Ներկայացնում ենք Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Journal of International Analytics գիտական հանդեսում հրապարակված Հայկական հետազոտական ինստիտուտի աշխատակիցներ Սերգեյ Մելքոնյանի եւ Քնարիկ Ջալաթյանի From Independence to “Revolution”: the Evolution of Armenia's Diplomatic Service հոդվածի հայերեն թարգմանությունը։
Սերգեյ Մելքոնյան, Քնարիկ Ջալաթյան
Առաջին մասը կարդացեք այս հղումով։
Դիվանագետների պատրաստման էվոլյուցիան
Փուլ 1. Երեք նախարար եւ մեկ նախագահ. ինստիտուտի ստեղծում (1991–1998 թթ.)
Հարցազրույցի մասնակիցներից մեկը՝ բարձրաստիճան դիվանագետ, որն իր դիվանագիտական կարիերան սկսել է 1991 թվականին՝ ԱԳՆ ստեղծումից անմիջապես հետո, նշել է, որ սկզբնական շրջանում նախարարության կադրային բազան հենվել է երեք սյան վրա. նախկին ԽՍՀՄ հայ դիվանագետներ, որոնք առաջարկել էին իրենց ծառայությունները, սփյուռքից իրենց ծառայություններն առաջարկած մասնագետներ եւ Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ:
Նախկին խորհրդային դիվանագետները դարձան այն «բյուրոկրատականողնասյունը», որի վրա սկսեց ձեւավորվել ԱԳՆ-ն։ Էդվարդ Նալբանդյանը (ԱԳ նախարար, 2008–2018թթ.), օրինակ, Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղարն էր, որին անկախությունից հետո առաջարկեցին դառնալ Եգիպտոսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ այնտեղ հիմնելով Հայաստանի դեսպանությունը, իսկ հետո դառնալ ՀՀ առաջին դեսպանը։ Ինչպես ասացին հարցազրույցի մասնակիցները, նա այն մարդկանցից էր, ով «ներսից» գիտեր, թե ինչպես է աշխատում խորհրդային արտաքին հարաբերությունների գերատեսչությունը։ ԽՍՀՄ պետական ապարատի այլ նշանավոր կադրեր նույնպես ծառայեցին որպես ինստիտուցիոնալ հիշողության կրողներ եւ նպաստեցին ԱԳՆ-ն ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելուն:

Լուսանկարը` Tert.am
Արման Նավասարդյանը (փոխնախարար, 1991–1993 թթ.), օրինակ, ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտ էր եւ մինչ ԽՍՀՄ փլուզումը պաշտոններ էր զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ-ում։
Սփյուռքը նախարարության դիվանագետների բարձրագույն օղակում ուներ երկու ներկայացուցիչ՝ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ չորրորդ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Նրանց մոտիվացիան հիմնված էր հետանկախական էյֆորիայի եւ իրենց գիտելիքներն ու կապերը օգտագործելով՝ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հայրենասիրական ցանկության վրա։
Շատ կարճ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքը, իհարկե, շատ տարբեր էր Վարդան Օսկանյանի դեպքից, որը բարձրացավ կարիերայի սանդուղքով մինչեւ ամենաբարձր պաշտոնը եւ Արեւմուտքում ունեցած իր հարուստ փորձով նպաստեց նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը։ Նշվում է, որ 1990-ականների սկզբին երջանիկ ու հուսառատ հայկական սփյուռքը միայն դիվանագետներով ու կադրերով չէ, որ պատրաստ էր աջակցել Հայաստանի Հանրապետությանը։ Անկախության առաջին տարիներին բազմաթիվ մեծահարուստներ, կազմակերպություններ, Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), Հայ Առաքելական Եկեղեցին, հայ կաթոլիկները, հայկական սփյուռքի մեծ ու փոքր համայնքները Հայաստանի դեսպանատների համար գնեցին կամ վարձակալեցին շենքեր եւ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին։ Հայ քաղաքական գործիչներին ու դիվանագետներին աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ-ից մինչեւ Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք, ողջունում էին ամենայն հարգանքով եւ պատկառանքով։ 1990-ականների սկզբին Սփյուռքի աջակցությունը Հայաստանի ԱԳՆ-ի կայացմանը, մրցակցային առավելություններին եւ նրա օտարերկրյա ներկայացուցիչներին իրոք հսկայական էր՝ հատկապես հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմը։ Այս աջակցությունը թույլ տվեց ՀՀ օտարերկրյա ներկայացուցչություններին առավելություն ունենալ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ:
Ըստ մեկ այլ բարձրաստիճան դիվանագետի՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտի, որը համակարգում աշխատել է գրեթե հիմնադրումից մինչեւ 2021 թվականը, հավաքագրումը այդ ֆակուլտետից շատ բարձր է եղել հատկապես անկախության առաջին տարիներին։ Դրա համար երկու պատճառ կար։ Նախ, ֆակուլտետի շատ դասախոսներ առաջիններից էին, որ ընդունվեցին նորաստեղծ ԱԳՆ՝ հաշվի առնելով օտար լեզուների իմացությունը եւ փորձը: Նախարարության թափուր պաշտոնների համար նրանք առաջարկում էին իրենց հաջողակ ուսանողներին կամ դիվանագիտական ծառայության պոտենցիալ ունեցող շրջանավարտներին: Առաջարկից հետո թեկնածուները պետք է հարցազրույց անցնեին, լեզվի թեստեր եւ միջազգային հարաբերությունների հիմունքների մասին քննություններ հանձնեին, սակայն առաջին հերթին տեղի էր ունենում ուսանողների նպատակային ընտրություն։ Երկրորդ պատճառը ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի առանձնահատուկ դերն էր․ ընդունելության չափանիշները շատ բարձր էին՝ այն տարեկան համալրվում էր ընդամենը 25 ուսանողով: Հաշվի առնելով, որ Խորհրդային Միությունում Մոսկվայից բացի միջազգային հարաբերությունների դպրոցները քիչ էին, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետը Խորհրդային Հայաստանի այն սակավաթիվ կենտրոններից էր, որը հնարավորություն էր ընձեռում կապ հաստատել աշխարհի հետ Երկաթե վարագույրի մյուս կողմում: Բացի մերձավորարեւելյան մեկ լեզվից (արաբերեն, թուրքերեն, պարսկերեն) եւ ռազմական թարգմանությունից, ուսանողները ուսումնասիրում էին նաեւ մեկ եվրոպական լեզու (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն)՝ ԽՍՀՄ ԱԳՆ-ում կամ ռազմական հետախուզությունում կարիերայի հնարավորություններով: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ հնարավորությունը ուղղվեց դեպի Հայաստանի ԱԳՆ, եւ որպես բոնուս՝ խանդավառություն եւ նորանկախ պետության ամենակարեւոր ինստիտուտներից մեկը ստեղծելու առաքելություն: Այս կադրերի առանձնահատկությունն այն էր, որ նրանք վերջում դարձան «պրոֆեսիոնալ դիվանագետների» հիմքը, որոնք մտան ինստիտուտներ որպես աշխատակիցներ կամ կցորդներ, քայլ առ քայլ բարձրացան կարիերայի սանդուղքով՝ դառնալով դեսպաններ ու փոխնախարարներ, ինչպես Արտակ Ապիտոնյանը, կամ ԱԳ նախարար, ինչպես Արա Այվազյանը (2020–2021 թթ.)։
Այս ժամանակահատվածում օտարերկրյա ստաժավորման եւ որակավորման դասընթացների տրամաբանությունը կարգավորող օրենք չկար։ Այնուամենայնիվ, գործադիր իշխանությունը հստակ տեսլական ուներ, որ գրագետ դիվանագետներ պատրաստելու հրատապ անհրաժեշտություն կա։ Այդ պատճառով ռազմավարություն կար օգտագործելու բոլոր հնարավորությունները եւ յուրաքանչյուր հրավերի դեպքում կադրեր ուղարկել։ Բարեբախտաբար, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից բազմաթիվ առաջարկներ եւ հնարավորություններ կային հայ դիվանագետների համար։ Եգիպտոսը, օրինակ, հնգամյա դասընթացներ առաջարկեց 12 հայ դիվանագետներին, եւ հետագայում, հաջող փորձի հիման վրա, դրանք կանոնավոր դարձրեց տարբեր երկրների դիմորդների համար։
Ռուսաստանն իր հերթին քվոտաներ առաջարկեց հայ դիվանագետներին ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում, եւ ՀՀ ԱԳՆ-ն լիովին օգտագործեց այդ հնարավորությունը։ «Եթե 50 տեղ էին առաջարկում, 50 հոգի էինք ուղարկում»,- ասաց զրուցակիցներից մեկը՝ ընդգծելով, որ հայկական կողմից էլ փոխադարձ հետաքրքրություն եւ գնահատանք կար։

Լուսանկարը` REUTERS
Հայաստանի ԱԳՆ զարգացման սկզբնական փուլում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա իրար հաջորդած երեք ԱԳ նախարարների գլխավորությամբ, նախարարությունը մեծ մասամբ եղել է արձագանքող՝ հարմարվելով ընձեռված հնարավորություններին։ Նախարարությունը զբաղված էր ուժեղ դիվանագիտական ծառայության կառուցելով՝ շարունակական վերապատրաստման, ստաժավորման եւ արտերկրում որակավորման դասընթացների օգնությամբ: Խորհրդային ժամանակաշրջանի բյուրոկրատների ազդեցությունը, որոնք ինստիտուցիոնալ հիշողություն ունեին եւ սերտ կապեր էին պահպանում Ռուսաստանի եւ հետխորհրդային այլ պետությունների հետ, շարունակվեց որպես խորհրդային շրջանի ժառանգություն: Գերազանց արեւմտյան կրթություն եւ կապեր ունեցող Սփյուռքի կադրերը իրենց ներդրումն ունեցան, իսկ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի երիտասարդ, մոտիվացված շրջանավարտները կազմեցին դիվանագիտական նոր ծառայության կորիզը:
Չնայած այս ջանքերին՝ ինստիտուցիոնալացման մակարդակը եւ հստակ մոտեցումը դիվանագետների վերապատրաստմանն ու կրթությանը սահմանափակ մնաց: Այս մարտահրավերը գրավեց հետագա վարչակազմերի հիմնական ուշադրությունը:
Փուլ 2. Օսկանյանի «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը եւ Ֆլեթչերի պայմանագիրը (1998–2008 թթ.)
Սփյուռքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, որն աշխատել է ԱԳՆ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվեց արտաքին գործերի նախարար եւ երկրորդ նախագահի օրոք բոլոր տասը տարիներն անցկացրեց ԱԳՆ-ի բարձրագույն պաշտոնում։
Հայաստանի դիվանագիտական ծառայության ինստիտուցիոնալացման կարեւորագույն քայլերից էր «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը վավերացվեց 2001 թվականի հոկտեմբերին։ Օրենքը սահմանեց Հայաստանի դիվանագիտական ծառայության գործունեության եւ կազմակերպման իրավական դաշտը։ Այն սահմանեց դիվանագիտականծառայության կառուցվածքը, նախանշեց դիվանագետների դերերն ու պարտականությունները եւ հստակեցրեց աշխատանքի ընդունման, վերապատրաստման եւ կարիերայի առաջընթացի գործընթացները: Օրենքի նպատակն էր ստեղծել պրոֆեսիոնալ եւ արժանիքների վրա հիմնված արտաքին հարաբերությունների գերատեսչություն, որն արդյունավետորեն կներկայացնի Հայաստանի շահերն արտերկրում։
Օրենքը նախանշեց ԱԳՆ-ի կառուցվածքը եւ նրա առաքելությունները արտասահմանում, ներառյալ դեսպանատները եւ հյուպատոսությունները: Այն հստակեցրեց դիվանագիտական ծառայության դերերն ու հիերարխիան՝ կրտսեր դիվանագետներից մինչեւ դեսպաններ: Օրենքը պարտադրեց արժանիքների վրա հիմնված աշխատանքի ընդունման գործընթաց՝ թեկնածուներից պահանջելով մրցութային թեստեր անցնել եւ համապատասխանել հատուկ որակավորումներին: Այն ընդգծեց շարունակական մասնագիտական զարգացման կարեւորությունը, ներառյալ պարտադիր վերապատրաստումը եւ որակավորումը, որպեսզի դիվանագետները լավ պատրաստված լինեն: Այն սահմանեց դիվանագիտական ծառայության շրջանակում կարիերայի առաջխաղացման հստակ ուղեցույցներ՝ հիմնված կատարողականի, փորձի եւ որակավորման վրա: Այն նաեւ ներառեց դրույթներ տարբեր պաշտոնների միջեւ դիվանագետների ռոտացիայի վերաբերյալ՝ փորձի լայն շրջանակ ապահովելու համար: Բացի այդ, դիվանագետների համար օրենքը սահմանեց խիստ էթիկական չափանիշներ, ներառյալ վարքագծի կանոններ եւ կարգապահական միջոցներ այդ չափանիշները խախտելու դեպքում: Այս ամենի նպատակն էր ապահովել, որ դիվանագետները պահպանեն բարեխղճության եւ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը։
Մասնավորապես, ընդգծվեց մի քանի հիմնական կրթական պահանջ: Առաջինը բարձրագույն կրթության աստիճանն էր ճանաչված հաստատությունից, ընդ որում նախապատվություն էր տրվում դիվանագիտությանը համապատասխան ոլորտներին, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, քաղաքագիտությունը, իրավունքը եւ տնտեսագիտությունը: Երկրորդը լեզվի իմացությունն էր: Ակնկալվում էր, որ դիվանագետները վարժ տիրապետեն առնվազն մեկ օտար լեզվի, իսկ ռուսերենն ու անգլերենը առաջնահերթ էին: Օրենքն ընդգծում էր դիվանագետների համապարփակ վերապատրաստման կարեւորությունը։ Նորանշանակ դիվանագետները պետք է նախնական վերապատրաստում անցնեին, որը սովորաբար ներառում էր դիվանագիտական արարողակարգի, միջազգային իրավունքի, բանակցային ռազմավարության եւ Հայաստանին առնչվող աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ դասընթացներ: Օրենքով պարտադիր էր նաեւ շարունակական մասնագիտական զարգացումը՝ ապահովելով, որ դիվանագետները տեղյակ լինեն արդի համաշխարհային դիվանագիտական հմտություններին: Դա ներառում էր կանոնավոր մասնակցություն վերապատրաստման ծրագրերին եւ մասնագիտական զարգացման հնարավորություններին տանը եւ արտերկրում:
Օրենքը նաեւ սահմանեց դիվանագիտական ծառայության շրջանակում կարիերայի առաջխաղացման հստակ, արժանիքների վրա հիմնված ուղի: Դիվանագետները պետք է համապատասխանեին կատարողականի եւ որակավորման հատուկ չափանիշներին, եւ նրանց առաջընթացը պայմանավորված էր այդ չափանիշների հաջող կատարումով: Կանոնավոր գնահատումները եւ շարունակական վերապատրաստման պահանջը երաշխավորում էին, որ դիվանագիտական հիերարխիայում բարձր պաշտոնների հասնեն միայն ամենաորակյալ մասնագետները:
Օրենքի արդյունավետ եւ հավասար կիրառումը մի կողմ թողնելով՝ դրա ընդունումն իսկ մեծ քայլ էր դեպի ինստիտուցիոնալացում, որը հետագայում հիմք հանդիսացավ այլ կարեւոր քայլերի համար։

Օսկանյանի պաշտոնավարումը եւ նրա մոտեցումը դիվանագետների վերապատրաստմանը նշանավորեց նաեւ համագործակցությունը նրա մայր բուհի՝ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի հետ՝ «Թավիթյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այս նախաձեռնությունը եւս մեկ դրսեւորում էր, թե ինչպես է սփյուռքը նպաստում նախարարության աճին՝ «Թավիթյան»-ի հիմնադիր, ձեռներեց Ասո Թավիթյանը սփյուռքի ներկայացուցիչ էր։ Հիմնադրամը հովանավորում էր ԱԳՆ դիվանագետներին եւ քաղծառայողների ուսումը Ֆլեթչերի դպրոցում, որը սկսվել էր 1999 թվականին: Տասնհինգ դիվանագետից կամ քաղծառայողից բաղկացած խմբերը ամեն տարի մեկնում էին Միացյալ Նահանգներ՝ այս հատուկ որակավորման ծրագրի համար: Բացի արտգործնախարարության դիվանագետներից, նախաձեռնությունից օգտվել են նաեւ ֆինանսների, առեւտրի, արդարադատության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմի, գլխավոր դատախազության եւ այլ գերատեսչությունների քաղծառայողները: Հայ դիվանագետների վերապատրաստման այլ հնարավորությունների հետ մեկտեղ՝ այս ծրագիրը պարբերական եւ ինստիտուցիոնալացված դարձավ։
Վարդան Օսկանյանի պաշտոնավարումը նշանակալի ժառանգություն թողեց, այդ թվում՝ «Դիվանագիտության մասին» օրենքը, գործընկերային հարաբերությունները օտարերկրյա հաստատությունների հետ կանոնավոր որակավորման ծրագրերի ոլորտում եւ կայուն հիմք Հայաստանի դիվանագիտական ծառայության մասնագիտական վերապատրաստումն առաջ մղելու համար։
Փուլ 3. Նալբանդյանի տասնամյակ. «Մենք ստեղծում ենք մեր կադրերը» (2008–2018)
Էդվարդ Նալբանդյանի տասնամյա պաշտոնավարման կարեւորագույն կետը Հայաստանի դիվանագիտական դպրոցի հիմնումն էր։ Որակավորման ծրագրերը, վերապատրաստումն ու ստաժավորումը արտերկրում հայ դիվանագետներին մեծ գիտելիք եւ փորձ տվեցին, սակայն կադրերը տանը պատրաստելու եւ հիմքում հայկական արտաքին քաղաքականության հարցերն ունեցող ուսումնական ծրագրի անհրաժեշտությունը հանգեցրեց դպրոցի ստեղծմանը:

Հայաստանի դիվանագիտական դպրոցը ստեղծվել է որպես Հայաստանի դիվանագիտական ծառայության մասնագիտացման կարեւոր քայլ՝ ապագա դիվանագետների համար կառուցվածքային եւ ինտենսիվ վերապատրաստման գործընթաց ապահովելով։ Մինչ դպրոցի ստեղծումը թեկնածուները կարող էին դիվանագիտական ծառայության անցնել միայն ԱԳՆ-ում ընտրության գործընթացի միջոցով: Այն բաղկացած էր երկու փուլից՝ միջազգային հարաբերությունների եւ լեզվի իմացության գրավոր քննություն, վերլուծական շարադրություն եւ հարցազրույց: Առաջադիմության համար թեկնածուները պետք է հավաքեին գրավոր բաղադրիչի 80%-ը՝ նախքան գնահատող հանձնաժողովին անցնելը, որը նախագահում էր ԱԳՆ գլխավոր քարտուղարը:
Սակայն Դիվանագիտական դպրոցի ստեղծումից հետո բաց ընդունելությամբ ընդունվում էին միայն նեղ մասնագետներ, իսկ թեկնածուների մեծ մասը հենց դպրոցից էր։ Դիվանագիտական դպրոց ընդունելության գործընթացը նույնպես ներառում էր երեք փուլ՝ շարադրություն, հարցազրույց եւ թարգմանության քննություն: Դպրոցում վերապատրաստման ծրագիրը տեւում էր ինը ամիս, ինտենսիվ էր եւ ընդգրկուն: Հիմնական վերապատրաստման ծրագրից բացի, դպրոցը դիվանագետներին առաջարկում էր հյուպատոսական եւ միջին մասնագիտական ուսուցում:
Ուսման ընթացքում ուսանողները պետք է բազմաթիվ քննություններ հանձնեին, ներառյալ գրավոր քննություններ յուրաքանչյուր դասընթացի համար: Ուսումնական ծրագիրը հարստացնում էր օտարերկրյա դասախոսների մասնակցությունը, որոնք անցկացնում էին երկշաբաթյա դասընթացներ։ Նրանք մասնագետներ էին Ռուսաստանից, Էստոնիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից եւ այլն: Դասախոսություններ կարդալու համար հրավիրվում էին Հայաստան այցելող արտգործնախարարները եւ այլ պաշտոնյաները:
Բացի լսարանային ուսուցումից, ծրագիրը ներառում էր երկու ստաժավորում, այդ թվում՝ առնվազն մեկ այցելություն Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Այս անմիջական փորձը նախատեսված էր ուսանողներին գործնական պատկերացումներ տալու եւ իրական աշխարհի դիվանագիտական մարտահրավերներին ծանոթանալու համար:
Եթե գնահատենք ըստ Վալդայի «Ազգային շահերի որոնում. ինչպես է դիվանագիտական պատրաստությունն ազդում երկրների ինքնիշխանության վրա» զեկույցի, այս ուսումնական ծրագիրն արտացոլում է գլոբալ իմացաբանության եւ ազգային առաջնահերթությունների միաձուլումը:
«Միջազգային հարաբերությունների ներածություն», «Միջազգային իրավունք» եւ «Անվտանգության խնդիրների ուսումնասիրություն» դասընթացները հիմնարար գիտելիքներ են տալիս գլոբալ լանդշաֆտը հասկանալու համար, իսկ մասնագիտացված դասընթացները, ինչպիսիք են «Հայաստանի հյուպատոսական դիվանագիտությունը» եւ «Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ», երաշխավորում են, որ դիվանագետները լավ տիրապետեն այն հարցերին, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի ինքնիշխանության եւ տարածաշրջանային կայունության վրա: «Էներգետիկ քաղաքականության», «ԵՄ գործընթացների», «Ինստիտուտների եւ քաղաքականության», «Հանրային դիվանագիտության» ներառումը ընդգծում է նոր գլոբալ մարտահրավերներում եւ բազմակողմ ինստիտուտներում ներգրավվելու անհրաժեշտությունը, ինչը համահունչ է դիվանագիտական ուսուցումը ազգային շահերին համապատասխանեցնելու շեշտադրմանը:
Ավելին, այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են «Միջազգային բանակցային հմտությունները» եւ «Դիվանագիտական էթիկան եւ արարողակարգը», կարեւոր նշանակություն ունեն գործնական գիտելիքների ստեղծման համար, որոնք դիվանագետները օգտագործում են իրենց ամենօրյա շփումներում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում: Ուսումնական ծրագրի լայն շրջանակը, որն ընդգրկում է ամեն ինչ՝ տնտեսական դիվանագիտությունից մինչեւ գիտական դիվանագիտություն, արտացոլում է տարբեր հմտությունների ըմբռնումը, որն անհրաժեշտ է գլոբալ հարցերում Հայաստանի դիրքը ներկայացնելու համար՝ միաժամանակ ապահովելով, որ դիվանագետները պատրաստ լինեն լուծելու ազգի առջեւ ծառացած հատուկ մարտահրավերները:
Դիվանագիտական դպրոցում ընտրության գործընթացը խիստ մրցակցային էր, եւ մոտ 200 դիմորդից զտվում էր մոտ 25–27 ուսանող (մոտ 10–13%), որոնցից 10–15-ը ի վերջո կդառնային դիվանագետ։ Կրթությունն ավարտելուց հետո շրջանավարտները ԱԳՆ-ում անցնում էին մինչեւ վեց ամիս փորձաշրջան: Եթե նրանց ղեկավարը այս ժամանակահատվածի վերջում դրական գնահատական չտար, շրջանավարտը կարող էր հեռացվել աշխատանքից: Այնուամենայնիվ, հարցվածները, որոնք աշխատել են հաջողակ շրջանավարտների հետ, նրանց բարձր արդյունավետ են գնահատել: Դասընթացը ներառում էր նաեւ միջազգային ստաժավորումներ անցնելու հնարավորություն: Նման ստաժավորման հրավերներ ստացվել են պարբերաբար, եւ թեկնածուներին ընտրել են ըստ իրենց մասնագիտացման: Ստաժավորումների մոտ 30%-ը եղել է եվրոպական մայրաքաղաքներում (Վիեննա, Բրյուսել, Բեռլին)՝ կենտրոնանալով հիմնականում անվտանգության խնդիրների վրա, իսկ մյուսները՝ Միացյալ Նահանգներում, Իրանում, Եգիպտոսում եւ Հնդկաստանում: Ռուսաստանը ներկայացնում էր հիմնականում արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիան։ Որոշ դեպքերում շրջանավարտներն ուղարկվել են նաեւ Հայաստանի խորհրդարան եւ պետական կառույցներ՝ հետագա վերապատրաստման համար:
Այս կառուցվածքային մոտեցումը դիվանագիտական ուսուցմանը նշանակալի զարգացում արձանագրեց Հայաստանի ԱԳՆ-ում՝ ապահովելով, որ երկրի դիվանագետները ոչ միայն լավ կրթված լինեն, այլեւ՝ լավ պատրաստված գործնական եւ միջազգային փորձի շնորհիվ։ Ամենակարեւորն այն էր, որ նրանք պատրաստված էին Հայաստանում՝ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին քաղաքական խնդիրների վրա հստակ շեշտադրումով։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրվել են որպես պարտադիր դասընթացներ։ Միեւնույն ժամանակ, ԱԳՆ-ի հաստատակամ դիրքորոշումը դպրոցն ավարտած կադրերի ընդունման եւ առաջխաղացման վերաբերյալ ընդգծեց դրա կարեւորությունը եւ ավելացրեց դիմորդների թիվը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի դիվանագիտական դպրոցը, սակայն, մարտահրավերների բախվեց եւ իր թերություններն ուներ։ 2016 թվականին Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը համահեղինակեց հոդված, որտեղ համեմատվում էին 14 դիվանագիտական դպրոցներ, ակադեմիաներ եւ ուսումնական կենտրոններ։ Հոդվածն ընդգծում էր մի քանի մարտահրավեր, որոնց այդ պահին բախվում էր Հայաստանի դիվանագիտական դպրոցը:
Հիմնական խնդիրներից էին վերապատրաստման մոտեցումների փոփոխականությունը, վերապատրաստման ծրագրերը ազգային համատեքստին համապատասխանեցնելու կարեւորությունը եւ այն հարցերը, որոնց առնչվում են Հայաստանի դիվանագիտական դպրոցի նման փոքր հաստատությունները, մասնավորապես, ֆինանսավորման պահպանումը եւ համապարփակ վերապատրաստման մոդելի մշակումը: Հոդվածը եզրակացնում էր, որ դպրոցի ապագան կախված է կառավարության շարունակական աջակցությունից եւ ռազմավարական զարգացումից, հատկապես, երբ 2017 թվականին վերջանալու էր միջազգային ֆինանսավորումը:
Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցը, անշուշտ, Նալբանդյանի՝ որպես արտգործնախարարի պաշտոնավարման արժեքավոր ժառանգությունն էր, որն ապացուցեց իր դերը, որպես հայ դիվանագետներ պատրաստելու արդյունավետ, կայուն եւ համակարգված ինստիտուտ։
Երբ հեղափոխությունը գալիս է ԱԳՆ. Փաշինյանն ու (առայժմ) երեք նախարարները (2018–ներկա)
2018 թվականին վարչակարգի փոփոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը արտգործնախարար նշանակեց դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին։ Փաշինյանի օրոք երկրորդ նախարարը նույնպես պրոֆեսիոնալ դիվանագետ էր՝ Արա Այվազյանը, որը պաշտոնավարեց պատերազմից անմիջապես հետո, բայց ընդամենը յոթ ամիս։

Հետպատերազմյան արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը է՛լ ավելի կենտրոնացրեց իշխանությունը եւ կատարեց քաղաքական նշանակում։ Արտգործնախարար դարձավ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արարատ Միրզոյանը. նա ցայսօր այդ պաշտոնին է։
Հեղափոխությունը ազդեց ԱԳՆ-ի, ինչպես եւ պետական այլ մարմինների վրա, եւ նրանք, ովքեր չէին ավարտել անհրաժեշտ փուլերը, այդ թվում՝ Դիվանագիտական դպրոցը, սկսեցին բարձրաստիճան պաշտոններ ստանալ: Հարցվածների կարծիքով՝ այս զարգացումը լուրջ մարտահրավեր էր դպրոցի նշանակությունը պահպանելու համար։ Միաժամանակ նախարարությունների միջեւ մրցակցություն էր ընթանում լավագույն կադրերի համար։ Քանի որ ԱԳՆ-ն միակ նախարարությունն էր, որը պահանջում էր ավարտել Դիվանագիտական դպրոցը աշխատանքի տեղավորման համար, այն շրջանավարտների համար դարձավ պակաս գրավիչ: Այս համատեքստում են 2018-2020 թվականներին որոշում կայացնողները բացատրում անցումը դեպի բաց մրցույթով աշխատանքի դիմումներ, որոնք սկսած 2018 թվականից շրջանցեցին Դիվանագիտական դպրոցը:
Այնուամենայնիվ, հարցվածների կարծիքներն այս հարցում տարբեր են։ Որոշ բարձրաստիճան դիվանագետներ, որոնք այս ընթացքում մնացին համակարգում, բաց մրցույթի վերսկսումը համարում են Դիվանագիտական դպրոցի դերի նվազման եւ Հայաստանում դիվանագիտական ուսուցման ապա ինստիտուցիոնալացման հիմնական պատճառը։ Ինչպես նշել է Դիվանագիտական դպրոցի հետ առնչվող զրուցակիցներից մեկը, 2018 թվականից հետո դիմումների թիվը, ինչպես նաեւ դպրոցի կարգավիճակը, անկում են ապրել:

2020-ի ԼՂ պատերազմից հետո Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկությունը եւ դրանից հետո Արա Այվազյանի նշանակումը չնչին փոփոխությունների հանգեցրին, օրինակ՝ ադրբեջանագիտության ընդգրկումը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում։ Սակայն Այվազյանի պաշտոնավարումը նշանավորվեց անկայունությամբ եւ ներկառավարական բախումներով, այդ թվում դեպքերով, երբ վարչապետի աշխատակազմը շրջանցում էր նախարարությունը։ Այդ պատճառով այս ընթացքում դիվանագետների պատրաստման գործընթացում դժվար է որեւէ էական զարգացում արձանագրել։
2021 թվականին ԱԳ նախարարը, բոլոր փոխնախարարները, գլխավոր քարտուղարը, իսկ հետո նաեւ տասնյակից ավելի դեսպաններ ու բարձրաստիճան դիվանագետներ հրաժարական տվեցին՝ պատճառաբանելով Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության եւ նախարարությունը շրջանցելու պրակտիկայի հետ խոր տարաձայնությունները։ Վերընտրվելուց հետո Փաշինյանը ԱԳ նախարար նշանակեց Արարատ Միրզոյանին, որը կարծես լուծում էր կառավարության եւ նախարարության միջեւ առկա հակասությունները վերոնշյալ պատճառներով։ Սակայն նրանք, ովքեր հրաժարական տվեցին 2021 թվականին, ընդհանուր առմամբ համաձայն են, որ նախարարության ինստիտուցիոնալ դերը պատմության մեջ ամենաթույլն է, իսկ որոշումների մեծ մասն այժմ քաղաքականապես պայմանավորված է: Ինչպես նկատեց նախկին մի պաշտոնյա, «ներկայում արտգործնախարարությունը զուտ ֆասադային գործառույթ է կատարում»։

Լուսանկարը` REUTERS
Ինչպես նշվեց վերեւում, արտգործնախարարությունը չարձագանքեց հարցազրույցի խնդրանքին: Այնուամենայնիվ, այս բաժինը եզրափակելու համար կարելի է առանձնացնել երեք հիմնական բացահայտում. Դիվանագիտական դպրոցի դերի նվազում, ընդունելության գործընթացի դյուրացում եւ ինստիտուտի ձախողում՝ քաղաքական ղեկավարությանը խորհուրդներ տալու եւ երկիրը արտաքին քաղաքականության հարցերում առաջնորդելու հարցում:
Հիմնական բացահայտումներ եւ եզրակացություններ
Այսպիսով, Հայաստանի արտաքին գործերի նախարարության էվոլյուցիան հիմնված է երեք առանցքային սյան վրա. Խորհրդային Միության ժառանգություն, որն ապահովեց լավ պատրաստված եւ փորձառու պրոֆեսիոնալ դիվանագետների բազա, հայկական սփյուռքի ներդրում թե՛ կադրային, թե՛ նյութական աջակցության ձեւով եւ Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտների ներգրավումը, որոնք կազմեցին նորաստեղծ ԱԳՆ-ի կորիզը:
Անկախության առաջին տարիներին Հայաստանի կառավարությունը գիտակցում էր հզոր դիվանագիտական ծառայության հրատապ անհրաժեշտությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի պատերազմը եւ արտաքին քաղաքականության անմիջական մարտահրավերները քիչ տեղ թողեցին միանմուշ մոտեցման համար: Արդյունքում դիվանագետների սկզբնական նախապատրաստումը քաոսային էր, բայց հնարավորություններով հարուստ։ ԱԳՆ-ն իր դիվանագետներին ուղարկեց արտերկրում առաջարկվող ստաժավորման եւ որակավորման բազմատեսակ դասընթացների՝ օգտվելով բոլոր միջոցներից, որպեսզի հնարավորինս արագ կուտակվի անհրաժեշտ փորձը:
Վարդան Օսկանյանի եւ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Հայաստանի արտգործնախարարությունը զգալի քայլեր կատարեց ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ 2001 թվականին «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի ընդունումը եւ 2009 թվականին Հայաստանի դիվանագիտական դպրոցի ստեղծումը բեկումնային պահեր էին առավել կառուցվածքային եւ պրոֆեսիոնալ դիվանագիտական ծառայության ստեղծման գործում։ Այս զարգացումները հիմք դրեցին արժանիքների վրա հիմնված համակարգի համար, որը շեշտը դնում էր շարունակական վերապատրաստման եւ որակավորման վրա՝ համապատասխանեցնելով Հայաստանի դիվանագիտական պրակտիկան միջազգային չափանիշներին: Թեեւ կային լուրջ մարտահրավերներ եւ թերություններ, եւ Հայաստանի բոլոր կառավարությունները հասան իշխանության որոշակի կենտրոնացմանը, հետեւաբար՝ նախարարության քաղաքականացմանը, նշված քայլերը ամուր հիմք հանդիսացան Հայաստանում դիվանագիտականուսուցման ինստիտուցիոնալ մոտեցման հետագա զարգացման համար։
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք վերջին զարգացումները մարտահրավեր են նետել ինստիտուցիոնալացման այս ջանքերին։ Դիվանագիտական պաշտոնների բաց մրցույթի վերադարձը, Դիվանագիտական դպրոցի շրջանցումը եւ ԱԳ նախարարի նման առանցքային դեմքերի քաղաքական նշանակումը նպաստել են ԱԳՆ-ի ինստիտուցիոնալ դերի նկատելի թուլացմանը: Ավելին, դիվանագիտական կրթության եւ առանցքային դեմքերի՝ նախարարների, փոխնախարարների կամ ռազմավարական նշանակություն ունեցող երկրներում (օրինակ՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն) դեսպանների պակասը փոխեց վերաբերմունքը դիվանագիտության եւ դիվանագիտական աշխատանքի նկատմամբ, ինչը հակասում էր դիվանագիտական ավանդույթների ձեւավորման անհրաժեշտությանը։
Դիվանագիտական դպրոցի նշանակության նսեմացումը եւ արտաքին քաղաքական որոշումների հետագա կենտրոնացումը վարչապետի աշխատակազմում մտահոգություններ են առաջացրել Հայաստանի դիվանագիտական ծառայության երկարաժամկետ կայունության վերաբերյալ։ Ավելին, որոշ դիվանագետների մոտ այն նվազեցրել է հմտությունները բարելավելու մոտիվացիան այն պայմաններում, երբ քաղաքական հավատարմությունը ավելի կարեւոր է, քան մասնագիտական կարողունակությունը:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: