանը, է՛լ ավելի քիչ աջակցություն ունի։ Մարդիկ չեն ցանկանում ապրել նրա բռնապետական կառավարման ներքո։

- Ի՞նչ կթողնի Փաշինյանը իրենից հետո։ Որո՞նք են նրա իշխանության հիմնական նվաճումները։

- Հայաստանում Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Նա այն մարդն է, որը պարտվել է պատերազմում եւ Լեռնային Ղարաբաղում, սա նրա սեւ բիծն է։ Հաջորդ ամռանը նա ոչինչ չունի ցույց տալու հայ ընտրողներին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համաձայնագրերի առումով։ 


Սակայն նա փորձում է հոգեբանական տեղաշարժ կատարել հայ հասարակության մեջ. հրաժարվել Մեծ Հայքի գաղափարից եւ կենտրոնանալ պետության վերականգնման եւ կառուցման վրա ճանաչված սահմաններում։ Որքանով նա կհաջողի, կախված է մի քանի գործոններից. տնտեսական հաջողություններ, արտաքին օգնություն եւ արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան նրան ինչ-որ բան կառաջարկեն։ Մինչեւ ընտրությունները դեռ մեկ տարի կա, շատ բան կարող է փոխվել։

- Չնայած Երեւանը աստիճանաբար հեռանում է Մոսկվայից, Ռուսաստանը դեռեւս ռազմաբազա ունի Գյումրիում, իսկ ռուս սահմանապահները շարունակում են պարեկել Հայաստանի սահմանները: Ի՞նչ հեռանկար եք տեսնում երկրում ռուսական ռազմական ներկայության համար:

- Ըստ գործող համաձայնագրի՝ Գյումրիի բազան կգործի առնվազն մինչեւ 2044 թվականը: Սխալ կլինի մտածել, որ Հայաստանը ցանկանում է խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ. նրա տնտեսական կախվածությունը դեռեւս շատ ուժեղ է: Այդ պատճառով էլ վարչապետ Փաշինյանը մասնակցեց Մոսկվայում Հաղթանակի շքերթին:

Կարեւոր է հաշվի առնել, որ Գյումրիի բազան միատարր չէ. այնտեղ կան նաեւ հայ զինծառայողներ: Այս ռազմաբազայից ազատվելու ծրագրերը Հայաստանի համար այժմ առաջնահերթ չէ: Իմ կարծիքով, ավելի կարեւոր խնդիր է Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանին ռուս սահմանապահների թվի կրճատումը:

Հայաստանը չի փորձում կտրուկ շրջադարձ կատարել դեպի Արեւմուտք եւ հարաբերություններ հաստատել միայն վերջինիս հետ. հարաբերություններ են հաստատվում նաեւ Հնդկաստանի, Պարսից ծոցի երկրների եւ այլ պետությունների հետ՝ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն կառուցելու համար: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը կախված էր միայն Ռուսաստանից, եւ սա մեծ սխալ էր։

- Դուք ընդգծել եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծն ավելի շատ վերաբերում է հաշտեցմանը պետությունների, այլ ոչ հասարակությունների միջեւ: Ի՞նչն է պակասում այդ համաձայնագրին։

- Այո, փաստացի դա այնքան էլ խաղաղության պայմանագիր չէ, այլ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր: Կատարյալ աշխարհում համաձայնագիրը պետք է ներառի արդարությունը հաստատող տարրեր. լուծել պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հարցերը, հաշվի առնել մարդկանց իրավունքը՝ վերադառնալու հակամարտության ընթացքում կորցրած տները։

Ալիեւը չի շտապում ու ժամանակ է շահում


Ինձ թվում է, որ սա առաջին հերթին պայմանավորված է Բաքվի վարչակարգով: Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որը չի ցանկանում զբաղվել պատասխանատվության եւ արդարադատության հարցերով, այլ ուզում է վերահսկել դրանք: Այդ պատճառով խաղաղության համաձայնագրի նախագծում կետ կա դատական հայցերը հետ կանչելու կամ միմյանց դեմ միջազգային դատարաններում գործերը կարճելու մասին: Ինչը շատ ցավալի է։

Կա նաեւ հույս, որ դիվանագիտությունը կփոխարինի հակամարտությանը, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը կբացվի, եւ դա նոր հնարավորություններ կբացի երկրների համար: Սակայն սխալ կլինի մտածել, որ փաստաթուղթը ստորագրվելուն պես հակամարտությունն ավտոմատ կերպով կլուծվի: Այն պարզապես կմտնի նոր փուլ՝ ավելի քաղաքական, որի ընթացքում մեծ աշխատանք պետք է կատարվի՝ ապահովելու համար, որ երկու երկրների հասարակությունները սկսեն հասկանալ միմյանց եւ խաղաղ հարաբերություններ կառուցել։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին