Ներկայացնում ենք Asbarez պարբերականու հրապարակված Րաֆֆի Արդալջյանի Tom Barrack’s 99-Year Lease Idea: Why Only a Win-Win Approach Can Work հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ Րաֆֆի Արդալջյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին, պետական հաստատություններին ու ՀԿ-ներին։
Րաֆֆի Արդալջյան
Վերջերս Նյու Յորքում [Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց] Թոմ Բարաքի ելույթը, որում նա որպես խաղաղության ուղի առաջարկեց 99-ամյա վարձակալության պայմանագիր եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա, թերեւս հավակնոտ են հնչում: Սակայն շատերին տարածաշրջանում, հատկապես Հայաստանում, այդ գաղափարները ծանոթ են: Չնայած սա քարտեզների բառացի վերաձեւավորում չէ, այն նման է Մերձավոր Արեւելքը վերաձեւավորելու պատմական «վերեւից ներքեւ» ծրագրերերին՝ հիշեցնելով Սայքս-Պիկոյի համաձայնագրի տրամաբանությունը, եթե ոչ ժառանգությունը: Այդ պատմությունը մեզ հուշում է, որ նման գաղափարները պետք է իրականացվեն զգուշությամբ, ներառմամբ եւ ազգային ինքնիշխանության նկատմամբ մեծ հարգանքով:
«Վեճի առարկան 32 կիլոմետր ճանապարհն է, բայց սա մանրուք չէ: Այս հարցը ձգձգվել է մեկ տասնամյակ», - նշել է Բարաքը: Դիտարկել առաջարկվող տարանցիկ երթուղին (որը Հայաստանն անվանել է «Խաղաղության խաչմերուկ») որպես աննշան խոչընդոտ՝ նշանակում է անտեսել աշխարհաքաղաքական իրականությունը: Հայաստանի պատմական հայրենիքը դարերի ընթացքում վերածվել է ծովին ելք չունեցող մի հողակտորի, որը շրջապատված է թշնամիներով: Սա կատակ չէ. ցամաքային եւ նույնիսկ օդային շրջափակումները տասնամյակներ շարունակ օգտագործվել են Հայաստանից զիջումներ կորզելու համար։
Բարաքին, որն այժմ զբաղեցնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, պետք է հիշեցնել, որ Հայաստանը «ցեղ» չէ, եւ նրա աշխարհաքաղաքական մտահոգությունները «ցեղային տեսանկյունից» չեն բխում։ Հայաստանը քաղաքակրթություն է, որը հազարամյակների արմատներ ունի Հայկական լեռնաշխարհում՝ նախքան ժամանեցին այն ցեղերը, որոնց նա հիշատակում է։ Նման լեզուն չափազանց պարզեցնում է բարդ տարածաշրջանը։ Հայաստանի եւ նրա հարեւանների նկատմամբ ավելի տեղեկացված, հարգալից մոտեցումը լավագույնս կծառայեր նրա դիվանագիտական առաքելությանը։
Երկարաժամկետ վարձակալության մասին մտածելիս, եթե բոլոր մյուս փոփոխականները պահպանվեն, ահա մի գաղափար՝ զուտ որպես վարկած. գուցե դեսպան Բարաքը առաջարկի, որ ԱՄՆ-ն 100 տարով վարձակալի Թուրքիայի սեւծովյան նավահանգիստներից մեկի փոքր մասը՝ որպես ծովին ելք չունեցող Հայաստանի տնտեսության համար անվտանգ ծովային ելք։ Ոչ որպես նվեր, այլ որպես տարածաշրջանային համաձայնագրի մաս, որի արժեքն ավելի քիչ է, քան այսօր մոլեգնող պատերազմներում մի քանի օրվա մեջ օգտագործված հրթիռների արժեքը։ Այդ դեպքում Հայաստանը կստանա ծովային առեւտրի կենսականորեն կարեւոր հնարավորություն, իսկ Ադրբեջանը կստանա իր տարանցիկ միջանցքը՝ ենթադրելով, որ բոլոր կողմերը կհետեւեն փոխադարձ համաձայնեցված պայմաններին: Իհարկե, սրանք պարզապես «բարձրաձայն մտքեր» են, ինչպես եւ Բարաքի մտքերը հարցազրույցի ժամանակ. ես որեւէ լիազորություն չունեմ այս որոշումների նկատմամբ:

Լուսանկարը` REUTERS
Եթե թուրք պաշտոնյաները Հայաստանը համարում են այսպես կոչված Միջին միջանցքի (Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ կապող առեւտրային ճանապարհի) կարեւորագույն մաս, ապա պետք է Հայաստանը համարեն ինքնիշխան երկիր, այլ ոչ թե պարզապես «վիլայեթ»։ Եթե լուրջ նպատակներ ունեն, պետք է ցուցադրեն այդ լրջությունը։
Եթե նպատակն իրոք տարածաշրջանային ինտեգրացիան է, ապա պետք չէ կենտրոնանալ Զանգեզուրի տարանցիկ ճանապարհի նեղ հարցի վրա։ Անհրաժեշտ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների՝ Հյուսիսի, Հարավի, Արեւելքի եւ Արեւմուտքի լիակատար ապաշրջափակումը։ Հայաստանը այդ թվում պետք է ստանա Սեւ ծով մուտք գործելու իրավունք՝ լինի դա Վրաստանի միջով, թե տարանցիկ ճանապարհով դեպի վարձակալված թուրքական նավահանգիստ, տարանցիկ ճանապարհ Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան (ներառյալ Վրաստանի Փոթի նավահանգստի հետագա կապերը) եւ անվտանգ ճանապարհ դեպի Իրան։ Խաղաղության համար անհրաժեշտ է ամրագրել այս ուղիների օգտագործման պայմանները, որոնք հիմնված են փոխադարձ օգուտի եւ հավասար պայմանների վրա, այլ ոչ թե ստեղծել միջանցքներ, որոնք նախատեսված են մեկ կողմի շահերը սպասարկելու համար։
Զուգահեռաբար ողջամիտ կլիներ, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան քննարկեն նաեւ չհարձակման մասին եռակողմ պայմանագիր կնքումը, կատարյալ տարբերակում՝ վստահելի եւ շահագրգիռ միջազգային կողմերի արտաքին անվտանգության երաշխիքներով։ Եթե քննարկվում են միջանցքի երաշխիքները, ապա պետք է լինեն նաեւ չհարձակվելու վստահելի երաշխիքներ: Սա եւս պարզապես «բարձրաձայն մտքեր» են։
Նման հայեցակարգային շրջանակներում բոլոր կողմերը ինչ-որ բան տալիս են եւ ինչ-որ բան շահում: Դա թույլ կտա Հայաստանին շնչել, վերականգնել կապերը եւ, ամենակարեւորը, մարդկանց շրջանում վերականգնել վստահությունը տարածաշրջանային դիվանագիտության նկատմամբ: Այլապես ինչո՞ւ պետք է ինքնիշխան պետությունը՝ Հայաստանը, որը հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող քաղաքակրթություն է, միակողմանի համաձայնագիր կնքի, որը նրան պարտավորեցնում է 99 տարով:
Նման հավասարակշռված պայմանավորվածությունների բացակայության պայմաններում դեսպան Բարաքի առաջարկները թվում են ոչ այնքան դիվանագիտական, որքան անշարժ գույքի գործարքներ, որոնք պետք է բուժեն փոքր ազգերի աշխարհաքաղաքական վերքերը:
Բարաքը, որը լիբանանյան ծագում ունի, անկասկած հասկանում է, որ հայերը՝ ինչպես լիբանանցիները, սիրիացիները եւ հրեաները, վաղուց ի վեր տարածաշրջանի մեծ առեւտրային քաղաքակրթությունների մաս են կազմել: Համարձակ տեսլականները ողջունելի են, բայց իրական խաղաղության համար պետք է ավելին, քան գաղափարները: Այն պահանջում է փոխադարձություն եւ յուրաքանչյուր ազգի կարիքների անկեղծ ճանաչում: Հայաստանի կարիքները եւ նրա ապագան պետք է լինեն վստահելի տարածաշրջանային տեսլականի մաս: Ի վերջո, եթե «e pluribus unum»-ը՝ Բարաքի հարցազրույցում հիշատակված արտահայտությունը, պարզապես հռետորաբանություն չէ, այն պետք է խարսխել բոլոր ներգրավված ազգերի արժանապատվության եւ ձգտումների նկատմամբ հարգանքի վրա։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: