Ներկայացնում ենք ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման նախկին տնօրեն, New America վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Անն-Մարի Սլոթերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Անն-Մարի Սլոթեր
Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն գուցե տարօրինակ ժամանակ է՝ ընդգծելու ոչ արեւմտյան միջին տերությունների՝ Հնդկաստանի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Հարավային Աֆրիկայի, Նիգերիայի, Սաուդյան Արաբիայի եւ Մեքսիկայի աճող հզորությունն ու գործունակությունը:
Զավեշտալի է, որ Թրամփի վարչակարգը կարող է արագացնել անցումը դեպի այնպիսի աշխարհակարգ, որտեղ շատ երկրներ ավելի ազատորեն կցուցադրեն իրենց ուժը: Աշխարհի մասին Թրամփի տեսլականում նա եւ մյուս մեծ տերությունների առաջնորդները, որոնք միջուկային, ռազմական, տնտեսական կամ ռազմավարական հզորություն ունեն, կարող են որոշել ապագա իրադարձությունների ընթացքը եւ գործարքներ կնքել՝ առանց հաշվի առնելու հարեւան պետությունների կարծիքը կամ միջազգային կանոններն ու նորմերը: Միեւնույն ժամանակ, Թրամփը արժեք չի տեսնում այլ պետությունների համար պատերազմելու մեջ։ Նա կգերադասի բարձրաձայն խոսել եւ մեծ մաքսատուրքեր հայտարարել, նախքան բանակցությունների նստելը։
Այս հիմնովին գործարքային մոտեցումը նոր լույս է սփռում 21-րդ դարում պետական իշխանության աղբյուրների վրա: Գործարքների աշխարհում ամենակարեւորը սակարկման ուժն է. այլ երկրներին պարտադրել ձեր շահերին ծառայող համաձայնությունները: Իսկ այսպիսի աշխարհում, պարզվում է, միջին տերությունները շատ առավելություններ ունեն, նույնիսկ երբ զգալիորեն ավելի փոքր են, աղքատ եւ ռազմական առումով ավելի թույլ, քան ավանդական մեծ տերությունները:
19-րդ եւ 20-րդ դարերի սկզբին, երբ երկրները կարող էին անպատիժ ուժ կիրառել, իշխանությունը ռազմական եւ տնտեսական հզորության գործառույթ էր, որն իր հերթին կախված էր տարածքից եւ բնակչության թվից, բնական եւ մարդկային ռեսուրսների առկայությունից եւ դրանք կառավարական նպատակների համար կորզելու եւ օգտագործելու կարողությունից: Մեծ տերություններն օգտագործում էին իրենց բանակներն ու շուկաները ազդեցության գոտիներ ստեղծելու համար, որտեղ կարող էին անսահմանափակորեն միջամտել:
Սակայն այսօրվա «բազմադաշնակցային» աշխարհում, ինչպես այն անվանում է Հնդկաստանը, միջին տերությունները կարող են տարբեր նպատակներով պայմանավորվել մեծ տերությունների եւ միմյանց հետ: Հնդկաստանը կարող է սակարկել Ճապոնիայի, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցում, Ռուսաստանի հետ՝ նավթի եւ գազի, իսկ Սինգապուրի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) այլ երկրների հետ՝ կանաչ էներգիայի: Թրամփի «Առաջին հերթին Ամերիկան» մանտրան հարմար է միջին տերություններին, քանի որ թույլ է տալիս հետեւել նմանատիպ մոդելին:
Ինչպես ընդգծել է Հարվարդի համալսարանի տնտեսագետ Դենի Ռոդրիկը, միջին տերությունները ցանկանում են փոփոխվող կոալիցիաներ ստեղծել: Այս երկրներից շատերը BRICS+-ի անդամներ են, որն իրեն անվանում է «ոչ պաշտոնական խումբ» եւ հիմնվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավային Աֆրիկայի կողմից: Այն ընդլայնվել է՝ ներառելով Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ինդոնեզիան, իսկ անդամակցության դիմում են ներկայացրել Թուրքիան, Թաիլանդը եւ Մալայզիան: Ամենակարեւորն այն է, որ կազմակերպությունը ժամանակավոր դաշինքներ ստեղծելու միջոց է, որն անդամներին կօգնի ավելացնել իրենց հավաքական բանակցությունների ուժը ավանդաբար Արեւմուտքի կողմից գլխավորված կառույցներում:

Լուսանկարը` REUTERS
BRICS+-ի անդամների միջեւ առեւտուրն արագ աճում է: Ավելին, ԱՄԷ-ն, Իրանը եւ Ինդոնեզիան, ինչպես նաեւ BRICS+-ի նոր գործընկերներ Նիգերիան եւ Ղազախստանը, խոշոր կամ միջին չափի նավթ արտադրող եւ արտահանողներ են: Եթե Սաուդյան Արաբիան, որը դեռ «գնահատում» է իր անդամակցությունը, որոշի միանալ, OPEC-ի երկրների զգալի մասը կարող է հանդիպումներ անցկացնել BRICS+-ի գագաթնաժողովների շրջանակում: Թագավորությունը՝ G20-ի երկիր, որը ձգտում է միջնորդ հանդիսանալ Մերձավոր Արեւելքի եւ Արեւելք-Արեւմուտք կարեւոր գործարքներում, պետք է հասկանա՝ արդյո՞ք անդամակցությունը կբարձրացնի կամ կնվազեցնի նրա սակարկման ուժը:
Որոշ դիտորդներ BRICS+-ը համարում են 21-րդ դարի համարժեքը G77-ին՝ ՄԱԿ-ում չմիավորված երկրների կոալիցիային, որը ստեղծվել է 1964 թվականին: Բայց եթե չմիավորվածները իշխանություն էին փնտրում՝ միավորվելով, բազմադաշնակցայինները կարող են օգտագործել պաշտոնական եւ ոչ պաշտոնական կապերի լայն շրջանակ՝ ուժեղացնելու իրենց անհատական կամ բազմակողմ սակարկման ուժը ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրամիության եւ այլոց հետ:
Ցանկացած բանակցության ժամանակ ամենահզոր քարտը սեղանից հեռանալու կարողությունն է: Սրա հիմքում BATNA եզրույթն է՝ «բանակցված համաձայնագրի լավագույն այլընտրանքը»: Միջին տերությունները այլընտրանքներ են ստեղծում համաձայնագրերին, որոնք բանակցվում են արեւմտյան պայմաններով:
Չորս տարի առաջ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ելույթի հիմքում ժողովրդավարության վերականգնումն ու ամրապնդումն էր ԱՄՆ-ում եւ արտերկրում: Նա ձեռնամուխ եղավ ստեղծել գլոբալ ժողովրդավարական դաշինք, որպեսզի հակազդի անձնիշխանությանը, թեեւ իր նախագահության ընթացքում փոխեց դիրքորոշումը՝ ներառելով ոչ ժողովրդավարական երկրներ, որոնց հետ ԱՄՆ-ը պետք է գործ ունենար: Անվանենք դա «ժողովրդավարություններ+»:

Լուսանկարը` REUTERS
Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հրավիրեց իր երդմնակալությանը, որպեսզի ազդարարի իր հավատարմությունը դիվանագիտությանը: Թրամփն ասել է, որ մտադիր է «խաղաղարար եւ միավորող» լինել՝ պատերազմներին վերջ դնելու եւ նորերը կանխելու համար: Նա ամենից առաջ ցանկանում է «հաղթել» եւ շարունակել հաղթել, բայց ոչ թե զենքով, այլ գործարքներով:
Նման միջավայրում հաղթում է ամենաուժեղ սակարկողը։ Շատ երկրներ հաճույքով կգան բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ հնարավորություն կունենան հեռանալու, եթե առաջարկվող գործարքն իրենց սրտով չէ: Այս աշխարհը ոչ թե միաբեւեռ կամ բազմաբեւեռ համակարգ է, այլ պարզապես շուկա է հիշեցնում:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: