Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Ալեքսանդր Աթասունցեւի Забытые Трампом. Куда толкает Грузию отсутствие перезагрузки с Вашингтоном հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալեքսանդր Աթասունցեւ
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաճախ ռուսամետ են անվանում: Սակայն այն հազիվ թե կարողանար այդքան երկար իշխանության մնալ, եթե իրականում հրաժարվեր արեւմտամետ ուղղության թեկուզ հռետորական աջակցությունից. վրացական հասարակության մեջ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը չափազանց մեծ է: Ավելի շուտ, «Երազանքին» հաջողվել է համոզել վրացի ընտրողների զգալի մասին, որ Արեւմուտքի հետ մերձեցումը պարզապես հետաձգվում է՝ մինչեւ այնտեղ իշխանության կվերադառնան «առողջ» ուժերը, որոնք կիսում են «իսկական» արեւմտյան արժեքները:
Թվում էր, այդ պահը եկավ՝ ԱՄՆ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը: Սակայն Թբիլիսիին չի հաջողվում հարաբերություններ հաստատել ամերիկյան նոր վարչակազմի հետ: Եվ դա «Վրացական երազանքին» դնում է բարդ ընտրության առջեւ: Այժմ նա պետք է կա՛մ լուրջ զիջումների գնա՝ Արեւմուտքի հետ երկխոսությունը վերականգնելու համար, կա՛մ սկսի վտանգավոր փորձարկում վրացիների մտածելակերպը փոխելու ուղղությամբ, որոնց բացարձակ մեծամասնությունն իրեն արեւմտյան աշխարհի մաս է համարում:
«Երազանքի» հույսերը
2024 թվականին «Վրացական երազանքը» ցույց տվեց, որ պատրաստ է զոհաբերել Արեւմուտքի հետ հարաբերությունները՝ Վրաստանում իր իշխանությունն ամրապնդելու համար: Սա տեսականորեն պետք է հեղափոխության հանգեցներ մի երկրում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ արեւմտամետ քաղաքականություն վարելու պարտավորությունը ամրագրված է սահմանադրությամբ: Սակայն «Երազանքին» հաջողվեց պահպանել իշխանությունը՝ խաղալով ընդդիմության մասնատվածության եւ Ռուսաստանի հետ պատերազմի վախի վրա:
Կարեւոր դեր ունեցավ նաեւ այն, որ կուսակցությունը, չնայած Բրյուսելի հետ իր վեճերին, երբեք չի հրաժարվել Արեւմուտքի հետ մերձեցման գաղափարից: ԵՄ-ի հետ բանակցությունների դադարեցման շուրջ նրա ողջ հռետորաբանությունը կառուցված էր պատասխանատվության փոխանցման վրա:
Վրացական իշխանությունները կրկնում էին, որ Բրյուսելի հետ հարաբերությունների վատթարացումը հրահրել է ոչ թե Թբիլիսին, այլ Արեւմուտքում գործող «պատերազմի գլոբալ կուսակցությունը», որը ցանկանում է երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ:

Լուսանկարը` REUTERS
«Վրացական երազանքի» այս հռետորաբանությունը մասամբ անկեղծ էր: Կուսակցությունում իրոք մեծ հույսեր էին կապում Դոնալդ Թրամփի իշխանության գալու հետ: Նրան դիտարկում էին որպես մարդու, ով պատրաստ է վարել գաղափարախոսությունից զերծ արտաքին քաղաքականություն: Անցյալ տարվա վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասում էր, որ «Երազանքը» «հնարավոր ամեն ինչ կանի» ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերագործարկելու համար:
Թրամփի գալուստը պետք է կարգավորեր Թբիլիսիի հարաբերությունները Արեւմուտքի հետ մեկ այլ պատճառով եւս: «Երազանքի» հիմնադիր եւ ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կանխատեսում էր, որ 2025 թվականին՝ ամերիկյան վարչակազմի փոփոխությունից հետո, կավարտվի պատերազմը Ուկրաինայում: Այդ ժամանակ Վրաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններից կվերանա գլխավոր գրգռիչը՝ երկիրը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու փորձը, ինչպես կարծում են Թբիլիսիում:
Վերջապես, «Երազանքը» հույս ուներ մերձենալ նոր ամերիկյան վարչակազմի հետ ընդհանուր պահպանողական արժեքների հիման վրա: Վերջին մի քանի տարվա ընթացքում կուսակցությունը վերածվել է տիպիկ աջ պոպուլիստական ուժի՝ դառնալով երկրում ավանդական արժեքների գլխավոր պաշտպանը: «Երազանքում» սկսեցին գրեթե բառացիորեն կրկնել Թրամփի թեզերը՝ խոսելով «խորքային պետության» մասին, որը կառավարում է արեւմտյան երկրները եւ խանգարում Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Ընդդիմության հաջողությունները
Այնուամենայնիվ, չնայած գաղափարական մտերմությանը, «Երազանքին» չի հաջողվում օգտվել ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից: Ո՛չ Թրամփը, ո՛չ էլ նրա վարչակազմից որեւէ մեկը Վրաստանն առայժմ ընդհանրապես չեն հիշատակել: Ոչինչ հայտնի չէ նաեւ Հարավային Կովկասում Վաշինգտոնի նոր ռազմավարության մասին: Սպիտակ տունն այժմ ակնհայտորեն զբաղված է ԱՄՆ-ի համար ավելի գլոբալ եւ հրատապ խնդիրներով՝ սակագնային պատերազմով, միգրացիայի դեմ պայքարով եւ Ուկրաինայի խաղաղության ծրագրով:
Թրամփը չեղյալ չի հայտարարել նախորդ վարչակազմի հրամանագրերը Վրաստանին ֆինանսական աջակցության սառեցման եւ ռազմավարական գործընկերության կասեցման մասին: Եվ դատելով ԱՄՆ արտաքին օգնության մասշտաբային վերանայումից, որն այժմ ընթանում է Վաշինգտոնում, այստեղ հազիվ թե որեւէ բան փոխվի մոտ ապագայում:
«Երազանքի» ներկայացուցիչներից ոչ ոք չեն հրավիրվել Թրամփի երդմնակալությանը: Ավելին, արարողությանը ներկա էր ընդդիմադիր դարձած Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. նա հրավեր էր ստացել հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի միջոցով: Այսինքն՝ նույնիսկ Թրամփի օրոք վրացական ընդդիմությանն ավելի լավ է հաջողվում հարաբերություններ հաստատել Արեւմուտքի հետ, քան «Երազանքին»:

Լուսանկարը` REUTERS
Եվրոպայում ընդդիմության ջանքերը նույնպես ավելի արդյունավետ են: «Երազանքի» ընդդիմախոսները դանդաղ, բայց հաստատուն կերպով ԵՄ-ին համոզում են վիճարկել դեպի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Քվեարկությունից հետո դիտորդների զեկույցներն այնպես էին գրված, որ եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունները ցանկության դեպքում կարող էին դրանք մեկնաբանել իրենց օգտին: Սակայն անցյալ տարվա վերջին Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրները կոչ արեցին Թբիլիսիին անցկացնել նոր ընտրություններ, իսկ արդեն նոր տարում ԵԽԽՎ-ն հրաժարվեց վավերացնել վրացական պատվիրակության մանդատները, քանի դեռ երկրում նոր ընտրություն չի անցկացվել:
Ինչի մասին երազել
«Արեւմուտքի հետ վերագործարկման» ձախողումը կարող է մեծ խնդիր դառնալ իշխող կուսակցության համար: Չնայած արեւմտյան մայրաքաղաքների հետ բոլոր վեճերին՝ նախորդ տարիներին «Երազանքը» մնում էր անխորտակելի, քանի որ միշտ պահպանում էր հարաբերությունների կարգավորման պատուհանը: Եվ՛ Բրյուսելը, եւ՛ Բայդենի օրոք Վաշինգտոնը կարող էին քննադատել Թբիլիսիին, բայց ոչ ոք չէր ասում, որ քանի դեռ Վրաստանում իշխանության է «Երազանքը», երկրի համար փակ է ԵՄ-ին անդամակցության ճանապարհը: Քննադատությունը շատ ավելի թիրախային էր եւ հիմնականում վերաբերում էր կոնկրետ օրենքներին, որոնք վերջին տարիներին ընդունել էր իշխող կուսակցությունը:

Լուսանկարը` REUTERS
Այսինքն՝ «Երազանքը» պահպանում էր հնարավորությունը պարզապես չեղարկելու Արեւմուտքին գրգռող որոշ օրենքներ, խորհրդանշական զիջումներ անելու ընդդիմությանը եւ վերսկսելու ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: Ըստ էության, այդպես էր եղել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները ընդդիմադիր կուսակցությունները նույնպես չէին ճանաչել: «Երազանքը» համաձայնել էր բանակցությունների ընդդիմախոսների հետ՝ Եվրոպական Խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ այդպիսով հաղթահարելով եւ՛ Արեւմուտքի հետ հարաբերություններում ճգնաժամը, եւ՛ հենց Վրաստանում եվրաինտեգրման բազմաթիվ կողմնակիցների եռացող դժգոհությունը:
Այժմ վրացական իշխանությունները մոտենում են մի կետի, որտեղ Արեւմուտքում կարող են պարզապես բավականաչափ ազդեցիկ առաջնորդներ չմնալ, ովքեր պատրաստ են Թբիլիսիի հետ խոսել հարաբերությունների հետագա զարգացման մասին: Եվ դա պետք է ինչ-որ կերպ բացատրել վրացական հասարակությանը:
Առայժմ տեսանելի չէ, որ «Երազանքում» պատրաստվում են զիջումների գնալ: Ավելի շուտ՝ հակառակը, կուսակցությունը պատրաստվում է պայքարել հասարակական դժգոհության նոր բռնկումների դեմ: Բողոքի ցույցերը զսպելու համար երկրում խստացվում են ցույցերին մասնակցելու համար նախատեսված պատիժները:

Լուսանկարը` REUTERS
Իշխանությունները կարող են նաեւ սկսել իրականացնել իրենց նախընտրական սպառնալիքները՝ բանտարկել բոլոր հակառակորդներին: Ընդ որում՝ ընդդիմության դեմ պայքարը տարվում է ոչ միայն օրենքների խստացման միջոցով. ընդդիմադիրների վրա փողոցներում սկսել են հարձակվել անհայտ անձինք:
Արդյունքում «Վրացական երազանքի» ռեժիմն անցնում է իր համար նոր վիճակի, երբ վերջնականապես անհետանում է հեռանկարը, որ երկիրը կարող է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով ներկայիս իշխանությունը: Վրաստանին սպասում է վտանգավոր փորձ՝ համատեղել այս ամենը արեւմտամետ հասարակության հետ:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: