Հաքան Ֆիդան՝ Պրոտեւսը Անատոլիայից - Mediamax.am

1062 դիտում

Հաքան Ֆիդան՝ Պրոտեւսը Անատոլիայից


Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք հունական Ekathimerini պարբերականանում հրապարակված Hakan Fidan: Proteus from Anatolia հոդվածի հայերեն թարգմանությունը:

Պավլոս Պապադոպուլոս

Որպես «խորքային պետության» մարդ՝ Թուրքիայի արտգործնախարարը դիվանագետի բարքերը համատեղում է լրտեսի գործիքակազմի հետ։

Պրոտեւսը հին հունական ծովային աստված է, որը հիշատակվել է առասպելներում թուրքական ցեղերի Իոնիա գաղթելուց դարեր առաջ: Պրոտեւսը միշտ անվրդով է, բայց կարող է մշտապես կերպարանափոխվել՝ ինչպես ծովի մակերեսը։ Այս ունակությունը թույլ է տալիս նրան խուսափել հարցերին պատասխանելուց։ Այսօր Հունաստանը ուսումնասիրում է Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովային գոտիների շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունը Թուրքիայի «պրոտեւսյան անհատականության»՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:

Ֆիդանի զրուցակիցներն ամբողջ աշխարհում գուցե չեն կռահում, որ նա իրենց մասին գիտի ավելին, քան իրենք: Նրա հայացքը, մեղմ տեսքը սպառնացող չեն՝ ընդհակառակը, հանգստացնող։ Նրան ուսումնասիրած մարդիկ նկարագրում են, որ հանդիպումների հենց սկզբից թուրք Պրոտեւսը իր դեմքին մի փոքր զարմացած արտահայտություն է հաղորդում՝ զուգորդված թեթեւակի ժպիտով ու անճարտարությամբ, եւ իրական բարության տպավորություն թողնում: Թվում է՝ նա շատ բաներին կհամաձայնի։

Լուսանկարը` Kremlin.ru


Ոմանք պնդում են, որ նա անկեղծ ու վստահելի զինվորական եւ դիվանագետ է, որը հանգիստ երկխոսության մեջ է մտնում՝ առանց նախապաշարումների։ Մյուսները զգուշացնում են, որ նա կարող է ամենաանկանխատեսելի խաղացողներից մեկը լինել: Բարեկամական քննարկման ժամանակ, ասում են, կարող եք ջերմ համաձայնությամբ սեղմել նրա ձեռքը, բայց այն հետ քաշելիս հասկանալ, որ երկու-երեք մատ կորցրել եք՝ առանց ցավ զգալու։ Սակայն գուցե այս ամենը չափազանցություն է կամ չարություն: Միգուցե Ֆիդանը ոչինչ չի ձեւացնում։ Թերեւս նրա բոլոր դեմքերը հավասարապես անկեղծ են (եւ հետեւաբար՝ նույնքան համոզիչ): Ի վերջո, դա է հուշում նրա անձնական պատմությունը։

Զեյնեդին Կարաջա Բեյը 14-րդ դարի ցեղապետ էր Անկարայի տարածաշրջանից:

Նա Դուլքադիրների դինաստիայի հիմնադիրն էր, որոնք թուրքմեններ էին եւ կարեւոր դեր էր խաղացել Օսմանյան կայսրության ձեւավորման գործում, ուստի նրա անունը հիշվում է մինչ օրս: Վեց դար առաջ կառուցված Կարաջաբեյ բաղնիքը (համամը) Անկարայի Համամոնու թաղամասում է. հմայիչ տարածք՝ ռեստորաններով եւ արվեստի վայրերով՝ Աթենքի Պլակա եւ Մոնաստիրակի թաղամասերի նման: Թաղամասի անվանումը նշանակում է բաղնիքի շուրջ կառուցված տարածք։ Այս սալաքարով պատված թաղամասում՝ ուշ օսմանյան ճարտարապետական ոճի տներով եւ շինություններով, 1968 թվականին ծնվել է Ֆիդանը՝ մարդ, որն այժմ ձեւավորում է ժամանակակից Թուրքիան: Արդյո՞ք նրա անունը կհիշվի ապագայում, ինչպես այսօր հիշում են իր թաղի Բեյին:


Ֆիդանն ամուսնացած է արտոնագրված հաշվապահ Նուրան Ֆիդանի հետ, որը ծագումով Սիվասից է: Նրանք երեք երեխա ունեն եւ ապրում են Անկարայում։ Ֆիդանի հայրը քուրդ է Վարթոից, որը Անկարայից 742 կիլոմետր դեպի արեւելք փոքրիկ քաղաք է: Նա պետական ծառայող էր։ Մայրը Դենիզլիից է, Փոքր Ասիայի ափին մոտ գտնվող քաղաքից, որի բնակչությունը նման է Սալոնիկի բնակչությանը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Ֆիդանը մարմնավորում է իր երկրի տարբեր մշակութային եւ էթնիկական կողմերը, որոնք նրան տալիս են հարցերին տարբեր, հաճախ հակադիր տեսանկյուններից նայելու առավելությունը:

Սա նշանակում է, որ Ֆիդանը կարող է հավասարապես լավ հասկանալ ինչպես քրդերին, այնպես էլ թուրքերին, արեւելցիներին եւ եվրոպացիներին, քեմալականներին եւ իսլամիստներին: Նա իսլամիստ չէ, թեեւ դա չի նշանակում, որ ամեն օր չի աղոթում: Նա արեւմտյան սովորություններ ունի եւ հագնում է որակյալ թուրքական Vakko ապրանքանիշի դասական կապույտ կոստյումներ եւ փողկապներ, բայց դա չի խանգարում նրան ավանդական նարգիլե ծխել: Այս հատկությունները օգտակար են, երբ պետք է գաղտնիքներ հավաքել ու շարժվել մեկ լույսով, մեկ ստվերում։


Երիտասարդ տարիքից նա պետության հանդեպ պարտքի ռոմանտիկ զգացում ուներ. հասկացություն, որը հարգանք է ներշնչում Թուրքիայում, ի տարբերություն Հունաստանի, որտեղ հաճախ արհամարհանք է առաջացնում: Նա առանձնահատուկ հարաբերություններ ուներ պատմության հետ եւ պատանեկան, իդեալիստական ցանկություն՝ դառնալու դրա մի մասը, ինչը, ի վերջո, ստիպեց երիտասարդ տարիքում միանալ Թուրքիայի զինված ուժերին: Նա վերապատրաստվեց Թուրքիայի ռազմական ակադեմիայում եւ ցամաքային զորքերի լեզվի դպրոցում, դարձավ սպա եւ մի քանի տարի ծառայեց Գերմանիայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների արագ արձագանքման կորպուսում, որտեղից դուրս եկավ 2001 թվականին։ Հավակնոտ եւ աշխատասեր Ֆիդանը օգտվեց ՆԱՏՕ-ի հնարավորություններից, մենեջմենթ եւ քաղաքական գիտություններ սովորեց Միացյալ Նահանգների Մերիլենդի համալսարանում: Այնտեղ ավելի լավ հասկացավ ամերիկացիներին: Նրանք էլ իրենց հերթին ճանաչեցին Ֆիդանին։

Նա վերադարձավ Թուրքիա 2001-ին եւ շարունակեց ասպիրանտուրան՝ ստանալով մագիստրոսի եւ դոկտորի կոչում Անկարայի Բիլքենթ համալսարանից։ Մագիստրոսական ատենախոսության վերնագիրը՝ «Հետախուզությունը եւ արտաքին քաղաքականությունը», դարձավ Ֆիդանի կյանքի թեման։ Նա ցանկանում էր հասկանալ, թե ինչպես գաղտնի ծառայությունների կողմից հետախուզական տվյալների հավաքումը կարող է լուռ, անտեսանելի կերպով, սակայն վճռականորեն ազդել արտաքին քաղաքականության գործընթացների, զարգացումների եւ որոշումների վրա:

Բարձրարժեք գաղտնիություն

Շուտով նրան հնարավորություն տրվեց գործնականում կիրառել իր սովորած տեսությունները, երբ նշանակվեց Թուրքիայի Համագործակցության եւ համակարգման գործակալության (TIKA) ղեկավար, որը զբաղվում էր «միջազգային զարգացման» եւ «մարդասիրական աշխատանքով» եւ ներգրավված էր բազմաթիվ երկրներում: Այդ ժամանակ նա 30-ն անց երիտասարդների խմբում էր, որոնք հիասթափված էին քեմալական լճացած ղեկավարությունից (երկիրը դարձել էր ԱՄՀ անդամ) եւ համախմբվել էին իսլամիստների առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրջ:

Էրդողանը, որն այն ժամանակ կրքոտ եվրոֆիլ էր, հաղթեց 2003-ի ընտրություններում եւ կարճ ժամանակ անց (բանտից ազատվելուց հետո, որտեղ անցկացրեց 10-ամսյա ազատազրկման չորս ամիսը՝ կրոնական ապստամբություն հրահրելու մեղադրանքով) վարչապետ դարձավ: Ֆիդանը միացավ վարչապետի գրասենյակին 2007 թվականին՝ որպես պետքարտուղարի տեղակալ եւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդական։

Նա արագ անձնական հարաբերություններ հաստատեց Էրդողանի հետ: Թուրք իշխանապետը (որը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը մինչեւ 2014 թվականը) գնահատում էր Ֆիդանի վերլուծական ունակությունները, խոհեմությունը, աշխատասիրությունը, վստահելի տեղեկատուներ ձեռք բերելու կարողությունը եւ, թերեւս ամենակարեւորը, նրա համեստությունն ու խոնարհությունը: Այսպիսով, 2010-ին՝ 42 տարեկան հասակում, Ֆիդանը դարձավ Թուրքիայի հետախուզական ծառայության ամենաերիտասարդ ղեկավարը։


Շատ արագ պարզ դարձավ, որ նա մտրակի ու քաղցրահացի մոտեցում է որդեգրել: Օրինակ՝ նա ակտիվացրեց հակաահաբեկչական արշավը քրդերի դեմ եւ միաժամանակ նախաձեռնեց գաղտնի խաղաղ բանակցությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) եւ Իմրալի կղզում բանտարկված քուրդ զինյալների առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Երբ 2012-ին այս խոսակցությունները գաղտնազերծվեցին, եւ նրան կանչեցին դատախազություն բացատրության համար, «սուլթանը» միջամտեց՝ ասելով, որ Ֆիդանը կատարում էր իր հրամանները։ «Նա պետության գաղտնիքներ պահողն է»,- ասաց Էրդողանը։

Լուսանկարը` REUTERS


Նրա հակառակորդները պնդում են, որ 2016-ին նա չկարողացավ նախազգուշացնել Էրդողանին հեղաշրջման փորձի մասին, իսկ վերջում՝ տապալված գործողության լարված ժամերին, սպասեց, թե կշեռքը որ կողմ կթեքվի: Համախոհները, սակայն, պնդում են, որ նա արդեն ահազանգել էր Միացյալ շտաբի պետի այն ժամանակվա ղեկավար Հուլուսի Աքարին զինվորականների կասկածելի տեղաշարժերի մասին: Խոսակցություններ կային, որ Էրդողանին նախազգուշացրել էին ոչ թե իր մարդիկ, այլ ռուսները, սակայն այն փաստը, որ Ֆիդանի համար սա ոչ մի հետեւանք չունեցավ, ցույց է տալիս, որ այդ կրիտիկական ժամերին նա ավելին է արել իր ղեկավարի համար, քան բացահայտվել է հրապարակայնորեն: Իրոք, ռուսների հետ նրա հարաբերությունները, ըստ տեղեկությունների, գերազանց են եւ դրսեւորվել են գաղտնի դիվանագիտության միջոցով ինչպես Սիրիայում, այնպես էլ Ուկրաինայում: Հեղաշրջումից անմիջապես հետո նա մաքրեց գյուլենական ցանցերը՝ գործողության, որը հանգեցրեց հազարավոր մարդկանց դաժան բանտարկության՝ թե՛ մեղավորների, թե՛ անմեղների:

Դիվանագիտության ղեկին

2023-ին Ֆիդանը զբաղեցրեց արտգործնախարարի պաշտոնը, եւ ներսի մարդիկ ասում են, որ նա անմիջապես ձեռնամուխ եղավ դիվանագիտական ծառայությունը հետախուզության եւ դիվանագիտության միասնական ապարատի վերածելուն: Որոշ հայտնի թուրք գործիչներ փնթփնթում են, որ արտգործնախարարը հեռացնում է փորձառու դիվանագետներին: 2023-ի սեպտեմբերի 13-ին Էրդողանի հրամանագրով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կազմում ստեղծվեց զինված ստորաբաժանում, որը զբաղվում է ամբողջ աշխարհում մոտ 260 թուրքական դեսպանատների, հյուպատոսությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության գործով։ Թերահավատները ենթադրում են, որ գործնականում այս քայլը մեծ դիվանագիտական ծածկույթ է տվել հետախուզությանը՝ նպաստելով գաղտնի գործողությունների անվտանգ կազմակերպմանը այն երկրներում, որտեղ Թուրքիան կարեւոր շահեր ունի:

Լուսանկարը` Kremlin.ru


Ֆիդանին հետեւողները զուգահեռներ են տեսնում նրա եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Ճիշտ այնպես, ինչպես Պուտինը երկար ժամանակ պաշտոնավարում էր հետախուզության ոլորտում եւ վայելում նախագահ Բորիս Ելցինի վստահությունը, ինչը հանգեցրեց նրա ընտրությանը՝ որպես իրավահաջորդի, Ֆիդանը կարող է լինել Էրդողանի ընտրյալը, Անկարայում անվտանգ եւ սահուն իրավահաջորդություն ապահովող անձը:

Ոչինչ հստակ չէ, բայց նույնիսկ նրա անունը ենթագիտակցորեն դրոշմում է հերոսական ապագայի գաղափարը: Հաքան թուրքերեն նշանակում է «տեր» եւ գալիս է հին թուրքերեն եւ մոնղոլական խան (կայսր) բառից: Ֆիդան թուրքերեն նշանակում է երիտասարդ, առույգ եւ ամուր տնկի, որին մենք ասում ենք «շիվ»: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա այս Խանը` Հաքանը, թուրքական քաղաքականության խոստումնալից «շիվը», կարող է երկար տարիներ զբաղեցնել մեր ուշադրությունը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին