Թրամփի հետ լեզու գտնող Մելոնին փորձում է ստանձնել Եվրոպայի առաջնորդի դերը - Mediamax.am

exclusive
426 դիտում

Թրամփի հետ լեզու գտնող Մելոնին փորձում է ստանձնել Եվրոպայի առաջնորդի դերը


Ջորջիա Մելոնին եւ Դոնալդ Թրամփը
Ջորջիա Մելոնին եւ Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS

Ջորջիա Մելոնին
Ջորջիա Մելոնին

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք իտալական «Դոմանի» թերթի թղթակից Մատիա Ֆերարեզիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մատիա Ֆերարեզի

Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն Ջորջիա Մելոնիին դարձրեց Եվրամիության անհավանական առաջնորդը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Թեեւ Իտալիայի վարչապետը ծայրահեղ աջ ազգայնական կուսակցությունից է, նա աներկբա ԵՄ-ի կողմնակիցն է եւ պնդում է, որ «մանկամիտ» է համարել, որ Իտալիան պետք է ընտրություն կատարի Թրամփի եւ Եվրոպայի միջեւ։

Մելոնին առաջին եվրոպացի առաջնորդն էր, որն այցելեց Սպիտակ տուն, երբ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի լայնածավալ ծրագրի մասին (որը շուտով դադարեցրեց շուկայի ճնշման տակ՝ պնդելով, որ դրա նպատակն էր մյուսներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ)։ Հաջորդ օրը Մելոնին վերադարձավ Հռոմ՝ հյուրընկալելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում կտրուկ ելույթով հստակ ներկայացրել էր իր կարծիքը եվրոպացիների մասին։


Չնայած Մելոնիի գաղափարախոսական բնազդները համընկնում են ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ, նա ձեւակերպել է իր դիվանագիտությունը որպես մանրակրկտորեն համակարգված գործողություն Եվրոպական հանձնաժողովի հետ, որը ղեկավարում է առեւտրային քաղաքականությունը։ Նա Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Սպիտակ տանը հանդիպումից առաջ եւ հետո։

Չնայած Մելոնին խոստացել է ԱՄՆ-ից ավելի շատ բնական հեղուկ գազ ներմուծել եւ մեծացնել Իտալիայի պաշտպանական բյուջեն, նա հանդես է գալիս որպես եվրոպական թիմի խաղացող, ոչ թե պարզապես ազգային առաջնորդ։ «Թրամփի հետ գործ ունենալիս Մելոնին առաջին հերթին կզանգահարի Բրյուսել եւ կներգրավի ԵՄ-ին», - ասաց իտալացի բարձրաստիճան մի պաշտոնյա անցյալ տարվա նոյեմբերին՝ Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո։ Նա նկատի ուներ, որ Մելոնիի ինստիտուցիոնալիստական կողմը կհաղթի նրա ամբոխահաճ բնազդը։ Առայժմ այդպես էլ կա։
Ջորջիա Մելոնին Ջորջիա Մելոնին

Լուսանկարը` REUTERS


Սխալ կլիներ այս արդյունքը երաշխավորված համարել։ Սկզբունքորեն, Մելոնին չէ առարկում Թրամփին, որը նկարագրել է ԵՄ-ն որպես «խղճուկ» ինստիտուտ, որը գոյություն ունի միայն Ամերիկան թալանելու համար, կամ Վենսին, որը եվրոպացիներին համեմատել էր իրենց իսկ արժեքներին դավաճանած խաբեբաների որջի հետ։ «Ես սա ասում եմ տարիներ շարունակ, - նկատել էր Մելոնին Վենսի մյունխենյան ելույթից հետո, - Եվրոպան մի քիչ կորցրել է իրեն»։
Հարցն այն է՝ արդյո՞ք ԵՄ ազդեցիկ միջնորդները բավականաչափ կվստահեն Մելոնիին։ «Հեգնանքն այն է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան տասնամյակներ շարունակ գործել են որպես ԵՄ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչներ, եւ ոչ ոք չի առարկել դրան, - ասաց ինձ Մելոնիի խորհրդականը, - բայց եթե Իտալիան փորձի ստանձնել այդ դերը, հանկարծ խնդիր է առաջանում, նույնիսկ եթե Իտալիայի առաջնորդը օբյեկտիվորեն շահավետ դիրքում է Սպիտակ տան հետ բանակցելու համար»։

Մելոնին վտանգավոր խաղ է սկսել: Ամերիկյան պահպանողականների քաղաքական համաժողովի մշտական հյուրը լինելով՝ նա միակ եվրոպացի առաջնորդն էր, որին հրավիրել էին Թրամփի երդմնակալությանը: Մելոնին այնքան վստահ է, որ իրեն համարում են «Ամերիկան կրկին մեծ դարձնենք/MAGA» սատարող, որ Թրամփի երդմնակալությունից մի քանի օր առաջ թռավ Մար-ա-Լագո, որ ճնշում գործադրի իրանցի ինժեներին ազատ արձակելու համար, որին Իտալիան ձերբակալել էր ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջով: Իրանը վրեժխնդրության համար բանտարկել էր իտալացի լրագրողի, եւ բանտարկյալներին շուտով փոխանակեցին:

Թրամփի երեք նպատակները եւ նրան խանգարող Եվրոպան


Թրամփը գովաբանել է Մելոնիին՝ ասելով, որ նա կարող է «մի փոքր ուղղել աշխարհը», իսկ Մելոնիի խորհրդականները ամուր կապեր են հաստատել Թրամփի թիմի հետ: Իտալիայի վարչապետի հարաբերությունները Իլոն Մասքի հետ այնքան ջերմ են, որ վերջինս մի անգամ նույնիսկ ստիպված եղավ հերքել իրենց միջեւ սիրային կապի առկայությունը: Դեռ մի քանի տարի առաջ Մելոնիի Fratelli d’Italia՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը ոգեւորված քննադատում էր Բրյուսելի բյուրոկրատներին եւ բացահայտորեն պաշտպանում եվրոգոտու կազմաքանդումը:

Սակայն իրավիճակը արմատապես փոխվեց, երբ Մելոնին իշխանության եկավ 2022 թվականին: Նա մեղմացրեց իր դիրքորոշումը ԵՄ-ի նկատմամբ եւ հրաժարվեց Եվրոպական հանձնաժողովի նկատմամբ կոշտ հռետորաբանությունից: Անսասան աջակցությունը Ուկրաինային բարձրացրեց նրա հեղինակությունը այլ եվրոպական ղեկավարների աչքում: Վարչապետի պաշտոնում իր երկուսուկես տարվա ընթացքում Մելոնին ԵՄ-ի համար սպառնալիք լինելուց վերածվել է միջազգայնորեն ճանաչված եվրոպական առաջնորդի (թեեւ շատերը դժկամությամբ են այս կարգավիճակն ընդունում): Նրա քայլերը տարբեր են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մոտեցումից, որը պարբերաբար խոչընդոտում է ԵՄ նախագծերին՝ իր երկրի համար առավելություններ ապահովելու համար։


Մելոնին նաեւ խիստ գործնական պատճառներ ունի ԵՄ-ին սատարելու համար։ Իտալիայի կառավարությունը դեռ պետք է 72 միլիարդ եվրո ստանա NextGenerationEU հիմնադրամից։ Ավելին, Մելոնիին հաջողվել է ստանալ ֆոն դեր Լայենի օրհնությունը իր վիճահարույց ծրագրի համար՝ կալանավորելու միգրանտներին Ալբանիայում՝ ԵՄ սահմաններից դուրս, իսկ իր մտերիմ դաշնակից Ռաֆայելե Ֆիտտոյին նա նշանակել է Հանձնաժողովի փոխնախագահ։

Այս պահին Մելոնիին ձեռնտու է խաղալ հավատարիմ եվրոպամետ առաջնորդի դերը։ Վերջին հաշվով՝ նրա քաղաքական իշխանության իրական աղբյուրը այն եվրոպական ինստիտուտներն են, որոնք նա ժամանակին արհամարհում էր, ոչ թե Սպիտակ տան ամբոխահաճերի կողմից անցողիկ համակրանքը։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2025
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին