Ներկայացնում ենք Օտտավայի համալսարանի դասախոս Ժան-Ֆրանսուա Ռատելի The Price of Peace: Armenia’s Impossible Choice Between Identity, Sovereignty, and Justice հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ժան-Ֆրանսուա Ռատել
2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին հարաբերությունների կարգավորմանն ուղղված լուրջ քայլի մասին՝ մոտեցնելով խաղաղության համաձայնագրի հեռանկարը։ Սակայն 2023-ից հետո այս բանակցությունները Հայաստանին կանգնեցնում են դաժան ընտրության առջեւ. ազգային ինքնության, ինքնիշխանության կամ միջազգային արդարադատության հասանելիության զոհաբերություն: Մինչեւ 2020 թվականը գոյություն ունեցող ստատուս քվոն այլեւս կենսունակ չէ, ուստի Հայաստանը պետք է փոխզիջումների գնա, որոնք հիմնականում թելադրված են Ադրբեջանի կողմից, եւ պատասխանի վճռորոշ հարցին, թե ինչ է կորցնելու եւ արդյոք հնարավոր կլինի պահպանել ազգային միասնությունը:
Այս ուսումնասիրությունը վերլուծում է, թե ինչպես են Հայաստանի թույլ բանակցային դիրքը, տարածաշրջանային մեկուսացումը եւ սահմանափակ լծակները խոչընդոտում արդար եւ տեւական խաղաղության նրա նկրտումներին: Այն ուսումնասիրում է հակամարտությունների կարգավորման գործում ուժերի անհավասարակշռության ազդեցությունը, արտաքին դերակատարների ազդեցությունը կամ դրանց բացակայությունը հետկոնֆլիկտային կայունացման գործում, սոցիալական հաշտեցման կարեւոր դերը՝ միջազգային արդարադատության բացակայության պայմաններում, եւ խաղաղ գործընթացում մարդու իրավունքների չլուծված խնդիրները: Միջազգային արդարադատությունը, ամենայն հավանականությամբ, կզոհաբերվի այս գործընթացում՝ խորացնելով միջսերնդային տրավման Հայաստանում եւ առաջացնելով տարածաշրջանային բռնությունը հավերժացնելու վտանգը: Ուսումնասիրությունը եզրակացնում է, որ Հայաստանի բացարձակ ինքնիշխանության պահպանումը կարեւոր կարմիր գիծ է ազգի գոյատեւումն ապահովելու համար։
Խաղաղության գործընթաց. ինչպես ապահովել արդար կարգավորում անհամաչափության պայմաններում
1994 թվականից ի վեր բազմակողմ դիվանագիտությունը՝ հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, չկարողացավ լուծել տարածաշրջանում խաղաղ գործընթացի հիմնական խնդիրները։ Աշխարհաքաղաքական մրցակցության էսկալացիայի եւ նախկին Խորհրդային Միության տարածքում ռուսական իմպերիալիստական քաղաքականության պատճառով Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը չկարողացան կանխել բռնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս ձախողումը հնարավորություն ընձեռեց Թուրքիային ընդլայնելու իր դերը հակամարտությունում՝ քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին եւ զգալիորեն փոխելով ուժերի հավասարակշռությունը։
2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո բազմակողմ ջանքերը հիմնականում փոխարինվեցին Ռուսաստանի գլխավորած ուղղակի արտաքին միջնորդությամբ, ինչը սահմանափակ արդյունքներ տվեց։ Թեեւ Մոսկվան միջնորդեց հրադադարի հաստատման գործում եւ խաղաղապահ առաքելություն տեղակայեց, այն կա՛մ չկարողացավ, կա՛մ չցանկացավ կանխել ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ 2022-ին: Պատերազմը հիմնովին փոխեց ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի, ինչն է՛լ ավելի ամրապնդվեց 2023-ի մեկօրյա պատերազմից հետո։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը նոր ռազմական հարձակում սկսեց՝ հիմնականում էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հետ գրավելու համար։ 2020 թվականի հրադադարը խախտող այս գործողության նպատակն էր գրավել տարածաշրջանը, մինչ Ռուսաստանը ճահճացած էր Ուկրաինայում եւ շահագրգռված չէր իրականացնել իր մանդատը՝ որպես 2020-ի համաձայնագրի խաղաղության երաշխավոր: Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի նկատմամբ Ադրբեջանի արագ ռազմական հաղթանակից հետո 120,000 էթնիկ հայեր փախան՝ վախենալով իրենց կյանքի համար: Այս էթնիկ զտման մասշտաբն ու արագությունը հիշեցրին նախկին Հարավսլավիայում 1990-ականներին տեղի ունեցածը:
Հայաստանի ռազմական պարտությունից եւ Ռուսաստանի միջնորդած անհաջող զինադադարից հետո Թուրքիայի աճող ազդեցությունը, զուգորդված Ադրբեջանի ռազմական հաղթանակի հետ, նշանավորեց բազմակողմ դիվանագիտության տապալումը Հարավային Կովկասում: Արդյունքում երկու կողմերն էլ ներգրավվեցին անմիջական երկկողմ բանակցությունների մեջ՝ մի կողմ թողնելով նախկին միջնորդական ջանքերը եւ հեռանալով հակամարտությունների կարգավորման հարցում Ռուսաստանի շահադիտական նպատակներից:
Բանակցային գործընթացը խեղաթյուրվել էր հակամարտությունում Ադրբեջանի գերիշխող դիրքի, արտաքին սահմանափակումների բացակայության եւ երկուստեք ցավագին փակուղու բացակայության պատճառով: 1985-ին Զարթմանի կողմից սահմանված այս հայեցակարգը նկարագրում է մի իրավիճակ, երբ կողմերից ոչ մեկը չի կարծում, որ կարող է հաղթել պատերազմում, եւ հետագա կոնֆլիկտը չափազանց մեծ վնաս կպատճառի բոլոր ներգրավվածներին: Քանի որ Բաքուն վերահսկում էր բանակցային լծակների մեծ մասը, Ադրբեջանը աներեր դարձավ փոխզիջումներ ընդունելու եւ բարեխղճորեն բանակցելու առումով: Մինչ Հայաստանը պատրաստ էր զիջումների գնալ որոշ մաքսիմալիստական պահանջների հարցում՝ կապված Ղարաբաղի կարգավիճակի եւ անցումային արդարադատության հետ, զիջումների գնալու Ադրբեջանի պատրաստակամությունը ակնհայտ չէ։

Լուսանկարը` Ֆոտոլուր
Խաղաղության բեռը մեծապես Հայաստանի վրա է։ Երկիրը պետք է բարդ որոշում կայացնի. ռազմական ուժասպառությունը նվազեցնում է նրա լծակները բանակցային սեղանի շուրջ, իսկ ներքաղաքական դինամիկան սահմանափակում է կարողությունը ընդունելու կարգավորումը, որն ընկալվում է որպես ազգային պարտություն: Ավելին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ բանակցությունների առաջընթացը պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ քննարկումների արդյունքներով։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցության առաջնահերթությունը գերազանցում է Հայաստանի հետ երկկողմ համաձայնագրի անհրաժեշտությունը։
2018-ի հեղափոխությունից հետո թույլ տված սխալները կրկնելու փոխարեն, երբ կառավարությունը կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ դուրս եկավ բանակցային գործընթացից, Հայաստանը, ըստ երեւույթին, որդեգրեց նախաձեռնող մոտեցում։ Սա նշանակում է սահմանել իր հիմնական առաջնահերթությունները եւ որոշել, թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար այս կարճ, բայց կարեւորագույն պահին: Սակայն խաղաղության համաձայնագրին հավատարիմ լինելու Ադրբեջանի պատրաստակամությունը զգալիորեն անորոշ է մնում ։
Այս համատեքստում խաղաղության պայմանագիրը, որը նվազագույն զիջումներ է պարտադրում Ադրբեջանին՝ առանց արտաքին կիրառման մեխանիզմների կամ զգալի դիվանագիտական ծախսերի, կարող է լրջորեն խաթարել Հայաստանի անվտանգությունը՝ խոցելի դարձնելով հետագա հարկադրանքի համար։ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ արտատարածքային իրավունքների վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ուղղակիորեն մարտահրավեր են Հայաստանի ինքնիշխանությանը եւ կարող են «տրոյական ձի» դառնալ՝ մեծացնելով Հայաստանի խոցելիությունը Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների նկատմամբ։ Հետկոնֆլիկտային բանակցություններում արտատարածքային իրավունքների տրամադրումը չափազանց հազվադեպ է: 1995 թվականի Դեյթոնի համաձայնագիրը ներառում էր տարածքային փոխանակում Գորաժդե միջանցքի ստեղծման համար՝ խուսափելով արտատարածքային իրավունքների տրամադրման անհրաժեշտությունից: Այս փոխանակումը, սակայն, ավելի լայն կարգավորման մասն էր՝ հիմնված քաղաքացիական պատերազմի ժամանակ հաստատված տարածքային վերահսկողության վրա:
Հայաստանը պատրաստակամություն է հայտնել կատարել 2020 թվականի հրադադարի պարտավորությունները եւ առաջարկել է երկկողմ համաձայնագիր Զանգեզուրի միջանցքով փոխադրումների վերաբերյալ, բայց Ադրբեջանը հրաժարվել է փոխադարձաբար մուտք տրամադրել դեպի Նախիջեւան։
Արդյունքում երկու կողմերը պայմանավորվել են հետաձգել միջանցքի շուրջ բանակցությունները։
Որոշ վերլուծաբանների կարծիքով, խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը (նույնիսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտոնական ճանաչումից հետո) ընդգծում է այն զգուշավորությունը, որով կողմերը փորձում են խուսափել վաղաժամ խաղաղության պայմանագրի բացասական հետեւանքներից, ինչպես եղավ Դեյթոնի եւ Մինսկի համաձայնագրերի դեպքում: Սակայն ժամանակը Հայաստանի օգտին չէ աշխատում. այն միայն վատթարացնում է Երեւանի բանակցային դիրքերը։ Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը շարունակում է վերափոխել Ղարաբաղի տարածաշրջանը եւ քանդել նախկին վարչական կառույցները, ինչպես նաեւ թիրախավորել մշակութային ժառանգությունը: Նպատակն է վերացնել պատերազմին նախորդող ստատուս քվոյի վերադարձի հնարավորությունը եւ դե ֆակտո կանխել փախստականների վերադարձը՝ դե յուրե տարբերակի բացակայության պայմաններում:
Խաղաղության համաձայնագիր եւ կիրարկում. վստահելի երաշխավորի հրամայականը
Երբ կողմերից մեկը տիրապետում է բոլոր լծակներին, բանակցությունները հաճախ հանգեցնում են խաղաղության՝ հաղթողի պայմաններով: Առանց արտաքին միջնորդի կամ հավասարակշռող ուժի, գերիշխող կողմը կարող է առաջ քաշել մաքսիմալիստական, կրկնվող պահանջներ, ինչն Ադրբեջանը անում է 2023-ի սեպտեմբերից: Հայաստանը սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը ապացուցում է այդ աճող ճնշումը:
Անգամ խաղաղության համաձայնագրի հեռանկարն ունենալով՝ առանց միջազգային կամ ներքին զգալի ճնշման Ադրբեջանը կարող է սաստկացնել Հայաստանի նկատմամբ իր պահանջները՝ նվազագույն քաղաքական հետեւանքներով: Ասիմետրիկ բանակցություններում գերիշխող կողմը հաճախ դրդված է հրաժարվել պայմանավորվածություններից եւ նոր զիջումներ պահանջել: Հաղթողի կողմից պարտադրված խաղաղության պայմաններում, երբ չկա արտաքին ճնշում մաքսիմալիստական պահանջները զսպելու համար, սակավաթիվ զսպող գործոններից մեկն այն է, որ չափազանց մեծ պահանջները երկարաժամկետ հեռանկարում կարող են հակառակ արդյունք տալ:
Խաղաղ գործընթացի համար միջնորդությունից ավելի կարեւոր են արտաքին երաշխավորները։ Նրանք սովորաբար ներգրավվում են հակամարտությունների կարգավորման մեջ, երբ ունեն ռազմավարական դրդապատճառներ կամ էականորեն հետաքրքրված են արդյունքով: Ներկայում ոչ մի հզոր արտաքին երաշխավոր չի ճնշում Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հնարավոր կարգավորման հասնելու գործում։ Հարավային Կովկասում խնդիրը ոչ այնքան անվտանգության երաշխիքներն են, ինչպես Ուկրաինայում, այլ երաշխիքները, որ կողմերը հարգելու են համաձայնագիրը եւ թույլ չեն տալու, որ բանակցված փոխզիջումները լծակ դառնան հետագա պահանջների համար:
Միայն բարեխղճության եւ վստահության վրա հույս դնելը հաճախ հանգեցնում է հիասթափության, ինչի մասին վկայում են բազում հետխորհրդային խաղաղ գործընթացները: Ինչպես երեւում է Մինսկի գործընթացից եւ Խասավյուրտի համաձայնագրերից, արտաքին երաշխավորի բացակայությունը հաճախ շահավետ է առավել ուժեղ կողմին եւ թույլ է տալիս վերափոխել համաձայնագիրը, հրաժարվել այն կատարելուց եւ մեծացնել պահանջները, մինչդեռ հետեւանքները կրում է թույլ կողմը:
Անկարայի եւ Բաքվի պահանջների էսկալացիան ընդգծում է, որ առանց կիրառման հուսալի մեխանիզմի, Հայաստանը կարող է ավելի թույլ դիրքում հայտնվել, եթե ստորագրի համաձայնագիրը: Նման օրինակ է Լաչինի միջանցքի շրջափակումը: 2020-ի զինադադարից հետո Ադրբեջանը սահմանափակեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ պատճառաբանելով զենքի ենթադրական փոխադրման հետ կապված անվտանգության խնդիրները: Այս քայլն ուղղակիորեն խախտեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված փաստաթուղթը եւ է՛լ ավելի ոտնահարեց հայ փոքրամասնության իրավունքները: Շրջափակումը փաստացի սովի մատնեց հայ բնակչությանը՝ զրկելով նրանց հիմնական պաշարներից, եւ մի քանի ամիս սպառնում էր նրանց գոյատեւմանը Ղարաբաղում։ Այն ընդգծեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժային անհամաչափ դինամիկայի վտանգները վստահելի միջազգային երաշխավորի բացակայության պայմաններում: Ռուսաստանը չկարողացավ կիրառել հրադադարը կամ պահպանել 2020-ի համաձայնագիրը՝ ուժային քաղաքականությունը թողնելով որպես երկկողմ բանակցությունների առաջնային շարժիչ:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Նույնիսկ հաղթական սցենարում, ինչպիսին Առաջին չեչենական պատերազմն էր, միջազգային աջակցության բացակայությունը կարող է խոչընդոտել խաղաղության ամրապնդմանը։ Չնայած 1996-ին Ռուսաստանի Դաշնության դեմ վճռական ռազմական հաղթանակին եւ 1997-ին ազատ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացմանը՝ Չեչնիան իր միջազգային մեկուսացման պատճառով դժվարությամբ էր քաղաքական բարեփոխումներ եւ պետականաշինական քայլեր իրականացնում: Երբ Ռուսաստանը խախտեց Խասավյուրտի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, միջազգային հանրությունը չկարողացավ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ: Արտաքին աջակցության բացակայությունը նպաստեց ռազմական ղեկավարների դերի աճին եւ հիմք դրեց Երկրորդ չեչենական պատերազմին:
Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) զգուշավոր առաջին քայլ է, որը հետ է պահում արտաքին դերակատարներին զուտ աշխարհաքաղաքական դրդապատճառներից՝ ի տարբերություն Ռուսաստանի դերի 2000-ականներին եւ հատկապես 2020-ից հետո: Սակայն կողմերի միջեւ վերջին պայմանավորվածության մեջ խոսվում է առաքելությունը դադարեցնելու մասին։ Տեւական խաղաղությունը երկարաժամկետ էթնիկ հակամարտություններում, օրինակ՝ Հյուսիսային Իռլանդիայում, կախված է բռնությունից հրաժարվելու իրավական պարտավորությունից: Հաշվի առնելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լարվածությունը՝ ամուր իրավական պարտավորությունը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու միակ կենսունակ ճանապարհը լինել։ Հայաստանի հարաբերական տարածաշրջանային եւ միջազգային մեկուսացումը բարձրացնում է նրա խոցելիությունը Ադրբեջանի աճող, մաքսիմալիստական պահանջների լույսի ներքո եւ Բաքվի կողմից խաղաղ պայմանագրից հրաժարվելու վտանգը՝ չնայած Հայաստանի նշանակալի զիջումներին։
Հայաստանը խաչմերուկում. հաղթահարել տարածաշրջանային եւ համաշխարհային մեկուսացումը
Երբ 2020 թվականին Ռուսաստանի չպաշտպանեց Հայաստանը եւ չկարողացավ կատարել խաղաղության երաշխավորի իր մանդատը, Հայաստանը որոշեց խզել իր անվտանգային կապերը Ռուսաստանի հետ եւ դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հնարավորություն ստանալով կտրուկ վերանայելու իր անվտանգության ռազմավարությունը։ Հայաստանի շրջադարձը դեպի Արեւմուտք նրան դնում է անորոշ վիճակում, քանի որ նա փորձում է վիճարկել Ադրբեջանի եւ նրա թուրք դաշնակցի կողմից պարտադրված խաղաղությունը: Թեեւ Հայաստանի ներկայիս մեկուսացումը մշտական չէ, այլ ավելի շուտ՝ անցումային փուլ, այն բարդացնում է խաղաղ կարգավորման միջազգային երաշխավոր գտնելու ջանքերը։
Խաղաղ գործընթացներում մեկուսացումը կարող է օգտագործվել պետությանը ճնշելու համար, որպեսզի հրաժարվի ռեւանշիստական պահանջներից, ներգրավվի անցումային արդարադատության մեջ կամ միանա բանակցություններին որպես դիտորդ, ինչպես, օրինակ, Սերբիան 2000-ականների սկզբին: Հայաստանում իրավիճակը, սակայն, այլ է։ Նրա մեկուսացումը ձեռնտու է Բաքվին՝ ամրապնդելով վերջինիս անզիջող դիրքորոշումը խաղաղության, մարդու իրավունքների եւ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Ավելին, Հայաստանի մեկուսացումը խրախուսում է Ադրբեջանի տարածքային նկրտումները եւ անցումային արդարադատության գործընթացում ներգրավվելու դժկամությունը։
Մեկուսացումը մեղմելու համար Հայաստանն օգտագործել է իր ժողովրդավարացման գործընթացը եւ ուղղությունը դեպի ԵՄ՝ որպես ազդանշան, որ հետամուտ է լինելու ռազմավարական փոփոխություններին եւ խաղաղության գործընթացի համար միջազգային աջակցության հրատապ կարիք ունի: Ինչպես նշեց վարչապետ Փաշինյանը, խաղաղությունը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը պարտադիր պայման են Հայաստանում ժողովրդավարացման հաջող գործընթացի համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում ժողովրդավարության հետընթացի լայն համատեքստում Հայաստանին՝ որպես Հարավային Կովկասում ժողովրդավարության նոր փարոս ներկայացնելու Փաշինյանի ռազմավարությունը կարող է հակադարձ արդյունք տալ առաջիկա տարիներին։ Քաղաքական աջակցություն փնտրելիս նա կարող է բախվել դժվարին ընտրության՝ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցելու միջեւ: Թեեւ ժողովրդավարական արժեքները բարոյական ընտրություն են, գոյատեւման հրատապ հրամայական է մնում հաստատակամ եւ արագ հանձնառությունը կայուն խաղաղ կարգավորմանը:
Հայաստանը քայլեր է արել ամրապնդելու իր ռազմավարական գործընկերությունը՝ 2024-ին համաձայնագրեր ստորագրելով Ֆրանսիայի եւ 2025-ին՝ ԱՄՆ-ի եւ Նիդեռլանդների հետ: Ֆրանսիան, մասնավորապես, ընդլայնել է իր դերը Հարավային Կովկասում՝ դիրքավորվելով որպես Հայաստանին մեծ աջակցություն եւ ռազմական համագործակցություն ապահովող առանցքային դերակատար։ Բայց Հայաստանը չպետք է գերագնահատի Ֆրանսիայից եւ Հնդկաստանից սպառազինություն գնելու ազդեցությունը՝ որպես ներկայիս ստատուս քվոն փոխելու միջոց: Սպառազինությունը հիմնականում պաշտպանական է եւ Ադրբեջանի հետ ռազմական հավասարության տեսանկյունից խաղը չի փոխի: Սխալ հաշվարկները նախքան 2020-ի պատերազմը ապացուցել են կարգավորման հարցում կոշտ մոտեցում որդեգրելու ռիսկերը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը վիճակը մնում է անկայուն, իսկ սահմանափակ արտաքին աջակցությունը խոչընդոտում է բանակցային գործընթացում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու կարողությանը:
Խաղաղության ուղիներ. տնտեսական եւ քաղաքական խթանների կիրառում երկուստեք շահեկան լուծումների համար
Զգալի արտաքին սահմանափակումներ չունենալով՝ Բաքվի անզիջում մոտեցումն ավելի ու ավելի է դժվարացնում հավասարակշռված համաձայնագրի հեռանկարը։ Երկուստեք շահավետ խաղաղության սցենարի բացակայությունը կարող է ապագա խնդիրների աղբյուր դառնալ՝ խթանելով խոր արմատացած հակամարտությունները, ինչպես երեւում է Ռուսաստանի դեպքում Չեչնիայում եւ Վրաստանում: Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ կողմերը պատրաստ լինեն փոխզիջումների, ոչ թե մեծացնեն պահանջները:
Հակամարտությունների կարգավորման փորձը ընդգծում է տնտեսական եւ քաղաքական խթանների կարեւոր դերը խաղաղության հաստատման գործում: Պատմական արդարության հասնելը եւ խորքային լարվածության նվազեցումը կարեւոր են խաղաղության համար, սակայն կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը այն ընկալեն որպես նախընտրելի այլընտրանք տեւական բռնությանը, հատկապես այն դեպքում, երբ բնակչությունը երկար ժամանակ բեւեռացված եւ մոբիլիզացված է եղել:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Երկուստեք շահավետ սցենարները երկարաժամկետ լուծումներ են տալիս՝ պատերազմողների միջեւ խթանելով համագործակցությունը: Որպեսզի նման լուծումները կենսունակ լինեն, երկու կողմերն էլ պետք է խաղաղ կարգավորումը համարեն քաղաքական եւ տնտեսական առումով շահավետ, ոչ թե որպես իրենց ինքնության եւ շահերի համար հիմնարար որեւէ բանի կորուստ: Բանակցությունների շեղումը ինքնության, արդարության եւ մեղադրանքների հուզական խնդիրներից կարող է առավել կառուցողական ճանապարհ հարթել:
Տնտեսական համագործակցությունը, որը սահմանվում է որպես արդար եւ փոխադարձ գործընկերություն, կարող է հիմք ծառայել վստահության ամրապնդման եւ լարվածության թուլացման համար: Բացի այդ, շեշտադրումը տնտեսական հրամայականների եւ շոշափելի հաջողությունների, ոչ թե ազգայնական պատումների վրա կարող է զինաթափել կոշտ գծի կողմնակիցներին եւ խթանել խաղաղության նկատմամբ ավելի պրագմատիկ մոտեցումը:
1945 թվականից հետո գերմանա-ֆրանսիական հաշտեցումը, 1998 թվականի Բելֆաստի համաձայնագիրը եւ նախկին Հարավսլավիայում խաղաղ կարգավորումը ընդգծում են տնտեսական խթանների հզոր դերը հաշտեցման գործում: Վերջին դեպքում Սերբիայի տարածաշրջանային մեկուսացման եւ ԵՄ ինտեգրման խոստումի համադրությունը նպաստեց անցումային արդարադատության իրականացմանը: Այս գործոնները խրախուսեցին պատերազմող կողմերին փոխզիջումների գնալ եւ Սերբիային ստիպեցին վերականգնել հարաբերությունները Կոսովոյի եւ Խորվաթիայի հետ: Օրինակ՝ նախկին Հարավսլավիայի Միջազգային քրեական տրիբունալի (ICTY) հետ լիակատար համագործակցությունը՝ որպես ԵՄ անդամակցության պայման, վճռորոշ դեր ունեցավ խաղաղ գործընթացում: Կողմերից յուրաքանչյուրը գիտակցում էր, որ անհրաժեշտ է մի կողմ թողնել պատմական դժգոհությունները եւ ուսումնասիրել տնտեսական հնարավորությունները:
Հարավային Կովկասում փոխշահավետ լուծումը առայժմ անհասանելի է։ Քիչ երկրներ կամ միջազգային կառույցներ են ներկայում ցանկանում ստիպել Ադրբեջանին բարեխղճորեն բանակցել Հայաստանի հետ։ Եվրոպական էներգետիկ ոլորտը շարունակում է հույսը դնել ադրբեջանական գազի վրա՝ հաճախ աչք փակելով Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները շրջանցելու՝ Բաքվի դերի վրա։ Ի տարբերություն տարածաշրջանային այլ դերակատարների, Ադրբեջանը չի ձգտում ինտեգրվել ԵՄ-ին, փոխարենը առաջնահերթություն է տալիս իր հարաբերություններին Թուրքիայի, իսկ վերջերս՝ Կենտրոնական Ասիայի հետ: Հայաստանի կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» միջանցքը Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական եւ նյութատեխնիկական համագործակցության վերաբերյալ լայն քննարկումների հետ մեկտեղ ամենակարեւոր հնարավորությունն է տարածաշրջանում տնտեսության վրա հիմնված խաղաղ գործընթացի համար: Բանակցությունների ներկա համատեքստում Հայաստանը գիտակցում է, որ ստիպված է լինելու զգալի զոհաբերությունների գնալ։ Այնուամենայնիվ, ներկայացնել Զանգեզուրի միջանցքը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման տեսլականի շրջանակում, ոչ թե որպես միակողմանի կորուստ, կարող է օգնել մեղմել ընդհանուր պարտության ընկալումը հայ բնակչության շրջանում:
Բանակցային գործընթացի վերաիմաստավորումը որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցություն, ոչ թե Ղարաբաղի կորուստ, կարող է օգնել կայունացնել հարաբերությունները՝ չնայած տասնամյակներ ձգվող զինված հակամարտությանը: Թեեւ վերջին պատերազմների արդյունքը չարդարացրեց Հայաստանի սպասելիքները, երկիրը պետք է կողմնորոշվի այս ոչ օպտիմալ իրականության մեջ եւ կենտրոնանա հասանելի, փոխշահավետ նպատակների վրա: Զիջումները պետք չէ միշտ դիտարկել որպես պատմական պարտություններ, այլ որպես ռազմավարական քայլեր դեպի ավելի կայուն եւ բարեկեցիկ ապագա:
Խաղաղության գործընթացը եւ միջազգային իրավունքի էրոզիան
2025 թվականի մարտին երկու երկրները պայմանավորվեցին հետ կանչել, չեղարկել կամ լուծել իրենց իրավական վեճերը միջազգային դատարաններում, մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ): Սակայն համաձայնագիրը լռում է վերջին քառասուն տարվա հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբերյալ: Այն չի ապահովում նաեւ հասարակությունների հաշտեցման շրջանակ, ինչը տեւական խաղաղության պարտադիր պայման է:
Երկար ժամանակահատվածում կատարված երկուստեք միջազգային ոճիրներին անդրադառնալը էական մարտահրավեր է խաղաղաշինության եւ անցումային արդարադատության համար: Միջազգային արդարադատությունը եւ պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվությունը հաճախ առաջին զիջումներից են, որոնց պետությունները գնում են խաղաղության համաձայնագիր ապահովելու համար, ինչպես եղել է Նիկարագուայի, Կամբոջայի եւ Կոլումբիայի դեպքում: Հակամարտությունների լուծմանը վերաբերող գրականությունը հուշում է, որ թեեւ նման փոխզիջումները կարող են նպաստել համաձայնագրերին, դրանք երկարաժամկետ հետեւանքներ ունեն: Օրինակ, մարդկության դեմ հանցագործությունների համընդհանուր համաներումը սահմանափակ արդյունավետություն է ցույց տվել կայուն խաղաղության պահպանման գործում: Անցումային արդարադատության բացակայությունը նպաստում է միջսերնդային տրավմաներին, քայքայում է վստահությունը միջազգային իրավունքի նկատմամբ եւ մեծացնում ապագա կոնֆլիկտների հավանականությունը: Հետեւաբար, միջազգային հանցագործություններին անդրադառնալը կարեւոր է պարբերաբար կրկնվող բռնությունը կանխելու համար:
ԱՄԴ-ն ներկայում դիտարկում է 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը որպես մարդկության դեմ հանցագործություն, ինչպես նաեւ Ադրբեջանի հակընդդեմ հայցը։ Ադրբեջանի հետ մոտալուտ համաձայնագրի պատճառով, սակայն, Հայաստանի միջազգային իրավական ներկայացուցիչը հրաժարական տվեց։ Տվյալ դեպքում ԱՄԴ հստակորեն հայտարարել էր, որ հետաքննությունը սահմանափակելու է 1996 թվականի սեպտեմբերից հետո տեղի ունեցած միջադեպերով, ինչն ազդել է միջազգային արդարադատության հետ առնչվելու՝ Ադրբեջանի պատրաստակամության վրա։
2024 թվականին Հայաստանը միացավ նաեւ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), սակայն տրիբունալը դեռ պետք է հետաքննություն սկսի վերջին հակամարտությունների ժամանակ կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Ադրբեջանի հետ լուռ համաձայնության արդյունքում Հայաստանը ձեռնպահ է մնացել 2023-ի մեկօրյա պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը ՄՔԴ-ին ներկայացնելուց։
2022-ի մայիսից Հայաստանը հետադարձ ուժով ընդունել է ՄՔԴ իրավասությունը, ինչը նշանակում է, որ այդ օրվանից հետո Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործությունները կարող են դատարանի իրավասության ներքո լինել՝ որոշակի իրավական պայմանների առկայության դեպքում։ Զուգահեռ անցկացնելով 2016 եւ 2017 թվականներին Բանգլադեշում ռոհինջաների դեմ հանցագործությունների վերաբերյալ հարուցված ընթացակարգին՝ ՄՔԴ-ն կարող է ուսումնասիրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ չնայած հանցագործությունները տեղի են ունեցել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Թեեւ Ադրբեջանը չի ստորագրել Հռոմի ստատուտը, ՄՔԴ դատախազները կարող են գործ հարուցել՝ պնդելով, որ որոշ հանցագործություններ, ինչպիսիք են էթնիկ զտումների հետեւանքով արտաքսումները, հետեւանքներ են ունեցել Հայաստանի տարածքում:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Հայաստանում եւ սփյուռքում աճող ընդդիմադիր շարժումը քննադատել է Հայաստանի կառավարությանը՝ ԱՄԴ-ում եւ ՄՔԴ-ում դատական վարույթը հետ կանչելու հարցը քննարկելու համար: Ավելին, 2024-ի ապրիլին հայ զոհերին ներկայացնող խումբը միջնորդեց ՄՔԴ դատախազին հետաքննել մարդկության դեմ հնարավոր հանցագործությունները եւ Ղարաբաղում կատարված ցեղասպանական գործողությունները։ Ցեղասպանության հարցը բարձրացվել է նաեւ քաղաքական շրջանակներում, հատկապես ՄՔԴ նախկին դատախազի կողմից:
Քանի դեռ խաղաղ կարգավորումը չի ապահովում տեւական կայունություն եւ չի խթանում փոխշահավետ գործընկերություն, արդարադատությունից հրաժարվելը կարող է կարճաժամկետ լուծում լինել, որը սրում է միջսերնդային տրավման եւ կրկին բորբոքում լարվածությունը պատերազմող կողմերի միջեւ: Ավելին, թեեւ Հայաստանի կառավարությունը եւ նրա բանակցողները ռազմավարական արժեք են տեսնում միջազգային արդարադատության հարցում զիջումների մեջ, նման որոշումը կարող է ավելի օտարացնել հայ բնակչությանը եւ խաթարել հենց այն խաղաղ գործընթացը, որին ձգտում է կառավարությունը:
Մարդկության դեմ հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում. գործողության հրամայականը
Հայցերից հրաժարվելու քաղաքական եւ սոցիալական գինը զգալիորեն ավելի բարձր է, քան Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք պաշտոնապես ճանաչելը։ Վերջին քայլը համահունչ է միջազգային իրավունքին եւ չի ազդում փախստականների վերադարձի իրավունքի վրա։ Մինչ ՄՔԴ-ն եւ այլ տրիբունալները պատրաստվում են պատմական վճիռներ կայացնել ագրեսիայի եւ ցեղասպանության հանցագործության վերաբերյալ երեք հիմնական գործերով՝ Հարավային Աֆրիկան ընդդեմ Իսրայելի, Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ Գամբիան ընդդեմ Մյանմայի (միջամտող յոթ պետություններով), Հայաստանի որոշումը՝ հրաժարվել դատական գործընթացից, երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկ ընտրություն լինել:
Անգամ եթե Հայաստանն ինքը հրաժարվի հայցից, ՄՔԴ-ի այլ երկրներ, օրինակ՝ Կանադան կամ Ֆրանսիան, իրավասու են իրավիճակի մասին հայտնել ՄՔԴ դատախազին հետաքննության համար, ինչպես արվեց Ուկրաինայում՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների հետ կապված: Ավելին, ՄՔԴ դատախազը կարող է ինքը համապատասխան հետաքննություն նախաձեռնել, եթե բավարար ապացույցներ կան դատարանի իրավասության ներքո գտնվող հանցագործության վերաբերյալ: ՄՔԴ կանոնադրությունն իր հերթին թույլ է տալիս անդամ երկրներին հատուկ պայմանների դեպքում դատական վարույթ հարուցել զինված կոնֆլիկտների ժամանակ կատարված հանցագործությունների վերաբերյալ, ինչպես ցույց է տալիս Գազայում Իսրայելի գործողությունների առնչությամբ Հարավային Աֆրիկայի հայցը:
Ներկա պահին միջազգային հանրությունը զգուշավոր է չվտանգելու խաղաղ գործընթացը եւ չի խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտությունների ընթացքում կատարված հանցագործությունների համար դատական պատասխանատվության մասին: Այս զսպվածությունը կտրուկ հակադրվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դեպքում ընդունված մոտեցմանը։ Հայաստանի կառավարությունը եւ միջազգային հանրությունը պետք է զգույշ լինեն, որ չզոհաբերեն արդարությունն ու մարդու իրավունքները՝ հանուն Ադրբեջանի հետ ժամանակավոր խաղաղության։
Անորոշ ճանապարհ դեպի սոցիալական հաշտեցում. դժվարությունների հաղթահարում
Ընթացիկ խաղաղ բանակցություններում հաշտեցման եւ հաշվետվողականության մեխանիզմների վերաբերյալ խոսք չի գնում: Այս լռությունը մտավախություն է առաջացնում Ադրբեջանի կողմից պարտադրված խաղաղ գործընթացի վերաբերյալ, որը չունի միջազգային հանցագործությունների դեմ պայքարի պաշտոնական մոտեցում կամ երկու քաղաքացիական հասարակությունների վրա այդ հանցագործությունների ազդեցությանը հակազդելու ուղիներ չի նշում:
Սոցիալական հաշտեցումը միշտ չէ, որ պահանջում է միջազգային տրիբունալի ստեղծում: Թեեւ երկու երկրները պայմանավորվել են հրաժարվել դատական գործընթացներից, դա չպետք է պատասխանատվության սկզբունքից հրաժարում դառնա, հատկապես՝ հաղթողի կողմից պարտադրված խաղաղության համատեքստում։ Կայուն խաղաղության եւ հակամարտությունների բարեհաջող լուծման համար պայմանների ստեղծումը պահանջում է վերացնել միջսերնդային տրավման, առասպելներն ու պատմական խեղաթյուրումները, որոնք անվերջ են դարձնում ատելության ցիկլերը: Իրական խաղաղության գործընթացը պետք է առաջնահերթություն տա բռնության հիմնական պատճառների դեմ պայքարին, ոչ միայն վերացնի դրա ախտանիշները, որոնք առաջանում են պատերազմող կողմերի միջեւ տեւական բացասական փոխազդեցություններից:
Հարավկովկասյան խաղաղ գործընթացի համատեքստում կարեւոր է, որ յուրաքանչյուր կողմ որդեգրի 1988-ից ի վեր կատարված միջազգային հանցագործությունների նկատմամբ ինտրոսպեկտիվ եւ վերլուծական մոտեցում: Խաղաղ կարգավորումներում ցավալի միտում է հաճախ կենտրոնանալ ամենավերջին հանցագործությունների վրա եւ սահմանափակել անցումային արդարադատություն կամ սոցիալական հաշտեցման մեխանիզմներ ընդգրկող պատմական ժամանակաշրջանը: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում նման նեղ մոտեցումը կարող է հավերժացնել ատելության եւ դառնության զգացմունքների ցիկլը: Այդ պատճառով այլընտրանքային մոտեցումները միջազգային դատարաններին կարող են անհրաժեշտ ճկունություն ապահովել, քանի որ միջազգային դատարանները հաճախ բախվում են ժամանակային սահմանափակումների՝ կապված իրենց հետաքննության շրջանակի հետ, եւ դա ի վերջո բերում է կողմերի դժգոհությանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Թեեւ հակամարտող կողմերը ոչ միշտ են աներկբա ընդունում հաշվետվողականության մեխանիզմները, ինչպիսիք են միջազգային տրիբունալները եւ ճշմարտության հանձնաժողովները, դրանք վճռորոշ դեր են խաղում տրավմայի հաղթահարման եւ ընդհանուր պատմական պատումի հիմքեր ստեղծելու գործում: ICTY-ն կարեւոր դեր խաղաց Բոսնիա-Հերցեգովինայում կատարված հանցագործությունների, մասնավորապես Սրեբրենիցայի ցեղասպանության հետաքննության գործում՝ միջազգային իրավունքի հիման վրա ոճրագործությունների հետապնդման իրավական եւ պատմական հիմք ապահովելով: Սրեբրենիցայի դեպքերի ճանաչումը որպես ցեղասպանություն այժմ ամուր հաստատված է միջազգային իրավագիտակցության մեջ: Թեեւ Սերբիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքական դերակատարները շարունակում են վիճարկել այս իրավական մեկնաբանությունը, ICTY-ի որոշումները ձեւավորել են պատմական պատում, որի վրա հիմնվում են միջազգային կառույցները:
Քանի որ Ադրբեջանը առաջնահերթություն է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղությանը, իսկ Հայաստանը թույլ բանակցային դիրք ունի, խաղաղ գործընթացը սոցիալական հաշտեցում չի ներառում, հատկապես հաշվի առնելով միջազգային դատարաններում գործերի կարճումը: Երբ չկա միջազգային կառույցների կողմից ղեկավարվող անցումային արդարադատության գործընթաց, հաշվետվողականության մեխանիզմներ կամ մարդու իրավունքների խախտումները վերացնելու փոխադարձ համաձայնություն, դա կայուն խաղաղության ամենակարեւոր խոչընդոտներից է: Ադրբեջանի՝ որպես գործընկերոջ անվստահելիության հետ զուգակցված՝ խաղաղության համաձայնագրում հաշտեցման այս բացակայությունը մեծացնում է ապագա զինված հակամարտությունների վտանգը։
Ինչպես են մարդու իրավունքների չլուծված խնդիրները վտանգում խաղաղ գործընթացը
Խաղաղ գործընթացը կարծես վերջնական փուլ է թեւակոխել, բայց մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ մնում են չլուծված՝ խաթարելով կայուն խաղաղության համաձայնագրի հեռանկարը: Օրինակ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների կարգավիճակը եւ գերության մեջ նրանց դաժան պայմանները ընդգծում են, թե որքան անելիք կա հաշտեցման հասնելու եւ միջազգային իրավունքի չափանիշների վրա հիմնված համագործակցային միջավայր ստեղծելու համար:
Բացի ռազմագերիների կարգավիճակից, հայ փախստականների վերադարձի իրավունքին եւ Հայաստանի մշակութային ժառանգությանը վերաբերող բազմաթիվ իրավական հարցեր անպատասխան են մնում։ Ռազմական հաղթանակից հետո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հարգելու հանձնառություն չունի, ինչը կասկածի տակ է դնում խաղաղության ցանկացած համաձայնագրի կայունությունը։
1994-ից 2023-ն ընկած ժամանակահատվածը նշանավորվել էր ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միջեւ նորմատիվային երկիմաստությամբ, որը յուրաքանչյուր կողմին հնարավորություն էր տվել վկայակոչել միջազգային իրավունքը։ Սակայն վերադարձի իրավունքը անօտարելի իրավունք է, իսկ մշակութային ժառանգության պաշտպանությունը իրավական պարտավորություն է Ադրբեջանի համար: ԱՄԴ-ն վճիռ է կայացրել, որը հաստատում է հայ փախստականների «անվտանգ, անարգել եւ անհապաղ» վերադարձի իրավունքը:
Չնայած ԱՄԴ-ի վճռին եւ երկու կողմերի՝ բարեխիղճ բանակցություններին մասնակցելու պատրաստակամության անհրաժեշտությանը, Ադրբեջանը փաստացիորեն ջնջել է հայկական գոյությունը Ղարաբաղում։ Կորցրած գույքի եւ փոխհատուցման խնդրի նկատառմամբ ակտիվ մոտեցում չունենալը ավելի է ընդգծում, որ Բաքուն չի ցանկանում լրջորեն դիտարկել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները: Ընդհակառակը, Ադրբեջանը մշակել է անհատների վերադարձը խոչընդոտելու կամ չխրախուսելու ռազմավարություն, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Զարմանալի չէ, որ անվտանգ եւ կայուն վերադարձի իրավունքը խստորեն չի կիրառվում, սակայն աչքի է զարնում, որ Ադրբեջանը ունակ է բացահայտորեն խախտել այդ իրավունքը՝ առանց որեւէ հետեւանքի: Պատերազմող կողմերը, որպես կանոն, պատրաստ են ճանաչել վերադարձի իրավունքը խաղաղ բնակավայրեր՝ միաժամանակ ստեղծելով խոչընդոտներ փախստականների վերադարձի համար: Օրինակ՝ Դեյթոնի համաձայնագիրը, որի նպատակն էր անդրադառնալ Բոսնիա-Հերցեգովինայում եւ Խորվաթիայում տեղի ունեցած էթնիկական զտումների հետեւանքներին, սահմանեց վերադարձի իրավունքի շրջանակը: Սակայն Կրայնայից սերբերի եւ Արեւելյան Բոսնիա-Հերցեգովինայից բոսնիացի մահմեդականների վերադարձը այդպես տեղի չունեցավ: Նմանապես Նաքբայից հետո պաղեստինցիների վերադարձի հարցը ընդգծում է խաղաղ բանակցությունների ընթացքում վերադարձի իրավունքի կիրառման դժվարությունները:
Հաշտեցումը առանց իրական վերադարձի գործընթացի հավանաբար կձախողվի եւ խոր դժգոհության կհանգեցնի, ինչպես եղավ Բոսնիա-Հերցեգովինայում եւ Կոսովոյում 1990-ական եւ 2000-ական թվականներին: Ինչպես նշում են շատ հայեր, Արցախն իրենց հայրենիքի եւ մշակութային ինքնության սուրբ մասն է: Նման հուզական համատեքստում վերադարձի ձախողումը գրեթե երաշխավորում է խոր միջսերնդային տրավմա: Ապագա սերունդները կարող են ընդունել այս տրավման որպես իրենց հավաքական ինքնության որոշիչ մաս: Պատմական պատումները եւ կոնֆլիկտի ըմբռնումը կենտրոնանում են այս տրավմայի շուրջ եւ հատկապես դժվարացնում ապաքինումն ու խաղաղության հաստատումը, ինչպես երեւում է 1944-ի չեչենական տեղահանությունից հետո:
Արցախի մշակութային ժառանգությունը. շարունակվող հանցագործություն
2023 թվականին Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացիայից հետո Ադրբեջանը ավերել է գյուղեր, պատմական հուշարձաններ, գերեզմաններ, խաչքարեր, եկեղեցիներ եւ այլ կրոնական վայրեր, ինչպես նաեւ կառավարական եւ վարչական շենքեր։ Մինչ այժմ միջազգային իրավունքի այդ խախտումների ամենաընդգրկուն ցուցակներից մեկը կազմել է «Զինված հակամարտության վայրի եւ իրադարձությունների տվյալներ» նախաձեռնությունը (ACLED)՝ ինտերակտիվ քարտեզի եւ հետազոտական զեկույցի միջոցով: Այս խախտումները շարունակվել են երկրների միջեւ բանակցային գործընթացի ողջ ընթացքում, ուստի դժվար է վստահել, որ Ադրբեջանը կհարգի իր պարտավորությունները առաջիկա խաղաղ կարգավորման հարցում: Դրանք ընդգծում են նաեւ, որ Ադրբեջանն անտեսում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ միջազգային պարտավորությունները։
Չնայած Հռոմի ստատուտի համաձայն մշակութային լայնածավալ ոչնչացումը համարվում է մարդկության դեմ հանցագործություն, ՄՔԴ-ն, ցավոք, իրավասություն չունի Ադրբեջանում կատարված հանցագործությունների նկատմամբ: Նման հանցագործությունները, սակայն, կարելի է հետապնդել միջազգային իրավասության ներքո, ինչպես արվել է մարդկության դեմ որոշ ոճիրների եւ Սիրիայում կատարված ռազմական հանցագործությունների դեպքում:
2023-ի սեպտեմբերին հայ բնակչության տեղահանմանը, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու անկարողությանը եւ Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակմանը զուգահեռ՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանում ավելի է ամրապնդում էթնիկ զտումների փաստը, ինչը մարդկության դեմ հանցագործություն է՝ իրականացված ադրբեջանական ուժերի կողմից։ Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է օգտագործվել արտաքսման հիմքում ընկած հանցավոր մտադրության իրավական փաստարկը պաշտպանելու համար:
Հայաստանն ունի ինքնիշխան իրավունք՝ հետ կանչելու կամ ձեռնպահ մնալու Ադրբեջանի դեմ միջազգային իրավական գործողություններ իրականացնելուց, բայց մյուս երկրները այդպիսի պարտավորություն չունեն։ Ընդհակառակը, միջազգային իրավունքը կարող է պարտադրել նրանց գտնել այլընտրանքային ուղիներ նման հանցագործությունները հետապնդելու համար: Այս համատեքստում միջազգային տրիբունալը (կամ նույնիսկ դրա հիբրիդը) կարող է կարեւոր դեր խաղալ հակամարտության այս վերջին փուլի փաստագրման եւ հաստատման համար: 2023-ից հետո Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները լուրջ կասկածի տակ են դնում նրա՝ որպես բանակցային գործընկերոջ հուսալիությունը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պարտավորությունները պահպանելու պատրաստակամությունը։ Այս հարցն ընդգծում է իրավական երաշխիքների կամ որպես երաշխավոր հանդես եկող երրորդ կողմ պետության նշանակությունը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի դերը հակամարտության կարգավորման գործում։
Եզրակացություն
Սույն ուսումնասիրությունը ընդգծում է այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը Ադրբեջանի հետ անհամաչափ բանակցություններում, երբ Ադրբեջանի գերիշխող դիրքը թույլ է տալիս պայմաններ թելադրել:
Ուսումնասիրությունը պնդում է, որ Հայաստանը ստիպված է դժվար ընտրություն կատարել իր ինքնիշխանության, ինքնության, անվտանգության եւ միջազգային արդարադատության միջեւ։ Նույնիսկ եթե Հայաստանը որոշի զգալի զոհաբերությունների գնալ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, Ադրբեջանի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը կասկածելի է՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տարածաշրջանային եւ միջազգային մեկուսացումը եւ ընդհանուր աշխարհաքաղաքական խոցելիությունը:
Լեռնային Ղարաբաղի զոհաբերությունը եւ 2020-ից հետո կատարված հանցագործությունների վերաբերյալ դատական գործընթացների հնարավոր դադարեցումը մեծ զիջումներ են, որոնք Հայաստանը պետք է անի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պարտավորվում է հետեւել խաղաղության համաձայնագրին: Առանց միջազգային երաշխավորների կամ զգալի ճնշման հավանական չէ, որ Ադրբեջանը չափավորի իր կրկնվող եւ մեծացող պահանջները։
Ամեն դեպքում, ներկայիս խաղաղ գործընթացը դժվար թե հաջողությամբ պսակվի, քանի դեռ այն չի ստեղծել փոխշահավետ պայմաններ, ներառյալ հասարակությունների իրական հաշտեցման գործընթաց եւ երկուստեք շահեկան տնտեսական շրջանակ: Քանի դեռ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցությունները տեսնում է աշխարհաքաղաքական ոսպնյակի միջով, ներկա գործընթացը ավելի շուտ կլինի ժամանակավոր զինադադար մինչեւ ապագա հակամարտությունը, քան կայուն խաղաղության ծրագիր:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: