Իրանն այլեւս նախկինը չի լինելու - Mediamax.am

955 դիտում

Իրանն այլեւս նախկինը չի լինելու


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք արեւելագետ, 2019-2022թթ․ Իրանում ՏԱՍՍ-ի թղթակից Նիկիտա Սմագինի Атака Израиля стала для Ирана травмой и главным событием XXI века հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նիկիտա Սմագին

Իսրայելի հարձակումը Իրանի վրա ազդարարում է լայնածավալ եւ երկարաժամկետ փոփոխությունների մեկնարկը իսլամական հանրապետությունում: Զինվորական վերնախավի թարմացման գործընթացներն ուղեկցվելու են արտաքին եւ ներքին քաղաքականության հիմքերի ցավոտ եւ արագ վերանայմամբ: Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ իրանական էլիտան ընտրելու է արմատականացումից հրաժարվելը:

Զինվորական վերնախավի թարմացումը

Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ընթացքում Թեհրանի զինվորական ղեկավարությունը նպատակներից մեկն էր: Գործողության առաջին օրը իրանական կողմը հաստատեց Գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բաղերիի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի, «Ալ-Կուդս» ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Կաանիի եւ այլոց զոհվելը: Սրանք իսլամական հանրապետության պատմության մեջ հրամանատարական կազմի ամենամեծ միանվագ կորուստներն էին:

Լուսանկարը` REUTERS


Նրանց փոխարեն կնշանակվեն այլ մարդիկ: Նոր կադրերը գալիս են սպանվածների տեղը եւ հասկանում են, որ ցանկացած պահի կարող են նույն ճակատագրին արժանանալ:

Շիաների նահատակության ավանդույթով տեղի ունեցողը դիտվում է որպես 
արդար գործի համար պայքարող մարտիկների հերոսական գործ, եւ իսլամական հանրապետության իշխանությունները արդեն փորձում են կատարվողը ներկայացնել իրենց համար նպաստավոր գաղափարական լույսի ներքո:

Վերջին տարիներին պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում զինվորական ղեկավարության բարձրագույն էշելոններում կոռուպցիայի մասին: Նաեւ հայտնի էր դառնում, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների երեխաները եւ ազգականները պարբերաբար այցելում են արեւմտյան երկրներ, իսկ նրանցից շատեր այնտեղ են սովորում եւ ապրում:

Վերջին իրադարձությունները սրում են ճակատագրի միասնության զգացումը եւ վերակենդանացնում են նահատակության գաղափարը: Զինվորական էլիտան կոռումպացված պաշտոնյաներից վերածվում է մահապարտների ռազմական թեւի: Այսպիսի տրամադրությունները՝ համակցված այն հանգամանքի հետ, որ սպանված գեներալների փոխարեն գալիս են ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, գրեթե անխուսափելիորեն հանգեցնելու է զինվորականների արմատականացմանը:

Իհարկե, այսօր Իրանում զինվորականները չեն են կայացնում վերջնական քաղաքական որոշումները: Սակայն, զինվորականներն այժմ հակված կլինեն ավելի խիստ առաջարկներով հանդես գալ: Բացի դրանից՝ իրավիճակը կարող է փոխվել, իսկ ուժային բլոկը՝ շատ ավելի շատ լիազորություններ ստանալ ընթացող պատերազմի պայմաններում:

Դրան զուգահեռ իրանական զինված ուժերի համախառն ռազմական ուժը եւ երկրի տեխնիկական հնարավորությունները ակնհայտորեն եւ զգալիորեն կրճատվում են: Արդեն հիմա պարզ է, որ Իսրայելը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը, լուրջ հարվածներ է հասցրել հրթիռների ու անօդաչուների գործարաններին, ինչպես նաեւ հարվածում է միջուկային օբյեկտներին: Այլ կերպ ասած, զինվորականները շատ ավելի քիչ գործառնական հնարավորություններ են ունենալու: Իսլամական հանրապետության, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի իսլամիստների փորձը վկայում է, որ նման պայմաններում նրանք հակված կլինեն մատչելի մեթոդներ որոնել: Ահաբեկչությունն ավանդաբար ծառայում է որպես թույլերի զենքը՝ տարբեր դրսեւորումներով:

Իրանը վաղուց հրաժարվել է մահապարտների օգտագործման, պատանդներ վերցնելու, թշնամի պետությունների դեսպանատուների վրա հարձակումների պրակտիկայից: Սակայն այս բոլոր մեթոդները իրանական իսլամիստների կողմից կիրառվել են ութսունականներին եւ իննսունականներին: Բացառված չէ, որ հիմա դրանք կարող ենք վերադառնալ:

Գոյատեւման երկընտրանքը

Մի կողմից, զանգվածային ռմբակոծությունները անխուսափելիորեն կհանգեցնեն երկրի դեգրադացմանը ոչ միայն ռազմական, այլեւ սոցիալ-տնտեսական առումով: Դա նշանակում է, որ սովորական իրանցու խնդիրները շատանալու են, իսկ ապրելն ավելի բարդ է լինելու: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նա կսկսի բողոքել իր իշխանության դեմ: Դա հնարավոր է, բայց բոլորովին պարտադիր չէ: Արտաքին միջամտությունների դեպքում «դրոշի շուրջ միավորումը» ազգի կամ գոնե հասարակության մի մասի բնական ռեակցիան է: Հետեւաբար, իշխանության փոփոխությունը հեղափոխական ճանապարհով Իրանում հնարավոր է, բայց այս սցենարը չի կարելի հիմնական անվանել:

Լուսանկարը` REUTERS


Շատ ավելի հավանական է, որ մենք կտեսնենք շատ առումներով դեգրադացված, վատ կառավարվող, բայց դեռեւս իսլամական հանրապետություն: Այդ պետությունը կարող է ավելի շատ հիշեցնել Եմենը՝ վատ կառավարվող ծայրամասեր, տեղ-տեղ՝ իշխանության բացարձակ վակուում: Դա կարող է լինել թույլ, բայց ագրեսիվ եւ քիչ կանխատեսելի պետություն:

Հին էլիտայի ողջ մնացած ներկայացուցիչները արագացված տեմպերով փնտրելու են վարքագծի նոր մոդելներ եւ քաղաքականության հիմքեր: Դժվար թե խոսքը գնա ազատական տիպի դեմոկրատական պետության կառուցման մասին՝ այս դիսկուրսը կարելի է միայն պարտադրաբար ներմուծել արտաքին աշխարհից: Ընդ որում, ամերիկա-իսրայելական ցամաքային գործողությունը Իրանում գրեթե բացառված է: 

Այլ կերպ ասած, առայժմ իրադարձությունների ամենահավանական զարգացում է թվում Իրանի մասնակի դեզինտեգրացիան՝ իշխանության ղեկին այս կամ այն տեսքով ռադիկալ իսլամիստների պահպանմամբ: 

Ազգային զգացումներ

Ինչպիսին էլ լինի Իրանի ճակատագիրը, տեղի ունեցողը աննախադեպ իրադարձություն է ծանրության եւ հետեւանքների առումով: Կարեւոր է, որ փոփոխությունների խթան են դարձել օտար պետության գործողությունները: Նույնիսկ եթե հասարակության որեւէ մասը կամ երկրի ներսում որեւէ խմբավորում հաջողի օգտվել անկայունության ալիքից եւ փոխի իշխանությունը, տեղի ունեցողը ներկա եւ ապագա սերունդների կողմից կկընկալվի որպես Իրանի եւ նրա բնակիչների ազգային արժանապատվության նվաստացում:

Լուսանկարը` REUTERS


Նախ եւ առաջ, իրանական հասարակության մեջ հակաիսրայելական տրամադրությունների աստիճանը բազմապատիկ կբարձրանա: Միեւնույն ժամանակ, պետք չէ մտածել, որ տեղի ունեցողը իրանական հասարակության աչքերում լինելու է միայն Իսրայելի գործողությունների արդյունք: Բնականաբար, քննադատության են ենթարկվելու Միացյալ Նահանգները եւ Դոնալդ Թրամփը: Հակաամերիկյան տրամադրությունների նոր ալիքը նույնպես հնարավոր է:

Պետք չէ մոռանալ նաեւ այլ պետությունների մասին, որոնք պասիվ դերակատարություն ունեին, բայց նույնպես մեղավոր են համարվելու: Օրինակ, իսլամական հանրապետությունը վերջին տարիներին բազմիցս Ռուսաստանից հայցել է ՀՕՊ միջոցներ, կործանիչներ, մարտական ուղղաթիռներ: Մոսկվան, չնայած խոստումներին, այդ զենքը չտրամադրեց: Այդպիսի վարքագծի պատճառները շատ էին՝ ուկրաինական ճակատներում սեփական կարիքներից մինչեւ Թուրքիայի եւ Ծոցի արաբական երկրների բողոքները, որոնք չէին ցանկանում Իրանի ուժեղացումը: Ամեն դեպքում, իրանական պարադիգմայում Ռուսաստանը նույնպես դիտվելու է որպես տեղի ունեցողի ակամա մասնակից:


Տեղաշարժերը դեռ նոր ենք սկսվում, բայց արդեն դժվար չէ ենթադրել, որ դրանք հսկայական ազդեցություն կունենան իրանական իրականության վրա: Հունիսի 13-ը առանց չափազանցության կարելի է անվանել 21-րդ դարում իսլամական հանրապետության պատմության ամենակարեւոր իրադարձությունը: Փոխակերպումների տարբերակները շատ են՝ քաղաքացիական պատերազմից մինչեւ կապիտուլյացիա: Եվ դա կախված է բազմաթիվ գործոններից: Բայց կասկած չկա, որ տեղի ունեցածը թեեւ տարբեր մեկնաբանություններով, բայց իրանական էլիտայի եւ ժողովրդի համար պատմական տրավմա է դառնալու:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին