Ներկայացնում ենք արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը:
Լուիս Մորենո Օկամպո
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը: Ճիշտ այնպես, ինչպես 1930-ականներին Ստալինի զտումները հիմնվում էին հարկադիր խոստովանությունների եւ կեղծ դատավարությունների վրա՝ սպանելու իր մրցակիցներին եւ ամրապնդելու իր ամբողջատիրական իշխանությունը, Ալիեւն օգտագործում է դատական թատրոնը՝ իր հանցագործությունները քողարկելու համար:
Ստալինի տխրահռչակ շոու դատավարությունները թիրախում նրա ամենամոտ դաշնակիցներն էին՝ հին բոլշեւիկները, գեներալները եւ գաղտնի ոստիկանության աշխատակիցները: Դրանք գագաթնակետը մահապատիժներն էին, իսկ ժամանակի լրատվամիջոցները չկարողացան տեսնել իրականությունը:
Հատկանշական է, որ The New York Times-ի թղթակից Հարոլդ Դենին դատավարությունները համարել էր արդարադատության իրական ջանքեր՝ ողբերգականորեն հավանություն տալով Ստալինի քարոզչությանը:
Պատմությունը չի կարող իրեն թույլ տալ կրկնել նման սխալները։
Հունվարի 17-ին Ադրբեջանը դատավարություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ, այդ թվում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությունը։ Այս վարույթները կանխորոշված են. մեղադրյալներն արդեն իսկ դատապարտված են։ Դատարկ եւ գրոտեսկային մեղադրանքները ծառայում են Ադրբեջանի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները կոծկելու նպատակ ունեն:
2022 թվականի դեկտեմբերից ավելի քան 120 000 հայեր Լեռնային Ղարաբաղում համակարգային սովի էին մատնվել Ադրբեջանի շրջափակման հետեւանքով։ 2023 թվականի սեպտեմբերին նրանք դաժան ռազմական հարձակման ենթարկվեցին. Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի «c» եւ «b» հոդվածներով այդ գործողությունները նկարագրված են իբրեւ էթնիկ խմբին որպես այդպիսին ոչնչացնելու եւ լուրջ հոգեկան վնաս պատճառելու հանցագործություններ:
Ադրբեջանի խորհրդարանը հստակ արտահայտել է իր մտադրությունները՝ ջատագովելով հայերին որպես ազգ վերացնելու եւ Հայաստանի տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» հռչակելով:
Եթե Ալիեւն ուներ ցեղասպան մտադրություններ, ապա Լեռնային Ղարաբաղի «էթնիկ զտումները» պետք է հենց ցեղասպանություն համարել, այլապես դա հանցագործություն է մարդկության դեմ՝ հալածում, բռնի տեղահանում եւ արտաքսում։
Հարյուրավոր ադրբեջանցի այլախոհներ շարունակում են բանտարկված մնալ Ալիեւի ռեժիմի կողմից՝ զրկված լինելով արդար դատավարության որեւէ հեռանկարից: 2025 թվականի հունվարի 6-ին Ադրբեջանում դատավարություն սկսվեց Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի դեմ՝ խորացնելով երկու երկրների միջեւ առկա լարվածությունը։ Ռայանը մեղադրվում է լրտեսության մեջ՝ իբր Թուրքիայի եւ Պակիստանի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու եւ ֆրանսիական հետախուզության համար ֆրանսախոս ադրբեջանցիների հավաքագրելու մեջ:
Դատախազները պնդում են, որ նա նաեւ հանդես է եկել որպես միջնորդ՝ նպաստելով ֆրանսիական հետախուզության եւ Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլիի միջեւ կապին, ում մեղադրում են պետական դավաճանության համար: Այլախոհների կամ Ֆրանսիայի քաղաքացիների դեմ մեղադրանքները կարելի է որակել որպես համակարգային հարձակում քաղաքացիական բնակչության դեմ, հետեւաբար՝ մարդկության դեմ հանցագործություն։
Սա առանձին միջադեպ չէ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի եւ Freedom House-ի անկախ զեկույցները միակարծիք են, որ Ադրբեջանը անկախ դատական համակարգ չունի: 2021 թվականին դատական անկախության հազվագյուտ օրինակում դատավոր Մեհրիբան Սուլեյմանովան վճիռ էր կայացրել կառավարության աջակցությունը վայելող սուբյեկտի դեմ: Պատիժն արագ էր՝ նրան ազատեցին աշխատանքից:
Միջազգային հանրությունը պետք է գործի. ժամանակակից Ադրբեջանում ստալինյան ժամանակաշրջանի այս ցուցադրական դատավարությունները ոչ միայն տեղական շոու են, այլ հաշվարկված փորձ՝ շեղելու ուշադրությունը Ալիեւի հանցագործություններից եւ ուժեղացնելու նրա իշխանությունը:
Ժամանակն է մերկացնել Ալիեւի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին։
Խոսեք բոլոր ապօրինի ձերբակալվածների օգտին եւ նրանց ձայնը լսելի դարձնենք: Պահանջենք նրանց ազատ արձակումը առանց նախապայմանների։
Հետեւեք հայ պատանդների ազատության համար պայքարի էջերին X-ում, Instagram-ում եւ Facebook-ում@FreeArmHostages հեշթեգով: Կիսվեք, գրեք, մասնակցեք բողոքի ցույցերին:
Միասին մենք կարող ենք փոփոխություն բերել:
Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: