Թրամփն ու Մասկը վերաձեւակերպում են ամերիկյան օգնության հարացույցը - Mediamax.am

921 դիտում

Թրամփն ու Մասկը վերաձեւակերպում են ամերիկյան օգնության հարացույցը


USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին
USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր

USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին
USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր

USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին
USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ձեզ ենք ներկայացնում Իտալիայի Ուրբինո Կառլո Բո համալսարանի ինստիտուտների եւ միջազգային հարաբերությունների պատմության պրոֆեսոր Իգոր Պելիչիարիի հոդվածի թարգմանությունը:

Իգոր Պելիչիարի

USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) լուծարման մեկնարկը բուռն արձագանք է առաջացրել: Սա վերջերս ստեղծված DOGE-ի՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի առաջին տեսանելի արդյունքն է, որը ղեկավարում է Իլոն Մասկը: DOGE-ն ստեղծվել է հսկայական դաշնային ապարատի արմատական կրճատման, վատնումների եւ բյուրոկրատական անարդյունավետության բացահայտման նպատակով:

Իրական անակնկալը ոչ թե պետական կառավարման վրա հարձակումն էր, այլ DOGE-ի ընտրությունը՝ սկսել հենց միջազգային օգնությունից (տարեկան բյուջեն՝ $‌ 40 մլրդ), այլ ոչ թե պետական ծախսերի տեսանկյունից շատ ավելի նշանակալի ոլորտներից՝ առողջապահությունից, կրթությունից, տրանսպորտից, էլ չենք խոսում պաշտպանության մասին (բյուջեն՝ գրեթե $‌ 900 միլիարդ):

Արեւմտյան օգնության վե՞րջը

Այս միջոցառման սահմանադրականության վերաբերյալ կասկածներից զատ, շատերը դրանում տեսնում են Միացյալ Նահանգների հրաժարումը միջազգային օգնություն ցուցաբերելուց, որն այսօր արտաքին քաղաքականության կենտրոնական գործիք է գլոբալ մասշտաբով: Մտահոգությունն այն է, որ դա տեղ կազատի մրցակիցների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի օգնության քաղաքականության համար: Դրա ականատեսը եղանք COVID-19 համավարակի ժամանակ, երբ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն առաջարկվում էր աշխարհաքաղաքական նպատակներով, երբ Արեւմուտքը սեփական պատվաստանյութերի պակաս ուներ:

Ռիսկն առկա է, քանի որ միայն USAID-ի գործունեության դադարեցման հայտարարությունը ցնցեց միջազգային համագործակցության ողջ աշխարհը՝ մի ոլորտ, որտեղ ԱՄՆ-ն պատմականորեն անվիճելի առաջատար էր 1949 թվականից, երբ Հարի Թրումենը հրապարակեց նշանավոր «Չորս կետ» ծրագիրը: USAID-ը թիրախ դարձնելու DOGE-ի որոշման հիմքում ընկած է ներքին եւ միջազգային քաղաքական պատճառների հստակ համախումբ:

Գրոհ «խորքային պետության» դեմ

DOGE-ը ստեղծվել է որպես «խորքային պետության» դեմ պայքարի գործիք, որը կառավարման առաջին ժամկետի ընթացքում խոչընդոտում էր Դոնալդ Թրամփի հրահանգների իրականացմանը, հատկապես՝ արտաքին քաղաքականության մեջ: Վաշինգտոնյան կառավարական մեքենային անսովոր նյույորքյան մագնատն իր առաջին ժամկետում հիմնականում հակամարտում էր Պետդեպարտամենտի հետ՝ թերագնահատելով USAID-ը եւ դիտարկելով այն որպես երկրորդական գործակալություն:

Երկրորդ ժամկետում Թրամփը գիտակցեց, որ օգնության կառավարումն ունի նույնպիսի ռազմավարական նշանակություն, ինչպես ավանդական դիվանագիտությունը, եւ հանդիսանում է միջազգային հարաբերությունների վրա ուղղակի ազդեցության գործիք: Արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողություն ստանալու համար նա անհրաժեշտ է համարում նվազեցնել «խորքային պետության» ազդեցությունը թե՛ USAID-ում, թե՛ Պետդեպարտամենտում:

Գրոհ Դեմոկրատական կուսակցության դեմ

USAID-ը թիրախ դառնալու մեկ այլ պատճառը սուր հակամարտությունն է Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցության միջեւ, որը ընտրություններից հետո չի մեղմացել, այլ, ընդհակառակը, հասել է սոցիալ-մշակութային բեւեռացման մակարդակի, որն շատ ավելի հեռու է գնում պարզ քաղաքական հակամարտությունից: USAID-ի փակումը նաեւ փորձ է լուրջ հարված հասցնել Դեմոկրատական կուսակցության մեքենայի կազմակերպչական կայունությանը:

USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ինչպես եւ բոլոր խոշոր պետական նվիրատուները, USAID-ը հաճախ օգտագործում է արտաքին գործակալություններ-կատարողներին (ոչ կառավարական կազմակերպություններ, մասնավոր կապալառուներ եւ այլն), որոնք հսկայական փորձ են կուտակել եւ ինտեգրվել են հասարակություններում ամբողջ աշխարհում: Սա ստեղծել է համախոհների եւ պաշտոնյաների սերտ համայնք: Միացյալ Նահանգներում, ինչպես եւ այլ երկրներում, այս միջավայրում գերիշխում են ինստիտուցիոնալ ձեւավորված պրոգրեսիվ դերակատարները, որոնք, անշուշտ, ստանում են քաղաքական եւ տնտեսական օգուտներ (ինչը, իհարկե, ավելի հաճախ հարցեր է առաջացնում նպատակահարմարության եւ լեգիտիմության, քան իրավական նորմերի պահպանման վերաբերյալ):

Օգնության տրամադրման համակարգի վերակառուցումը նշանակում է տեղական կազմակերպությունների ազդեցության կտրուկ նվազեցում, որոնք սնուցում են մասնաճյուղերը: Սա վերաբերում է, օրինակ, Ազգային ժողովրդավարական ինստիտուտին (NDI), որը փաստացի Դեմոկրատական կուսակցության օրգանական մասն է (ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված ոչ կառավարական կազմակերպություն՝ զարգացող երկրներում ժողովրդավարության խթանման համար), որի քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսների վրա է հենվում ամերիկյան կուսակցական մոդելի գործունեությունը:

Օգնության լեգիտիմության ճգնաժամը

USAID-ի գործունեությունը կասեցնելիս DOGE-ն գործակալության նկատմամբ կոշտ պատում կիրառեց: Մասկի գրառման մեջ հրամայական արտահայտություն հնչեց. «USAID-ը հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ այն մահանա», որին հաջորդեց ծրագրերի երկար ցանկ (մինչ օրս մշտապես թարմացվող), որոնք ապացուցում են կազմակերպության դեմ մեղադրանքների արդարացիությունը՝ չափազանցված ծախսերի, ինքնամփոփության, անարդյունավետության, հսկայական ռեսուրսների վատնողական ծախսման, կոռուպցիայի մեջ:

DOGE-ն ընտրեց միջազգային օգնության ոլորտը որպես կատարյալ թիրախ՝ հաշվի առնելով հասարակության մեջ լայն տարածված զայրույթի եւ անվստահության զգացումը պետական վարչակազմի եւ ավանդական քաղաքականության նկատմամբ: Այս տրամադրություններին նպաստում է միջազգային օգնության լեգիտիմության խորը ճգնաժամը՝ գործընթաց, որը շարունակվում է մի քանի տասնամյակ եւ արագացել է COVID-19-ի ճգնաժամով եւ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկով պայմանավորված: Այն զգացողությունը, որ համակարգն աշխատում է ինքն իր համար՝ զուգակցված հռչակված արժեքների եւ կոնկրետ շահերի միջեւ խզման հետ, այս ոլորտը հատկապես խոցելի է դարձրել պոպուլիստական քննադատության համար: Աճում է կասկածը, որ օգնությունն ավելի շատ համապատասխանում է նվիրատուների, քան ստացողների շահերին: Այս կարծիքը տարածում են սոցիալական ցանցերը, փոդքասթները եւ YouTube-ի ալիքները, որտեղ հաճախ գերիշխում է MAGA-ի (Make America Great Again) տիեզերքը:

Օգնությունն ըստ Թրամփի

Այսպիսով, Թրամփի նպատակը ոչ այնքան հրաժարվելն է միջազգային օգնության քաղաքականությունից՝ որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիքից, որքան դրա հարացույցը վերաձեւակերպելը: Այստեղ նա կհետեւի երկու միտումների, որոնք նկատվում են աշխարհում խոշոր պետական դոնորների շրջանում:
USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին USAID նախկին ղեկավար Սամանթա Փաուէրը Հայաստանի եւ Արցախի սահմանին 2023թ. սեպտեմբերին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Երկրի ներսում նա կկենտրոնանա երկկողմ օգնության վրա՝ հրաժարվելով բազմակողմանիից, եւ կփորձի վերադարձնել ազդեցությունը այս ոլորտում Պետդեպարտամենտին, որպեսզի ապահովի ավելի մեծ ներդաշնակություն (կարդա՝ վերահսկողություն) օգնության եւ արտաքին քաղաքականության միջեւ՝ հետապնդելով ազգային շահերը (կարդա՝ նախագահի առաջնահերթությունները):

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները («կարեւոր է առանձնացնել USAID-ը օգնության ծրագրերից») եւ նպատակը՝ կրճատել գործակալության աշխատակիցների թիվը 10 հազարից մինչեւ մի քանի հարյուրի, խոսում են USAID-ը Պետդեպարտամենտի կազմում ներքին վարչություն կամ ստորաբաժանում դարձնելու ցանկության մասին:

Մաքսատուրքերը որպես օգնություն

Միջազգային մակարդակում Թրամփը, ամենայն հավանականությամբ, հղում է կատարելու միջամտական օգնության նոր մոդելին, որը ծագել է Ուկրաինայում մարտական գործողությունների սկսվելուց հետո: Սա օգնության շատ լայն տեսակ է, որը դասական մարդասիրական միջամտություններից շատ ավելի հեռու է գնում, օգտագործվում է բացահայտորեն եւ ըստ լռելյայն համաձայնության որպես մարտավարական գործիք՝ անգամ առճակատման համար, երբ դա անհրաժեշտ է: Այսպիսի դասավորությունը համապատասխանում է Թրամփի արտաքին քաղաքական տեսլականին: Ուկրաինական արշավի ժամանակ որպես զենք օգտագործված պատժամիջոցներից մինչեւ Թրամփի սիրելի առեւտրային պատերազմներում սակագների համակարգված օգտագործումը՝ փոքր քայլ է: Իսկ ճանապարհն արդեն հարթված է:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին