Դարոն Աճեմօղլու. Արհեստական բանականության առավելություններն ու վտանգները - Mediamax.am

exclusive
320 դիտում

Դարոն Աճեմօղլու. Արհեստական բանականության առավելություններն ու վտանգները


Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS

Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Becker Friedman Institute

Լուսանկարը` Becker Friedman Institute

Լուսանկարը` Becker Friedman Institute

Լուսանկարը` Becker Friedman Institute

Լուսանկարը` Becker Friedman Institute

Լուսանկարը` XLSemanal

Լուսանկարը` Fundacion BBVA


Ներկայացնում ենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագիտության պրոֆեսոր, 2024 թվականի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Դարոն Աճեմօղլու

Ինձ բախտ վիճակվեց մասնակցելու Փարիզում կայացած արհեստական բանականության (ԱԲ) Գործողությունների գագաթնաժողովին, որտեղ բազմաթիվ քննարկումներում ընդգծվեց արհեստական բանականությունը սոցիալապես ավելի շահավետ ճանապարհով ուղղորդելու անհրաժեշտությունը: Երբ Սիլիկոնյան հովտից (իսկ հիմա նաեւ ԱՄՆ կառավարության կողմից) ԱԲ-ի արագացման ավելի ու ավելի բարձր կոչեր են հնչում, օդի պես անհրաժեշտ էր այս հնարավորությունը՝ կենտրոնանալու այն ամենի վրա, ինչ մենք ուզում ենք տեխնոլոգիայից:


Ինչպես նշեցի իմ ելույթներից մեկում, պետք է սկսենք այս հարցից՝ ի՞նչն է արժեքավոր եւ արժե ընդլայնել մարդկային հասարակություններում: Մեզ առանձնահատուկ կամ գոնե էվոլյուցիոն առումով հաջողակ է դարձնում մեծ ու փոքր խնդիրների լուծումներ մշակելու, նոր բաներ փորձելու եւ դրանում իմաստ գտնելու մեր կարողությունը: Մենք կարող ենք ոչ միայն գիտելիք ստեղծել, այլեւ կիսվել դրանով: Թեեւ մարդկային ուղին ոչ միշտ է հարթ եղել (մեր հնարավորությունները, մեքենաներն ու գիտելիքները երբեմն մեծ վնաս են պատճառում), մշտական որոնումը եւ տեղեկատվության արդյունավետ փոխանակումը մեզ համար որոշիչ նշանակություն ունեն։

Ավելի քան 200 000 տարի տեխնոլոգիան կենտրոնական տեղ է զբաղեցրել պատմության մեջ: Քարե գործիքների ժամանակներից մինչեւ մեր օրերը մենք ստեղծել ենք խնդիրների լուծումները, իսկ բանավոր պատմվածքից սկսած եւ գրի գյուտից մինչեւ տպագրություն եւ ինտերնետ՝ մշակել ենք գիտելիքի փոխանակման նոր, ավելի լավ ձեւեր: Անցած 200 տարիների ընթացքում մենք նաեւ հասկացել ենք, թե ինչպես ավելի լավ եւ ազատ փորձեր իրականացնել եւ փոխանցել գիտելիքը: Գիտական գործընթացը մեզ տվեց հաստատված փաստեր, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր սերնդին հիմնվել նախորդների առաջընթացի վրա:

Վերջին երկու դարում երկրների մեծ մասը տպավորիչ աճ է գրանցել: Թեեւ տնտեսական զարգացումը հսկա անհավասարություն է ստեղծել երկրների միջեւ եւ դրանց ներսում, այսօր գրեթե ամենուր մարդիկ ավելի առողջ ու բարեկեցիկ են, քան 18-րդ դարում: ԱԲ-ն կարող է նպաստել այս միտմանը՝ լրացնելով մարդկային հմտությունները, տաղանդներն ու գիտելիքները, օգնելով ճիշտ որոշումների կայացմանը, գիտափորձերին եւ օգտակար գիտելիքի կիրառմանը:

Ոմանք կարող են հարց տալ՝ արդյո՞ք մեզ այս նպատակով անհրաժեշտ է ԱԲ-ն: Ի վերջո, մենք արդեն ապրում ենք տեղեկատվությամբ լի դարաշրջանում. այն ամենը, ինչ ցանկանում ենք (եւ շատ բան, որ չենք ցանկանում) տեխնիկապես հասանելի է ինտերնետի միջոցով: Բայց օգտակար տեղեկատվությունը քիչ է: Դժվար է գտնել այն, ինչ անհրաժեշտ է՝ կոնկրետ համատեքստում եւ ճիշտ ժամանակին:

Գործնական գիտելիքը, ոչ թե զուտ տեղեկատվությունը, բարձրացնում է գործարանի բանվորների արդյունավետությունը, թույլ է տալիս էլեկտրիկներին աշխատեցնել նոր սարքավորումը եւ կատարել ավելի բարդ առաջադրանքներ, օգնում է բուժքույրերին ավելի կարեւոր դեր խաղալ առողջապահական ոլորտում որոշումներ կայացնելիս եւ, ընդհանուր առմամբ, բոլոր հմտությունների եւ մասնագիտությունների մարդկանց ստանձնել նոր եւ ավելի արդյունավետ դերեր:

Ճիշտ մշակված եւ օգտագործված ԱԲ-ն կարող է մեզ բարեփոխել՝ ոչ միայն տրամադրելով «ուղեղի հեծանիվ», այլեւ ընդլայնելով ավելի մեծ ըմբռնումով մտածելու եւ գործելու մեր կարողությունը՝ առանց հարկադրանքի կամ մանիպուլյացիաների:
Դարոն Աճեմօղլուն Դարոն Աճեմօղլուն

Լուսանկարը` REUTERS


Այնուամենայնիվ, իր հսկա ներուժի շնորհիվ, ԱԲ-ն նաեւ ամենալուրջ սպառնալիքներից է, որին երբեւէ բախվել է մարդկությունը: Վտանգը ոչ միայն (կամ ոչ այնքան) այն է, որ գերխելացի մեքենաները մի օր կիշխեն մեզ, այլ այն, որ ԱԲ-ն կխաթարի սովորելու, փորձարկելու, գիտելիքների փոխանակման եւ մեր գործունեության մեջ իմաստ տեսնելու մեր կարողությունը: ԱԲ-ն կտրուկ կթուլացնի մեզ, եթե անընդհատ վերացնի մեր առաջադրանքներն ու աշխատատեղերը, չափազանց կենտրոնացնի տեղեկատվությունը, խանգարի հետազոտությանն ու փորձառական ուսուցմանը, թույլ տա մի քանի ընկերություններին կառավարել մեր կյանքը եւ ստեղծի երկաստիճան հասարակություն՝ մեծ անհավասարությամբ եւ կարգավիճակի տարբերությամբ: Այն կարող է նույնիսկ ոչնչացնել ժողովրդավարությունը եւ մարդկային քաղաքակրթությունը:

Վախենում եմ, որ հենց այս ուղով ենք ընթանում: Բայց ոչինչ կանխորոշված չէ: Մենք կարող ենք հասարակությունները կառավարելու ավելի լավ ձեւեր մշակել եւ ընտրել տեխնոլոգիայի ուղղություն, որը խթանում է գիտելիքների ձեռքբերումը եւ առավելագույնի հասցնում մարդկային բարգավաճումը: Մենք կարող ենք նաեւ ապահովել, որ ԱԲ-ն ավելի լավ աշխատատեղեր եւ ավելի մեծ հնարավորություններ ստեղծի բոլորի համար՝ անկախ կրթությունից եւ եկամուտների մակարդակից:

Բայց նախ հանրությունը պետք է գիտակցի, որ սոցիալապես ցանկալի այս ուղին տեխնիկապես իրագործելի է: ԱԲ-ն կշարժվի մարդուն շահավետ ուղղությամբ միայն այն դեպքում, եթե տեխնոլոգները, ինժեներներն ու ղեկավարները համագործակցեն ժողովրդավարական հաստատությունների հետ, եւ եթե ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Չինաստանի ծրագրավորողները լսեն հինգ միլիարդ մարդկանց, որոնք ապրում են աշխարհի այլ մասերում: Մենք փորձագետների խելամիտ խորհուրդների եւ քաղաքական գործիչների ոգեշնչող կառավարման մեծ կարիք ունենք, որոնք քաղաքականության եւ կարգավորող գործիքների միջոցով կխթանեն մարդակենտրոն ԱԲ-ն:

Բայց մեզ պետք է ավելին, քան կարգավորումը։ Հույս ունեմ, որ եվրոպական ԱԲ ընկերություններն ու հետազոտողները կապացուցեն, որ Սիլիկոնյան հովտի մոդելին այլընտրանքներ կան: Դրանց հասնելու համար եվրոպական հասարակությունը պետք է խրախուսի ԱԲ զարգացման սոցիալապես առավել շահավետ ուղղությունը, իսկ եվրոպական առաջնորդները պետք է ներդրումներ անեն թվային ենթակառուցվածքում, մշակեն կանոնակարգեր, որոնք չեն վանում ներդրումները ու տաղանդավոր ԱԲ հետազոտողներին, եւ ստեղծեն այնպիսի ֆինանսավորման մեխանիզմներ, որոնք կօգնեն հաջողակ սթարթափներին ընդլայնվել: Առանց սեփական հզոր ԱԲ արդյունաբերության, Եվրոպան գլոբալ ԱԲ-ի ուղղության վրա ազդելու քիչ կամ ոչ մի լծակ չի ունենա:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին