Ներկայացնում ենք The Atlantic ամսագրի հեղինակ Արաշ Ազիզիի Iran’s return to pragmatism հոդվածի հայերեն թարգմանությունը:
Արաշ Ազիզի
Իրանի նախագահի պաշտոնն ասես անիծված է։ Ներկայիս նախագահին նախորդող ութ տղամարդկանցից հինգը իրենց պաշտոնավարման ավարտից հետո հայտնվեցին քաղաքական լուսանցքում, երկուսը պաշտոնավարման ընթացքում դաժան մահի արժանացան (ռմբակոծություն 1981-ին, ուղղաթիռի վթար 2024-ին): Միակ բացառությունը Ալի Խամենեին է, որը հետագայում գերագույն առաջնորդ դարձավ:
Հասան Ռոհանին՝ 2013-ից 2021 թվականներին Իրանի կենտրոնամետ նախագահը, կարող է հաղթահարել անեծքն ու վերադառնալ քաղաքականություն:
Այս հեռանկարը մինչեւ վերջերս անիրականանալի էր թվում: Մի կողմից կոշտ գծի ջատագովների, մյուս կողմից՝ Իսլամական հանրապետության հակառակորդների կողմից ճնշված՝ վարչակարգի կենտրոնամետներն ու բարեփոխիչները ասես այլեւս գոյություն չունեին: Ռոհանին իր կառավարման վերջին տարիներին Իրանի ամենաատելի մարդկանցից էր։ Նրա կարեւոր ձեռքբերումը՝ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը Օբամայի վարչակազմի եւ հինգ այլ հզոր երկրների հետ, ոչնչացվեց, երբ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին դուրս եկավ համաձայնագրից:
Իրանի անվտանգության ուժերը, որոնք չեն վերահսկվում նախագահի կողմից, 2017 եւ 2019 թվականներին հարյուրավոր ցուցարարների սպանեցին, մինչ նա պարզապես դիտում էր: Ռոհանիին որպես նախագահ հաջորդեց կոշտ դիրք ունեցող Էբրահիմ Ռաիսին, որն ընտրվեց 2021-ի ոչ մրցակցային ընտրություններում: Խամենեիի աջակցությամբ կոշտ գծի ջատագովները շարունակեցին գրավել Թեհրանում իշխանության բոլոր հասանելի դիրքերը: Անցյալ հունվարին Ռոհանին չկարողացավ նույնիսկ առաջարկել իր թեկնածությունը 2000-ից զբաղեցրած իր աթոռի համար Փորձագետների ասամբլեայում՝ գերագույն առաջնորդին ընտրող մարմնում:
Բայց 2024-ի իրադարձությունները փոխեցին ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արեւելքում եւ Իրանում: Իսրայելի կողմից Համասին եւ Հեզբոլլահին հասցված հարվածները մեծապես թուլացրին Իրանի այսպես կոչված Դիմադրության առանցքը: Դագաղին խփված վերջին մեխը Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումն էր: Խամենեիի արտաքին քաղաքականությունն այժմ վերածվել է ավերակների։ Անցյալ տարի Իրանն ու Իսրայելն իրենց պատմության մեջ առաջին անգամ հրթիռային եւ ԱԹՍ հարձակումներ իրականացրին միմյանց տարածքների վրա։ 2024թ. մայիսին ուղղաթիռի վթարի հետեւանքով Ռաիսիի մահից հետո Խամենեին թույլ տվեց բարեփոխիչ Մասուդ Պեզեշքիանին առաջադրել իր թեկնածությունը եւ հաղթել նախագահական ընտրություններում, ինչը նշանակալի զիջում էր, քանի որ բարեփոխիչները գրեթե երկու տասնամյակ հեռացվել, եթե չասենք՝ բացառվել էին ազգային քաղաքականությունից: Այժմ Ռոհանիի ականավոր արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը վերադարձել է Պեզեշքիանի ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում։ Ե՛վ Ռոհանին, եւ՛ Զարիֆը քարոզել էին Պեզեշքիանի օգտին եւ հայտնվել հաղթող թիմում:

Լուսանկարը` REUTERS
Երկրին միջազգային մեկուսացում, ներքին բռնաճնշումներ ու տնտեսական կործանում բերելուց հետո կոշտ գծի կողմնակիցների դեմքերը շառագունած են: Թեեւ գրեթե 86-ամյա Խամենեին դեռ ղեկավարում է, նա կորցրել է ոչ միայն ժողովրդի, այլեւ վերնախավերի հարգանքը, եւ նրան հաջորդելու պայքարն արդեն սկսվել է: Վերջերս Խամենեին ազդարարել է, որ գուցե հետեւի փողերի լվացման դեմ պայքարի պայմաններին, որոնք սահմանվել են Փարիզի Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի կողմից: Եթե Իրանը հույս ունի լուծել իր տնտեսական խնդիրները, այլ ելք չկա. երկիրը ներկայում խմբի սեւ ցուցակում երեքից մեկն է (մյուս երկուսը Հյուսիսային Կորեան եւ Մյանմարն են): Սակայն սա վաղուց արդեն ցավալի հարց էր կոշտ գծի կողմնակիցների համար, որոնք այս համագործակցությունը համարում են կապիտուլյացիա Արեւմուտքի առաջ եւ վախենում են, որ այն կստիպի Իրանին կրճատել իր աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին:
Համարձակ Ռոհանին կրկին ուշադրության կենտրոնում է՝ ելույթներ ունենալով եւ պաշտպանելով իր պաշտոնավարումը: Վերջին մի քանի ամիսներին նա բազմիցս բողոքել է, որ իր վարչակազմը կարող էր ուղղակիորեն շփվել Թրամփի հետ, բայց դա արգելվեց: (Սա ակնարկ է Խամենեիին, որը 2019-ին հրապարակայնորեն մերժեց Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Սինձո Աբեի հաղորդագրությունը, որը նա բերել էր Թեհրան Թրամփի անունից): Ռոհանին «աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության» կոչ է արել, ինչը վարչակարգի լեզվով նշանակում է բանակցել Միացյալ Նահանգների հետ՝ պատժամիջոցները մեղմացնելու համար: «Իրանի ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց պատժամիջոցների հարցի»,- վերջերս ասել է նա։ Ռոհանին կոչ է արել նաեւ «անսալ ժողովրդի մեծամասնության կամքին» եւ ավելի ազատ ընտրություններ անցկացնել։ Այս հայտարարությունների համար նրան նոր հարձակումների թիրախ դարձրին կոշտ գծի ջատագովները, ինչպիսին է Սայիդ Ջալիլին, որը անցյալ տարի ընտրություններում պարտվեց Պեզեշքիանին:

Լուսանկարը` REUTERS
Այս կուսակցական վիճաբանությունը տվյալ դեպքում կարեւոր է: Ռոհանին խոսում է իրանական իսթեբլիշմենտի այն մասի անունից, որը պրագմատիկ պատճառներով մերժում է Խամենեիի հոխորտանքը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հասցեին: Ռոհանին շատ առումներով այաթոլլա Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի քաղաքական ժառանգորդն է՝ երբեմնի հզոր նախագահի, որն ի վերջո հակադրվեց Խամենեիին եւ մահացավ 2017 թվականին: Ռաֆսանջանիին եւ Ռոհանիին հաճախ համեմատում են Չինաստանի հանգուցյալ առաջնորդ Դեն Սյաոպինի հետ: Նրանք ձգտում էին Իրանը գաղափարապես հակաարեւմտյան պետությունից վերածել տեխնոկրատականի` պրագմատիկ, նույնիսկ արեւմտամետ արտաքին քաղաքականությամբ: Իր նախագահության ընթացքում Ռոհանին պետական այցեր կատարեց Ֆրանսիա եւ Իտալիա ու մեղադրվեց Չինաստանի եւ Վենեսուելայի հետ Իրանի հարաբերություններն անտեսելու մեջ։ Նրա կառավարությունում բազմաթիվ ամերիկյան կրթություն ստացած տեխնոկրատներ կային, իսկ նրա վարչակազմը անգամ փորձեց ամերիկյան Boeing ինքնաթիռներ գնել:
Իրանի կենտրոնամետները պակաս հետաքրքրված են ժողովրդավարացումով, քան բարեփոխիչները, եւ կենտրոնացած են տնտեսական զարգացման եւ լավ կառավարման վրա: Այս շեշտադրումը թույլ է տալիս նրանց ընդլայնել իրենց համակիրների շրջանակը: Ռոհանիի պրագմատիկ զարգացման օրակարգը տարբեր աստիճանով կիսում են ոչ միայն բարեփոխիչները, այլեւ շատ հզոր պահպանողականներ, այդ թվում՝ Լարիջանի եղբայրները (հարուստ կղերական կլանը, որը մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ է տվել), խորհրդարանի նախկին նախագահ Ալի Աքբար Նաթեք Նուրին, ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին եւ նույնիսկ խորհրդարանի ներկայիս խոսնակը՝ Մոհամմադ-Բաղեր Քալիբաֆը (որը տարիներ շարունակ եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատար)։

Լուսանկարը` REUTERS
Իրանի ներկայիս թուլությունն ու հուսահատությունը Ռոհանիին եւ նրա դաշնակիցներին հնարավորություն են տալիս հետ վերցնել իշխանությունը: Նրանք կհայտնվեն բարենպաստ դիրքում այն անխուսափելի պահին, երբ Խամենեին մահանա, եւ պետք է ընտրվի հաջորդ գերագույն առաջնորդը:
Ռոհանին ունի որակներ, որոնք պետք կգան իշխանության այս ներքին պայքարում։ Ի տարբերություն բարեփոխիչ հոգեւորականների, ինչպիսին նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին էր, նա խորամանկ խաղացող է, որը տասնամյակներով զբաղեցրել է անվտանգության բարձրագույն պաշտոններ՝ նախքան նախագահ դառնալը: (Խաթամին Իրանի գլխավոր գրադարանավարն էր եւ մշակույթի նախարարը, Ռոհանին՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը)։ Իր նախագահության երկու ժամկետների ընթացքում Ռոհանին անվախ դիմակայեց ուժային հակառակորդ կենտրոններին, օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Արեւմուտքի հետ բանակցելու նրա փորձը Օբամայի ժամանակներից դեռ շատ առաջ էր սկսվել: 2000-ականների սկզբին նա գլխավորեց Իրանի միջուկային բանակցությունների առաջին թիմը՝ վաստակելով «դիվանագիտական շեյխ» մականունը: 1980-ականների կեսերին Ռոհանին գլխավորեց բանակցային թիմը, որը հանդիպեց նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Մաքֆարլեյնի հետ՝ ԱՄՆ-ում «Իրան-Կոնտրաս» անունով հայտնի «զենք պատանդների դիմաց» գործարքի շրջանակներում: 1986-ին Ռոհանին նույնիսկ հանդիպեց Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ամիրամ Նիրի հետ (որը ներկայանում էր որպես ամերիկացի), որպեսզի օգնություն խնդրի իրանական կոշտ գծի կողմնակիցների դեմ պայքարելու համար:

Լուսանկարը` REUTERS
Բայց արդյո՞ք Ռոհանին իշխանության վերադառնալու իրական շանսեր ունի: Թեհրանից, ինչպես միշտ, հակասական ձայներ են հնչում։ Ըստ պահպանողական նախկին պաշտոնյայի, որը Թեհրանից ինձ հետ խոսեց հեռախոսով, Ռոհանին Խամենեիին գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինելու գլխավոր թեկնածուն է: Պաշտոնյան խնդրեց անանուն մնալ, քանի որ «մեզ հանձնարարվել է չքննարկել իրավահաջորդության հարցը»: Բարձրաստիճան հոգեւորականը եւ նախկին բարեփոխիչ պատգամավորը նույնպես ասացին, որ իրենց արգելվել է խոսել այս մասին, բայց նկատեցին, որ Ռոհանիի շանսերն աճում են։ Նրանք հրաժարվեցին կանխատեսել՝ արդյոք նա կարող է դառնալ գերագույն առաջնորդ:
Բարեփոխիչ հոգեւորական Մոհամմադ Թաքի Ֆազել Մեյբոդին այնքան էլ հուսառատ չէ․«Ես չեմ հավատում, որ Ռոհանիի նման մարդիկ կարող են շատ բան անել, - ասաց նա ինձ հեռախոսով Քոմի իր տնից: - Նրանք իշխանություն չունեն, կոշտ գծի կողմնակիցները նրանց դեմ են: Վերջիններս շարունակում են ընդդիմանալ ԱՄՆ-ին եւ ունեն գաղափարական աշխարհայացք: Նրանք վերահսկում են խորհրդարանը եւ շատ այլ մարմիններ»։
Նախկին բարեփոխիչ պատգամավոր Ֆաթեմեհ Հաղիղաթջուն, որն այժմ Բոստոնում բնակվող ակտիվիստ է, կարծում է, որ վարչակարգը կձգտի գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության: «Վարչակարգում վաղուց երկու տեսակետ կա,- ասաց նա ինձ, - զարգացմանը միտված եւ Իսլամական հեղափոխությունը արտահանելու միտված: Վերջինիս նախագիծն այժմ տապալված է։ Իրանը այլ ելք չունի, քան վերադառնալ զարգացմանը»: Նույնիսկ եթե իրականանա ամենավատ սցենարը, եւ Մոջթաբա Խամենեին՝ առաջնորդի որդին, որը հայտնի է անվտանգության կառույցների հետ իր կապերով, փոխարինի հորը, նա նույնպես ստիպված կլինի որդեգրել զարգացման ուղին, ասում է Հաղիղաթջուն:
Նա հուսով է, որ Թրամփի նոր վարչակազմը՝ անցյալի նորմերը խախտելու իր պատրաստակամությամբ, հնարավորություն կընձեռի կարգավորել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները: Նման մոտեցումը «ուժ կհաղորդի զարգացում ցանկացողներին, հատկապես հիմա, երբ Դիմադրության առանցքը թուլացել է», - ասաց նա:
Խամենեին շարունակում է դիմակայել նման պատկերացումներին։ Հունվարի 8-ի իր ըմբոստ ելույթում նա քննադատեց ԱՄՆ-ն որպես իմպերիալիստական տերություն եւ խոստացավ, որ Իրանը կշարունակի «աջակցել դիմադրությանը Գազայում, Հորդանան գետի Արեւմտյան ափին, Լիբանանում եւ Եմենում »: Նա քննադատեց «նրանց, ովքեր ցանկանում են, որ բանակցենք ԱՄՆ-ի հետ… եւ ԱՄՆ դեսպանատուն ունենանք Իրանում»:

Լուսանկարը` REUTERS
Սակայն Իրանը ծանր վիճակում է, եւ գերագույն առաջնորդը չի կարող անվերջ անտեսել փաստերը: Շատ առումներով նա նման է իր նախորդին՝ Այաթոլլահ Խոմեյնիին, հեղափոխական առաջնորդին, որն ասել էր, որ 1988-ին Իրաքի հետ հրադադարի ընդունումը նման է «թույնի բաժակ խմելուն»: Տարիներ շարունակ խոստանալով, որ Իրանը կշարունակի պայքարել, մինչեւ չտապալի Սադամ Հուսեյնին, Խոմեյնին կտրուկ շրջադարձ կատարեց՝ հուսահատությունից եւ Ռաֆսանջանիի եւ Ռոհանիի հորդորով։ (Երիտասարդ Զարիֆը, որն այն ժամանակ ՄԱԿ-ում Իրանի առաքելության դիվանագետ էր, օգնեց գրել Իրանի նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ պաշտոնապես ընդունել հրադադարը):
Շատ վերլուծաբաններ այժմ բարձրաձայն մտածում են՝ արդյո՞ք Խամենեին նույնպես կխմի իր թույնի բաժակը: Նա գուցե այլ ելք չունենա։ Հին այաթոլլահի նախագիծն ակնհայտորեն ծանծաղուտի մեջ է ընկել է, իսկ Իրանի պրագմատիկների առագաստներում նոր քամի է փչում:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: