Ներկայացնում ենք ռուսաստանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի Азербайджан включил режим беспокойного соседа հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով:
Տիմոֆեյ Բորդաչեւ
Նրանք, ովքեր ապրում են Ռուսաստանի ուժային տարածքում, միշտ զգուշանալու են նրանից: Նախկին ՍՍՀՄ տարածքի հարեւանների հետ մեր հարաբերությունները հետագայում եւս պարբերաբար ուղեկցվելու են այնպիսի թյուրիմացություններով՝ ինչպիսիք հիմա ունենք Բաքվի հետ:
Ռուսաստանի սահմանները թափանցիկ են, բացառությամբ նրա, որը մեզ բաժանում է ժամանակակից աշխարհի մեծ տերությունների ամենաբարեկամականից՝ Չինաստանից: Բոլոր մյուս հարեւանների հետ Ռուսաստանն այնքան կապեր ունի, որ խոսել այն մասին, որ ինչ-որ տեղ վերջանում է ներքին քաղաքականությունը եւ սկսվում է արտաքինը, բոլորովին անիմաստ է:
Պատճառը նրանում է, որ Ռուսաստանի բոլոր հարեւանները, բացառությամբ Չինաստանի, երկրներ են, որոնք գտնվում են նրա ուժային դաշտում: Դրա դրսեւորումներ կարող են լինել ուղղակի ռազմական ներկայությունը, լուրջ դաշնակցային պարտավորությունները, ռուսաց լեզվի եւ մշակույթի տարածումը կամ արտաքին քաղաքականության ամբողջական կախվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններից: Վերջինս վերաբերում է, օրինակ, մեզ համար ոչ բարեկամական նախկին ՍՍՀՄ Բալթյան հանրապետություններին կամ Լեհաստանին եւ Ֆինլանդիային:
Սա պատմական գործընթացի արդյունք է, որը վերանայել հնարավոր չէ: Որքան էլ Ռուսաստանի հարեւան երկրները փորձեն դուրս գալ նրա ազդեցության շրջանակներից, դա նրանց մոտ չի ստացվում: Այսպես, նույն ֆինների ամբողջական ինքանջատումը Ռուսաստանից հանգեցրեց նրան, որ Մոսկվան պահպանեց կենտրոնական տեղն իրենց տիեզերքում՝ միայն թե այլ որակով: Ըստ էության
ոչինչ չի փոխվել՝ առանց Ռուսաստանի նրանք ապրել չեն կարող: Անգամ այն դեպքում, եթե մեզ դա բոլորովին դուր չի գալիս եւ միայն անախորժություններ ու դժվարություններ է պարգեւում:
Իսկ այդպիսի անհանգստությունները մեզ գրեթե երաշխավորված են: Հարցն այն է, որ անկատար մարդկային էության համար նման բնույթի հարաբերությունների դեպքում ամենաբնական ռեակցիան, որքան էլ ցավալի է, վախն է: Ապագային քիչ թե շատ սառնասրտորեն նայելու համար մենք պետք է հասկանանք՝ նրանք, ովքեր ապրում են մեր ուժային տարածքում, միշտ վախենալու են Ռուսաստանից: Այդ վարքը փոխել անհնար է, պետք է պարզապես հասկանալ դրա հետեւանքները եւ հաշվի առնել քաղաքականության մեջ:
Նույնիսկ եթե մեր հարաբերությունները հարեւանների հետ հնարավորինս բարեկամական են, ինչպես Կենտրոնական Ասիայի պետությունների դեպքում, պետք չէ հույս ունենալ, որ ապագայում ռուսական մտադրությունների վերաբերյալ մտահոգությունների գործոնն անհետանալու է: Մենք Ռուսաստանում, գիտենք, որ հարեւանների հետ խնդիրները ուժով լուծելը բոլորովին մեր շահերից չի բխում: Սակայն չպետք է ակնկալել, որ ուրիշները ավտոմատ կերպով նույն կերպ են մտածում: Մանավանդ, որ մեծ եւ հզոր տերությունը իսկապես կարող է երբեմն պարզ լուծումների հակվել:
Ժամանակակից աշխարհը չափազանց անկայուն միջավայր է, որտեղ վաղվա օրվա վստահությունը շատ փոքր թվով պետությունների արտոնությունն է:
Միջազգային իրավունքի արդյունավետության մասին այսօր կարող է խոսել միայն ամենամիամիտը: Իսկ որեէ մեկին անվտանգության անժամկետ երաշխիքներ տալը մեծ ռազմական տերությունների սովորությունների մեջ չի մտնում:
Հարեւանների հետ մեր հարաբերությունների վրա ազդող մյուս գործոնն աշխարհագրությունն է: Պետությունների աշխարհաքաղաքական դիրքը նրանց ճակատագիրն է, որը որոշիչ ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականության վրա: Լրջորեն խոսել այն մասին, որ Ռուսաստանը կարող է հարեւանների հետ վարվել այնպես, ինչպես ԱՄՆ-ը վարվում է Կանադայի կամ Մեքսիկայի հետ, կարող են միայն նրանք, ովքեր երբեւէ աշխարհի քարտեզին չեն նայել:
Խոսքն, իհարկե, ամենաողբերգական սցենարների մասին չէ՝ նման դեպքերում միջուկային գերտերության հարեւանին պաշտպանել ոչ ոք չի կարողանա: Սակայն եթե հարցը այդքան արմատապես չի դրվում, դժվար է Ռուսաստանի հարեւաններից պահանջել, որ նրանք ամբողջովին հրաժարվեն ապահովագրվելու փորձերից: Մանավանդ, որ նրանց համար Ռուսաստանից ամբողջական կախվածությունը համատեղվում է մյուս բոլոր ուղղություններով բաց սահմանների հետ:
Թուրքիայի Անդրկովկասում եւ, պակաս նկատելիորեն, Կենտրոնական Ասիայում ակտիվ լինելու ամենակարեւոր պատճառը նախկին ՍՍՀՄ հանրապետությունների ցանկությունն է «բերել» ինչ-որ մեկին` Ռուսաստանի հետ դեմ առ դեմ չմնալու համար: Նախկին Միության տարածքում ոչ ոք լուրջ Թուրքիային չի դիտարկում որպես Ռուսաստանին այլընտրանքային ձգողականության կենտրոն. դրա համար Անկարան փող եւ արտաքին քաղաքականության հարցերում ինքնուրույնություն չունի:
Սակայն Թուրքիայի հետ որոշակի խաղերը մեջ մեր հարեւաններին կարող են օգուտներ բերել Ռուսաստանի հետ երկխոսության մեջ: Չէ որ մենք չենք կասկածում, որ BRICS-ի հետ մերձեցումը շատերը օգտագործում են որպես Արեւմուտքի հետ բարդ բանակցությունների մի մաս: Այստեղ էլ նույնն է: Արդյունքում ստեղծվում է բացառիկ բարդ հարաբերությունների համակարգ, որտեղ հիմնական ծանրությունը դիվանագետների ուսերին է ընկնում, իսկ որոշումները երբեք պարզ ու հեշտ չեն լինում:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: