Մեդիամաքսի հարցազրույցը Օտտավայի համալսարանի դասախոս Ժան-Ֆրանսուա Ռատելի հետ
- Փետրվարին մասնակցելով «Հայաստանն ու Վրաստանը եզրին» քննարկմանը Կարլտոնի համալսարանում, Դուք ասել եք, որ Հայաստանի թույլ բանակցային դիրքը առանցքային գործոն է, որը կարող է ավելի դժվարացնել բանակցությունները:
Դրանից հետո իրավիճակն ավելի է վատթարացել. թեեւ կողմերը հայտարարել են, որ ավարտել են աշխատանքը խաղաղության համաձայնագրի տեքստի վրա, թվում է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ ստորագրել այն եւ առաջ է քաշում նոր պայմաններ:
- Հայաստանի համար համաձայնագրի որքան հնարավոր է շուտ ստորագրումը, հավանաբար, օպտիմալ մոտեցում է, բայց ադրբեջանական կողմն խթան ունի ձգձգելու գործընթացը եւ ուժեղացնելու ճնշումը:
Քանի որ Ադրբեջանը ճնշում չի զգում միջազգային հանրության, երաշխավորների կամ միջնորդների կողմից, նա կշարունակի այս մարտավարությունը մինչեւ հասնի մի կետի, որտեղ կստանա այն, ինչ ակնկալում է ստանալ: Զարմանալի կլիներ, եթե իր համար հաղթական իրավիճակում Ադրբեջանը նվազեցներ պահանջները:
Այնպես որ, ցավոք, այսօրվա իրավիճակում Հայաստանի համար հեռանկարը մռայլ է:
- Հայաստանի վարչապետն այս շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, եւ ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության, նրանք ընդգծել են, որ «ցանկացած էսկալացիան անընդունելի է»: Կարելի՞ է սա «ուղերձ» Ադրբեջանին համարել:
- Կարծում եմ, որ մենք, հավանաբար, մոտենում ենք բարակ «կարմիր գծին» Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտման համատեքստում: Մինչ այժմ նրանք պատժամիջոցների չեն ենթարկվել եւ միջազգային հանրության կողմից ճնշում չեն զգացել: Ներխուժումը Հայաստանի հարավ, հավանաբար, խնդրահարույց կլիներ, եւ հնարավոր է, որ պետքարտուղար Ռուբիոն հենց դա է ընդգծել:
Բայց ես համաձայն չեմ, որ կարող ենք խոսել Ադրբեջանի վրա կոնկրետ ճնշման մասին: Ոչ ամերիկյան վարչակազմը, ոչ էլ որեւէ այլ կառավարություն այս հարցում հստակ դիրքորոշում չունի: Չկա կոնկրետ մեխանիզմ, որը կխոչընդոտի Ադրբեջանին օգտագործել Հայաստանի վրա ճնշման այլ ուղիներ՝ թե՛ բանակցություններում, թե՛ ռազմագերիների հարցում:
Այս հարցում ես լավատես չեմ եւ չեմ ակնկալում, որ միջազգային հանրությունը, ամերիկյան կամ այլ կառավարությունները պատրաստ կլինեն գործել՝ խոչընդոտելու Ադրբեջանին անել այն, ինչ այն անում է 2020 թվականից ի վեր:
- Որոշ հայ փորձագետներ նշում են, որ քանի որ ԱՄՆ վարչակազմը Իրանի հարցում դեռ հստակ ռազմավարություն չունի, Ամերիկան ամեն կերպ կփորձի խուսափել տարածաշրջանում լարվածության նոր օջախների ի հայտ գալուց:
- Աշխարհում տեղի են ունենում տարբեր աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ ԱՄՆ-ում ժողովրդավարական նահանջից մինչեւ Ուկրաինա եւ Իրան: Բայց ընդհանուրն այն է, որ Հայաստանը միշտ այս մեծ քննարկումների հետնաբեմում է:
Եթե մենք Ուկրաինայում կարգավորման հասնենք, վստահ չեմ, որ դա էապես կփոխի Հայաստանի դիրքը Ադրբեջանի հետ բանակցություններում:
Այո, այն փաստը, որ ամերիկացիներն այժմ ավելի շատ ուշադրություն են դարձնում Իրանին, հետաքրքրություն է առաջացնում տարածաշրջանի նկատմամբ: Բայց ես վստահ չեմ, որ դա թույլ կտա Հայաստանին ավելին ստանալ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրից: Այսօր իրավիճակը կարելի է բնութագրել այսպես. Հայաստանը ձգտում է հնարավորինս քիչ կորցնել այս խաղաղ կարգավորման ընթացքում: Աշխարհաքաղաքական իրադարձությունները կարող են Հայաստանի համար այնպիսի իրավիճակ ապահովել, որ նա ավելի քիչ կորուստներ ունենա: Բայց չեմ տեսնում, որ Հայաստանը վայելի որեւէ խոշոր խաղացողի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում հավասարակշռությունը վերականգնելու համար:
- Վերջերս մի քանի հոդված եմ կարդացել, որոնց հեղինակները պնդում են, որ եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցվի, դա Ռուսաստանին հնարավորություն կտա «վերադառնալ» Հարավային Կովկաս: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը չի «հեռացել» Հարավային Կովկասից, բայց եթե օգտվենք այդ ձեւակերպումից եւ նման «վերադարձ» տեղի ունենա, կարո՞ղ է Մոսկվան խոչընդոտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացը:
- Չեմ կարծում, որ Ռուսաստանը ի վիճակի է ապակայունացնել Հարավային Կովկասը կամ հարկադրել այս կամ այն գործողություններին: Ռուսաստանը կարող է այդպիսի ցանկություն ունենալ, բայց ոչ համապատասխան ռեսուրսներ: Համաձայն եմ ձեզ հետ. Ռուսաստանը երբեք չի լքել Հարավային Կովկասը, բայց միեւնույն ժամանակ այսօր նա ռազմական ազդեցության մեծ հնարավորություններ չունի:
Մենք տեսանք Սիրիայում եւ Աֆրիկայում, որ Ռուսաստանի՝ իր անմիջական սահմաններից դուրս ուժ գործադրելու կարողությունը բավականին սահմանափակ է:
- Վերջերս Հայաստան էին այցելել թուրք լրագրողները, հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը բացվել էր 10 օրով՝ Երեւանից Հալեպ մարդասիրական բեռներ տեղափոխելու համար: Փոքր քայլեր էին, բայց նույնիսկ դրանք բավական աղմուկ առաջացրին Ադրբեջանում: Ինչ՞ եք կարծում, կարո՞ղ է Թուրքիան ավելի համարձակ քայլեր ձեռնարկել:
- Թուրքիան առավելագույնս կօգտագործի Հայաստանի հետ իր բանակցային գործընթացը՝ Ադրբեջանի համար ավելի լավ գործարք ապահովելու նպատակով:
Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է: Եվ ամեն անգամ, երբ հայտնվում է լրացուցիչ տարր, այն էլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում: Լինի դա Ադրբեջանի հետ հարաբերությունները, խաղաղության համաձայնագիր հնարավորինս շուտ ստորագրելու անհրաժեշտությունը, Թուրքիայի դիրքորոշումը, Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտը, Հայաստանի մեկուսացումը՝ այս գործոններից ոչ մեկը, ցավոք, չի ամրապնդում Հայաստանի դիրքը:
1994 թվականից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում միշտ հավասարակշռություն է եղել առավելությունների եւ թերությունների միջեւ: Երկու կողմերն էլ բանակցություններում ունեցել են խաղաքարտեր: Այսօր իրավիճակն այլ է:
Ուստի չեմ կարծում, որ Թուրքիան կգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նախքան Ադրբեջանի հետ համաձայնության ձեռք բերումը: Եվ Ադրբեջանը զգում է, որ կարող է մեծացնել իր պահանջները, իսկ Հայաստանը ի վիճակի չէ կանխել դա:
- Իհարկե, Դուք չեք կարող խորհուրդներ տալ Հայաստանի կառավարությանը, բայց ի՞նչ կարելի է անել: Դուք արդեն իրավիճակը «մռայլ» անվանեցիք, բայց արդյո՞ք Հայաստանի համար մանեւրելու որեւէ տարածք մնացել է:
- Իրոք, իմ աշխատանքը խորհուրդներ տալը չէ, այլ իրավիճակը վերլուծելը:
Բայց ինձ համար երկու շատ կարեւոր թեմա կա: Ես հիասթափված եմ, բայց հասկանում եմ այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է կամ պատրաստվում է հրաժարվել Արդարադատության միջազգային դատարանում եւ Միջազգային քրեական դատարանում բազմաթիվ դատական հայցերից: Ինձ համար սա «կարմիր դրոշ» է: Հասկանում եմ, որ հայկական կողմը ստիպված է եղել զոհաբերել դա, բայց երկարաժամկետ հեռանկարում դա շատ թանկ է արժենալու:
Ի՞նչն է պետք պահպանել: Հայաստանի լիակատար վերահսկողությունը սեփական ինքնիշխանության նկատմամբ: Միջանցքի համատեղ խնամակալության համար դուռ բացելու գաղափարը, որի դեպքում Հայաստանը կհրաժարվեր իր ինքնիշխանության մի մասից՝ անգամ նվազագույն չափով, ինձ համար ամենակարեւոր «կարմիր դրոշն» է, «կարմիր գիծ», որը ես երբեք չէի հատի:
Եթե Հայաստանը ցանկանում է գոյատեւել, ինքնիշխանության պահպանումը սրբազան նշանակություն ունի: Տարածաշրջանում ինքնիշխանությունը հենց այն է, ինչը պահպանում է Հայաստանը այնպիսին, ինչպիսին որ այն կա: Եթե նա ստիպված լինի թեկուզ մի փոքր զիջել իր սահմանների հարցում, հարավային Հայաստանում միջանցքի հարցում, դա աղետի բաղադրատոմս կդառնա, նախադեպ կստեղծի եւ կհանգեցնի «տրոյական ձիու» ի հայտ գալուն՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի գոյատեւման հարցում:
Ժան-Ֆրանսուա Ռատելի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: