Ներկայացնում ենք The New York Times թերթի The Aga Khan IV, Wealthy Leader of the Ismaili Muslims, Dies at 88 հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալան Քոուէլ
20 տարեկանում արքայազն Քարիմ ալ-Հուսեյնին ժառանգեց շիա մահմեդական դինաստիայի ղեկավարությունը եւ օգտագործեց իր ձեռնարկատիրական տաղանդը՝ աշխարհի ամենահարուստ կառավարիչներից մեկը դառնալու համար:
Իսմայիլական մահմեդականների առաջնորդ Աղա Խան IV-ը, որը համատեղում էր ձեռներեցությունն ու բարեգործությունը, մահացավ 2025 թվականի փետրվարի 4-ին Լիսաբոնում՝ 88 տարեկան հասակում։
![Աղա Խանը 2014 թվականին Աղա Խանը 2014 թվականին](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738933291_6916203.jpg)
Լուսանկարը` Mark Blinch/Reuters
Ուրբանիստ, կոսմոպոլիտ, մեդիայի ուշադրությունից խուսափող Աղա Խանը՝ նախկին արքայազն Քարիմ ալ-Հուսեյնին, մերժում էր մոտեցումը, որ անձնական հարստության աճը կարող է հակասել իր բարեգործական ջանքերին: Նա պնդում էր, որ բարգավաճելու իր ունակությունն ավելացնում է պարտավորվածությունը բարելավելու նաեւ իսմայիլականների կյանքը: Իսմայիլականությունը իսլամի շիիթական ավանդույթի ճյուղավորում է, որն աշխարհի 35 երկրում 15 միլիոն հետեւորդ ունի:
«Իմամը չպետք է հրաժարվի առօրյա կյանքից: Հակառակը, այն պետք է պաշտպանի իր համայնքը եւ նպաստի անդամների կյանքի որակի բարելավմանը: Հետեւաբար, հավատքն ու աշխարհիկ կյանքը տարանջատելու գաղափարը խորթ է իսլամին», - պնդում էր նա:
Նրա ծրագրերը ներառում էին Սարդինիայում Կոստա Սմերալդա հանգստավայրի զարգացումը, զտարյուն ձիերի բուծումը եւ զարգացող երկրների աղքատների համար առողջապահական հիմնարկների ստեղծումը:
![Աղա Խանը Սարդինիայում 1960 թվականին Աղա Խանը Սարդինիայում 1960 թվականին](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738933291_9271177.jpg)
Լուսանկարը` Slim Aarons/ Hulton Archive/Getty Images
Նա դեմ էր, որ իր ապրելակերպը շքեղ որակվի՝ չնայած ճանապարհորդում էր մասնավոր ինքնաթիռներով ու շքեղ զբոսանավով եւ Կարիբյան ծովում սեփական կղզի ուներ:
Աղա Խանի կարողությունը, որը կուտակվել է ներդրումների, համատեղ ձեռնարկությունների, շքեղ հյուրանոցներում, ավիաընկերություններում, մրցավազքի ձիարշավներում եւ լրատվամիջոցներում ակտիվների շնորհիվ, գնահատվում էր 1 միլիարդից մինչեւ 13 միլիարդ դոլար:
Աղա Խանը, որի անունը թուրքերենի եւ պարսկերենի խառնուրդից կարելի է թարգմանել որպես «գլխավոր հրամանատար», տիտղոսը ժառանգել էր պապուց՝ Աղա Խան III-ից: Պապը, շրջանցելով մյուս ժառանգներին, իրավահաջորդ էր նշանակել թոռանը: 1957 թվականին իսմայիլականների 49-րդ իմամի պաշտոնը ստանձնելուց ի վեր Աղա Խան IV-ը դարձավ Մուհամեդ մարգարեից սկիզբ առնող դինաստիայի առաջնորդը:
Այդ ժամանակ նա ընդամենը 20 տարեկան էր եւ սովորում էր Հարվարդի համալսարանի պատմության ֆակուլտետում: Նույն թվականին Եղիսաբեթ II թագուհին նրան շնորհեց «Նորին մեծություն» տիտղոսը, ինչը երկու դինաստիաների միջեւ սերտ կապի արտացոլում էր: Նրանց միավորում էր նաեւ սերն ու հետաքրքրությունը գեղեցիկ ձիերի հանդեպ:
![Աղա Խանը 1957 թվականին Աղա Խանը 1957 թվականին](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738933291_3475052.jpg)
Լուսանկարը` Reg Speller/Fox Photos/Getty Images
Պապը կտակում գրել էր՝ որոշել է հենց Քարիմ ալ-Հուսեյնիին դարձնել իր հետնորդը, քանի որ «աշխարհի հիմնարար փոփոխությունները», ներառյալ ատոմային գիտության առաջընթացը, պահանջում են «նոր դարի պայմաններում դաստիարակված եւ զարգացած երիտասարդ, որը նոր հայացքով կնայի կյանքին եւ պաշտոնին»:
Աղա Խանը կարողանում էր կապեր հաստատել։ Դրա շնորհիվ նա կարողացավ Կանադայի վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյին համոզել թույլ տալ հազարավոր իսմայիլականներին գաղթել Կանադա, երբ նրանք ստիպված էին լքել Ուգանդան:
Աղա Խանի եւ Թրյուդոյի ընկերությունն արտացոլում էր Կանադայի հետ ոչ միանշանակ հարաբերությունները, որի պատվավոր քաղաքացի էր դարձել 2010 թվականին: 2017-ին Թրյուդոյի որդին՝ վարչապետ Ջասթին Թրյուդոն, քննադատության էր ենթարկվել Կանադայի էթիկայի հանձնակատարի կողմից, քանի որ ընտանիքի հետ հանգիստն անցկացրել էր Բահամյան կղզիներում գտնվող արքայազնի առանձնատանը։ Դա համարվել էր շահերի բախում, քանի որ «Աղա Խան» հիմնադրամը դրանից որոշ ժամանակ առաջ Կանադայի կառավարությունից 38 միլիոն դոլարի աջակցություն էր ստացել: Աղա Խանը, սակայն, պաշտոնապես արդարացվել էր:
![Աղա Խանը եւ Ջասթին Թրյուդոն 2016 թվականին Աղա Խանը եւ Ջասթին Թրյուդոն 2016 թվականին](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738933291_2402594.jpg)
Լուսանկարը` Sean Kilpatrick/The Canadian Press/Associated Press
Խորհրդային Միության փլուզումից հետո Աղա Խանի հետեւորդներն այն մարդկանց թվում էին, որոնք 1990-ականներին Տաջիկստանի լեռնային շրջաններում մասնակից դարձան Էմոմալի Ռահմոնի կառավարության դեմ քաղաքացիական ավերիչ պատերազմին:
Ի պատասխան՝ Աղա Խանը ներդրումներ էր անում Տաջիկստանի էներգետիկ եւ բջջային ոլորտներում, կառուցում էր հիվանդանոցներ, ստեղծում միկրոֆինանսական կազմակերպություններ: Բացի այդ, նա Խորոգում հիմնեց Կենտրոնական Ասիայի համալսարանը:
Չնայած այդ ամենին, հարգանքը նրա հանդեպ Տաջիկստանի Լեռնային Բադախշան ինքնավար մարզում ապրող իսմայիլականների կողմից առաջացնում էր երկրի աշխարհիկ իշխանությունների դժգոհությունն ու դիմադրությունը։
Արքայազն Քարիմ ալ-Հուսեյնին ծնվել էր Ժնեւում 1936 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նա հայտնի կնամոլ արքայազն Ալա Խանի եւ նրա առաջին կնոջ՝ բրիտանացի արիստոկրատ Ջոան Յարդ-Բուլերի ավագ որդին էր։
1949 թվականին նրա ծնողներն ամուսնալուծվել էին, եւ արքայազն Ալին ամուսնացել էր ամերիկացի դերասանուհի Ռիտա Հեյվորթի հետ, որը նրան դուստր էր պարգեւել՝ արքայադուստր Յասմին Աղա Խանին։
Արքայազն Քարիմն իր պատանեկությունն անցկացրել է Նայրոբիում, որտեղից մեկնել էր սովորելու Ժնեւի հեղինակավոր Le Rosey ինստիտուտ։ 1964 թվականին Ինսբրուկում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում նա հանդես էր եկել Իրանի դահուկավազքի հավաքականի կազմում։
![Աղա Խանը 1953 թվականին Աղա Խանը 1953 թվականին](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738933291_8465504.jpg)
Լուսանկարը` Kurt Hutton/Picture Post/Hulton Archive/Getty Images
Այնուհետեւ ընդունվել էր Հարվարդ, որտեղ ուսումնասիրում էր իսլամի պատմություն: Պապի մահից հետո նա դարձավ Աղա Խան IV-ը։
«Դա շոկային էր: Չեմ կարծում, սակայն, որ իմ իրավիճակում հայտնված որեւէ մեկն ավելի լավ պատրաստված կլիներ»,- 2013 թվականին Vanity Fair-ին տված հարցազրույցում ասել էր նա:
Աղա Խան IV-ի նոր կարգավիճակը նշանակում էր, որ իր կյանքի ընթացքն այսուհետ որոշվելու է անփոփոխ կոորդինատներով։ «Ես ուսանող էի, որը գիտեր՝ ինչով է զբաղվելու իր ողջ կյանքում»,- ասել էր նա։
Նրա որոշ հետեւորդներ աստվածային կարգավիճակ էին վերագրում Աղա Խանին, ինչը նա մերժում էր:
![Աղա Խանը եւ Սալի Քրոքեր-Պուլը 1969 թվականին Աղա Խանը եւ Սալի Քրոքեր-Պուլը 1969 թվականին](https://c1.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738933291_1061282.jpg)
Լուսանկարը` PAT/Gamma-Rapho/Getty Images
1969 թվականին նա ամուսնացել էր բրիտանացի մոդել Սալի Քրոքեր-Պուլի հետ, որը դարձել էր Սալիմա Աղա Խան։ Զույգը երեք երեխա ուներ՝ արքայադուստր Զահրան, արքայազն Ռահիմն ու արքայազն Հուսեյնը։ Ամուսինները ամուսնալուծվեցին 1995 թվականին։
1998 թվականին Աղա Խանը ամուսնացել էր գերմանացի Գաբրիելա Թիսսեն ցու Լայնինգենի հետ, որը դարձել էր Ինարա Աղա Խան։ Նրանք մեկ որդի ունեն՝ արքայազն Ալի Մուհամեդը։ Զույգը ամունսալուծվեց մի քանի տարի անց եւ մոտ մեկ տասնամյակ բանակցություններ վարեց՝ ապահարզանի կարգավորման շուրջ, որը Աղա Խանին, ըստ որոշ տեղեկությունների, արժեցավ 60 միլիոն դոլար:
![Աղա Խանը եւ Գաբրիելա Թիսսեն ցու Լայնինգենը 2002 թվականին Աղա Խանը եւ Գաբրիելա Թիսսեն ցու Լայնինգենը 2002 թվականին](https://c0.mediamax.am/datas/znews/big_/2025/02/1738933291_9566720.jpg)
Լուսանկարը` Paul Vreeker/Reuters
Աղա Խանը զբաղվում էր տարբեր բիզնեսներով: 1960-ականներին նա եղել է զբոսանավերի ակումբի եւ պոլո մրցաշարերով Պորտո Սերվո հանգստավայրի կառուցման նախաձեռնողներից մեկը՝ հյուսիսային Սարդինիայի զարգացման շրջանակում։ Նա Maserati սպորտային մեքենաների երկրպագու էր, բայց միաժամանակ ներդրումներ էր կատարում զարգացող երկրներում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ձկնորսական ցանցերի, պլաստիկ տոպրակների եւ լուցկու արտադրությունը:
1960 թվականին Փարիզի մոտակայքում ավտովթարից մահացել էր Աղա Խանի հայրը, եւ երեխաները ժառանգել էին ձիերի շահութաբեր կայսրությունը, որը բաղկացած էր 9 տնտեսությունից՝ Իռլանդիայում եւ Ֆրանսիայում:
Այդ ժամանակից ի վեր Աղա Խանը մարզել եւ մեծացրել է բազմաթիվ չեմպիոնների: Ֆրանսիայում նրա զամբիկ Վալյուրան 2012 թվականին հաղթել էր հեղինակավոր Prix de Diane մրցաշարում։ 1980-ականներին նրա հովատակ Շերգարն առեւանգվել էր Իռլանդիայում եւ այդպես էլ չէր գտնվել. Աղա Խանը հրաժարվել է վճարել փրկագինը:
«Ինձ սիրեցի այդ գործը, այն շատ հրապուրիչ է: Ձիաբուծությունը բնության հետ շախմատ խաղալուն է նման»,- ասում էր Աղա Խանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Աղա Խան IV-ը «խաղաղության, հանդուրժողականության եւ կարեկցանքի խորհրդանիշ էր մեր անհանգիստ աշխարհում»: Իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը նշել է, որ «նրա ժառանգությունը կապրի այն անհավատալի աշխատանքի շնորհիվ, որը նա կատարել էր ամբողջ աշխարհում կրթության, առողջապահության և զարգացման համար»:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: